Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, August 17, 2011

Աշտարակյան զրույցները վերջ չունեն ...

Աշտարակում թութը հասել էր ու լավ առիթ ստեղծել հյուրընկալվելու մեր մշտական ընթերցողների բակում` խաղողի թառմայի հովի տակ թութ ուտելու ու զրուցելու աշխարհից, բանից, Հայաստանի ներքաղաքական վիճակից ու քաղաքացիների հանդեպ տարրական ծառայություններն իբրև գրոշ շպրտելու չինովնիկական հիվանդություններից: Իհարկե` ինչպես միշտ, մեր կարծիքները հակադրվեցին ընթերցողների, նրանց հարևանների ու քաղաքականությունից հեռու - մոտիկ մարդկանց հետ:



Լավ, ավելի լավ է ըստ ոլորտների ու որքան հնարավոր է հակիրճ: Նոր էինք տեղ հասել, ձեռաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ էինք պայմանավորվել հարցազրույցի /այն տպագրվել է թերթի նախորդ համարում - Ժ.Մ./, սակայն նրան, պարզվում է, շտապ Երևան, հարազատ ՀՀԿ էին կանչել, ուստի` պայմանավորված ժամին տեղում չէր, հանդիպեցինք երկու ժամ անց: Ահա այդ երկու ժամում էլ մի լավ թութ կերանք ... Ճանճապանյաններն Աշտարակում, պարզվում է, շատ են, սակայն ոչ բոլորն են իրար հետ արյունակից բարեկամ: Մեզ հյուրընկալող տղամարդիկ Ճանճապանյան էին, որ ներգաղթել են, է~, անցած դարի 40-ականներին ու հաստատվել Աշտարակում, բայց միևնույն է. ՙՄեզ մինչև էսօր էլ ախպար են ասում՚: Ինչպես շատ հայրենադարձներ, նրանց ավագներն էլ կոշկակար ու վարսավիր են եղել, այդ վարպետների երեխաները հիմա հասակն առած մարդիկ են, բայց ՙթոռան էրես չենք տեսնում ... Հարսը չի խռովել, գնացել, երեխաներին էլ հետը տարել, հա~ ... կյանքի դժվարությունները թույլ չեն տվել, որ տղաներս մնան մեր կողքին, մենք էլ` թոռան կարոտ չմնանք՚:
Կինը գրաֆինով սառը թան ու կրծքին սեղմած թոռան նկարներն է բերում, պապն այնպես է նկարների ՙդաստեն՚ գոգին դնում, կարծես թոռանն է գորովանքով գրկում ու գնա~ց ... Խիստ անձնական մանրապատումներ, հուզիչ ու գորովանքով լի, մինչդեռ` մեր արյունը եռ է գալիս, թե ե±րբ թեման կհասնի Աշտարակին ու աշտարակցիներին, Հայաստանի հասարակական - քաղաքական իրավիճակին: ՙՀրես հասնում ենք, վռազիլ մի՚,- գլխի է ընկնում վաղեմի վարսավիր Սանասար` Սանո Ճանճապանյանը,- ՙգիդաս չէ±, վախտին բաքվեցոնց ասած` պարիկմախերներն ու ժուռնալիստնիդ հիրարից չինք տարբերվում, էդ հըմի ա, որ ...՚:
Հասանք ... ՙԸնդդիմությունն էլ ա սուտ էս երկրումը, իշխանությունն` էլ բեթար: Հըմեն ալ սուտ դուրս էկան, բալա ջան: Ո±ւմ հավատաս, խի± հավատաս: Էն գյուղնախարարը ասում ա գյուղացոնց սերմացու գարի եմ տվել, բա դա տալ ա±: Մի էրկու օրվա հավերի կերը տվել են, թե ա’ռ, արտդ ցանի, որ ապրանքը քաղես, բեջարես ապրես: Բա սա կարգ ա±, բա սա ձև ա, էս ո±ւմ են էշի տեղ դրե~լ ...՚: Ու էսքանից հետո էլ ամոթ ունեն, աբուռ ունեն, ուզում են էս հարիֆ ժողովուրդն իրանց հավատա: Ու հավատալու են, գիտե±ս: Էս հաշտարակցիք մինակ պատերի տակին են գիլին ճղում, հենց հանում ես մեյդան` Ուռուցը, դառնում են կուռկուռի ձագ ...՚:
Ո±վ է մեղավոր, ինչո±ւ աշտարակցիք էդպիսին դարձան, և ինչո±ւ միայն աշտարակցիները: Արտաշատում ավելի վատ է ... ՙԱշտարակի դրվածքն ուրիշ ա, դե հըմի նայա: Ովքե±ր են երկիրդ ղեկավարում: Նարիմանովների աշակերտները, չես գիդա հայ, չես գիդա թուրք, կարա±ս գնաս կուշտները, մի քածեր ունին դրած` խռիկ կտան, որ կշշպռվես, թե սա ղեկավարություն ա±, սա կարգ ա±, սա կանոն ա±, հինչ ա±: Ա’յ, գա ընտրության պահը, վա~յ հոպար ջան, վա~յ պապի ջան, առը հա, թե մեկ էլ կընտրեմ՚,- խեթ - խեթ կողքերն է նայում, թե կինը, ում ինքը դեռ հարս է ասում, չլսի, ստուգելու համար էլ ձայն է տալիս. ՙՍաթի±, այ Սաթի, հա~ ըտեղ էս, գործդ արա, գործդ ... մեզ խանգարիս ոչ՚:
Մինչ մարզպետին կհանդիպեինք, ձեռաց պապին էլ հարցրեցինք, թե ինչպիսի± մարդ է. ՙՉեմ կարա ասի, ինչ դուզնա, դուզը, չեմ ճանաչում: Էս Աշտարակում մինն էլ ա չի ճանաչում դրան: Ինքը թալինցի, աշխատողները` պռոշյանցի: Էրևում ա, էդ էլ` աշտարակցիների հետ գլուխ չունի, ինչ ղորթն ա, ղորթ ...՚:
Դարպասի դուռը ճռռաց, սկզբում մի փայտ երևաց, պահի ակնթարթը մի քիչ երկարեց. ՙԱ~, վիրի հարևան Թորգոմն ա, էլի լակել ա շան որդին, գիդա±ս ...՚: Առաջ է գալիս առավել տարեց, սպիտակահեր Թորգոմ քեռին, հաստ ունքերի տակից մեզ նայում ու քուրսին քաշում. ՙԷս ի±նչ հյուր ա, էս վարձի վախտն ա±՚,- մեզ հարկահավաքի տեղ է ընդունում մերձավորը: ՙՉէ, Թորգոմ, լսի է~, ասում են Աշտարակում, երկրումդ ի±նչ կա՚,- մեր փոխարեն լրագրողական դերի մեջ է մտնում նախկին ինֆորմատոր վարսավիրը: Թորգոմը պատկերավոր է պատասխանում, ձեռնափայտը քաշում է, ափի մեջով անցկացնում մինչև համարյա ծայրը, մի փոքր ետ բութ մատը դնում վրան. ՙԻքը, էսքան մախաթ էլ ա չկա, որ կոխես հետևը ...՚: Թորգոմն էլ նախկին կոշկակար է, էլի հայրենադարձ, բայց ավելի շատ բան գիտի քաղաքականության մասին. ՙէս նախագահներին Ռուսաստանն ա որոշում, էդ մեր էշ ընդդիմադիներին ա թվում, թե իրանք մի բան էլ ա կրան ընեն: Զադ էլ չեն կըրա, սաղ սուտ ա ...: Էս իշխանությունները գիդա±ս ոնց են, ինչքան ծախելու հնարավոր բան կա, աչքերից չի վրիպում, ձեռաց ծախում են, դնում տակներին: Հենա արդեն քածերը ջփի ռույլին են նստած, իջնում են` ... անում, նստում` քշո~ւմ՚: Նախորդ համարում, մեր ընթերցողներին խոստացել էինք մանրամասներ ճշտել: Քեռի Թորգոմն էլ խոստացել էր որոշ չինովնիկների սիրուհիների նկարներից մեզ փոխանցել, ովքեր Աշտարակի ձորում հաճախ են լինում, սակայն` ինչպես հայկական իրականությունում, երբ մի բանը երկուսից ավելի մարդկանցից է կախված` չլինող է: Թեև` հույսներս դեռ չենք կորցնում, մեկ էլ տեսար բարեկամ լուսանկարիչը նկարները տվեց:
Հայաստանի ընդհանուր քաղաքականությունից, հասարակական փոխհարաբերություններից ակնկարկեցինք ու ընդառաջ եկան: Մինչ այդ հասցրել էին իրար գլխի հավաքվել մի քանի տարեցներով, քիչ հեռու` տանը, երիտասարդությունը սուրճի պատրաստություն էր տեսնում: ՙՔաղաքականությունում ի±նչ կա, հեչ բան էլ ա չկա: Արթուրիկ Բաղդասարյանը օձապար տվեց, մտավ լավ տեղը, հիմա, հայկական օրենքով. /ո±րն է դա, ճիշտն ասած` չհասկացանք - Ժ. Մ./ ՙփայատեր ա՚: Էտի երկար չի ձգի: Լևոնն /Տեր-Պետրոսյան - Ժ. Մ./ ինչպես միշտ խաբեց, բայց լավ ա, թու-թու - թու, թող երկխոսեն, մինակ թե մարտի 1-ի նման արյուն չթափվի: Ոչ մի իշխանություն, աթոռ մի մարդի մատի արյան կաթիլին էլ արժան չի՚:
Առաջիկայում խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններ են, ի±նչ են կարծում: ՙԷս կարճ ժամանակամիջոցումը հըլա ինչքա~ն ջրեր կհոսեն, հըլա տենանք էն Քոչարյան Ռոբիկն ինչ ա ուզում, Գագիկ Ծառուկյանն իրանից ինչ ա ներկայացնում՚: Բայց լավ բանի հույս չունեն նաև նրանք: Ապրում են որդիների ուղարկած դոլարներով ու ռուբլիներով, որ ՙօրեկան մանրում ենք, տակը զադ էլ ա չի մնում՚: Այստեղ ևս Թորգոմը հիշեց հարկահավաքներին. ՙԳալիս են, թե էսքան շունչ եք, էսքան դրամ պիտի տաք: Ասում եմ` ո±ւր ենք, սաղ աշխատավոր ուժին Ռուսաստանի քուչեքն ենք թափել, մենք էլ ծերությունն ենք մաշում: Տիգրան Սարգսյանն անընդհատ նոր ռեֆորմներ ա անում, կարծում ա, էս սա~ղ ժողովրդի սրտով ա±: Ո±ւմ են էշի տեղ դրել: Ասում են փողատերերը պիտի դեպուտատ չըլնեն, է~, իրանք չեն ըլնի, իրանց կամակատարներին կբերեն կդնեն, բերանը ջուր հավաքած սարի անասուն: Էն որ գրում եք, թե Լֆիկ Սամոյին մոտեցանք, ասեց, ես իջնեմ բուֆետ սեղան գցեմ, էկեք կոֆե խմենք, քրֆում, էդ րոպեիս սրտներս հովանում ա: Բա էն, որ գրում եք, է~, ժելեյած մազերով դեղնակտուց երիտասարդները, որ գան Ազգային Ժողով, ի±նչ պիտի անեն, մի քանի անգիր արած նախադասություններ. ՙինչպես ասել է մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ... ու մի յեքա տուֆտություն: Մեջն ի±նչ ... Ամեն ինչ որոշողը փողն ա, ախպերս, փո’ - ղը’՚: ՙԱյ պապի’, ի±նչ ես կորցրել, ի±նչ ես ման գալի՚,- սուրճի բաժակի վրայից ֆռթացնելով երեխային, որ սուրճ է բերում առաջնորդելով ասում է Մոսկվաներից նոր վերադարձած, պապին հյուր եկած ավագ թոռը, անուն էլ` Ավագ.ՙՊադմասկովյա էլ նույն բանն ա, ի±նչ պիտի փոխվի, ո±վ կթողա որ փոխվի, խի սա փոխվելու վիճակ ա±: Դուք ձերն ապրել եք, էլի` լավից - վատից: Ես չգիտեմ, թե որտե±ղ ապրեմ` ստեղ, որ աշխատանք չկա±, թե` ընդեղ` որ մարդկություն վաբշե չկա±՚:
Բակում բավական մարդ էր հավաքվել, դժգոհում էին տրանսպորտից, ոռոգման ջրից, խմելու ջրի գրաֆիկից: Կոմունալ ոչ մի ծառայություն Աշտարակում էլ իր տեղում չէ. ՙԿասես առաջնին ծառա ենք, պարտք ենք, մենակ փողի տերն են, հավաքեն, բայց քաղաքացուն մարդու տեղ դնող չկա: Ո±վ ես դու, ի±նչ ես դու... ՚: Երբ իմացան, որ մարզպետի մոտ եմ գնում, հարց էլ չունեին նրան տալու. ՙԻ±նչ հարցնենք, ապրեն իրա բալեքը, որ ըտենց հեր ու պապ ունեն, մենք ըսկի դրա շնորհքն էլ չունեցանք՚:

No comments:

Post a Comment