Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի ու Արագածի նախկին շրջանները: Մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրուցում ենք մարզի խնդիրների, այսօրվա վիճակի, աշխատանքների ու ծրագրերի մասին:
- Պարոն Սահակյան, ինչպե±ս են գործերը Արագածոտնի մարզում և ՀՀ կառավարության որոշումներով, դոտացիաներով, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի շրջանակներում ի±նչ նոր աշխատանքներ են իրականացվում ...
- Առաջինը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների 90 տոկոսից ավելին կատարվել է, մնացել է երեք` Ուջան, Կոշ և Ալագյազ համայնքների գազաֆիկացման խնդիրները լուծել: Նախապատրաստման աշխատանքներն ավարտվել են, առաջիկայում պետք է սկսվի բուն գործը: Մնացած բոլոր նախընտրական խոստումները կատարվել են:
Անցած և այս տարի բավական մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել մարզում: Մասնավորապես` 15 դպրոցներ են վերանորոգվել` միայն հանրապետության բյուջեով: Առողջապահության համակարգում նույնպես հսկայածավալ աշխատանքներ են կատարվում: Վերանորոգվում են Թալինի և Ապարանի բժշկական կենտրոնները: Վերջինիս բացումը կլինի օգոստոսի վերջին, շուրջ 860 մլն դրամ ներդրում է կատարվել` գույքով ու սարքավորումներով հագեցած բուժկենտրոն է լինելու: Բացի այդ, մի բժշկական կենտրոն էլ կառուցվում է Կոշ գյուղում` սա բարերարների նախաձեռնությամբ: Շուրջ 3 մլն եվրո է ներդրվել Կոշի և հարակից գյուղերի համար նման բուժկենտրոն կառուցելու գործում, որը նույնպես պիտի հագեցած լինի եվրոպական չափորոշիչներով ու բուժսարքավորումներով: Եվս 7 գյուղերում ամբուլատորիաներ են կառուցվել:
Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել նաև տարբեր հիմնադրամների կողմից: Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից վերանորոգվում են մի շարք դպրոցների սպորտդահլիճներ ու առանձին մասնաշենքեր: Ասիական բանկի միջոցով` անցկացվում են խմելու և ոռոգման ջրագծեր: Աշխատանքներն ավարտվել են շուրջ 22 համայնքներում, փոխվել են 50 - 60-ականների ջրագծեր, որոնց մաշվածության արդյունքում ջրակորուստները շատ մեծ էին: 5 - 6 գյուղերում աշխատանքներն ընթացքի մեջ են, մինչև օգոստոսի վերջ դրանք էլ կավարտվեն: Համաշխարհային բանկի մեկ այլ ծրագրով 12 համայնքներում ոռոգման ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքներն են ընթանում: Մի մասն ավարտվել է, վերջին յոթում մինչև սեպտեմբեր կավարտվեն:
Վերջերս ՀՀ նախագահի կողմից գումարներ տրամադրվեցին մարզպետներիս` հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Դրանով` Արագածոտնի մարզում 5 դպրոցներ են ամբողջովին վերանորոգվում և 17 բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների նորոգման աշխատանքներ են ընթանում` Ապարանում, Աշտարակում և Թալինում: Իսկ Արագածի Ծաղկահովիտ համայնքի մի բարձրահարկ վթարային շենք հիմնովին վերանորոգվում է:
Տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների հետ ենք աշխատում` ՙՀայաստան՚ համահայկական, ՙՎորլդ Վիժըն՚ հիմնադրամների: Առաջիկայում կվերանորոգենք մարզի Մելիք, Օշական և Ներքին Բազմաբերդ գյուղերի դպրոցները: 10 - 15 օրերի ընթացքում մրցույթները կհայտարարվեն ...
- Գյուղնախարարի ուշադրության բևեռացումը գյուղերի հանդեպ ի±նչ արդյունք տվեց Արագածոտնի մարզում: Այս տարի կարկտահարությունից տուժած Ագարակ, Աղձք, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի բնակիչներին ինչո±վ օգնեցիք:
- ՀՀ նախագահի հանձնարարականով` թունաքիմիկատներ տրվեցին գյուղացիներին. անվճար, անհատույց, որը շատ արդյունավետ էր, որովհետև աշնանը եղանակային, բնակլիմայական պայմաները մի քիչ բարենպաստ էին ծառերի հիվանդությունների զարգացման համար և մեծ վնաս էր հասցվել գյուղացիությանը: Բավական սերմացու տրամադրվեց բնակչությանը` Ռուսաստանից ներկրված գարնանացան գարու և ցորենի: Դա նպաստեց, որ այս տարի շուրջ 260 հեկտարով ավելացան ցանքատարածությունները: Բավական զեղչվեցին գյուղացիների հողահարկերն ու գույքահարկերը: ՀՀ նախագահի միջնորդությամբ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի` հիմնական գումարը մարելու դեպքում, հարկատուներն ազատվեցին տույժերից ու տուգանքներից: Այո’, այս տարի կարկտահարվեցին մարզի տասը համայնքներ` Թալինի Արեգ և Աշտարակի 9 գյուղեր: Անմիջապես եղավ ՀՀ նախագահի արձագանքն ու աջակցությունը: Տրամադրվեց դիզվառելիք, որպեսզի մարդիկ կարողանան հողամասերը մշակել և բանջարաբոստանային կուլտուրաներ ցանել: Բացի այդ` ՀՀ նախագահը հրահանգել է Լոռու, Արմավիրի և մեր` Արագածոտնի մարզերում ուսումնասիրել հակակարկտային կայանների վիճակն ու թարմացնել դրանք, ինչպես նաև` նոր կայաններ կկառուցվեն:
- Պարոն Սահակյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ կարծես ցուցիչ է համարվում հավաքագրված հողահարկի և գույքահարկի գումարների չափերը: Ըստ այդմ` դոտացիաներ են տրամադրվում և այլն: Այսօրվա սոցիալ - տնտեսական բարդ պայմաններում` ինչպե±ս եք վերաբերվում այդ քաղաքականությանը և ինչպիսի±ն են հավաքագրման տվյալները Արագածոտնի մարզում:
- Հավաքագրման ցուցանիշները ներկայումս ցածր են, որովհետև գյուղացին նոր է դուրս եկել ձմեռացումից: Նա նախ իր հնարավորությունները պիտի ներդնի ցանքի, թունաքիմիկատների, գյուղտեխնիկայի ու բերքահավաքի մեջ, նոր միայն հնարավոր դառնա հավաքագրել հարկերը: Առաջին անգամ եմ լսում, որ համայնքները դոտացիաներ են ստանում` ըստ հարկահավաքման ցուցանիշների, նման բան չգիտեմ: Մեր մարզը միշտ գերազանցել է 100 տոկոսը, մասնավորապես` 2009 - 2010 թթ.-ին: Հիմա չենք ուզում բնակչությանը հարկերով նեղել, սակայն հաստատ համոզված ենք, որ հոկտեմբեր - նոյեմբերին ցուցանիշները նորից կհասցնենք 100 տոկոսի: Աշխատանքային փորձս է դա ցույց տալիս: 15 տարի է զբաղվում եմ այդ գործով: Դրա համար ամենանպաստավոր ժամանակն աշունն է` բերքահավաքից հետո:
- Արագածոտնի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր ընթերցողներին, գուցե` թալինցիներին, ապարանցիներին, աշտարակցիներին, ալագյազցիներին ...
- Բավական մեծ գործունեության դաշտ կա: Այժմ էլ` Մոսկվայից, Սանկտ - Պետերբուրգից և արտասահմանյան շատ երկրներից ներդրողներ կան այստեղ: ՀՀ նախագահի կողմից 2008 թ.-ին սփյուռքահայությանն ուղղված կոչից հետո Աշտարակում կոնֆետի մեծ արտադրամաս է հիմնվել և բավական որակով արտադրանք են տալիս: Երևի մեր անկախ պետականության օրոք այդպիսի որակ երբեք չի եղել: Բացի այդ` այգեգործության, անասնապահության, դաշտավարության մեջ կարող են ներդրումներ կատարել: Մարդիկ գալիս են, հողեր են ձեռք բերում, այգիներ են հիմնում, ֆերմաներ կառուցում:
- Լա’վ, թերևս` քաղաքականացնենք զրույցը: Արագածոտնի մարզում մե±ծ է քաղաքական ներուժը, տեղաշարժը: Դուք ՀՀԿ-ի մարզային պատասխանատուն եք, ինչպիսի±ն են հարաբերություններն ընդդիմադիր ՙԺառանգության՚ և ՀԱԿ-ի, ինչպես նաև` իշխանական ՙԲարգավաճ Հայաստան՚ և իշխանամետ ՀՅԴ կուսակցությունների հետ:
- Բոլորի հետ էլ` ընտիր հարաբերություններ են: Խնդիրներ չկան, ամեն մեկն իր աշխատանքն է կատարում, ամեն մեկն իր քաղաքական պատկերացումներն ունի և ըստ այդմ էլ` ուղղորդվում է: Մեր մարզում վերջին 10 տարիների ընթացքում` եթե աշխատանք է կատարվել, ապա ՀՀԿ-ի աջակցությամբ: Բոլոր բնագավառներում` առողջապահության, կրթության, շինարարության, սոցիալական ոլորտներ և այլն: Ոչ մի ուրիշ կուսակցություն Արագածոտնի մարզում նման ծավալի աշխատանք չի կատարել:
- Դա երաշխի±ք է, որ առաջիկա խորհրդանական, ապա նաև` ՀՀ նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն Արագածոտնի մարզում անհամեմատ շատ ձայներ հավաքի:
- Միանշանակ` կապրենք, կտեսնենք: Համենայն դեպս, 2007 - 2008 թթ. Ազգային ժողովի և ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն բավական շատ քվե է ստացել Արագածոտնի մարզում:
Բնակչությունը գիտակցում և տեսնում է, թե ի±նչ է կատարվում, ով ով է, ո±ր կուսակցությունն է մտածում իր մասին և ըստ այդմ էլ` քվերակում է: Այն ժամանակ առաջին տեղում եղել է ՀՀԿ-ն և կարծում եմ, առաջիկայում էլ` այդպես կլինի:
- Արագածոտնի մարզում ՀՀԿ - ԲՀԿ հակասություններ, Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման պայմաններում նոր բազմաբևեռացում ու տարաբնույթ ներքաղաքական խնդիրներ չկա±ն:
- Բնական է` կան, ամեն մեկը փորձում է քաղաքական դաշտում ակտիվանալ, արդարանալ, ծրագրային դրույթներ ներկայացնել: Ում ինչքանով կհաջողվի` ցույց կտա ընտրությունների արդյունքը: Բայց որ ՀՀԿ-ն շատ ձայն կհավաքի, դա միանշանակ փաստ է, իսկ մյուսները պիտի փորձեն ժողովրդին ապացուցել, թե իրենց պատկերացումներն առաջիկա 5 տարիների համար ինչպիսի±ն են: Ժողովուրդը բոլորին ճանաչում է, գիտի` ով ինչի է ընդունակ, գիտի` ով է իր մասին մտածում: Փառք մեր երկրի նախագահին, ես այդքանը կարող եմ ասել, ով ամեն նորմալ պայման ստեղծում է աշխատելու, գործարարության համար և օգնում է ամեն ինչում:
- Մի մասնավոր հարց. մամուլում, հասարակական ու մարզային քաղաքական շրջանակներում անընդմեջ շրջանառվում է Ձեր եղբոր` ՙՀայդուկ՚ ազգային հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահակյանի թեկնածությունը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու մասին: Որքանո±վ է հավաստի ...
- Մեր ընտանիքը բարոյական է, ամբողջ մարզն է ճանաչում` և’ ինձ, և’ իմ եղբայրներին: Մենք քաղաքականությունում շա’տ զուսպ, շա’տ բանիմաց, շա’տ խելացի շարժվում ենք: Ինչպե±ս կորոշի ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական խորհուրդը` մենք պատրաստ ենք` ի կատար ածել: Նման հարց չկա, նման թեմա չկա քննարկման մեջ: Շրջանառությունն ո±ւմ նախաձեռնությունն է` չգիտեմ: Ով պարապ է մնում, մտքից ինչ անցնում է, փորձում է երևակայությանը զոռ տալ: Նման հարցերն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Մենք աշխատանքի մարդիկ ենք և նոր չենք եկել այստեղ: Ես գիտեմ որ գյուղում ինչ կա, որտեղ ինչը երբ պիտի արվի ...
- Այնուամենայնիվ, համապետական ընտրություններից հետո կցանկանայի±ք մնալ Արագածոտնի մարզպետ:
- Ես չեմ որոշողը, այլ` երկրի, կուսակցության նախագահը: Որտեղ նպատակահարմար կգտնի, այնտեղ էլ` կաշխատեմ: Ես համոզված եմ, որ ՀՀԿ նախագահը կշարունակի լինել երկրի նախագահը և նա էլ կորոշի: Ինչո±ւ եմ համոզված, որովհետև աշխատանքը տեսել եմ, այն ծրագրերը, որ կատարել է պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության և երկրի կառավարման ոլորտներում, դա է հուշում: Մենք` բոլորս Սերժ Սարգսյանի զինվորներն ենք: Պատրաստ ենք կատարելու բոլոր հանձնարարականներն ու կարգադրությունները:
No comments:
Post a Comment