Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, May 27, 2011

Քաղցկեղը մահապատիժ չէ

Ուռուցքաբանության հանրապետական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանի հետ զրուցում ենք անցած` 2010 թ. ցուցանիշների, այս բնագավառում հայտնված շառլատանների վայ գործունեության և խնդիրների մասին:



- Պարոն Բազիկյան, ինչպիսի±ն են անցած տարվա արդյունքները, ի±նչ հաջողություններ, գուցե` խնդիրներ ունեցաք:

- Տարեկան ամբողջ աշխարհում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, քաղցկեղով հիվանդացել է 12,5 մլն մարդ, մահացել` 7,5 մլն-ը: Մեր հանրապետությունում պատկերն այսպիսին է. Անցած տարվա համեմատությամբ 80 հիվանդով նվազել է քաղցկեղակիրների թիվը: 2010 թ. հանրապետությունում գրանցվել է 7 հազար 664 դեպք, երբ քաղաքացիներն առաջին անգամ հիվանդացել են քաղցկեղով: Մահացել են 5 հազար 445 մարդ: Նրանք ոչ միայն 2010 թ.-ին հիվանդացածներն են, այլև նախորդ տարիներինը: Ուռուցքաբանության հանրապետական կենտրոնի դիսպանսեր հաշվառմամբ 31 հազար մարդ քաղցկեղով հիվանդ է: Իսկ 15 հազարից ավելի քաղաքացիներ բուժվել են քաղցկեղից` 5 և ավելի տարիներ առաջ: Այս ցուցանիշը մեր հանրապետության համար փոքր թիվ չէ: Այնպես որ` քաղցկեղը մահապատիժ չէ, այն ընդամենն ախտորոշում է: Խնդիրն այն է, որ խորհրդային տարիներից է գալիս ավանդույթը, երբ հիվանդին չենք ասում իր հիվանդության մասին: Ճիշտ է, կլոր սեղաններ էլ ենք կազմակերպում, խոսում այն մասին, որ հիվանդին ասելը ճիշտ է, որովհետև այդպիսով նա ավելի հետևողական է լինում հիվանդության նկատմամբ և բժշկի խորհուրդներն անշեղորեն կատարում է, իսկ երբ ՙփափուկ բարձ են դնում գլխի տակ՚, նա իր վիճակը լավ է համարում և խորացնում հիվանդությունը, սակայն հին սովորույթից կարծես չենք հրաժարվում: Արդյունքում` կանգնում ենք փաստի առաջ, երբ այլևս ոչինչ չենք կարողանում անել:
Ինչպես միշտ, ըստ ցուցանիշների` առաջին տեղում թոքի քաղցկեղն է` 1042 հիվանդ, երկրորդը` ստամոքսինը` 579 հիվանդ, հաստ աղիքինը` 423 հիվանդ: Գինեկոլոգիայում` արգանդի մարմնի քաղցկեղը` 204 դեպք, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում նույնիսկ ունենք նվազում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարի առաջնային օղակում բավական աշխատանք ենք կատարել, վակցինացիա է կատարվել` ընդդեմ պապիլոմա վիրուսի, որը արգանդի վզիկի քաղցկեղի կարևորագույն պատճառներից մեկն է: Արգանդի վզիկի բացիթողությունը նվազել է 4 տոկոսով, իսկ հիվանդությունը 10 հիվանդով պակասել է: Արդյունքները գոհացուցիչ են: Դրական տենդենց կա: Պակասել է հիվանդությունը նաև թոքի քաղցկեղի ցուցանիշներում: Այսինքն` քարոզչությունը ծխախոտի դեմ նույնպես իր դրական արդյունքն է արձանագրել:

- Անցած տարվա այս ոլորտի խնդիրներից էր վերահայտնված սիսեռաբուժությունը: Ինչպե±ս եք վերաբերվում այդպիսի ամբարտավաններին և ի±նչ եք անում նրանցից հիվանդներին պաշտպանելու ուղղությամբ:

- Ես համարում եմ, որ նրանք հանցագործներ են: Բանն այն է, որ երկար տարիներ է, ինչ նման շառլատանները փորձում են գործել այս ոլորտում: Օրինակ. ժամանակին Կալտրեքս էին իբր ստացել` օվկիանոսային շնաձկան լյարդից և ասուէին, թե դրանով քաղցկեղ են բուժում, հետո` սպիտակ, թորած նավթն ի հայտ եկավ: Ավելի ուշ` սպիրտն ու մեղրն էին խառնում իրար: Հիմա` առաջ է եկել այդ սիսեռաբույժն, ով ֆիզիկայի ինստիտուտն է ավարտել և տաքսի է վարում: Քաղցկեղը չգիտի անգամ ինչ բան է, ասում է` թարախը որ գալիս է, դա է: Մարդիկ էլ կան, ովքեր ուզում են հեշտ ճանապարհով ՙբուժվել՚` չծանրաբեռնել իրենց և ֆինանսական նեղություններ չունենալ, դիմում են այդպիսի շառլատաններին: Մինչդեռ` քաղցկեղի հայտնաբերումից մինչև մասնագիտական համապատասխան բուժումը շատ կարճ է: Քանի օր ուշացնենք բուժումն, այնքան ուռուցքն աճելու հնարավորություն ունի: Այդ պատճառով մարդիկ երբ դիմում են սիսեռաբույժներին և մյուսներին, կորցնում են այդ թանկարժեք ժամանակը և երբ գալիս են մասնագետի մոտ, ապա արդեն շատ ուշ է լինում և, ցավոք, հաջողություններ չենք ունենում:

- Այդպիսիների ձեռքերը հասնում են միայն բարորակ քաղցկեղ ունեցողների±ն, թե±` նաև չարորակներին:

- Հիմնականում չարորակների մասին է խոսում սիսեռաբույժը, մինչդեռ` անգամ էքստրասենսներն ու բուսաբույժները չարորակին չեն էլ մոտենում: Այսօր կան բազմաթիվ բիոլոգիական հավելումներ, որոնք բարձրացնում են մարդու իմունային համակարգը: Ես դրանց դեմ չեմ, թող ընդունեն, բայց` մասնագիտական բուժմանը զուգահեռ: Քաղցկեղի բուժման ընդունված հինգ ձև կա. դա վիրաբուժությունն է, դեղաբուժությունը` քիմիոթերապիան, ճառագայթային, հորմոնալ և իմունային բուժումները: Լինում են դեպքեր, երբ դեղորայքային կամ ճառագայթային բուժում չենք իրականացնում, այլ բարձրացնում ենք մարդու իմունային համակարգը և հիվանդն ինքն է հաղթահարում հիվանդությունը:

- Հիմա, երբ պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է, քաղաքացիներն ավելի հետևողակա±ն են դարձել իրենց առողջության հանդեպ, թե` շարունակում են ՙդանակը ոսկորին հասցնելու՚ սովորույթը:

- Չէ, նորից ՙդանակը ոսկորին են հասցնում՚: Այդպիսի կուլտուրա չունենք, որ ժամանակին գնանք և ստուգվենք, բուժվենք: Մի անգամ արգանդի վզիկի անվճար սկրինինգ էինք անցկացնում մայրաքաղաքի կենտրոնում, սակայն ընդամենը 65 տոկոս կանանց մասնակցություն կարողացանք ապահովել: Ես կոչ կանեի, որ քաղաքացիները մտածեն իրենց առողջության մասին: Անգամ, եթե չեն վստահում պոլիկլինիկային, ոչինչ` թող մի փոքր վճարում անեն և ստուգվեն ստացիոնար համակարգում: Այդպիսով` նրանք կխուսափեն հետագայի այն մեծ ծախսերից, որոնք կարող են ունենալ, իսկ մենք` բոլորս պոտենցիալ հիվանդներ ենք: Ոչ մեկը չի կարող ասել, որ այդ խնդիրն իր կողքով կարող է անցնել: Առաջին անգամ հայտնաբերված քաղցկեղի դեպքերում մեր հաջողությունները կազմում են 80 - 90 տոկոս: Երկրորդ փուլում` այն իջնում է 55 - 60 տոկոսի: Սա չարորակ ուռուցքների դեպքում: Իսկ երրորդ - չորրորդ փուլերում մենք հաջողություն գրեթե չունենք, պարզապես` հիվանդն ապրում է 3 - 5 տարի: Այսինքն` որքան շուտ դիմեն բժիշկին, այնքան լավ իրենց առողջության համար, որովհետև մինչ քաղցկեղը կա նախաքաղցկեղային վիճակ: Օրինակ. արգանդի վզիկի նախաքաղցկեղից մինչև բուն քաղցկեղային վիճակին անցնելը տևում է 10 - 15 տարի: Այսինքն` կինը, երբ չարորակ քաղցկեղ ունի, կնշանակի` նա 10 - 15 տարի չի եղել բժշկի մոտ, ուղղակի անուշադրության է մատնել իր առողջությունը:
Մենք Աստծո կողմից ենք ստացել մեր առողջությունը, դրա համար չենք վճարել և չենք էլ խնայում: Դրա համար կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, որ հետևողական լինեն իրենց առողջության հանդեպ: Մենք պատրաստ ենք աջակցել և բուժել բոլորին ...

No comments:

Post a Comment