Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, May 3, 2011

Ինքնատիպ, անկախ մարդ. Ակսել ԲԱԿՈՒՆՑ

Բակունցի մասին գրել ինձ համար դժվար է: Թերևս անաչառ լինել չկարողանամ: Մենք սկզբից ևեթ իրար չսիրեցինք: Ես նրա մեջ համոզված դաշնակցական տեսա, նա իմ մեջ` համոզված կոմունիստ:

 
Թերևս երկուսս էլ չափազանցնում էինք, բայց իրար չսիրեցինք, ինչպես չեն կարող իրար սիրել երկու քաղաքական հակառակորդներ:
Բակունցի նկատմամբ ես կատարել եմ միայն մի սխալ, շատ կոպիտ մի սխալ և դրա համար ամաչում եմ ինքս ինձնից: Դա 1936 թ. գրած իմ հոդվածն է նրա մասին: Սխալն այն չէ, որ ես այնտեղ Բակունցին համարում եմ դաշնակցական: Չեմ կասկածում հիմա էլ, որ Բակունցը դաշնակցական էր: Իմ սխալն այն էր, որ ես այդ հոդվածում ժխտում էի Բակունցի գրական տաղանդը: Այդ արդեն անխղճություն էր, կարծես թե, քիչ են եղել դաշնակցական տաղանդավոր գրողներ: Այդ իմ հոդվածը սխալ էր նաև այն տեսակետից, որ ես այն գրեցի Բակունցի ձերբակալվելուց հետո, երբ նա այլևս անզոր էր պաշտպանվել:
Այդպիսի նեղսիրտ հոդված գրեցի թերևս այն պատճառով, որ Բակունցն ինձ անչափ շատ էր հալածում: Օգտագործելով Խանջյանի հովանավորությունը` նա կուսակցական ժողովներում իրեն պահում էր իբրև իսկական խմբապետ: Արհամարհում էր մեզ և մինչև անգամ ֆիզիկական հարված հասցնում: Ես նրան, իհարկե, պատասխանում էի նույն ձևով:
Ես համոզված էի, որ նա չարենցյան խմբակի իսկական ղեկավարն էր: Լևոն Արիսյանը (Կենտկոմի ագիտբաժնի վարիչ) այդ խմբակն անվանում էր Չարենց-Բակունց խմբակ, ես առաջարկում էի անվանել Բակունց-Չարենց խմբակ: Դրա համար ես հիմքեր ունեի:
1934 թ-ից սկսած Բակունցն ինձ մոտեմոտ էր անում: Մի անգամ փողոցում ինձ հետ խոսակցության բռնվեց.
- Ես և դու պետք է միասին լինենք,- ասաց,- եթե ես և դու միասնական լինենք, ապա գրողների միության մեջ ոչ ոք չի կարող մեր դեմը կանգնել:
- Մենք միասնական կարող ենք լինել միայն կոմունիստական կուսակցության գաղափարների հիման վրա,- պատասխանեցի ես:
- Դու քո կոմունիստական հիմարությունները պիտի թողնես,- ասաց Բակունցը,- այդ դեպքում մենք քեզ կհայտարարենք առաջնակարգ գրող:
- Այդ ինչե±ր ես ասում:
- Այո, նորից եմ կրկնում, դու պետք է հրաժարվես քո, այսպես ասած, կոմունիստական հիմարություններից, սովետական, կոլխոզային քո նախապաշարմունքներից,- պնդեց Բակունցը:
- Չէ± որ ես քեզ կմերկացնեմ:
- Չե°ս կարող,- չարախնդաց Բակունցը,- Խանջյանն ու Գալոյանը (վերահսկիչ հանձնաժողովի նախագահը) քեզ չեն հավատա: Իսկ ես կհայտարարեմ, որ դու զրպարտում ես ինձ: Նրանք ինձ կհավատան, քեզ չեն հավատա:
Այդպես էլ ստացվում էր:
Այդ խոսակցությունից հետո մի օր Բակունցը կուսակցական փակ ժողովում բողոքեց, որ ես տպագրել եմ նախկին դաշնակցական Խորեն Այվազյանի հոդվածը (ՙԳրական սերունդում՚, որի խմբագիրը ես էի) կոմունիստ գրող Սողոմոն Տարոնցու դեմ:
Այդ պահին իմ ձեռքում էր դաշնակների 1923 թ.` լիկվիդացիոն համագումարի արձանագրության տպագրված գրքույկը, որի մեջ Ակսել Բակունցն արձանագրված էր իբրև դաշնակցության Զանգեզուրյան կոմիտեի անդամ: Ես այդ գրքույկը թերթելով պատասխանեցի.
- Ինչո±ւ մի նախկին ղեկավար դաշնակցական կարող է այնքան փոխվել, որ կդառնա կոմունիստ և գրական հոսանքի ղեկավար, իսկ մի նախկին շարքային դաշնակցական չի կարող այնքան փոխվել, որ գրական մի հոդված գրի:
- Սուտ ես ասում,- հանկարծ գոռաց Բակունցը: - Ես դաշնակցական չե°մ եղել:
- Եղե°լ ես:
- Չե°մ եղել: Չես կարող ապացուցել:
- Ահա ապացույցը,- ես նրա կողմը պարզեցի այն գրքույկը, որի տեսքը Բակունցին շփոթեցրեց:
Նա այլևս բան չասաց, այլ հարձակվեց ինձ վրա և սկսվեց բռնցքամարտ:
Ես նրան անվանեցի ՙխմբապետ՚, ՙՆժդեհի համհարզ՚, Բակունցը լացակումեց և սկսեց հավատացնել, որ ինքը դաշնակցական երբեք չի եղել:
Հետագայում Աշոտ Հովհաննիսյանը նույնպես պնդում էր, որ Ակսել Բակունցի դաշնակ լինելն այն ժամանակ (1923թ.) սարքվեց` նրան համագումարի պատգամավոր դարձնելու համար: Ինձ հիմա էլ թվում է, որ Աշոտը պարզապես ուզում է Բակունցին հետին թվով ռեաբիլիտացնել: Եթե մինչև անգամ այդ գրքույկում կեղծ լիներ Բակունցի դաշնակ արձանագրվելը, ինձ հետ ունեցած իր խոսակցությունների մեջ Բակունցը ոչ մի կասկած չէր թողնում, որ նա դաշնակցական էր: Դրանով էր պայմանավորված իմ և նրա հակամարտությունը:
Իմ և Չարենցի միջև այդպիսի հակամարտություն չկար:
Չարենցն ու Բակունցը տարբեր էին, և ես համոզված եմ, որ Չարենցն այդքան ողբալի ճակատագիր չէր ունենա, եթե չընկներ Բակունցի, Մահարու և Արմենի շրջապատը: Նրանք Չարենցին տարան դեպի կործանում և ի վերջո, ըստ էության, մատնեցին իշխանության ձեռքը (Մկրտիչ Արմենի ՙինքնամերկացումը՚` ուղղված Ամատունուն):
Բակունցի բարոյական վարքագիծը շատ որոշակի երևում է հետևյալ իրադարձության մեջ:
1935 թ. Հայկինոյում տեղի պիտի ունենար թեմատիկ խորհրդակցություն, որին մասնակցում էինք ես ու Բակունցը: Ես առաջարկեցի թեմատիկ պլանի մեջ մտցնել մի ֆիլմ Զորավար Անդրանիկի մասին` մոտավորապես հետևյալ պատճառաբանությամբ. Անդրանիկը եղել է հայ ազատագրական պայքարի մեծագույն հերոսներից մեկը, հակադրվել է դաշնակցությանը և ունեցել է ռուսական օրիենտացիա: Ինձ այնպես էր թվում, որ Բակունցը պետք է պաշտպանի իմ առաջարկը: Բայց նա կատաղի դեմ դուրս եկավ իմ ելույթին.
- Նաիրի Զարյանն` առաջարկում է նկարահանել խմբաապետ Անդրանիկ փաշային, առաջարկում է կատարել գաղափարական խայտառակ նահանջ: Նա երևի մի ժամանակ հետո կառաջարկի նկարահանել նաև ՙԽանասորն՚ ու ՙԲանկ Օթոմանը՚, հերոսացնել ամբողջ դաշնակցության պատմությունը:
Բակունցի ելույթը կեղծ էր և անազնիվ: Ես այդ ոգով էլ արտահայտվեցի և դուրս եկա խորհրդակցությունից:
Հետագայում, 1936-37-38 թվերին, երբ որ ինձ կուսակցությունից հեռացրին և ուզում էին ձերբակալել, իմ դեմ հարուցված գլխավոր մեղադրանքներից մեկը Հայկինոյում ունեցած իմ ելույթն էր, որի մեջ ես մեծարել էի ՙդաշնակ խմբապետ Անդրանիկին՚:
Այս բոլորից հետո, այնուամենայնիվ, ես չեմ կարող ինձ համար չխոստովանել, որ Բակունցը խելոք, զարգացած ու տաղանդավոր գրող էր: Նրա հետ մենք թերևս լեզու գտնեինք, եթե չլինեին նրա սանձարձակությունն ու իմ ֆանատիզմը: Այն օրերին Բակունցը ժխտում էր շատ այնպիսի բաներ, որոնցից ինքս էլ այսօր հիասթափված եմ: Բայց այլ բան է սկզբից ևեթ լինել դեմ, այլ բան` հիասթափվել:
Բակունցը չէր հավատում կոմունիզմին, ես հավատում էի: Դա էր մեր տարբերությունը: Իմ սխալն այն էր, որ ես կոմունիզմին չհավատա°լը համարում էի հանցանք:
Իմ մտքով իսկ չէր անցնում, որ Բակունցին և մյուսներին բանտարկելուց հետո կոչնչացնեն: Ամատունին ասում էր, որ մի ժամանակ հետո բոլոր գրողներին կազատեն բանտից, և ես ապրում էի այդ հույսով:
Բայց ստացվեց ուրիշ բան, զարմանալի բան: Պարզվեց, որ գիտակցաբար գլխատում էին ժողովրդին. ոչնչացնում էին բոլոր մտածող մարդկանց, ոչնչացրին նաև բազմաթիվ ինձ նման տխմար հավատացյալների: Իսկ Բակունցը սթափ էր և անհաշտ:
Իմ մեջ երկար տարիներ Բակունցի նկատմամբ քայլում էին ատելությունն ու հարգանքն իրար համակցված: Ատելությունը գնալով տեղի է տալիս, մնում է հարգանքը:
Նա այնքան խոշոր գրող չէր, որքան ինքնատիպ, անկախ մարդ:

Նաիրի ԶԱՐՅԱՆ

No comments:

Post a Comment