Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, May 22, 2011

ՙ... Կբարոյազրկվենք որպես ժողովուրդ՚

Բանաստեղծ, հրապարակախոս, նախկին դիսիդենտ, հասարակական գործիչ Մերուժանի հետ զրուցում ենք արցախյան հիմնախնդրի լուծման ուղիների, Հայ առաքելական եկեղեցու, Անդրանիկ Մարգարյանի ու առհասարակ երկրի անկախացումից ի վեր Հայաստանի վարչապետերի մասին:


 
- Պարոն Մերուժան, արյան գնով ձեռք բերված Արցախի խնդրի լուծումն ինչպե±ս եք պատկերացնում:

- Հայաստանն այսօր գտնվում է պատմական մղձավանջի իրավիճակում: Պատմական եմ ասում, որովհետև այն իր նշանակությամբ պատմական է լինելու և վճռորոշ մեր ժամանակում:
Հարց է առաջ գալիս. այսօր ի±նչ իրավասություններով է օժտված Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն, ի±նչ է սպասվում նրան, ձեռք բերված հողն արժե± արդյոք նահատակների արյունը, եթե հեռանկարում քաղաքականությունը վերջնական լուծում չի տալիս դրան: Մինչ օրս պատերազմում հաղթանակած, վերցրած, հետգրավյալ տարածքը չունի նորմալ իրավական կարգավիճակ: Այն չի ընդգրկված ՄԱԿ-ի կազմում, որպես ինքնուրույն քաղաքական միավոր, միաժամանակ` ամբողջական մասը չի հանդիսանում մեր հայրենիք Հայաստանի: Բայց չէ որ բոլորիս է պարզ, որ Ղարաբաղը չհաղթեց Ադրբեջանին, այլ` Հայաստանը: Այդ պատերազմում հիմնականում Հայաստանի տղաների նահատակությամբ հող ազատագրեցինք:
Այսօր նրանք` այդ հողի զավակ ղարաբաղցիներն իշխում են Հայաստանին, մեր հայրենիքին: Պարզապես իշխում են, որովհետև երկրում հիմնական իշխող լծակները նրանց ձեռքում են: Այս դեպքում մեր պատերազմը նրա համար էր, որ ղարաբաղցիներին բերեինք Հայաստանի գլխին իշխանավորնե±ր, թե± Հայաստանը լիներ անկախ, ինքնիշխան պետություն, իսկ Ղարաբաղն` ընտանիք Միավորված ազգերի, կամ անբաժանելի մասը մեր մեծ ընտանիքի: Մինչդեռ` այդքան նահատակների արյան գնով ձեռք բերված հողը որևէ կարգավիճակ չունի միաջազգային արենայում և անորոշ է նրա ապագան:

- Ընդամենը հակամարտության գոտի է, ոչինչ ավելի:

- Ավելին` ես ենթադրում եմ, որ այս հակամարտության գոտին օրըստօրե նմանվելու է կամ Հարավային Օսեթիային, կամ` Աբխազիային: Այսպիսի զարգացումների դեպքում ես ափսոսում եմ այն արյունը, որ մենք հեղեցինք հանուն Ղարաբաղի: Ափսոս մեր զավակները, որովհետև նրանց երազած Ղարաբաղը չեղավ Հայաստանի անքակտելի մասը:
Ես չեմ հասկանում մեկ այլ բան, թե ինչ- ո±ւ ղարաբաղյան իշխանությունները չեն ցանկանում միանալ մայր հայրենիքին. ինչո±վ է պայմանավորված այդ անցանկալի իրավիճակը, ո±ր մեղքի դիմաց, հանուն ինչի±: Եթե մենք մենակ թողնենք Ղարաբաղին, այն չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ: Այսինքն` երբ անհրաժեշտ է պատերազմել` Հայաստանն է դա անում: Հայաստանաբնակ հայությունը գնում է դոնորի նման արյուն տալու Ղարաբաղի ազատության համար, Հայաստանում գալիս են իշխելու ղարաբաղցիները և անհասկանալի է, թե ի±նչ ենք մտածում մենք` հայաստանաբնակներս, որ այդքան արյուն տվեցինք:
Գաղտնիք չէ, որ տարաբնույթ կարծիքներ կան ղարաբաղցիների ու ադրբեջանաբնակների մասին, ովքեր փախստականի կարգավիճակ ունեն:
Առաջինը` Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, նրանք կարող են անցնել ադրբեջանցիների կողմն ու թշնամաբար գործել մեր դեմ:
Երկրորդը` կան ղարաբաղցի և ադրբեջանաբնակ քաղաքացիներ, ովքեր սիրով կնվիրվեն Հայաստանի վերակառուցմանն ու վերելքին և իրենց նպաստը կբերեն Ղարաբաղ - Հայաստան միավորմանը:
Եվ կա երրորդն` այն անտարբեր մարդիկ, ովքեր ամենևին չեն ցանկանում հասկանալ իրականությունը, այլ լքում են թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը: Սա առավել ողբերգական է, քան` նախորդ երկուսը:

- Հույս ունե±ք, որ երբևէ կվերադառնան լևոնտերպետրոսյանական ժամանակները և ի±նչ դեր ունի մեր իրականությունում Հայ առաքելական եկեղեցին:

- Ժամանակները կերտվում են մեծ անհատների միջոցով, որի համար դրանք կոչվում են նաև իրենց անուններով` Կեսարի, Մակեդոնացու, Բոնապարտի ժամանակ: Մեծերը կերտում են ժամանակներ:
Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս իր ժամանակը չի կերտել, բայց ժամանակները գալիս են գործելու հօգուտ նրա: Իրականանում են այն գուշակություններն ու սպասումները, որոնց մասին արտահայտվել է նա` հրաժարականի դիմումում /04.02.1998թ./: Փաստորեն նրա մարգարեությունը ապացուցվում է այսօրվա դրությամբ և շոշափելի է վաղվա իրականանալիք օրով:
Մենք մայիսի 1-ին լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ես հակված եմ այն համարել հայ հռետորական արվեստում բացառիկ ելույթներից մեկը: Թերևս` մի փոքր դժգոհ եմ տնտեսական կոնցեպցիայից: Երևի թե այստեղ զգացվում է Հրանտ Բագրատյանի բացակայությունը, որովհետև տնտեսագիտական ձևակերպումներն այնքան բացառիկ չէին, որքան քաղաքականներն, առավել ևս` ներքաղաքական իրավիճակին վերաբերողները: Ցանկալի կլիներ նաև, որ նա մի փոքր ծավալուն արտահայտվեր Հայ առաքելական եկեղեցու այսօրվա գործունեության մասին:
Ես հասկանում եմ, որ եկեղեցու կոչումն է Աստծո փառքը տարածելը երկրի վրա, միավորել ազգային մտածողությունը, քանզի հայոց եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է ոչ միայն կրոնական, այլև ազգային հաստատություն: Մինչդեռ` Հայ առաքելական եկեղեցին կողմնակցելով իշխանություններին պառակտում է ազգային մտածողությունը, միասնությունն, ինչը դատապարտելի է: Ես, իհարկե, եկեղեցուն դատապարտելու իրավունք չունեմ, սակայն իմ համոզմամբ այն չի գործում Աստծո պատվիրաններով:

- Ապրիլի 22-ին ՀՀ ոչ լեգիտիմ նախագահի և Թուրքիայի նախագահի կողմից Շվեյցարիայում ստորագրված ՙՃանապարհային քարտեզը՚ բազմաթիվ տարակարծությունների տեղիք տվեց Հայաստանում: Ճիշտ է, պաշտոնապես չեն մեկնաբանվում ՙքարտեզի՚ դրույթները, սակայն կուլիսներում խոսակցությունները լավ բան չեն խոստանում: Ի±նչ եք կարծում` ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման մասին:

- Նախ ես մեծ տագնապ եմ ապրում և համոզված չեմ, որ առաջիկայում կարող է դիվանագիտական հարաբերություն հաստատվել Հայաստանի և Թուրքիայի միջև, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պարզ չէ այդ մարզի կարգավիճակը: Իսկ Թուրքիան դիվանագիտության պատմական անցյալ ունի, հեշտ չէ նրանց հետ խոսել այնպիսի հարցի շուրջ, որը անհասկանալիորեն կոչվում է ՙՃանապարհային քարտեզ՚: Վերջապես ի±նչ դիվանագիտական փոխհարաբերությունների մասին է խոսքը, երբ այսօր մեր առջև ծառացած են շատ ավելի կարևոր հիմնահարցեր. մեր ներսում չենք լուծել ազգի, ժողովրդի, անհատի ազատությունների հարցը: Մեզ մոտ դեռևս ընթացքի մեջ են ներիշխանական պառակտումները: Այս պայմաններում` ինչի± մասին է խոսքը, ի±նչ դիվանագիտություն: Ցանկալի է, որ մենք բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ ունենանք, բայց առավել ևս Թուրքիայի հետ պետք է գերագույն զգուշությամբ վարվենք:
Մենք ունենք ոչ անմիջական, բայց մեզ իշխող հարևան` Ռուսաստանը: Նա այնքան էլ հաճույքով չի ընդունում հայ-թուրքական դիվանագիտության մասին շշուկները: Ինչպե±ս վարվել Ռուսաստանի հետ: Նրանք երբեք ազատ չեն թողնի մեր երկիրը, որը նրանց համար ծառայում է ընդամենը որպես հարավային հրվանդան: Հայաստանը նրանց համար զուտ ռազմական պոլիգոն է, փորձադաշտ, որտեղ կարող են իրենց մեծ հարևանների հետ հարաբերություններ ճշտել: Մենք արդեն գույքային բավականին հարստություններ ենք կորցրել ՙԳույք` պարտքի դիմաց՚ ծրագրով: Այսօր` նրանք իրենց կամքն են թելադրում հայ-թուրքական հարաբերություններում և բացասական դիրքորոշում ունեն այս հարցում: Կա նաև երկրորդ հանգամանքը. պատմականորեն համոզիչ է և պատերազմները Եվրոպայում ապացուցել են անճառելի ճշմարտություն. ՙՖրանսիան պատերազմում հաղթող պետություն է, Ռուսաստանն` անպարտելի՚: Դա ասել է ֆրանսիացի Տառլեն: Այսօր Ռուսաստանը պատրաստ է ցանկացած կերպ պահպանել Հայաստանն իր ձեռքի տակ, որպես մարիոնետկա պետություն: Մենք այլ կերպ գոյատևել չենք կարող, մյուս կողմից հարաբերվելը Թուրքիայի հետ, սահմանները բացելն այնքան էլ հեշտ չէ: Մենք ունենք երկու հակառակ բևեռներ, որոնցից մեկը ցանկանում է բացել սահմանը, մյուսը` հակառակվում է դրան: Եթե հետևենք ազգային մտածողությանը և ազգայնականներին` բացելը ճիշտ չէ: Ինչո±ւ, որովհետև առանց այդ էլ մենք ունենք մոտ 3 հազար հայեր, ովքեր ծնվել են հայ մայրերից, պարսիկ հայրերից, թեև` կրում են հայի ազգանուն: Սա խայտառակություն է: Բացել Թուրքիայի սահմանը, նշանակում է հանձնվել մուսուլմանական աշխարհին, այստեղ կավելանա նրանց թիվը և մենք կուլ կգնանք` առանց պատերազմի: Նրանք ազատ կգան, կգնեն մեր հողերը, աղջիկներին, որովհետև Թուրքիան հարուստ պետություն է, թուրքերը հարուստ են և մենք բարոյապես կոչնչանանք: Կբարոյազրկվենք որպես ժողովուրդ: Ասիմիլյացիայի այս ճանապարհն անմարդկային է:
Չբացել: Ինչպե±ս ապրել հավերժական թշնամանքի մեջ և ինչքա±ն կարելի է ապրել պատմական իրադարձությունների մշտական վերհուշերով: Ինչքա±ն կարելի է թշնամանքի կրակներ բորբոքել: Այլևս չենք կարող: Այսօր Թուրքիայում ապրում են այնքան թուրքեր, որքան` փոքր ազգերի ներկայացուցիչներ: Նրանց թվում` հայերը մեծամասամբ թրքացել են, ընդունելով իսլամը: Մի մասն արհեստականորեն, մի մասը` կամավոր: Ի±նչ ենք ուզում այսօր` վերգտնել մեր հարազատներին թրքացա±ծ վիճակում: Ի±նչ անել: Այս հարցը մնում է առկախ: Ինձ թվում է, պետք է նոր քաղաքական գործիչն, ով գալու է մեծ քաղաքականություն, երկար խորհի այս հարցի շուրջ: Սա արդեն լինել-չլինելու խնդիր է:

- Այս պայմաններում ո±րն է դաշնակցականների և հհշականների կարծիքների տարբերությունը:

- Պարզ և հստակ է. ՀՅ Դաշնակցությունը մտածում է դարպասները չբացելու մասին: Անգամ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր ելույթում պարզ և հստակ, գրեթե շարադրում էր դաշնակության ծրագիրը: ՀՀՇ-ն բարի կամք է դրսևորում` բացել սահմանը, որով խոստանում է սոցիալապես ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք: Սակայն որքանով հայկական կմնա Հայաստանը, հայտնի չէ: Եթե բարոյապես պիտի մահանանք բարեկեցիկ ապրելու համար, չենք կարող դիակներ հանել աճուրդի, պատմականորեն ստրկանալ, նվաստանալ և պատմությունից դուրս մղվել որպես պարտված ազգ: Դա կլինի Հայաստան պետության վախճանը:

- Ձեզ ճանաչողների և ընդհանրապես հասարակական գործիչների շրջանակներում այսպիսի կարծիք կա, որ Դուք Անդրանիկ Մարգարյանի մերձավոր - մտերիմներից եք: Ինչո±ւ հուշեր չեք գրում նրա մասին:

- Երբ ես խորհում եմ Հայաստանի երրորդ հանրապետությունում գործած վարչապետերի մասին, հիշում եմ ընդամենը մեկին` Հրանտ Բագրատյան: Նա միակն էր, ով ջանասիրորեն տրամադրվեց և ցանկանում էր վեր հանել մեր հայրենիքը: Մի երիտասարդ, 33-ամյա վարչապետ, ով գիշեր ու զօր տանջվում էր Հայաստանը տնտեսապես կայուն պահելու համար: Նրանից հետո եկան ու անցան բազմաթիվ վարչապետեր ու ժամանակավոր պաշտոնակատարներ, ովքեր գրեթե ոչինչ չարեցին:
Ավելին` Հայաստանում երկու պատուհաս վարչապետեր եղան. Ռոբերտ Քոչարյան և Վազգեն Սարգսյան: Նրանք իրենց գործունեությամբ շատ նման էին իրար և գոյատևեցին մինչև Հոկտեմբերի 27-ը, որից հետո Վազգեն Սարգսյանի վարչապետությունը մահվան ելքով ավարտվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանն ինքնահաստատվեց և հզորացավ որպես ՀՀ նախագահ:
Եթե նախորդները պատուհաս էին Հայաստանի ճակատագրում, ապա` վերջին երկուսը` Արամ Զ. Սարգսյան և Անդրանիկ Մարգարյան, թյուրիմացություններ էին, որոնցից առաջինի վարչապետ նշանակվելով Հայաստանում հեղինակազրկվեց այդ պաշտոնն, իսկ Ա. Մարգարյանի վարչապետ նշանակվելով Հայաստանում ամբողջությամբ իմաստազրկվեց այդ պաշտոնը: Երկուսն էլ ցավալի են, երկուսն էլ ողբերգական:
Ինձ թվում է, որ Հայաստանը յոթը տարի վարչապետ չունեցավ: Վարչապետ նշանակված Անդրանիկ Մարգարյանը հայրենասեր, ազգասեր, հայ մարդ էր, ով հաճախ ստորագրում էր փաստաթղթեր, դրանց խորքն ու բովանդակությունը չհասկանալով, ինչով բավականաչափ վտանգվել է երկում տիրող բարոյական արժեքն ու վիճակը: Ավելին` եղան որոշումներ, որոնցով զենքեր բաժանվեցին տարբեր անձանց: Անվանական այդ հատկացումների մի մասից գնդակներ արձակվեցին և զոհեր եղան:
Ինչ վերաբերում է նրա հասարակական, քաղաքական գործունեությանն, ապա Անդրանիկ Մարգարյանը ղարաբաղյան թևի իշխանության հաճոյակատարն էր, սպասարկուն, և այլ կերպ լինել չէր էլ կարող: Նրա փոխարեն ով էլ լիներ, առավել ծառայող կլիներ, քան եղավ ինքը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Այս առումով է, որ ես մտաբերելով նրան, հարգանք ունենալով նրա հանդեպ` չունեմ որևէ հիշարժան իրադարձություն, որպեսզի փաստագրեմ, հուշագրեմ այն և նրան արժանացնեմ հավերժական ճակատագրի, հիշարժան լինելուն:
Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment