Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, May 3, 2011

Ներս արի, որդյակ

Հարցը պետք է որ տարօրինակ թվար Զարյանի տաղանդն ու վաստակն ունեցող ցանկացած այլ գրողի դեպքում: Զարյանի մասին էլ, ասենք, գրքեր ու հոդվածներ շատ են գրվել, նրա գործերը տպագրվել են մեծ քանակներով: Բայց Զարյանը ծնուննդն էր այնպիսի ժամանակների, որոնք մարդկանց բաժանում էին մեղավորների և անմեղների, սատանաների ու հրեշտակների, և մարդկանց տեղը այս խմբերից յուրաքանչյուրում որոշվում էր ոչ թե նրանց էությամբ, այլ պատահականորեն նրանց բաժին ընկած դերով, ավելի հաճախ` միանգամայն պատահական հանգամանքներով:

 
Մեր գրողների մեջ ամենից շատ սրանից տուժել է Նաիրի Զարյանը:
Իրողությունն այն է, որ Զարյանը, գրական իր բոլոր սերնդակիցների նման, ակտիվորեն ներքաշված էր ժամանակի վեճերի ու կռիվների մեջ, որոնց ընթացքում գործի էին դրվում ամենավտանգավոր և, ավա¯ղ, հաճախ ոչ ամենաբարոյական զենքերը: Մարդիկ, որոնք ոգևորված էին հեղափոխության բացած հորիզոններով և անկեղծորեն պայքարում էին բարձր իդեալների համար, հանկարծ հայնվում էին հեղափոխության թշնամիների բանակում: Համենայն դեպս, նրանց այդպես էին գնահատում այդ նույն հեղափոխության անունից: Մարդիկ հերոսներ էին ու զոհերը նույն գաղափարների: Այդպես իր ժամանակի հերոսն ու զոհն էր Նաիրի Զարյանը: Անհրաժեշտ է փորձել հասկանալ նրա կենսագրության և գրական ժառանգության կնճիռները, նրա իրական դերը հատկապես 20-30-ական թթ. գրական կյանքում և նրա իրական ներդրումը նորագույն հայ գրականության մեջ:
Մինչև 20-ականների սկիզբը Զարյանը (որն ինքը իր Հայաստան Եղիազարյան անուն-ազգանունը դեռ մինչև խորհրդայնացումը փոխարինեց ավելի ՙբանաստեղծական՚ Նաիրի Զարյանով) սովորական արևմտահայ որբ էր, որոնք հազարներով ապրում էին Հայաստանի որբանոցներում ու փողոցներում: Բայց որբերի մեջ ամենատաղանդավորներից էր, որ 1918-19 թթ. լավ քնարական բանաստեղծություններ է գրել, համակված խորին թախիծով, որ խորապես հասկանալի էր: Եվ իհարկե, այդ բանաստեղծությունները գրվել են ոչ առանց Տերյանի ազդեցության:
Նրա հետագա ճակատագիրը որոշվեց այն իրադարձություններով, որոնք կտրուկ փոխեցին Հայաստանի զարգացման ընթացքը: Զարյանն ի սկզբանե, ինչպես երևում է նրա բանաստեղծություններից, հասարակականորեն շատ ակտիվ մարդ էր: 30-ական թթ. այնքան շատ հիշատակված ՙԳնդապետ Մազմանյանի հիշատակին՚ բանաստեղծությունը դրա վկայությունն է: 19-ամյա Զարյանը շատ խորն է ապրում անառիկ բերդի համբավ ունեցող Կարսի անկումը և իր ցավն արտահայտում է այս բանաստեղծության մեջ, մորմոքելով հայրենասեր և պատվախնդիր սպայի ինքնասպանության համար, որն ուղղակի Կարսի հանձնման արձագանքն էր: Մի քանի տարի հետո այս բանաստեղծությունը մեղադրանքի թուղթ էր դառնալու և դաշնակցականների, և խորհրդային ու կուսակցական իշխանությունների ձեռքին` ընդդեմ Նաիրի Զարյանի...
Զարյանն ինքն էլ իր զանազան գրառումներում ասում է, որ 1918-20 թթ. ինքը բոլշևիկներին չէր համակրում: Փետրվարյան ապստամբության օրերին դաշնակցական ջոկատների կազմում կռվել է խորհրդային ուժերի դեմ: Ինքը երբեք այդ փաստը չի ժխտել, նաև երեսնական թթ. անվերջ մեղադրանքների, քննությունների ժամանակ: Ճիշտ է, միշտ շեշտել է, որ մարտերի ընթացքում ինքը չի կրակել... Բայց պատկերացրեք, թե այս փաստը, ինքնասպան գնդապետին նվիրված բանաստեղծության հետ միասին, ինչքան է շահարկվել քսան-երեսնական թվականներին:
Փետրվարյան ապստամբությունից որոշ ժամանակ անց Զարյանը մեկնում է Ալեքսանդրապոլ և այնտեղ, ինչպես ինքն է վկայում, ծանոթանալով մարքսիստական գրականությանը, որոշում է ընդունվել կոմունիստական կուսակցության մեջ: Նա ամեն ինչ անում էր կրքով, հակված էր ծայրահեղությունների: Այդպես կրքով էլ նետվում է գրական ասպարեզ, դառնում պրոլետարական գրական շարժման ամենաակտիվ գործիչներից, նորաստեղծ ՀՊԳԱ-ի (Հայ պրոլետարական գրողների ասոցիացիայի) ղեկավարներից մեկը: Այստեղից են սկսվում նրա բախումները Եղիշե Չարենցի հետ: Չարենցը, ինչպես հայտնի է, չընդունեց ՀՊԳԱ-ն և հիմնադրեց իր գրական կազմակերպությունը` Հայ պրոլետարական գրողների ՙՆոյեմբեր՚ միությունը, որն ավելի հայտնի է իր կրճատ անվանմամբ` ՙՆոյեմբեր՚ միություն: Ահա այս երկու կազմակերպությունների միջև 20-ական թթ. ծավալվեց մի կատաղի, անզիջում և հաճախ ցավալիորեն անսկզբունքային պայքար:
Պետք է երկու հանգամանք զանազանել իրարից:
Միության մեջ համախմբված էին (կամ նրա հետ կապված էին) իսկապես տաղանդավոր մարդիկ` Չարենցը, Մահարին, Բակունցը, Արմենը...
Ասոցիացիայում իսկական գրողները քիչ էին, երևի միայն Նաիրի Զարյանը (Վշտունին ըստ էության դադարել էր բանաստեղծ լինել): Շատ հաճախ մեր վերաբերմունքը երկու խմբավորումների նկատմամբ որոշվում է հենց այս իրողությամբ, և մենք պատրաստ ենք միությանը վերագրել բոլոր դրական հատկանիշները, իսկ ասոցիացիային` բոլոր բացասականները: Այնինչ իրականությունը շատ ավելի բարդ էր:
Իհարկե, շատ լավ կլիներ, եթե Զարյանը միանար ՙՆոյեմբերին՚, չարենցականներին, մանավանդ որ իր ստեղծագործական սկզբունքներով նա շատ ավելի մոտ էր նրանց, մանավանդ Չարենցին: Բայց ահա իրականությունն այն է, ինչ կա: Ասոցիացիան հազար ու մեկ մեղադրանք էր ներկայացնում ՙՆոյեմբերին՚, ՙՆոյեմբերը՚ նույն տիպի մեղադրանքներով կռվում էր ասոցիացիայի դեմ: Ասոցիացիան նոյեմբերականներին համարում էր մանրբուրժուական ու նացիոնալիստ գրողներ: Ճիշտ նույն պիտակները ՙՆոյեմբերը՚ կպցնում է Նաիրի Զարյանին և մյուսներին: Թերթեցեք ժամանակի մամուլը, ասոցիացիայի ՙՄուրճը՚ և ՙՆոյեմբեր՚ միության համանուն թերթը. այսպիսի մեղադրանքներ ինչքան ուզեք: Ահա մի նմուշ ՙՆոյեմբեր՚ թերթում Զարյանին տված բնութագրերից: ՙԻհարկե, այդ կերպ (խոսքը գնդապետ Մազմանյանին նվիրված բանաստեղծության մասին է - Ա. Ե.) չէր մտածի այդ ՙոչխարների՚ շարքում գտնվող պոետը: Սա դասալիք, բայց թիկունքում հոխորտացող մեշչան ինտելիգենտի և նացիոնալիստի պոեզիան է: Եվ դաշնակցական-խմբապետային էնտուզիազմով լցված այդ երիտասարդը...՚ և այլն:
Այսպիսին էր մթնոլորտը 20-ական թթ., և հենց այդ մթնոլորտը որոշեց հեղափոխության հետ գրականություն մտած գրողների կազմակերպությունների և իրենց իսկ անհատական փոխհարաբերությունները: Նկատի առնելով Զարյանի անցյալը և նրա գործած մի քանի ՙմահացու՚ մեղքերը, նրա վիճակը այդ մթնոլորտում թերևս ավելի խախուտ էր, քան ուրիշներինը, ինչքան էլ նա անկեղծորեն նվիրված լիներ նոր գաղափարներին ու կարգերին: Ամեն առիթի դեպքում նրան հիշեցնում էին և° փետրվարյան ապստամբությունը, և° Մազմանյանին նվիրված բանաստեղծությունը...
Դժվար է ցույց տալ մի գրողի, հատկապես Չարենցի ու Զարյանի սերնդից, որ նման մեղքեր գործած չլիներ: Ինքը` Զարյանը, իր գրական հակառակորդներից ետ չէր մնում քաղաքական մեղադրանքներ տալու գործում. դա իսկապես սերնդի հոգեբանություն էր: Ամեն մեկը ձգտում էր փրկել իր կյանքն ու գործը... Կարելի է այդ տարիներին Զարյանի գրած դիմումներից, նամակներից, հոդվածներից բազմաթիվ տողեր բերել` ուղղված իր շրջապատի մարդկանցից, գրողներից ու պետական-կուսակցական գործիչներից սրա կամ նրա դեմ: Այս տողերի մեջ ամենամռայլը, անկասկած, Բակունցի դեմ ուղղված հոդվածն է, գրված Բակունցի ձերբակալությունից հետո: Բայց այդ հոդվածները կարող են շատ միակողմանի, անարդար պատկերացում ստեղծել Զարյանի և ժամանակի մասին, եթե Զարյանի արածներն ու գրածները չդիտենք ժամանակի կոնտեքստում:
Նախկին կուսակցական արխիվի Զարյանի գործում պահվում է մի նամակ Ստալինին: Նամակը գրված է 1937 թ. նոյեմբերին, երբ Զարյանի դեմ հալածանքի ուժեղ ալիք էր բարձրացել, թերևս ամենավտանգավորը: Ընդ որում նամակը կոչվում է երկրորդ նամակ, և տեքստում հեղինակը հաճախ հղումներ է կատարում առաջին նամակին, որի տեքստը չկա գործերում: Այս նամակում թվարկվում են Զարյանի բոլոր մեղքերը, այս անգամ ոչ միայն Փետրվարյան ապստամբությունը և Մազմանյանին նվիրված բանաստեղծությունը, այլև այն, որ ա) Զարյանը 1935 թ. երկու անգամ առաջարկել է ֆիլմ նկարահանել Անդրանիկի մասին, նրան համեմատելով Չապաևի հետ, բ) Զարյանը կատաղի տրոցկիստ է, որովհետև իր վաղ պոեմներից մեկում Տրոցկու և Բուխարինի անունները հիշատակում է Մարքսի, Էնգելսի և Լենինի անունների կողքին, գ) Զարյանը ավերբախական է (այս տարիների հայտնի գործիչներից մեկի անունով, որ երեսնական թթ. արդեն դատապարտվել էր): Հետաքրքրական է, որ նամակի հեղինակը չի խորշում նաև Զարյանի ընտանեկան գործերի մասին խոսելուց: Հետո էլ հիշատակում է իր հետ կապված երկու փաստ` եղբոր ընտանիքը վտարել են բնակարանից, այդ բնակարանը տվել է Վ. Մարտյանին, որպեսզի նրա ազատված սենյակն էլ տան Ն. Զարյանին: Եվ ապա` իր` հեղինակի ժողովածուի մասին անարդար գրախոսական է տպագրվել Զարյանի խմբագրած ամսագրում... Կարծում եմ, բացատրություններ պետք չեն, ժամանակի բարքերի պատկերը ավելի լավ ներկայացնել հնարավոր չէ:
Շատ տհաճ է այսօր նման փաստեր հիշել: Մենք պետք է փորձեինք հենց սկզբից ավելի լայնախոհ լինել և երեսնական թթ. մասին դատախազական ոճով չխոսել: Բայց հիսունականների կեսերից հենց դատախազական ոճը որդեգրվեց, մանավանդ Զարյանի նկատմամբ: Եվ որևէ լուրջ փորձ չարվեց հասկանալու իրերի իրական վիճակը, ու Զարյանի դեմ հարձակումները շարունակվեցին, միայն ժամանակ առ ժամանակ խլանալով: Եվս մի փաստ: Ասացի, որ 1937 թ. նոյեմբերին Զարյանի դեմ ուղղված մեղադրանքների ալիքը հասավ իր բարձրակետին: ՀամԿ(բ)Կ կենտկոմին կից կուսակցական վերահսկողության հանձնաժողովի Հայաստանի գծով խումբը, որոշման մեջ թվարկելով վերը հիշված բոլոր մեղադրանքները, դրանք համարում է ապացուցված և որոշում Նաիրի Զարյանին վտարել կուսակցությունից և գործը հանձնել ՆԳԺԿ (ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ): Դա նշանակում է կամ գնդակահարություն, որն ավելի հավանական էր, կամ աքսոր: Զարյանին փրկում է Մոսկվան, որտեղ հիշում էին Ստալինին նվիրված նրա հայտնի բանաստեղծությունը: 1935 թ. Զարյանը այդ բանաստեղծությունը կարդաց Ստալինի և մյուս ղեկավարների ներկայությամբ, Ստալինի հետ Հայաստանի պատվիրակության հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը նա մասնակցեց յուրատեսակ արկածախնդրության շնորհիվ, Խանջյանի (որը Զարյանին չէր սիրում) և Սահակ Տեր-Գաբրիելյանի կամքին հակառակ: Հաջորդ օրը նրան պարգևատրեցին Լենինի շքանշանով: Չլիներ այս փաստը, Զարյանի ճակատագիրը չէր տարբերվելու իր մյուս գրչակիցների ճակատագրից (անհեթեթություն է, բայց մեկ-մեկ մտածում ես, որ իր` Զարյանի գոնե հետմահու ճակատագրի համար ավելի լավ կլիներ, եթե նրան էլ գնդակահարեին 1937-ին):
Հիսունականների կեսերից սկսած, հակազարյանական մի նոր ու ավելի երկարատև, ինչ-որ իմաստով ավելի ճնշող հալածանք սկսվեց, որը շարունակվեց մինչև նրա մահը և մինչև այսօր: Այս նոր աղմուկը մի շարք պատճառներ ուներ: Հոգեբանորեն մարդկանց մեղավոր էր պետք` Չարենցի, Բակունցի և մյուսների մահվան ողջ մեղքը նրա վրա բարդելու համար: Զարյանը ամենից հարմար էր այդ ողբերգական դերի համար, որովհետև ժամանակին իսկապես եղել էր այդ երկու մեծ գրողների հակառակորդը: Վիճել էր, հոդվածներ էր գրել նրանց դեմ (բայց ուրիշ ոչինչ` հոդվածներից բացի): Բայց ինչպես ասացի, նրան չներվեց իր կենդանի մնալը: Եվ չեմ կարող չասել, որ ամբոխային կրքերը այստեղ մեծ դեր խաղացին: Ամբոխը միշտ հաճույքով հոշոտում է զոհին, միայն նրան հավատացրու (չշփոթել ապացուցելու հետ), որ զոհը մեղավոր է... Չարենցի և մյուսների ճակատագիրը որոշվել էր ուրիշ ոլորտներում, և զայրանները անզոր էին ազդելու դրական կամ բացասական իմաստով- այդ որոշման վրա:
(Շարունակելի)

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
 

No comments:

Post a Comment