Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, August 17, 2011

Նրանք էլ իրենց ծիրանն էին ուզում

 ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, հարձակվել են Աշտարակից Ապարան տանող ավտոճանապարհի Օհանավան և Կարբի գյուղերի հատվածին հարող տարածքում առևտուր անող գյուղացիների վրա: Ճանապարհին հարող հողատարածքների սեփականատեր գյուղացիների հանցանքն այն է, որ իրենց աճեցրած բերքը` ծիրանը, վաճառում են հենց ճանապարհի եզրին: Ոստիկանությունը սա համարում է ծանր հանցանք` սպառնալով ամենադաժան կերպով պատժել գյուղացիներին:   


Գյուղացիները` չդիմանալով ոստիկանության ճնշմանը, կեղծ նահանջ են կազմակերպում` թաքնվելով ծառերի ստվերում, իսկ երբ ոստիկանները հեռանում են, նորից վերադառնում են ելման դիրքեր: Այսպես փոփոխական հաջողություններով մարտը շարունակվում է օրվա ողջ ընթացքում:
Գյուղացիների մի մասն ասում է, որ տրանսպորտային միջոցներ չունի բերքը Երևան հասցնելու համար, իսկ եթե մեքենա վարձի, ապա դրանից ապրանքն այնքան կթանկանա, որ այն գնող չի լինի: Մյուսներն ասում են, որ ծիրանը շատ հասած է, և եթե այն հասցնեն Երևան, ճանապարհին կփչանա և պիտանի չի լինի օգտագործման համար: Պարզ է նաև, որ ճանապարհի այդ հատվածը բավական հարմար է առևտրի համար, քանի որ Ապարան, Սպիտակ և Վանաձոր մեկնողները կանգնում և գնում են իրենց ապրանքը, որն ավելի էժան է շուկայում վաճառվողից:
Գյուղացիները պնդում են, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին չի հետաքրքրում սննդի անվտանգությունը, դրա համար այլ պետական մարմիններ կան, նրանց չի հետաքրքրում ճանապարհի անվտանգությունը, դրանով զբաղվում է ճանապարհային ոստիկանությունը, նրանց հետաքրքրության միակ աղբյուրը գյուղացիների աճեցրած բերքն է` ծիրանը. ՙՊարզ ասած` մենթերը փորձում են անվճար ծիրան ստանալ գյուղացիներից, միայն այն բանի համար, որ թույլ տան անարգել վաճառել մեր աճեցրած բերքը՚:
ՀՀ վարչապետի ու մյուս պաշտոնյաների կողմից գյուղատնտեսությունն այս տարի հայտարարվել էր առանձնահատուկ հոգածության ոլորտ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վերջերս հայտարարում էր, որ գյուղացու բերքն անարգել շուկա հասնելու համար իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել ճանապարհային ոստիկանության հետ, որ չկանգնեցնեն գյուղմթերքով բեռնված մեքենաները: Հիմա անհրաժեշտություն է առաջացել պայմանավորվել, որ ոստիկանությունը չխոչընդոտի գյուղացիներին իրացնել իրենց բերքը` առանց այն շուկա հասցնելու: Ընդհանրապես` այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ամեն առիթով պետք է ոստիկանության հետ պայմանավորվել: Հնարավոր է, որ վաղը ոստիկանները խոչընդոտեն դաշտերը վարել կամ ցորեն հավաքել, պարարտացնել կամ բուժել: Դրա համար պետք է, որ գյուղացիները կամ ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են գյուղացիության շահերը, մշտապես գործող պատվիրակություն ստեղծեն և մշտապես բանակցեն ոստիկանության հետ` նման խոչընդոտները վերացնելու համար: Եթե ոստիկանները հակված չլինեն բանակցելու, ապա գյուղացիները կարող են սպառնալ, որ կպահանջեն նրանց հրաժարականը:

Աշտարակյան զրույցները վերջ չունեն ...

Աշտարակում թութը հասել էր ու լավ առիթ ստեղծել հյուրընկալվելու մեր մշտական ընթերցողների բակում` խաղողի թառմայի հովի տակ թութ ուտելու ու զրուցելու աշխարհից, բանից, Հայաստանի ներքաղաքական վիճակից ու քաղաքացիների հանդեպ տարրական ծառայություններն իբրև գրոշ շպրտելու չինովնիկական հիվանդություններից: Իհարկե` ինչպես միշտ, մեր կարծիքները հակադրվեցին ընթերցողների, նրանց հարևանների ու քաղաքականությունից հեռու - մոտիկ մարդկանց հետ:



Լավ, ավելի լավ է ըստ ոլորտների ու որքան հնարավոր է հակիրճ: Նոր էինք տեղ հասել, ձեռաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ էինք պայմանավորվել հարցազրույցի /այն տպագրվել է թերթի նախորդ համարում - Ժ.Մ./, սակայն նրան, պարզվում է, շտապ Երևան, հարազատ ՀՀԿ էին կանչել, ուստի` պայմանավորված ժամին տեղում չէր, հանդիպեցինք երկու ժամ անց: Ահա այդ երկու ժամում էլ մի լավ թութ կերանք ... Ճանճապանյաններն Աշտարակում, պարզվում է, շատ են, սակայն ոչ բոլորն են իրար հետ արյունակից բարեկամ: Մեզ հյուրընկալող տղամարդիկ Ճանճապանյան էին, որ ներգաղթել են, է~, անցած դարի 40-ականներին ու հաստատվել Աշտարակում, բայց միևնույն է. ՙՄեզ մինչև էսօր էլ ախպար են ասում՚: Ինչպես շատ հայրենադարձներ, նրանց ավագներն էլ կոշկակար ու վարսավիր են եղել, այդ վարպետների երեխաները հիմա հասակն առած մարդիկ են, բայց ՙթոռան էրես չենք տեսնում ... Հարսը չի խռովել, գնացել, երեխաներին էլ հետը տարել, հա~ ... կյանքի դժվարությունները թույլ չեն տվել, որ տղաներս մնան մեր կողքին, մենք էլ` թոռան կարոտ չմնանք՚:
Կինը գրաֆինով սառը թան ու կրծքին սեղմած թոռան նկարներն է բերում, պապն այնպես է նկարների ՙդաստեն՚ գոգին դնում, կարծես թոռանն է գորովանքով գրկում ու գնա~ց ... Խիստ անձնական մանրապատումներ, հուզիչ ու գորովանքով լի, մինչդեռ` մեր արյունը եռ է գալիս, թե ե±րբ թեման կհասնի Աշտարակին ու աշտարակցիներին, Հայաստանի հասարակական - քաղաքական իրավիճակին: ՙՀրես հասնում ենք, վռազիլ մի՚,- գլխի է ընկնում վաղեմի վարսավիր Սանասար` Սանո Ճանճապանյանը,- ՙգիդաս չէ±, վախտին բաքվեցոնց ասած` պարիկմախերներն ու ժուռնալիստնիդ հիրարից չինք տարբերվում, էդ հըմի ա, որ ...՚:
Հասանք ... ՙԸնդդիմությունն էլ ա սուտ էս երկրումը, իշխանությունն` էլ բեթար: Հըմեն ալ սուտ դուրս էկան, բալա ջան: Ո±ւմ հավատաս, խի± հավատաս: Էն գյուղնախարարը ասում ա գյուղացոնց սերմացու գարի եմ տվել, բա դա տալ ա±: Մի էրկու օրվա հավերի կերը տվել են, թե ա’ռ, արտդ ցանի, որ ապրանքը քաղես, բեջարես ապրես: Բա սա կարգ ա±, բա սա ձև ա, էս ո±ւմ են էշի տեղ դրե~լ ...՚: Ու էսքանից հետո էլ ամոթ ունեն, աբուռ ունեն, ուզում են էս հարիֆ ժողովուրդն իրանց հավատա: Ու հավատալու են, գիտե±ս: Էս հաշտարակցիք մինակ պատերի տակին են գիլին ճղում, հենց հանում ես մեյդան` Ուռուցը, դառնում են կուռկուռի ձագ ...՚:
Ո±վ է մեղավոր, ինչո±ւ աշտարակցիք էդպիսին դարձան, և ինչո±ւ միայն աշտարակցիները: Արտաշատում ավելի վատ է ... ՙԱշտարակի դրվածքն ուրիշ ա, դե հըմի նայա: Ովքե±ր են երկիրդ ղեկավարում: Նարիմանովների աշակերտները, չես գիդա հայ, չես գիդա թուրք, կարա±ս գնաս կուշտները, մի քածեր ունին դրած` խռիկ կտան, որ կշշպռվես, թե սա ղեկավարություն ա±, սա կարգ ա±, սա կանոն ա±, հինչ ա±: Ա’յ, գա ընտրության պահը, վա~յ հոպար ջան, վա~յ պապի ջան, առը հա, թե մեկ էլ կընտրեմ՚,- խեթ - խեթ կողքերն է նայում, թե կինը, ում ինքը դեռ հարս է ասում, չլսի, ստուգելու համար էլ ձայն է տալիս. ՙՍաթի±, այ Սաթի, հա~ ըտեղ էս, գործդ արա, գործդ ... մեզ խանգարիս ոչ՚:
Մինչ մարզպետին կհանդիպեինք, ձեռաց պապին էլ հարցրեցինք, թե ինչպիսի± մարդ է. ՙՉեմ կարա ասի, ինչ դուզնա, դուզը, չեմ ճանաչում: Էս Աշտարակում մինն էլ ա չի ճանաչում դրան: Ինքը թալինցի, աշխատողները` պռոշյանցի: Էրևում ա, էդ էլ` աշտարակցիների հետ գլուխ չունի, ինչ ղորթն ա, ղորթ ...՚:
Դարպասի դուռը ճռռաց, սկզբում մի փայտ երևաց, պահի ակնթարթը մի քիչ երկարեց. ՙԱ~, վիրի հարևան Թորգոմն ա, էլի լակել ա շան որդին, գիդա±ս ...՚: Առաջ է գալիս առավել տարեց, սպիտակահեր Թորգոմ քեռին, հաստ ունքերի տակից մեզ նայում ու քուրսին քաշում. ՙԷս ի±նչ հյուր ա, էս վարձի վախտն ա±՚,- մեզ հարկահավաքի տեղ է ընդունում մերձավորը: ՙՉէ, Թորգոմ, լսի է~, ասում են Աշտարակում, երկրումդ ի±նչ կա՚,- մեր փոխարեն լրագրողական դերի մեջ է մտնում նախկին ինֆորմատոր վարսավիրը: Թորգոմը պատկերավոր է պատասխանում, ձեռնափայտը քաշում է, ափի մեջով անցկացնում մինչև համարյա ծայրը, մի փոքր ետ բութ մատը դնում վրան. ՙԻքը, էսքան մախաթ էլ ա չկա, որ կոխես հետևը ...՚: Թորգոմն էլ նախկին կոշկակար է, էլի հայրենադարձ, բայց ավելի շատ բան գիտի քաղաքականության մասին. ՙէս նախագահներին Ռուսաստանն ա որոշում, էդ մեր էշ ընդդիմադիներին ա թվում, թե իրանք մի բան էլ ա կրան ընեն: Զադ էլ չեն կըրա, սաղ սուտ ա ...: Էս իշխանությունները գիդա±ս ոնց են, ինչքան ծախելու հնարավոր բան կա, աչքերից չի վրիպում, ձեռաց ծախում են, դնում տակներին: Հենա արդեն քածերը ջփի ռույլին են նստած, իջնում են` ... անում, նստում` քշո~ւմ՚: Նախորդ համարում, մեր ընթերցողներին խոստացել էինք մանրամասներ ճշտել: Քեռի Թորգոմն էլ խոստացել էր որոշ չինովնիկների սիրուհիների նկարներից մեզ փոխանցել, ովքեր Աշտարակի ձորում հաճախ են լինում, սակայն` ինչպես հայկական իրականությունում, երբ մի բանը երկուսից ավելի մարդկանցից է կախված` չլինող է: Թեև` հույսներս դեռ չենք կորցնում, մեկ էլ տեսար բարեկամ լուսանկարիչը նկարները տվեց:
Հայաստանի ընդհանուր քաղաքականությունից, հասարակական փոխհարաբերություններից ակնկարկեցինք ու ընդառաջ եկան: Մինչ այդ հասցրել էին իրար գլխի հավաքվել մի քանի տարեցներով, քիչ հեռու` տանը, երիտասարդությունը սուրճի պատրաստություն էր տեսնում: ՙՔաղաքականությունում ի±նչ կա, հեչ բան էլ ա չկա: Արթուրիկ Բաղդասարյանը օձապար տվեց, մտավ լավ տեղը, հիմա, հայկական օրենքով. /ո±րն է դա, ճիշտն ասած` չհասկացանք - Ժ. Մ./ ՙփայատեր ա՚: Էտի երկար չի ձգի: Լևոնն /Տեր-Պետրոսյան - Ժ. Մ./ ինչպես միշտ խաբեց, բայց լավ ա, թու-թու - թու, թող երկխոսեն, մինակ թե մարտի 1-ի նման արյուն չթափվի: Ոչ մի իշխանություն, աթոռ մի մարդի մատի արյան կաթիլին էլ արժան չի՚:
Առաջիկայում խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններ են, ի±նչ են կարծում: ՙԷս կարճ ժամանակամիջոցումը հըլա ինչքա~ն ջրեր կհոսեն, հըլա տենանք էն Քոչարյան Ռոբիկն ինչ ա ուզում, Գագիկ Ծառուկյանն իրանից ինչ ա ներկայացնում՚: Բայց լավ բանի հույս չունեն նաև նրանք: Ապրում են որդիների ուղարկած դոլարներով ու ռուբլիներով, որ ՙօրեկան մանրում ենք, տակը զադ էլ ա չի մնում՚: Այստեղ ևս Թորգոմը հիշեց հարկահավաքներին. ՙԳալիս են, թե էսքան շունչ եք, էսքան դրամ պիտի տաք: Ասում եմ` ո±ւր ենք, սաղ աշխատավոր ուժին Ռուսաստանի քուչեքն ենք թափել, մենք էլ ծերությունն ենք մաշում: Տիգրան Սարգսյանն անընդհատ նոր ռեֆորմներ ա անում, կարծում ա, էս սա~ղ ժողովրդի սրտով ա±: Ո±ւմ են էշի տեղ դրել: Ասում են փողատերերը պիտի դեպուտատ չըլնեն, է~, իրանք չեն ըլնի, իրանց կամակատարներին կբերեն կդնեն, բերանը ջուր հավաքած սարի անասուն: Էն որ գրում եք, թե Լֆիկ Սամոյին մոտեցանք, ասեց, ես իջնեմ բուֆետ սեղան գցեմ, էկեք կոֆե խմենք, քրֆում, էդ րոպեիս սրտներս հովանում ա: Բա էն, որ գրում եք, է~, ժելեյած մազերով դեղնակտուց երիտասարդները, որ գան Ազգային Ժողով, ի±նչ պիտի անեն, մի քանի անգիր արած նախադասություններ. ՙինչպես ասել է մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ... ու մի յեքա տուֆտություն: Մեջն ի±նչ ... Ամեն ինչ որոշողը փողն ա, ախպերս, փո’ - ղը’՚: ՙԱյ պապի’, ի±նչ ես կորցրել, ի±նչ ես ման գալի՚,- սուրճի բաժակի վրայից ֆռթացնելով երեխային, որ սուրճ է բերում առաջնորդելով ասում է Մոսկվաներից նոր վերադարձած, պապին հյուր եկած ավագ թոռը, անուն էլ` Ավագ.ՙՊադմասկովյա էլ նույն բանն ա, ի±նչ պիտի փոխվի, ո±վ կթողա որ փոխվի, խի սա փոխվելու վիճակ ա±: Դուք ձերն ապրել եք, էլի` լավից - վատից: Ես չգիտեմ, թե որտե±ղ ապրեմ` ստեղ, որ աշխատանք չկա±, թե` ընդեղ` որ մարդկություն վաբշե չկա±՚:
Բակում բավական մարդ էր հավաքվել, դժգոհում էին տրանսպորտից, ոռոգման ջրից, խմելու ջրի գրաֆիկից: Կոմունալ ոչ մի ծառայություն Աշտարակում էլ իր տեղում չէ. ՙԿասես առաջնին ծառա ենք, պարտք ենք, մենակ փողի տերն են, հավաքեն, բայց քաղաքացուն մարդու տեղ դնող չկա: Ո±վ ես դու, ի±նչ ես դու... ՚: Երբ իմացան, որ մարզպետի մոտ եմ գնում, հարց էլ չունեին նրան տալու. ՙԻ±նչ հարցնենք, ապրեն իրա բալեքը, որ ըտենց հեր ու պապ ունեն, մենք ըսկի դրա շնորհքն էլ չունեցանք՚:

՚Բժիշկների չիշիկն էլ ջաղչի քարին օգուտ է...ՙ

Երևանում ընթանում էր հայ բժիշկների եռօրյա համաժողովը: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան էին ժամանել հայ բժիշկներ: Սփյուռքում, ովքեր ունեն առողջության, մասնավորապես` սրտի հետ կապված խնդիրներ, պարզվում է, կարող են գալ Հայաստանում բուժվելու, քանի որ Հայաստանը դարձել է առաջավոր կենտրոն` սրտի վիրաբուժության համար: Միևնույն ժամանակ` այստեղ մատչելի է նաև ատամնաբուժությունը: 


Մեկ անգամ չէ, որ ատամնաբուժարանում քաղաքացին վարակվել է դեղնախտով, իսկ սրտի վիրահատությունը, եթե այդքան մատչելի է, ապա օլիգարխ - պատգամավորներն ինչո±ւ են մեկնում Ֆրանսիա: ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին իբր բժշկում էր ՙՍիրտ - Անոթ՚ սրտաբանական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը, տեսանք ինչ եղավ, իսկ հասարկության այսօրվա որակներին ավելի հասկանալի Ֆիլե Գագոն նույնպես նույն սրտաբանի ՙզոհերից՚ է: Կամ` մասնավորապես սրտաբանությունն այնպիսի մակարդակի է իջել, որ առանձին են գործում Առիթմոլոգիայի ու բուն Սրտաբանական կենտրոնները` ի դեմս Սմբատ Ջամալյանի ու Լիդա Մուրադյանի ղեկավարությամբ: Ի դեպ, նրանցից և ոչ ոք իր ներկայությամբ չէր պատվել երրորդ համահայկական կոնգրեսը, որտեղ տեր ու տիրական էր ամեն ինչում կարծես ՙթանի ճանճի՚ կամ` ՙանպոչ գդալի՚ դերակատարում ունեցող, ԱԺ-ում Առողջության և մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի սեփակնատեր Արա Բաբլոյանը: Հասկանալի էր միայն նրա հուզմունքը, երբ խոսում էր սեփական բուժկենտրոնի մասին, մինչդեռ` ոչ մի խոսք խնդրով ու ոլորտով զբաղվելուն միտված խորհրդարանական աշխատանքների մասին: Ի±նչ է արել, որ ի±նչ էլ` խոսի: Ինչպես ժամանակին ՀՀ առողջապահության նախարար էր ու ձեռք գցեց թիվ 3 մանկական հիվանդանոցն ու անվանեց ՙԱրաբկիր՚, ձեռքի հետ էլ` Փափազյան փողացում գտնվող Պրոտեզավորման հանրապետական կենտրոնն ու տիկնոջը սեփականատեր դրձրեց, հիմա էլ` ՙհամաժողով կճառե՚: Սա էլ` սփյուռքահայ ՙկթու կովերի՚ համար:
Հասկանալի է, որ սա ևս հայրենադարձության կարևոր քայլ է. սփյուռքահայերը, լսելով այս մասին, երևի հենց հաջորդ օրը կկապեն ճամպրուկներն ու կգան Հայաստան` բուժվելու: Ճիշտ է, հնարավոր է, որ այդ նույն սփյուռքահայերը, այստեղ մնալու դեպքում, աշխատանքի բացակայության, բիզնես անելու դժվարությունների պատճառով, հայաստանցիների նման, սրտի հետ կապված խնդիրներ ունենան, բայց դա այնքան էլ մեծ բան չէ. կարևորը, որ Արա Բաբլայանին կհաջողվի սեփական բիզնես արդյունքները ներկայացնելիս մի բանի մասին խոսել, իսկ արդեն այդ ժամանակ գուցե հասնի նաև նրան, որ սրտի հիվանդություններն ու ատամնաբուժությունն էլ ավելի մատչելի դառնան. այլ հարց է, թե արտագաղթող լավագույն մասնագետների փոխարեն ովքե±ր են մատուցելու այդ մատչելի ծառայությունները:
Համաժողովում լավագույնս փայլեց նաև բժիշկների փաղասիրությունը: Նախ` մասնակցությունն էր նրանց համար վճարովի, ապա` ռեստորանում հրաժեշտի ընթրիքը, իսկ ամենացնցողը ՙբժշկական պասի՚ սկզբունքով Լոս - Անջելեսում գործող ոմն Աիդային մեսիջներ ուղղելու Արա Բաբլոյանի փորձերն ու վերջինիս կողմից ամեն անգամ ՙհենց այս պահին դրամ ունիք, տվե’ք, օգնենք ՙԱրաբկիր՚-ին՚ բառակապակցության օգտագործումն էր, որ այնքան համահունչ էր Արա Սայենիչի կենտրոնի ձեռքբերումների մասին մտքի շարադրանքի ժամանակ ցուցադրական, բայց մարդկային հուզումին: Տղերքը` կներեք նաև ամերիկահայ տիկինն իրար հետ ՙփոդրաթ՚ գործ են անում, մենք էլ` անպատեհ պահերին հայտնվում էինք համաժողովում, որտեղ լրագրողների համար անգամ օրակարգ չկար. ՙԱռավոտյան շատ լրագրողներ կային այստեղ՚,- նետեց կազմակերպիչ տիկնանցից մեկը, իմա` թե ՙհիմա ինչի± եք եկել՚: Ստիպված եղանք բացատրել, որ սուրույով ոչխարն է լինում, կամ` գայլերի ոհմակը ...
Մի ցավոտ խնդրի մասին ևս. Բանն այն է, որ մեր տպավորությամբ Հայաստանում բժիշկները երբեք իրենց հարգն ու պատիվը ոչ միայն պահպանել չգիտեն, այլև` հագուրդ են տալիս օտարամոլությանը: Եթե խորհրդային տարիներին պատճառաբանվում էր, թե բժշկական ամբողջ գրականությունը ռուսերեն է և դա է պատճառը, որ բժիշկների հիմնական մասը ռուսախոս են, ապա նորանկախ մեր հանրապետությունում, պարզվում է, հիմա էլ բժշկական գրականությունն անգլերեն է, ուստի` բժիշկներն իրար հետ հարաբերվում են բացառապես անգլերեն: Համենայն դեպս` համաժողովում պատկերն այդպիսին էր: Այլ կերպ ինչպե±ս հասկանալ, երբ հայ բժիկը հայ բանախոս բժիշկին հարց է ուղղում անգլերեն` այն դեպքում, երբ բոլոր ունկնդիրներն էլ բացառությամբ հայեր են: Տեսեք - տեսեք, ես անգլերեն գիտեմ, ա’յ, որ ինձ միջնորդեք կամ` տանեք Արևնուտք Ձեզ սևերես չեմ անի: Մինչդեռ` առաջին նախապայմանը ոչ միայն լեզուն է, այլև մասնագիտական որակներն ու հաղորդակցվելու կուլտուրան, որ շատ հաճախ բացակայում է հայ բժիշկների մոտ:
Այնպես որ` ինչպես սփյուռքահայ բժիշկներից Կարպիս Մինասը նկատեց. ՙՊարապ վախտի խաղալիք է այս ամենը: Հայաստանում տպավորությունս է, թե բժիշկների չիշիկն էլ ջաղչի քարին օգուտ է, ինչպես` գիտե±ք չէ` մկնիկինը: Մեծ պապիկս կսեր ...՚:
Այս տարի կկազմակերպվի նաև հայ սրտաբանների համաժողով: Նախատեսվում է մեկը` հայկական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

Monday, August 1, 2011

Սերժ Սարգսյանի զինվորներն են

Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի ու Արագածի նախկին շրջանները: Մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրուցում ենք մարզի խնդիրների, այսօրվա վիճակի, աշխատանքների ու ծրագրերի մասին:



- Պարոն Սահակյան, ինչպե±ս են գործերը Արագածոտնի մարզում և ՀՀ կառավարության որոշումներով, դոտացիաներով, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի շրջանակներում ի±նչ նոր աշխատանքներ են իրականացվում ...

- Առաջինը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների 90 տոկոսից ավելին կատարվել է, մնացել է երեք` Ուջան, Կոշ և Ալագյազ համայնքների գազաֆիկացման խնդիրները լուծել: Նախապատրաստման աշխատանքներն ավարտվել են, առաջիկայում պետք է սկսվի բուն գործը: Մնացած բոլոր նախընտրական խոստումները կատարվել են:
Անցած և այս տարի բավական մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել մարզում: Մասնավորապես` 15 դպրոցներ են վերանորոգվել` միայն հանրապետության բյուջեով: Առողջապահության համակարգում նույնպես հսկայածավալ աշխատանքներ են կատարվում: Վերանորոգվում են Թալինի և Ապարանի բժշկական կենտրոնները: Վերջինիս բացումը կլինի օգոստոսի վերջին, շուրջ 860 մլն դրամ ներդրում է կատարվել` գույքով ու սարքավորումներով հագեցած բուժկենտրոն է լինելու: Բացի այդ, մի բժշկական կենտրոն էլ կառուցվում է Կոշ գյուղում` սա բարերարների նախաձեռնությամբ: Շուրջ 3 մլն եվրո է ներդրվել Կոշի և հարակից գյուղերի համար նման բուժկենտրոն կառուցելու գործում, որը նույնպես պիտի հագեցած լինի եվրոպական չափորոշիչներով ու բուժսարքավորումներով: Եվս 7 գյուղերում ամբուլատորիաներ են կառուցվել:
Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել նաև տարբեր հիմնադրամների կողմից: Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից վերանորոգվում են մի շարք դպրոցների սպորտդահլիճներ ու առանձին մասնաշենքեր: Ասիական բանկի միջոցով` անցկացվում են խմելու և ոռոգման ջրագծեր: Աշխատանքներն ավարտվել են շուրջ 22 համայնքներում, փոխվել են 50 - 60-ականների ջրագծեր, որոնց մաշվածության արդյունքում ջրակորուստները շատ մեծ էին: 5 - 6 գյուղերում աշխատանքներն ընթացքի մեջ են, մինչև օգոստոսի վերջ դրանք էլ կավարտվեն: Համաշխարհային բանկի մեկ այլ ծրագրով 12 համայնքներում ոռոգման ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքներն են ընթանում: Մի մասն ավարտվել է, վերջին յոթում մինչև սեպտեմբեր կավարտվեն:
Վերջերս ՀՀ նախագահի կողմից գումարներ տրամադրվեցին մարզպետներիս` հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Դրանով` Արագածոտնի մարզում 5 դպրոցներ են ամբողջովին վերանորոգվում և 17 բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների նորոգման աշխատանքներ են ընթանում` Ապարանում, Աշտարակում և Թալինում: Իսկ Արագածի Ծաղկահովիտ համայնքի մի բարձրահարկ վթարային շենք հիմնովին վերանորոգվում է:
Տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների հետ ենք աշխատում` ՙՀայաստան՚ համահայկական, ՙՎորլդ Վիժըն՚ հիմնադրամների: Առաջիկայում կվերանորոգենք մարզի Մելիք, Օշական և Ներքին Բազմաբերդ գյուղերի դպրոցները: 10 - 15 օրերի ընթացքում մրցույթները կհայտարարվեն ...

- Գյուղնախարարի ուշադրության բևեռացումը գյուղերի հանդեպ ի±նչ արդյունք տվեց Արագածոտնի մարզում: Այս տարի կարկտահարությունից տուժած Ագարակ, Աղձք, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի բնակիչներին ինչո±վ օգնեցիք:

- ՀՀ նախագահի հանձնարարականով` թունաքիմիկատներ տրվեցին գյուղացիներին. անվճար, անհատույց, որը շատ արդյունավետ էր, որովհետև աշնանը եղանակային, բնակլիմայական պայմաները մի քիչ բարենպաստ էին ծառերի հիվանդությունների զարգացման համար և մեծ վնաս էր հասցվել գյուղացիությանը: Բավական սերմացու տրամադրվեց բնակչությանը` Ռուսաստանից ներկրված գարնանացան գարու և ցորենի: Դա նպաստեց, որ այս տարի շուրջ 260 հեկտարով ավելացան ցանքատարածությունները: Բավական զեղչվեցին գյուղացիների հողահարկերն ու գույքահարկերը: ՀՀ նախագահի միջնորդությամբ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի` հիմնական գումարը մարելու դեպքում, հարկատուներն ազատվեցին տույժերից ու տուգանքներից: Այո’, այս տարի կարկտահարվեցին մարզի տասը համայնքներ` Թալինի Արեգ և Աշտարակի 9 գյուղեր: Անմիջապես եղավ ՀՀ նախագահի արձագանքն ու աջակցությունը: Տրամադրվեց դիզվառելիք, որպեսզի մարդիկ կարողանան հողամասերը մշակել և բանջարաբոստանային կուլտուրաներ ցանել: Բացի այդ` ՀՀ նախագահը հրահանգել է Լոռու, Արմավիրի և մեր` Արագածոտնի մարզերում ուսումնասիրել հակակարկտային կայանների վիճակն ու թարմացնել դրանք, ինչպես նաև` նոր կայաններ կկառուցվեն:

- Պարոն Սահակյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ կարծես ցուցիչ է համարվում հավաքագրված հողահարկի և գույքահարկի գումարների չափերը: Ըստ այդմ` դոտացիաներ են տրամադրվում և այլն: Այսօրվա սոցիալ - տնտեսական բարդ պայմաններում` ինչպե±ս եք վերաբերվում այդ քաղաքականությանը և ինչպիսի±ն են հավաքագրման տվյալները Արագածոտնի մարզում:

- Հավաքագրման ցուցանիշները ներկայումս ցածր են, որովհետև գյուղացին նոր է դուրս եկել ձմեռացումից: Նա նախ իր հնարավորությունները պիտի ներդնի ցանքի, թունաքիմիկատների, գյուղտեխնիկայի ու բերքահավաքի մեջ, նոր միայն հնարավոր դառնա հավաքագրել հարկերը: Առաջին անգամ եմ լսում, որ համայնքները դոտացիաներ են ստանում` ըստ հարկահավաքման ցուցանիշների, նման բան չգիտեմ: Մեր մարզը միշտ գերազանցել է 100 տոկոսը, մասնավորապես` 2009 - 2010 թթ.-ին: Հիմա չենք ուզում բնակչությանը հարկերով նեղել, սակայն հաստատ համոզված ենք, որ հոկտեմբեր - նոյեմբերին ցուցանիշները նորից կհասցնենք 100 տոկոսի: Աշխատանքային փորձս է դա ցույց տալիս: 15 տարի է զբաղվում եմ այդ գործով: Դրա համար ամենանպաստավոր ժամանակն աշունն է` բերքահավաքից հետո:

- Արագածոտնի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր ընթերցողներին, գուցե` թալինցիներին, ապարանցիներին, աշտարակցիներին, ալագյազցիներին ...

- Բավական մեծ գործունեության դաշտ կա: Այժմ էլ` Մոսկվայից, Սանկտ - Պետերբուրգից և արտասահմանյան շատ երկրներից ներդրողներ կան այստեղ: ՀՀ նախագահի կողմից 2008 թ.-ին սփյուռքահայությանն ուղղված կոչից հետո Աշտարակում կոնֆետի մեծ արտադրամաս է հիմնվել և բավական որակով արտադրանք են տալիս: Երևի մեր անկախ պետականության օրոք այդպիսի որակ երբեք չի եղել: Բացի այդ` այգեգործության, անասնապահության, դաշտավարության մեջ կարող են ներդրումներ կատարել: Մարդիկ գալիս են, հողեր են ձեռք բերում, այգիներ են հիմնում, ֆերմաներ կառուցում:

- Լա’վ, թերևս` քաղաքականացնենք զրույցը: Արագածոտնի մարզում մե±ծ է քաղաքական ներուժը, տեղաշարժը: Դուք ՀՀԿ-ի մարզային պատասխանատուն եք, ինչպիսի±ն են հարաբերություններն ընդդիմադիր ՙԺառանգության՚ և ՀԱԿ-ի, ինչպես նաև` իշխանական ՙԲարգավաճ Հայաստան՚ և իշխանամետ ՀՅԴ կուսակցությունների հետ:

- Բոլորի հետ էլ` ընտիր հարաբերություններ են: Խնդիրներ չկան, ամեն մեկն իր աշխատանքն է կատարում, ամեն մեկն իր քաղաքական պատկերացումներն ունի և ըստ այդմ էլ` ուղղորդվում է: Մեր մարզում վերջին 10 տարիների ընթացքում` եթե աշխատանք է կատարվել, ապա ՀՀԿ-ի աջակցությամբ: Բոլոր բնագավառներում` առողջապահության, կրթության, շինարարության, սոցիալական ոլորտներ և այլն: Ոչ մի ուրիշ կուսակցություն Արագածոտնի մարզում նման ծավալի աշխատանք չի կատարել:

- Դա երաշխի±ք է, որ առաջիկա խորհրդանական, ապա նաև` ՀՀ նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն Արագածոտնի մարզում անհամեմատ շատ ձայներ հավաքի:


- Միանշանակ` կապրենք, կտեսնենք: Համենայն դեպս, 2007 - 2008 թթ. Ազգային ժողովի և ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն բավական շատ քվե է ստացել Արագածոտնի մարզում:
Բնակչությունը գիտակցում և տեսնում է, թե ի±նչ է կատարվում, ով ով է, ո±ր կուսակցությունն է մտածում իր մասին և ըստ այդմ էլ` քվերակում է: Այն ժամանակ առաջին տեղում եղել է ՀՀԿ-ն և կարծում եմ, առաջիկայում էլ` այդպես կլինի:

- Արագածոտնի մարզում ՀՀԿ - ԲՀԿ հակասություններ, Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման պայմաններում նոր բազմաբևեռացում ու տարաբնույթ ներքաղաքական խնդիրներ չկա±ն:

- Բնական է` կան, ամեն մեկը փորձում է քաղաքական դաշտում ակտիվանալ, արդարանալ, ծրագրային դրույթներ ներկայացնել: Ում ինչքանով կհաջողվի` ցույց կտա ընտրությունների արդյունքը: Բայց որ ՀՀԿ-ն շատ ձայն կհավաքի, դա միանշանակ փաստ է, իսկ մյուսները պիտի փորձեն ժողովրդին ապացուցել, թե իրենց պատկերացումներն առաջիկա 5 տարիների համար ինչպիսի±ն են: Ժողովուրդը բոլորին ճանաչում է, գիտի` ով ինչի է ընդունակ, գիտի` ով է իր մասին մտածում: Փառք մեր երկրի նախագահին, ես այդքանը կարող եմ ասել, ով ամեն նորմալ պայման ստեղծում է աշխատելու, գործարարության համար և օգնում է ամեն ինչում:

- Մի մասնավոր հարց. մամուլում, հասարակական ու մարզային քաղաքական շրջանակներում անընդմեջ շրջանառվում է Ձեր եղբոր` ՙՀայդուկ՚ ազգային հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահակյանի թեկնածությունը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու մասին: Որքանո±վ է հավաստի ...


- Մեր ընտանիքը բարոյական է, ամբողջ մարզն է ճանաչում` և’ ինձ, և’ իմ եղբայրներին: Մենք քաղաքականությունում շա’տ զուսպ, շա’տ բանիմաց, շա’տ խելացի շարժվում ենք: Ինչպե±ս կորոշի ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական խորհուրդը` մենք պատրաստ ենք` ի կատար ածել: Նման հարց չկա, նման թեմա չկա քննարկման մեջ: Շրջանառությունն ո±ւմ նախաձեռնությունն է` չգիտեմ: Ով պարապ է մնում, մտքից ինչ անցնում է, փորձում է երևակայությանը զոռ տալ: Նման հարցերն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Մենք աշխատանքի մարդիկ ենք և նոր չենք եկել այստեղ: Ես գիտեմ որ գյուղում ինչ կա, որտեղ ինչը երբ պիտի արվի ...

- Այնուամենայնիվ, համապետական ընտրություններից հետո կցանկանայի±ք մնալ Արագածոտնի մարզպետ:

- Ես չեմ որոշողը, այլ` երկրի, կուսակցության նախագահը: Որտեղ նպատակահարմար կգտնի, այնտեղ էլ` կաշխատեմ: Ես համոզված եմ, որ ՀՀԿ նախագահը կշարունակի լինել երկրի նախագահը և նա էլ կորոշի: Ինչո±ւ եմ համոզված, որովհետև աշխատանքը տեսել եմ, այն ծրագրերը, որ կատարել է պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության և երկրի կառավարման ոլորտներում, դա է հուշում: Մենք` բոլորս Սերժ Սարգսյանի զինվորներն ենք: Պատրաստ ենք կատարելու բոլոր հանձնարարականներն ու կարգադրությունները:

Պտույտ մը` Աշտարակ քաղաքի թաղերուն մեջ

Աշտարակն Արագածոտնի մարզկենտրոնն է, սակայն շատ քիչ է տարբերվում հանրապետության շարքային քաղաքներից, եթե չասնեք` գրեթե չի տարբերվում: Մեր արտագնա շրջայցի ընթացքում զրույցներ ունեցանք ու ծանոթություններ հաստատեցինք Աշտարակի մեր մշտական ընթերցողների, նամակագիրների հետ, հյուրընկալվեցինք նրանց և ոչ միայն ...



Մասնավոր ծանոթություններից բացի զրուցեցինք պատահական անցորդների հետ, հետաքրքրվեցինք, թե ինչպե±ս են ապրում աշտարակցիները, ի±նչ հոգսեր, առանձնահատուկ խնդիրներ ունեն, ի±նչ վիճակում է մոռացված Պերճ Պռոշյանի տուն - թանգարանը, չորս` սբ. Մարինե, Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիները, աղանդավորության ճիրաններն այստեղ ինչի± են հասել:
Սբ. Մարինե եկեղեցին 12-րդ դարի փոքրիկ կոթող է, որի քահանայի հավաստմամբ, պատարագներին կանգնելու տեղ չկա, մարդկանց մեծ մասը դրսում են մնում: Սակայն նա ՙՄերսեդես՚-ից իջավ, մտավ եկեղեցի ու շատ վրդովված էր Եհովայի վկա երիտասարդ քարոզիչների վրա, որոնց ազգադավության ու անհավատության մեջ էր մեղադրել, նրանք էլ` հակադարձել էին հռհռոցով. ՙԲերանները մինչև ականջները բացած ծիծաղում էին՚:
Ուրախալին այն էր, որ առաջին հայացքից զարնեց մեր ուշադրությանը. այս եկեղեցու տարածքը երիտասարդության ժամադրավայրն էր կարծես, ծառերի տակ սիրահարներ էին ՙղունղունում՚ ու հայացքները թաքցնում հատուկենտ անցորդներից: Թերևս` պատճառն այն է, որ Աշտարակում մի կարգին հանրային զբոսայգի չկա:
Սբ. Կարմրավորում ու հարակից ՙՀին Աշտարակ՚ պանդոկում շատ արտասահմանցիներ կային, շատ շոգ էր, զրույցի թեմա էլ չկար, ուստի` քայլերս ուղղեցինք դեպի մոտակայքում գտնվող արձակագիր Պերճ Պռոշյանի տուն - թանգարան: Այստեղ ընդունեցին շատ հյուրընկալությամբ, Արմինեն անմիջապես իր դերի մեջ մտավ ու մեզ ուղեկցեց տան սենյակներով, պատմեց ու ներկայացրեց Պռոշյանի իրերի ու ընտանիքի մասին: Խնդիրներից` առանձնացրեց թանգարանի մոտակայքում կուտակված աղբը, որի համար քանիցս դիմել են Աշտարակի քաղաքապետարանին, սակայն, երևի միջոցներ չունենալու պատճառով` չեն մաքրում: Թերևս ամենկարևոր խնդիրներից մեկն այն է, որ թանգարանի այցելուների թիվը շատ քիչ է: Դրան նպաստել է նաև այն, որ ի թիվս այլ գրողների, Պերճ Պռոշյանը ևս դուրս է մղվել հայ գրականության ժամանակակից դասագրքերից և աշակերտներն այլևս չեն անցնում այս հեղինակին: Թանգարանն ընդգրկված չէ նաև որևէ տուրփաթեթում, մինչդեռ` հետաքրքրիր ու ուսանելի բավական նյութ կա այնտեղ, շենքն էլ` վերջերս է վերանորոգվել: Պռոշյանի տուն - թանգարանից քիչ հեռու սբ. Սպիտակավոր և Ծիրանավոր փլվող ու անհրապույր եկեղեցիներն են ...
Ի±նչ են ասում, ինչի±ց են դժգոհում աշտարակցիները. տրանսպորտից, որ հանրահավաքային օրերին շատ վատ կամ չեն աշխատում, անգործությունից, պարապությունից, գուցե` ոչինչ չանելու ցանկությունից: Աշտարակցիները հրապարակին ՙՈւռուց՚ են ասում: Ահա այդ ուռուցով ՙգմփգմփալեն առու ա հոսում, իսկ հրապարակի միակ ֆանտանները ցամաք են, ծառերը չորանում են, աղբահանությունը վատ ա կատարվում՚: Տաքսիստներն են դժգոհում, թեև` բավական քաղաքական հասունություն կա Աշտարակում: Թերևս` ինչպես միշտ: Երբ ոմանք դժգոհում էին Երևան հասնելու դժվարություններից ու տրանսպորտի բացակայությունից, տաքսիստներից մեկն օդում հռետորական հարց շարադրեց, թե ՙԼևոն Տեր-Պետրոսյանն ինչի± ա միտինգ անում՚ ու ինքն էլ պատասխանեց. ՙԱսում են, դու միտինգ արա, որ ուրիշ մեկը գլուխ չբարձրացնի, առաջ չգա ...՚
Աշտարակում մեր մասնավոր զրույցների ու հասարակական կարծիքի մասին` կարդացե’ք հաջորդ համարում:

Երևան - Աշտարակ - Երևան


Երևանի Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանին, պարզվում է, ոչ ոք չի ստիպել աշխատանքից ազատվելու դիմում գրել:


Սերգեյ Սարաջյանը պարզաբանել է. ՙՌեկտորի գործից հոգնել եմ: Ավելի շատ արվեստի մարդ եմ, քան թե ադմինիստրատիվ, դրա համար` ուզում եմ զբաղվել իմ արվեստով՚: Թե ինչո±ւ է Սարաջյանն այդքան տարի ու այդքան վատ ղեկավարել Կոնսերվատորիան, եթե կարծում է, որ ՙադմինիստրատիվ մարդ չէ՚, նա այսպես մեկնաբանեց. ՙԵրևի թե, ամեն մարդ իր կյանքում պետք է ամեն ինչ փորձի՚:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն դադարեցվել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: Նախկին ռեկտորից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Շահեն Շահինյանը կկարողանա± շարունակել նրա գործը. ՙԵս չեմ որոշողը, դա որոշելու է խորհուրդը, հանձնաժողովը, եթե լինի ալտերնատիվ, կընտրեն որևիցե մեկին, ով ավելի արժանի է՚: Ի դեպ, լուրեր էին տարածվել, թե Սերգեյ Սարաջյանին ստիպել են դիմում գրել, քանի որ կաշառք է վերցրել. ՙԻնձ ոչ ոք չի ստիպել դիմում գրել, կաշառք էլ չեմ վերցրել՚:
Փաստորեն` Կոնսերվատորիայում ոչինչ էլ չի փոխվի և այն կշարունակի մնալ նախկին ռեկտոր, այժմ` ԱՊՀ-ում Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանի ՙֆազենդան՚, ում մերձավորն է ՙԳումի շուկայի՚ մսի պասաժների սեփականատեր Շահեն Շահինյանն, ով ասում են` հատուկ ջանքեր է գործադրել ռեկտոր նշանակվելու համար:


Սևանի քաղքապետն ընդդեմ հանրային լողափի ու Սարգսյանի

Սերժ Սարգսյանն այցելել էր Սևան ազգային պարկ, ծանոթացել Հանրային կոչվող լողափի պայմաններին: Մենք` այս անգամ, նրան ուղեկցող շքախմբի մեջ չէինք, սակայն զանգահարեցինք Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանին` հանդիպում - զրույցի ակնկալիքով: 


Նա կտրականապես հրաժարվեց հարցազրույցից, սակայն հընթացս փորձեց ճշտել, թե ինչի± մասին ենք ուզում զրուցել: Երբ ասացինք, որ ի թիվս այլ հարցերի Հանրային լողափի ու դրանով երկրում ներքին տուրիզմի զարգացման մասին, նա կտրուկ զայրացավ. ՙԻ±նչ հանրային լողափ, հա, սարքել են, բայց դա ինձ պետք չի, լրացուցիչ հոգս ա: Քաղքցիք պիտի գան, լողանան, կայֆ անեն, ուտեն, թափեն, ես էլ պիտի հետևներից վազեմ` զիբիլը հավաքեմ: Այ, ըտենց էլ գրի, դրա համար բյուջեում փող չեն ավելացնում, բայց զիբիլը պիտի տանեմ: Բա ինձ պետք ա±՚:
Պատկերացնել կարելի է, թե Սերժ Սարգսյանի նախաձեռնության հանդեպ նման վերաբերմունք ունեցող ու աղբ տանող Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանն ու Սևանի նրա կողմնակիցներն ինչի կվերածեն Հանրային կոչեցյալ լողափը, մինչդեռ` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հավաստում է, թե ամեն ինչ լինելու է հասանելի շարքային քաղաքացուն: Ինչպես ասում են` ՙձրի պանիր կլինի միայն թալակում՚:

Հովնանյանի արտերը կվառեին


Մենաշնորհները Հայաստանում խանգարում են բիզնեսի ծավալմանը: Այս մասին հայտարարել է անգամ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն, ով առավելապես հայտնի է Երևան - Աշտարակ ճանապարհին ՙՎահագնի թաղամաս՚ անունը կրող առանձնատների կառուցմամբ. ՙՑորենի գործի մեջ մտանք, բայց մեզ ասացին` արտերը չհասած կվառենք՚: Նմանապես` գործարարին խոչընդոտել են նաև փայտ ներկրել Ռուսաստանից:  
Ըստ նրա` այստեղ մենաշնորհն այնքան զորեղ է, որ անգամ ռուս մատակարարները չեն ցանկացել իր հետ գործ ունենալ: Սակայն նա չի ասել, թե կոնկրետ ումի±ց է ստանում սպառնալիքներ: Ցորենի շուկայում ամենախոշոր մասնաբաժինն ունի ԱԺ պատգամավոր Լֆիկ` Սամվել Ալեքսանյանին պատկանող ՙԱլեքս Գրիգ՚-ը: Փայտանյութի ներկրման բիզնեսն, ըստ տարաբնույթ լուրերի, վերահսկվում է բանակի գեներալներից մեկը:
Վահագն Հովնանյանը պատմել է նաև, թե ինչպես իր սփյուռքահայ ոսկերիչ ընկերներից մեկին համոզել է գալ Հայաստան և բիզնես սկսել, սակայն հազիվ է նա սկսել խանութի շինարարությունը, երբ տարաբնույթ տեսուչներ անընդհատ այցելել են և խանգարել: Արդյունքում` գործարարը կիսատ է թողել շինարարությունը և հեռացել Հայաստանից: Նա դժգոհել է նաև ՙԱշխատանքային օրենսգրքում՚ վերջերս կատարված փոփոխություններից, ինչի հետևանքով գործատուները ստիպված են վերակնքել աշխատանքային պայմանագրերը:
Այսպիսի քանի± գործարարներ են ցանկացել ներդրում կատարել Հայաստանում` շահույթ ստանալ ու միևնույն ժամանակ մրցակցային ազնիվ դաշտ ստեղծել, սակայն քրեաօլիգարխները ՙհուշտ են արել՚:

Առաջին դեմքերի օբյեկտները

 Հայաստանի իշխանությունում շատ հետաքրքիր մի պրոցես է կարծես թե սկսվել: Իշխանության առաջին դեմքերն իրարից ուսանողներ են փախցնում: Օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում ընդունել է Տնտեսագիտական համալսարանի գերազանցիկ ուսանողներին ու ասել, որ իշխանությունը գնահատում է գիտելիքը: Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է: Այսինքն` նա իր մի օբյեկտի այցելուներին տարել է մյուս օբյեկտը ցույց տալու:


Մինչդեռ` երևի ավելի տրամաբանական կլիներ, որ ասենք` Տնտեսագիտական համալսարանի գերազանցիկներին իր օբյեկտ տաներ Տիգրան Սարգսյանը, որովհետև տնտեսական քաղաքականության հիմնական ՙդարբնոցը՚ ՀՀ կառավարությունն է և, գուցե ուսանողները մի քանի լավ խորհուրդ տային, թե ինչպե±ս անել, որ տնտեսությունը դուրս գա ճգնաժամից:
Տիգրան Սարգսյանը մանկավարժական օբյեկտի` այսինքն ԵրՊՄՀ-ի խորհրդի նախագահն է, հետևաբար` նա ՀՀ կառավարություն, այսինքն` իր օբյեկտ կարող է տանել այս բուհի ուսանողներին, առավել ևս, որ ՀՀ կառավարությունում ավելի շատ դասախոսական, ուսուցչական գործառույթներն են արդիական, քան` տնտեսական պրակտիկ քաղաքականության:
Ինչո±ւ պետք է ԱԺ նախագահն իր օբյեկտցիներին տա Տիգրան Սարգսյանին: Ինքն ի±նչ պակաս կարող է գիտելիք գովերգել: Հետո± ինչ, որ մի օր ազնվություն է ունեցել խոստովանելու, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ: Ինքը Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հո քաղաքականություն չի հրավիրել: Հրավիրել է ԱԺ: Իսկ քաղաքականությունն ու Ազգային ժողովը տարբեր բաներ են: