Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, December 16, 2010

Սոմալիից ու Իրաքից մի քիչ առաջ ենք

«Սարդարապատ» շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ, խոսելով կոռուպցիոն երևույթների մասին, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոգտանյանն ասաց, որ կան վարչական և քաղաքական կոռուպցիայի տեսակներ: Եթե վարչական կոռուպցիան դրսևորվում է վարչական ռեսուրսները գործադրելով, ապա քաղաքական կոռուպցիան, ըստ Վ. Հոկտանյանի, դրսևորվում է ընտրությունները կեղծելով: Վարուժան Հոկտանյանն ասաց նաև, որ քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, երբ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին կաշառում են և տեղափոխում իշխանամետ խմբակցություն: Նա բերեց Ուկրաինայի օրինակը, երբ Վ. Յանուկովիչը ընտվեց նախագահ, ընդդիմադիր շատ պատգամավորներ կաշառվեցին և դուրս եկան իրենց հարազատ խմբակցությունից: Վարուժան Հոկտանյանը նշեց նաև «պետության զավթման» մասին: Ըստ Վարուժան Հոկտանյանի` կոռուպցիոն այդ երևույթը դրսևորվում է այն դեպքում, երբ խորհրդարանականները, կառավարությունը ընդունում են այնպիսի օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք նյութական առավելություններ են տալիս որոշակի ֆինանսաօլիգարխիկ խմբերի: «Եթե ընդունվում է օրենք, որի արդյունքում, օրինակ, որոշ ներմուծողներ ստանում են առավելություններ, դա կոռուպցիոն երևույթ է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: «ԹԻ» գործադիր տնօրենը նշեց, որ կոռուպցիայի տեսակներ են կաշառակերությունը, շորթումը, բյուջեի թալանը, պետության զավթումը: «ԹԻ» տնօրենը նշեց, որ մարդիկ շատ հաճախ խուսափում են ասել, որ իրենք կաշառք են տվել, քանի որ դա հանցագործություն է: Կոռուպցիայի համաթվով, ըստ Վարուժան Հոկտանյանի, Հայաստանը մինչև 2007 թ. զբաղեցնում էր երրորդ տեղը այն սանդղակում, որտեղ 0-ն համարվում էր բացարձակ կոռումպացվածության չափանիշ, իսկ 10-ը` կոռուպցիայի բացակայության չափանիշ: «ԹԻ» տնօրենը նշեց, որ բացարձակ չկոռումպացված երկիր չկա, և լավագույն ցուցանիշներով աչքի են ընկնում Դանիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը: Փոխարենը ամենակոռումպացվածն են համարվում Իրաքը, Սոմալին, Աֆղանստանը: Վարուժան Հոկտանյանը նշեց, որ Հայաստանը նահանջ է արձանագրել` կազմելով 2,6: Վարուժան Հոկտանյանը նշեց, որ իրենց հարցումների արդյունքում պարզվել է, որ 53 տոկոսը կարծում է, որ կառավարությունը ոչինչ չի անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նա ասաց, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային երևույթ է: «ԹԻ» տնօրենը նշեց նաև, որ մեր երկրում կոռուպցիան հնարավոր չի լինում կանխարգելել, քանի որ գործում են Արևմուտքից վերցված մոդելային օրենքները, որոնք չեն տեղայնացվում: Որպես կոռուպցիայի պատճառ` նա նշեց, որ Հայաստանում առկա է քաղաքական և տնտեսական մոնոպոլացումը, երբ չկան մրցակցային պայմաններ: Վարուժան Հոկտանյանը կոռուպցիայի համակարգային լինելը բացատրեց նրանով, որ գործում է բուրգ, որի գագաթին և ստորին շերտում գտնվողները հանցակիցներ են: «Երբ կոռուպցիան հանում ես այդ համակարգից, համակարգը փուլ է գալիս»,- ասաց նա:

No comments:

Post a Comment