Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, December 21, 2010

ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀՈԳՈՒ ԹԱՏՐՈՆԸ ԿԱ

Մեկուկես տարի առաջ, երբ մի շարք մտավորականներ Երեւանի քաղաքապետի ընտրության նախօրեին համալրեցին ՀՀԿ ավագանու շարքերը, ՀՀԿ-ականների հետ սկսեցին շրջել Երեւանի բակերում եւ քարոզարշավ իրականացնել, հետաքրքություն առաջացավ հասկանալ` ո՞րն է նրանց` ավագանի դառնալու նպատակը, ի՞նչ են ուզում փոխել քաղաքում, արդյոք պատկերացնում են իրենց քաղաքականության մեջ, արդյոք քաղաքապետը համապատասխանում է մեր մտավորական-ավագանու պահաջներին եւ թե ինչպե՞ս են ավագանու մշակույթի գործիչները պատկերացնում ընդհանրապես քաղաքապետի տեսակը:
Lragir.am-ին տրված հարցազրույցներում ավագանում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը (կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի որդին), դերասանուհի Մարիամ Ղազարյանը (Տաքսի-տաքսի հեռուստաներկայացման Ադելաիդան), դերասան Վլադիմիր Մսրյանը փորձեցին հիմնավորել իրենց` ավագանի դառնալու պատճառները:
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը դեռ այն ժամանակ մեզ հետ զրույցում նշել էր, որ տղամարդկանց մեջ բոլորից շատ գնահատում է տղամարդկությունը: «Գագիկ Բեգլարյանը, պարզ ասած, դմբուզ ունեցող տղա է: Մեր իրականությունն այդ տեսակ մարդ է պահանջում, ուժեղ տղա: Ես հարգում եմ ուժ ունեցող տղամարդկանց: Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ, այլ նրա, ով վստահություն է ներշնչում: Նա եթե ասաց, կպատռվի, կանի, չանողներին էլ կպատժի, համոզված եմ, որովհետև ինքն էլ շատ խոստումներ է տվել և շատ ռեալ խոստումներ, ամպագոռգոռ բաներ չի ասել: Մի օր ինձ ասաց` ավելին ենք անելու, բայց բարձրաձայն չասենք, այնպիսի բան չասենք, որ հետո տակից չկարողանանք դուրս գալ, իսկ որ կարողանանք ավելին անենք, դա էլ մեր պատիվը կլինի»,- ասել է Լեւոն Իգիթյանը մեզ հետ զրույցում:
Դերասանուհի Մարիամ Ղազարյանն էլ նշում էր, որ Բեգլարյանին ճանաչել է դեռ մինչեւ քաղաքապետ եղած ժամանակ. «Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք այս մարդը վատ է ապրում, ինչ-որ մի բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է ունի հոգու մեծ հարստություն, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է»,- ասել էր դերասանուհին:
Ռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ նշել էր, որ Բեգլարյանին ճանաչել է մոտ 7 տարի, երբ նա ընտրվում էր առաջին անգամ թաղապետ. «Այսինքն` ես գիտեմ նրան գործ անելիս: Նա մի մարդ է, որ ես համոզված եմ, որ նրա հան հա է, չէն չէ է: Եվ եթե նա հիմա ստանձնել է այդ պարտականությունները եւ գնացել է ընտրություններին ու դարձել է քաղաքապետ, ուրեմն դա ինչ-որ բան նշանակում է», ասել էր ռեժիսորը:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ Մարտին Վարդազարյանն (ի դեպ, վերջինս նաեւ լայնաշղթան կախեց նրա վզին) էլ իրենց հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ հիշատակում էին քաղաքապետի արժանիքների եւ հին Երեւանը երեւանցուն վերադարձնելու, Երեւանը բարեկարգելու անհրաժեշտության մասին:
Ուղիղ մեկուկես տարի հետո` Բեգլարյանի դմբուզը ցուցադրելուց եւ հրաժարականից հետո փորձեցինք պարզել` նույն այս ավագանիները որքանո՞վ գոհ մնացին Բեգլարյանի քաղաքապետությունից, մյուս կողմից էլ ինչ են մտածում ստեղծված միջադեպից հետո նրա մասին, արդյոք վերաբերմունքը չի փոխվել վերջինիս նկատմամբ:
Դերասանուհի Մարիամ Ղազարյանից հետաքրքրվեցինք` մեկուկես տարվա ընթացքում ստացվե՞ց աշխատել արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, քաղաքը վերափոխվե՞ց: Ըստ դերասանուհու` քաղաքի փոխվել-չփոխվելու մասին ավելի շատ կարող են պատասխանել բնակիչները, քանի որ ինքն էլ Բեգլարյանի հետ աշխատել է: Իսկ թե ինչ տեսակ մարդ է նա, դերասանուհին մնում է նախկին կարծիքին. «Ինչպես մտածել եմ նրա մասին, այդպես էլ հիմա եմ մտածում, կատարվածի մասին ես տեղյակ չեմ, ներկա չեմ եղել եւ որեւէ կարծիք այդ մասին հայտնել չեմ կարող, իսկ ինչ ասեկոսեներ են պտտվում, ինչ բամբասանքներ, ինձ դա չի հետաքրքում», նշել է Մարիամ Ղազարյանը: Որպես թատրոնի ներկայացուցիչ` ի՞նչ ստացվեց քաղաքապետին թատրոնի համար անել, ինչ փոխվեց մեր թատերական կյանքի մեջ հարցին Մարիամ Ղազարյանը պատասխանեց, որ աշխատանքները դեռեւս ընթացի մեջ են, որովհետեւ միանգամից ոչինչ լինել չի կարող, բայց այն, որ կային նախադրյալներ եւ արվում էր ամեն ինչ, երեւի շուտով մենք դրա արդյունքը կտեսնենք: Պարզապես հավելել է, որ ժամանակը շատ կարճ էր եւ ոչինչ անել հանարավոր չէ այդ կարճ ժամանակահատվածում, բայց որ կար բարի կամեցողություն եւ կար այն, որ նա կարող էր լսել եւ իմանալ ցավերը, սա արդեն մեծ բան է, որ մարդն ականջը չի փակում: Դերասանուհին ասել է, որ ցավում է, որ այսպես ստացվեց, բայց նշել է, որ իր վերաբերմունքը նախկին քաղաքապետի նկատմամբ չի փոխել, ինչ կարծիք ուներ, այդ էլ մնում է, նա ավելին կարող էր անել, եթե իհարկե չլիներ այս դիպվածը: Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, հոգում թատրոն ունեցող մարդը կարո՞ղ էր արդյոք մարդ ծեծել, ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, մարդ ծեծելն իր համար մի տեսակ շատ տգեղ արտահայտություն է:
Կոմպոզիտոր Մարտին Վարազարյանն այն կարծիքին է, որ Գագիկ Բեգլարյանը շատ բան հասցրել է անել հօգուտ Երեւանի: Նրա խոսքով, էկոլոգիայի տեսակետից քաղաքի տուժելու, ծառահատումների հարցում խիստ որոշում կա, որ նույնիսկ օրենքով թույլատրված ծառահատումը պետք է հատուցվի բազմապատիկ ծառատունկ անցկանցելով, հավելելով, որ Ուսանողական այգու հետ կապվածը պետք չէ վերագրել Գագիկ Բեգլարյանին, դեռ նախորդ քաղաքապետերի թույլտվությունն է եղել`96-ին: Իսկ հարցին`Դուք մտավորական, արվեստագետ, ինքը քաղաքի դմբուզով տղա, ինչպե՞ս եք համատեղ աշխատել, նկատեց, որ իրենք երկուսն էլ երեւանցիներ են, եւ այդտեղ արդեն մասնագիտությունը դեր չի խաղում: Իսկ քաղաքապետի հետ կատարված միջադեպից հետո մաեստրոյի վերաբերմունքը նրա նկատմամբ չի փոխել. «Որպես մարդ` ես վստահում եմ նրան, իսկ սա ես մեկ անգամ ասել եմ, որ այն պոռթկումնալից, վայրկյանական զգացմունքային դրսեւորումներից է, որից ոչ մեկս ապահովագրված չենք, որքան էլ մեզ կարողանանք զսպել», թեեւ նկատել է, որ վայրկյանում տեղի ունեցած բաներ կան, որ չեն ներվում նույնիսկ կայսրին:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւոգյանը, ով դեռ մեկուկես տարի առաջ ասում էր, որ պետք է հին Երեւանը երեւանցուն վերադարձնել, փորձեցինք պարզել`որքանով հնարավոր եղավ, նա նշեց, որ ի պատիվ նախկին քաղաքապետի` շատ կոնկրետ ծրագրավորված այդ քաղաքականությունը տարվել է: «Հիշո՞ւմ եք` Իսահակյանի արձանի շրջակայքն առաջին անգամ մաքրվեց, նստարաններ դրեցին, թոշակառուները, գործազուրկները նստում էին, հանգստանում էին եւ այլն: Քաղաքը սկսվեց ծաղկապատվել: Որոշ մարդիկ ասացին` դա զգայական է, ես տեր եմ այդ զգայականին, որ արեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որովհետեւ երբ ես աչք շոյող մայթերի կողքով անցնում եմ, եւ ամբողջ Երեւանը կորած է ծաղիկների մեջ, ես ինձ զգում եմ երեւանցի, իմ տրամադրությունը բարձրանում է` անկախ նրանից` ինչ տրամադրությամբ եմ տանից դուրս եկել»,- ասել է Աստղիկ Գեւորգյանը` ավելացնելով, որ քաղաքում չի եղել, եկել է իմացել քաղաքապետի հետ կատարվածի մասին, ափսոսացել, քանի որ իրար հետ համատեղ շատ աշխատանքներ են ունեցել իրականացնելու: «Կարող ենք զգույշ չլինել, սխալներ թույլ տալ, եկեք ներենք, եւ ոչ թե դնենք եւ ծեծենք, եզն ընկավ` դանակավորները շատացա՞ն, ես դեմ եմ դրան, հավատարմությունը շատ լավ բան է բոլոր դեպքերում», նշել է Ժուռնալիստների միության նախագահը:
Լեւոն Իգիթյանին հարցրի` Ձեր նշած դմբուզը, ստացվում է, Գագիկ Բեգլարյանին խանգարե՞ց, պատասխանեց, որ կատարվածի ընթացքում Մեղրիում է եղել: Չի կարող ասել, թե լավ բան է եղել. «Եթե ասեմ` ողջունում եմ նման արարքը, կստացվի ես իմ ամբողջ կենսագրության վրա խաչ եմ քաշում, բայց ես միեւնույն ժամանակ գնահատական եմ տալիս նրա ադիմինստրատիվ գործունեությունը, սակայն արարքն իհարկե ողջունելի չէ»:
Նշենք, որ ավագանու այս ցուցակից Միքայել Դովլաթյանը չպատասխանեց որեւէ հարցի, թեեւ արդեն լրանում էր Գագիկ Բեգլարյան եւ Միքայել Դովլաթյան ընկերության 9 տարին, բայց խոստացավ առանձին հարցազրույց տալ` հենց միայն ապաքինվի:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ. Lragir.am

No comments:

Post a Comment