Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 29, 2011

Ցեղասպանության պես մի բան ...

Մարդու պտղաբերության կենտրոնը Երևանում գործում է Գենետիկայի հանրապետական կենտրոնի տարածքում: Կենտրոնի տնօրեն, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի բնորոշմամբ, այսպես աշխատանքներն ավելի համապարփակ են կազմակերպվում: Կենտրոնն առանձին իրավաբանական անձ է, իսկ Գենետիկայի կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի` ինֆեկցիաների, հորմոնալ, գենետիկ բուժհետազոտությունները: Հիվանդների համար էլ շատ հարմար է: Էդուարդ Համբարձումյանի հետ զրուցում ենք վերարտադրողական բժշկության, ոլորտի խնդիրների ու անելիքների մասին:
- Պարոն Համբարձումյան, մեր հանրապետությունում շա?տ են պտղաբերության խնդիր ունեցողները, որ կա նման կենտրոնի գործունեության անհրաժեշտություն:
- Պատկերացրեք` այո’: Աշխարհում է դա լուրջ խնդիր` բնակչության 10 - 14 տոկոսն ունի նման խնդիր, հիմնականում 16 - 44 տարեկանները` վերարտադրողական հասակում և առաջին հերթին կանայք: Ամբողջ աշխարհում, եթե նման խնդիր ունի յուրաքանչյուր տասներորդ ընտանիքն, ապա Հայաստանում այդ ցուցանիշն ավելի բարձր է` մեզ մոտ տարբեր խմբերում այն 16 -18 տոկոս է կազմում, այսինքն` գրեթե յուրաքանչյուր վեցերորդ զույգը երիտասարդ տարիքում անպտղության խնդիր ունի: Որն ի?նչ աստիճանի` դա այլ խնդիր է: Պահանջարկը շատ է և այդ պատճառով է, որ ստեղծել ենք Վերարտադրողական բժշկության ասոցիացիան: Ես և’ Եվրոպայում, և’ Միացյալ Նահանգներում եմ աշխատել` աշխարհի ամենահայտնի բժիշկների հետ: Երբ վերադարձա` նկատեցի, որ Վերարտադրողականը` որպես բժշկության առանձին ճյուղ, Հայաստանում չի գործում: Մեկ - երկու` ցաքուցրիվ բաժանմունքներ կային: Մինչդեռ` սա նախևառաջ սոցիալական հիմնահարց է, դեմոգրաֆիկ, վիճակագրական, պետականության անվտանգությանն առնչվող խնդիր, որովհետև եթե այս վիճակը շարունակվի, ապա միայն անպտղության խնդրի պատճառով 45 տարի հետո Հայաստանը 1,5 մլն բնակիչ կունենա: Ցեղասպանության պես մի վտանգ է սա, որ սպառնում է մեզ:
- Դրա առաջացման համար ի?նչն է պատճառ հանդիսանում:
- Մի շարք սոցիալական և բժշկական խնդիրներ: Մենք` իհարկե, զուտ բժշկական միջամտությամբ ենք զբաղվում: Պատճառները շատ են` 22-ը կանանց մոտ, 18-ը` տղամարդկանց: Դրանք` հորմոնալ, ինֆեկցիոն խանգարումներն են, որոնք տղամարդկանց մոտ 30, իսկ կանանց մոտ` 40 տոկոս են կազմում: Ընդամենը 10 - 15 տոկոսի դեպքում չգիտենք պատճառները, գիտությունը դեռ չի կարողանում պարզել: Հասարակության դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար է, որ որոշեցինք ասոցիացիա ստեղծել: Պետական դռներն, իհարկե, թակում ենք, բայց առայժմ կարծես լավ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Մեր` հասարակական ուժերով ու արտասահմանյան գործընկերների խորհրդատվությամբ առաջ ենք շարժվում: Ուզում ենք` Հայաստանում վերարտադրողական բժշկությունը բարձրացնել պատշաճ մակարդակի: Նաև` շատ հայազգի բժիշկներ կան այս ոլորտում, ովքեր հաջողությամբ գործում են Մոսկվայում, Լոս Անջելոսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Ժնևում և այլուր, նրանք են օգնում:
- Պատճառների թվում որքա?ն տոկոս են կազմում էկոլոգիական խնդիրները:
- Հետաքրքիր հարց է, մեկ ամիս առաջ մեր տարեկան կոնֆերանսին հրավիրել էինք արտասահմանյան մասնագետի, ով այդ թեմայով զեկուցում կարդաց: Սարասփելի թվերի ու փաստըերի մասին լսեցինք, թե ինչպես կարող է էկոլոգիայի խնդիրն անդրադառնալ վերարտադրողական բժշկության, մասնավորապես` անպտղության խնդրի առաջացման վրա: Մի խոսքով` մենք շրջապատված ենք հազարավոր նյութերով, որոնք ազդում են մարդու վերարտադրողական բջիջների վրա:
- Անպտղության խնդրում բուժման մերթոդը ո?րն է` փոխպատվաստո?ւմը, գուցե` փոխանակ մայրերի ներգրավո?ւմը ...
- Ամեն ինչը, որ անհրաժեշտ է հիվանդին` սկսած հասարակ խորհուրդներից, վերջացրած` թեթևակի բուժումներն` ինֆեկցիաների ուղղությամբ, մի քիչ ավելի խորացված բժշկություն` հորմոնալ խանգարումների դեպքում: Պատահում է արհեստական էսեմինացիա կամ արտամարմնային բեղմնավորում: Հետազոտում ենք խորությամբ և ըստ այդմ` բուժում: Փոխնակ մայրերով շատ չենք զբաղվում, նոր օրենքներ են ընդունվում, առայժմ հետևում ենք դրանց քննարկման ընթացքին:
- Այնուամենայնիվ` Ձեր բուժմիջամտությունը դեղորայքայի?ն, թե` գործիքային է:
- Մեծամասնությունը հիմնականում դեղորայքային է, իսկ էսիմինացիայի դեպքում փոքրիկ, ինվազիվ միջամտություն է կատարվում` մշակում հատուկ տեխնոլոգիաներով և միջոցներով, որպիսիք կան, օգտագործվում են արտերկրում: Կամ` կատարում ենք ներարգանդային էսիմինացիա:
- Ի?նչ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում:
- Ունենք երեք բժիշկներ և քույրեր: Իսկ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաև Հանրապետական ծննդատան` Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկալոգիայի կենտրոնի բուժսարքավորումներից: Ասոցիացիայի միջոցով` տարբեր բուժկենտրոններում ենք կենտրոնացնում վերարտադրողական բժշկությունը: Շուտով նաև Ղարաբաղում ենք ցանկանում նման կենտրոն բացել` ընդլայնել շրջանակները:
- Ձեր տվյալներով` որքա?ն եք գնահատում անպտղության դեմ ՙպայքարի՚ արդյունավետության գործակիցը:
- Անհամեստ չհնչի, բայց Հայաստանում ոչ մեկը չի օգտագործում այն նյութերն ու մեթոդները, որոնք կիրառվում են արտերկրի հայտնի կլինիկաներում և` մեզ մոտ: Դրա հաշվին է, որ ծառայությունները փոքր-ինչ թանկ են, բայց խիստ որակյալ` ինչպես Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Կարող եմ մինչև 75 տոկոս արդյունավետության գործակից նշել, բայց դա միջին ցուցանիշը չի լինի: Բուժման ընդհանուր կուրսում պատահում է, որ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ հետազոտություն կատարել:
- Անպտղության խնդիրներով դիմում են ամուսնական զույգերո?վ` թե յուրաքանչյուրն առանձին և ինչպե?ս են գտնում այս կենտրոնը:
- Որպես օրենք` դիմում են զույգերով: Եթե միայնակ կին է` առանձին: Ի վերջո, երեխա չունենալը զույգի խնդիրն է: Մենք երկուսին միասին ենք բուժում: Հիմնականում` հիվանդն է հիվանդ բերում: Հեռուստատեսային եթերով կամ պարզապես ԶԼՄ-ներով են իմանում մեր գործունեության մասին: Շատերն էլ` ուղղակի չգիտեն, որ վերարտադրողական բժշկությունը վաղուց առանձին ճյուղ է ու այլևս ո’չ ուրոլոգի, ո’չ գինեկոլոգի, ո’չ այլոց խելքի բանը չէ:
- Հետաքրքիր է, եթե ամուսնու կամ կնոջ մոտ բացահայտվում է ինֆեկցիոն հիվանդություն, դա ավելի շատ հանգեցնում է երեխայի ծնունդի?, թե` ամուսնալուծության:
- Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Մեզ դիմողների թվում շատ - շատ են այս կամ այն ինֆեկցիա ունեցողները, պատկերացնո?ւմ եք, որ բոլորն այստեղից հեռանան ամուսնալուծության տրամադրվածությամբ: Ընդհակառակը` այնպես ենք անում, որ ընտանիքն ավելի ամրանա: Կասկածանքներով գալիս են մեզ մոտ` և’ բուժում ենք, և’ հաշտեցնում, և’ ամեն ինչ անում, որ ընտանիքում նոր երեխայի ծնունդ գրանցվի: Մի քիչ` կարող է ճշմարտությունն ուղիղ չասենք, բայց այնպես է մատուցվում, որ ընտանիքը չքայքայվի: Շատ խնդիրներ ուղղակի կապ չունեն սեռավարակների հետ: Չամուսնացած աղջիկների մոտ էլ կարող են լինել նման խնդիրներ:
- Իսկ հետաքրքրվո?ւմ եք Ձեզ դիմողների հետագա ճակատագրով: Գուցե` ցանկալի ծնունդներն անվանակոչվում են նաև բժիշկներիդ անուններով:
- Մենք որ չհետաքրքրվենք, իրենք մեզ գտնում են: Երեխայի հետ գալիս, շնորհակալություն են հայտնում, նկարներն են ուղարկում, ոգևորիչ - հուզիչ տեսարաններ են ստեղծում, բժիշկներին աստվածացնում: Այո’, կան նաև դեպքեր, որ երկար սպասված երեխային անվանակոչել են բժիշկների անուններով, հատկապես` աղջիկներին:
- Ունե?ք կարգախոս որով առաջնորդվում եք:
- Այո’, ՙԱպագան այնտեղ է, ուր ուղղված են մեր հայացքներն այսօր՚: Մենք աշխատում են ճիշտ ուղղությամբ` ոչ միայն մեր հայացքներով, այլև` ուղղորդում ու ճիշտ օգնությունը ժամանակին ենք մատուցում:

No comments:

Post a Comment