Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 29, 2011

Քաղաքացիական գիտակցությունը շեղվել է

,,Սոցիալիստական կոնֆերանս,, կլոր սեղան - քննարկումները երկու տասնյակից ավելի անգամ բարձրաձայնում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերություններին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Կոնֆերանսի համակարգողն Արամ Մարտիրոսյանն է: Հերթականի հյուրն իրավաբան - փորձագետ Անդրիաս Ղուկասյանն էր, ով ներկայացրեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը` հանրապետությունում սահմանադրական կարգի վերահաստատման ու հանրությանը գործոն դարձնելու հարցերում:
Ըստ նրա, Հայաստանի Սահմանադրությունը երեք գլխավոր խնդիր չի լուծում` քաղաքացու աշխատանքի, դրանից բխող կյանքի ապահովման և պետական համակարգում ընդգրկվածության: Հայաստան պետությունը զրո պարտավորություն ունի իր քաղաքացիների հանդեպ ու մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: ՙՀասարակական կարծիք պետք է փոխվի՚,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը, որ ՙհամակարգը ծառայի անհատին, ոչ թե` հակառակը՚: Աշխատանքով բարեկեցություն ապահովելու մարդու իրավունքը դեռևս 13-րդ դարում է ձևավորվել և դրա մասին պետական ակտեր են ընդունվել: Այն ժամանակ գիտեին, որ բոլորը պետք է ունենան ազնիվ աշխատանքով ապրելու իրավունք: Մինչդեռ 21-րդ դարի Հայաստանում պետությունն այդպիսի էֆեկտիվ պարտավորություններ չի ստանձնում, իսկ քաղաքացիներն, իհարկե բողոքում, անիծում, արտագաղթում են, սակայն ֆունդամենտալ խնդիրը, որ մարդու արժանապատվության հետ է կապված` չի լուծվում, ըստ Անդրիաս Ղուկասյանի, մի պարզ պատճառով, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում չկան այն ուժերը, որոնք այս խնդիրն առաջնային կհամարեն և քաղաքացիներին կօգնեն իրենց իրավունքներն իրացնելու հարցում: Իսկ հասարակությունն ինքնագիտակցությամբ ապրում է հետ անցյալում:
Քաղաքացիական գիտակցությունն, ըստ Անդրիաս Ղուկասյանի, շեղվել է իր բնականոն վիճակից և իշխանությունների կողմից որպես գործիք են օգտագործվում Ղարաբաղի հիմնախնդիրը, Ցեղասպանությունը և այլ նման բաներ: Այս խնդիրներն են իշխանություները մշտապես ներկայացնում հանրությանը որպես պետության հիմնական հարցեր: Մինչդեռ այն խնդիրները, որոնք վերաբերում են մարդկանց կյանքի որակներին, իշխանությունները միշտ առաջարկում են` համբերել, եղածով բավարարվել, մինչև գան ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ էության, Հայաստանի Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն պիտի հայթայթի իր ապրելու համար անհրաժեշտ միջոցներ: Իշխանությունները համոզում են հասարակությանը, որ քանզի երկիրը գտնվում է ոչ բարենպաստ վիճակում, հասարակությունը պետք է հանդուրժի ՙէժան աշխատուժի՚ կարգավիճակը: Մինչդեռ` եթե երկիրը անբարենպաստ պայմաններում է գտնվում, ապա ինչպե±ս է, որ հասարակության մի մասն ապրում է ճոխության մեջ, իսկ մյուսն` աղքատ վիճակում կամ` դրա եզրին: Դա, ըստ Անդրիաս Ղուկասյանի, փորձ է արվում ներկայացնել որպես բևեռացում: Իրականում` ամեն ինչ արվում է, որ որոշ անձանց անվերջ հարստանալու իրավունքը հասարակությունը պարտավորվի լեգիտիմ ճանաչել, անկախ այն բանից, թե հասարակությունն ինչպես է ապրում. պատերազմի, թե` արտաքին մարտահրավերների մեջ է և այլն: Այս մթնոլորտն իր բացասական հետևանքներն է թողնում քաղաքացիների վարքագծի վրա ...
Արդյունքում` հասարակությունը կորցրել է վստահությունը պետական ինստիտուտի նկատմամբ: Սա պետականությանն ուղղված մարտահրավեր է և այստեղից է բխում անհրաժեշտությունը, որ քաղաքական այնպիսի գործընթաց նախաձեռնվի, որը հանրապետությունը ետ կվերադարձնի քաղաքացիներին: Խնդիրը լավ կամ վատ իշխանությունները չեն, այլ` հանրապետությունից քաղաքացու օգտված լինելը: Հայաստանում պետություն հիմնադրելու բոլոր փորձերը եղել են քաղաքական ուժերի մենաշնորհը: Իսկ քաղաքացիների համար օրինական երկիրը պատկերանում է կատարած յուրաքանչյուր ՙխախտումի՚ համար օրենքը ձեռքին տուգանող տեսուչի տեսքով: Սա ավելի է խորացնում պետություն - քաղաքացի անջրպետը: Պետական ինստիտուտը կառավարվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր տարրական գրագիտություն չունեն: Այդ առումով քաղաքացիները պիտի ներգրավվեն պետականաստեղծ գործընթացի մեջ: Հայաստանի քաղաքացիները կարող են համախմբվել և որոշել հիմնադրել նոր հանրապետություն և դրա համար պետության սանկցիա անհրաժեշտ չէ: Կարող են ստեղծել պետականաստեղծ քաղաքական պրոցես, որն ուղղված կլինի` և’ իշխանությունների, և’ անօրինական կարգը փոխելուն` լեգիտիմ, օրինական դաշտում:

No comments:

Post a Comment