Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, December 1, 2011

Համերաշխության մթնոլորտում

Այս տարին խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական է ու բնական է, որ կուսակցություններն ստուգում են մարզերում իրենց ազդեցություններն ու հստակեցնում իրենց հետաքրքրությունների շրջանակը: ՙՀամերաշխություն՚ կուսակցություն - շարժումն էլ` մարզային այցելություններ է կատարում, նախագահ - առաջնորդ Սարգիս Ավետիսյանը զրուցում է համայնքային ակտիվի ներկայացուցիչների հետ: Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում ՙՀամերաշխության՚ տարածքային կառույցը ղեկավարում է կուսակցության վարչության անդամ Դավիթ Սահակյանը: Նա էլ համախմբել էր տեղի մտավորականներին ու լրագրողներին` բաց ու անկեղծ զրույցի:
Սարգիս Ավետիսյանը ներկայացրեց իրենց քաղաքական ուղենիշը, ըստ սոլիդարիզմի գաղափարի առաջ շարժվելու նպատակները: Նրա բնորոշմամբ հանրապետությունում գործող յոթ տասնյակից ավելի կուսակցություններից պայմանականորեն հինգին կարելի է համարել գաղափարական ուժեր: Նրանցից մեկի` ՙՀամերաշխություն՚ կուսակցության խնդիրը սոլիդարիզմի գաղափարի հաղթանակն է: Նրանք կողմնակից են քաղաքական գլոբալիզացիային` ՙիրար նման գաղափարական ուժերը պետք է միավորվեն՚:
Նախորդ ընտրություններում ՙՀամերաշխություն՚-ը պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ այս անգամ, ճիշտ է, դեռ հստակ չեն կողմնորոշվել, սակայն տարակուսում են, թե նորից կպաշտպանեն նրան կամ` ՀՀԿ-ին. ՙՄենք պաշտպանել ենք, սակայն առաջադրել ենք պահանջներ, որոնց կատարման դեպքում նորից կպաշտպանեինք: Իրականացրե±լ են` ո’չ, ավելի խորացրել են: Պաշտպանելու ենք, թե` ոչ, որոշումը կկայացնենք համագումարում: Մեր կուսակցությունում որոշումները կայացվում են այսպիսի հանդիպում - քննարկումների արդյունքում: Նաև ձեր կարծիքները հաշվի առնելով կկողմնորոշվենք և մեր որոշումը կբխի յուրաքանչյուրիդ շահերից՚: Նույն կերպ է նաև ընտրություններին մասնակացության հարցում. ՙՄեզ համար ընդունելի են բոլոր երեք տարբերակները` ընտրություններին գնալ միայնակ, բոյկոտել, գնալ ընտրության որևէ ուժի հետ համատեղ՚:
Նրանք ուզում են ժողովրդավարություն կառուցել համերաշխության մթնոլորտում, ընդհանրապես` համերաշխության պայմաններում ամեն ինչ հնարավոր է ստեղծել: Սարգիս Ավետիսյանը հռետորական հարց առաջադրեց, թե ինչպե±ս ստեղծել համերաշխություն, եթե հանրության մեջ կան գողեր ու ավազակներ, հարուստներ ու աղքատներ, բարեկիրթ մարդիկ: Ու տարբեր սերունդի մարդկանց միջև բանավեճ սկսվեց, թե սոցիալիզմի տարիներին համերաշխություն կա±ր, թե` ոչ: Ի վերջո, հանգեցին այն եզրակացությանը, որ կար, սակայն պարտադրված և ցուցադրական:
Հիմա, ըստ ՙՀամերաշխության՚ առաջնորդի, համերաշխությունը պետք է լինի օրենքներով, որոնք կստիպեն հասարակությանը համերաշխության մթնոլորտում ապրել: Համերաշխությունը պետք է ապահովագրվի օրենքներով: Այլապես` այս ճանապարհը, որ որդեգրել են իշխանությունները, տանում է փակուղի, մի վիճակի, որը ոչ վաղ անցյալում տիրում էր արաբական երկրներում: Ինչո±ւ, որովհետև ընտրությունները կեղծվում են. ՙԸնտրություն կեղծողները մեր ազգի դավաճաններն են՚,- եզրակացրեց Սարգիս Ավետիսյանը,- ՙև բոլոր նրանք, ովքեր նպաստում են դրան ...՚:
Նա նաև մի կարևոր հարց շարադրեց և հավաքվածներին հորդորեց յուրաքանչյուր կուսակցության առաջնորդի հետ հանդիպմանն այն բարձրաձայնել և կողմնորոշվել ըստ դրա պատասխանի: Հարցը վերաբերում էր ՌԴ առայժմ վարչապետ Վլ. Պուտինի նախագծին` Եվրասիայի ստեղծմանը. ո±վ է կողմ, որ Հայաստանը միանա այդ միությանը: Հարցը` համաձայնե’ք, լուրջ ցուցիչ կարող է լինել ճիշտ կողմնորոշումների խնդրում: Սարգիս Ավետիսյանը հայտնեց, որ ժամանակին Սերժ Սարգսյանին ինքն է առաջարկել նման նախաձեռնությամբ հանդես գալ` Եվրասիայի օրինակով Համերաշխ պետությունների միություն ստեղծելու համար, սակայն հապաղել են ու նախաձեռնությունն առաջադրում է ռուսական կողմը: Հանդպմանն առողջ բանավեճ ծավալվեց, քննարկվեցին նաև տարաբնույթ հարցեր:

Wednesday, November 30, 2011

Ո?վ է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

Ի վերջո, Իջևանի քաղաքապետի ընտրությունների առիթով Տավուշի մարզկենտրոնում էինք: Միևնույնն է, ո’չ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, ո’չ նրա օգնական Անի Մելիքսեթյանի, ո’չ մամուլի քարտուղար Սոֆի Վերանյանի հետ մեր հեռախոսային զրույցները ոչինչ չտվեցին, անգամ` մարզպետի հետ Երևանում կայանալիք հանդիպման պայմանավորվածությունը չկայացավ: Մեզ համար անհայտ մնաց, թե ո?վ է, ինչպիսի? մարդ է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Իջևանում` բնակիչների հետ զրույցներում` ի թիվս այլ հարցերի, մեր թերթի ՙԱրդյոք ովքե?ր են ...՚ խորագրի ներքո հետաքրքրվեցինք, թե ո?վ է, ի?նչ մարդ է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Շատերի պատասխանը կտրուկ էր. ՙԴա ո?վ ա ...՚: Երբ փորձում էինք հիշեցնել թե իրենց մարզի ղեկավարը, նույնքան անտարբեր պատասխաններ էինք ստանում. ՙՉեմ ճանաչում ...՚, ՙԴրա մասին լսած չեմ ...՚, ՙԽի?, ըտենց մարդ էլ կա? էս քաղաքումը, բա ինչի? ենք էս օրի~ն, բա քո?ռ ե~ն, չե?ն տենո~ւմ, հրե~ն, ավտոբուսնիք կաղնած, սաղ Իջևանը Ռուսաստան ա քինում, բա իրանց ժողովուրդ պետք չի?, բա ո?ւմ պիտի կառավարեն, էս քար ու քռի?ն, վայ հողերս ըտենց ղեկավարների գլխին, հա~ ...՚: Վերջին բազմաբովանդակ պատասխանը Մարզպետունի Մեժլումյանինն էր, ով բոլոր առումներով ընդվզում էր կարծես, բայց իր խոսքերով ՙկող ու կուշտը աչք ածում՚, թե ՙամա, շեստյորկեքից մեկը բան ման չլսի?, զահլա չկա, է~ ...՚: Զարմացանք, թե թերթում ենք տպագրելու, Իջևանում էլ` ընթերցողներ ունենք, կկարդան և պատասխանն իսկապես բնորոշիչ էր. ՙԻրանք գիտե~ս ի?նչ սորթի են: Դրանք մենակ իրանց տակն են տենում ու գլուխները ջայլամի պես ավազի մեջ խրած ճանճի պես դողում են, թե հլա ինչքա~ն պիտի դիմանան իրանց պաշտոնին, դեռ ի?~նչ պիտի լափեն: Այ բալա, դրանք թերթ կարդացո?ղ ե~ն, հըլա որ հանդիպես. հարցրու տառերը գիտե?ն: Քաջ Նազարի պես պաշտոնի են տիրացել ու էն տիրանալն ա, որ տիրացել են ...՚: Որ ...
Այնուամենայնիվ` իր մարզկենտրոնում, թերևս բացի մարզպետարանի աշխատակիցներից ճանաչողներ, ավելին` Արմեն Ղուլարյանի վայ գործունեությամբ հետաքրքրվածներ գտնվեցին, երկու երիտասարդներ, որ հետաքրքիր զրուցակիցներ էին` Արթուրն ու Տիգրանը /ՙմենք հորեղբոր տղաներ ենք, որ գրեք անուններս, սաղ էլ ա ճանաչիլ տեն՚ - Ա.Տ./, ովքեր անհամաձայնություն ունեին միայն, թե Իջևանին կից ասֆալտի գործարանը մարզպետինն է, թե` ո’չ: Մի խոսքով, նրանք շատ ուշագրավ ինֆորմացիա ունեին: Պարզվում է. ՙԻջևանից նոր դուրս եկած ճամփեզրին մարզպետը շինանյութի խանութ ունի: Դիմացն էլ գետն ա, է~լի, ուրեմն` կռանը կաղնում ա, ախպեր, էդ գետի եզրին` հա’մ դեմից, հա’մ քամակից բետոնի հենապատեր կան դրած, կողերանքն էլ բետոն լցած չի: Կռանով էդ բետոննիքը վեր են կալում` դնում ճամփի էս ղրաղին, որպես շինանյութ ծախում: Վաղը, մյուս օրը, որ էս անգամ ճամփեն փլվի ու մաշինեքը թափեն գետը, կասեն դժբախտ պատահար ա, ամա աչքի լույսով էդ աևտուրը կասես ոչ մեկը չի տենում, քո?ռ ե~ն՚: Մեկն ասում էր, մյուսը` լրացնում:
Հետաքրքրվեցինք, թե էդ ի?նչ ավտոբուսների մասին էր խոսքը, որով իջևանցիներն արտագաղթում են: Անգամ մենք տեսանք. սպիտակ, երկհարկանի, արտասահմանյան մակնիշի ավտոբուսներ: Ակցիա է հայտարարված ու 18 հազար դրամով ոչ միայն իջևանցիներին, այլև հանրապետությունից բոլոր ցանկացողներին տեղափոխում են Ռուսաստան` Կրասնոդար, Արմավիր, Ռոստով ... ՙէլ ո±ւր ա պետք ...՚,- անկեղծ հարցրեց դրանց դիսպետչերը:
Պարզվում է, արտագաղթողների միջև էլ մի ներքին ընդվզում կա: Մարդիկ կարիքից դրդված ու ստիպված են գնում: Նրանցից մեկին հարցրեցինք, թե օգնության խնդրով դիմե±լ եք, օրինակ. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Քոչվոր Կիման` նա ինքն իրեն էր այդպես որակում, զարմացած նետեց, թե. ՙԴա ի?նչ մարդ ա~, հա~, մարզպե?տը, ա~, նա ո?վ ա~, որ ի?նչ կարենա անի~, նրա ձեռին ի?նչ կա: Կարում էին, թող էն ճամփեն ժամանակին սարքեին, ոչ թե ճամփի միջումը բետոննիքը շարեին, թե միակողմանի երթևեկեք, որ էդքան մարդը հողի տակին չմնային: Բա դրանք խիղճ ունե~ն, բա դրանք մարդ Է~ն, ես էլ գնամ վիզ ծռեմ, թե մի էրկու քոռ կոպեկ տվեք քյոռփեքիս պահե~մ ...՚:
Քանդակների սիմպոզիումից ձևավորված այգում երկու այր ու կին ՙավել էին քաշում՚: Մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրանց հետ: Սարգսյան Ռիտան, ով 10 երեխա է պահում` ՙմեկն էլ վերկալովի՚, մարզպետի հարցում ասաց, թե ՙճանաչիլը ճանաչում եմ, բայց թե նրա կուշտը գնամ, ի?նչ` սաղ էլ սուտ են: Նա` առավել ևս, գիտե~ս, էս պաշտոնով մարդկանց մեջ ինչքան փուչիկ, ստից մարդիկ կա~ն, ուրեմն` իմ գործը մինչև Արսեն Բաբայան /?/ ա հասել, բայց մարզպետը մատը մատին չտվավ: Իրեք անգամ դիմել եմ, ասում ա` մենք ի վիճակի չենք, մենք ոչինչ չենք կարա անենք: Ես էդքան քյոռփեքիս մի ժեշտի դոմիկի մեջ ո?նց պահեմ, իրենք, որ չեն կարա, էլ ինչի? էն ղեկավա~ր, նրանցից ի±նչ ղեկավա~ր, որ հանդիպես, ասա, Սարգսյան Ռիտային գիտե?ս, տասը էրեխա ունի, մեկն էլ վերկալովի ...՚:
Ի?նչ ասենք, ասելու բան էլ թերևս չմնաց, եթե մարզպետին մարզկենտրոնում այսպես են բնորոշում, կամ` չեն ճանաչում, ի դեպ ամենաերկարակյաց մարզպետին, ով կարծեմ երեք նախագահների ենթակայությամբ էլ աշխատել է` երկուսը գնացել, բայց ինքը մնացել է պաշտոնին: Անշառ, զրուցակիցներիցս մեկի բնորոշմամբ` ՙբանից բեխաբար՚, լրագրողներիցս խույս տալով հարատևում է Տավուշի մարզպետի պաշտոնում: 
Հ. Գ. Անգամ Իջևանի քաղաքապետի երկու թեկնածուներից ոչ մեկը չգիտեր, թե ի վերջո, ո?ւմ թեկնածությունն է պաշտպանում. և’ որպես անհատ, և’ որպես մարզպետ Արմեն Ղուլարյանը: Վարուժան Ներսիսյանն ընդհանրապես ուսերը վեր քաշեց` պատասխան չունենալով ու թերևս հարցից զարմացած, իսկ Վարդան Ղալումյանի պատասխանը կարդացե’ք իր հետ հարցազրույցի հատվածում:

Անտեսված խնդիր, որ անհապաղ լուծում է պահանջում ...

Դավիթ Սահակյանի բազմազավակ ընտանիքը` նա երկու զույգ որդիներ ունի` Արծրուն, Սահակ, Նորիկ ու Սարգիս, ապրում է Հայաստանի հյուսիսային մարզկենտրոն Իջևան քաղաքում: Չորս տղաներ, հայոց բանակի ապագա զինվորներ, սահմանամերձ գոտի, բազմազավակ ընտանիք, սակայն սեփական անշարժ գույք չունեն: Որպես երիտասարդ ընտանիք դիմել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` ,,Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին,, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող ծրագրին շահառու դառնալու համար, սակայն, պարզվում է, ամուսինների տարիքային հանրագումարը պետք է չանցնի 60-ի սահմանը: Այդ մասին կա ՀՀ կառավարության որոշում:
Դավիթ Սահակյան և Նաիրա Բաղդասարյան ամուսինների տարիքային հանրագումարը 63 է: Պարզվում է, չափորոշիչների մեջ չի մտնում նաև Դավիթի տարիքը` նա 36 տարեկան է, մինչդեռ ամուսնու տարիքը չպետք է գերազանցի 35-ը: ՙՓաստորեն` այդ ծրագրից իմ բազմանդամ ընտանիքը չի կարող օգտվել: Մինչդեռ` հիփոթեքային 7 - 8 տոկոս վարկը նորմալ չափաբաժին է մեզ համար: Ի վերջո, իմ տղաները պետք է հայրենի եզերքում, հայրենիքում ապրեն և ոչ թե Ռուսաստանի տունդրաներն ու տայգաները զարգացնեն` ՙՀայրենակիցներ՚ ծրագրով՚,- մասնավորում է Դավիթ Սահակյանը: Նա դիմել է վարչության պետ Արմեն Պապյանին, սակայն ՙսայլը տեղից չի շարժվել՚: ՙԾննդավայրս Դիտավան գյուղն է, ուստի` դիմել եմ նաև հաշվառման վայրիս համայնքապետին ու ավագանուն, որպեսզի քվեարկեն ու գոնե 1000 քառ. մետր տնամերձ հողամաս հատկացնեն իմ չորս որդիների համար հնարավորության սահմաններում տուն կառուցելու համար, սակայն այդտեղ էլ մերժեցին` պատճառաբանելով, թե ՀՀ կառավարության որոշում կա, ըստ որի` պետք է աճուրդային եղանակով մասնակցել ... Մինչդեռ` ՀՀ կառավարությունից համայնքապետարանը լրավճար է ստանում, նաև` մեր 12 անձինց բաղկացած ընտանիքի հաշվին` բացի իմ 6-անձյա ընտանիքից, նաև եղբորս ընտանիքն ու մայրիկս: Իսկ ժամանակին գյուղի բոլոր երիտասարդներն անվճար տնամերձ հողամասեր են ստացել՚:
Դիտավան գյուղը ներառված է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում և բավական լուրջ ծրագրեր են իրականացվում համայնքում, եթե չեմ սխալվում մոտ 585 մլն դրամի շրջանակներում: Գյուղապետարանի շենքն են հիմնադրել, դպրոցի նոր շենք է կառուցվում: Այդ իսկ պատճառով և շրջանակներում` հաշվի առնելով նաև, որ գյուղի ժողովրդագրական պատկերը բացասական կորագծով է, այսինքն` այս տարի դպրոց է հաճախել ընդամենը երկու երեխա, ընդ որում` ներգրավելով նաև հարակից համայնքները: Ստացվում է, որ իմ չորս տղաները կարող են երկու դասարան կազմել: Այդ առումով` ես նաև դպրոցի տնօրենի ուշադրությունն եմ հրավիրում, թեկուզ ինձ համար աշխատատեղ ստեղծելու պայմանով` օժանդակեն մեր երիտասարդ ու բազմանդամ ընտանիքին: Մայրս երկու անգամ գրավոր դիմել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի տնօրինությանն, ի դեպ, հիմնադրամի Տավուշի մարզի գրասենյակը գտնվում է հենց Դիտավանի նորոգված գյուղապետարանի շենքում: Իրենք տեղեկացված են մեր խնդրի մասին, սակայն որևէ արձագանք, պատասխան չկա: Առաջիկայում` նոր մարաթոն կլինի, նոր գումարներ կհավաքվեն, սակայն մեր բազմազավակ ընտանիքի խնդիրը համարելով անհատական չեն ուզում լուծել՚:
Սահակյանները գրավոր դիմել են նաև ՙՎիվա Սելլ՚ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին. ՙնամակը երեխայիս ձեռքով է փոխանցվել նրան` Իջևանում այցելության ժամանակ, սակայն մեկ ամիս հետո ներողամտությամբ պատասխանել են, թե չեն կարող օգտակար լինել: Մայրս երկու անգամ գրավոր դիմել է նաև ընտրատարածքից գործարար պատգամավոր Միքայել Վարդանյանին, սակայն նա, որ բազում ու բավական լուրջ ծրագրեր է իրականացնում, հիմնականում` համայնքապետերի միջոցով, չի պատասխանել այդ նամակներին՚: Դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նմանատիպ բազում նամակներ են հասցեագրվել, սակայն որևէ պատասխան չկա: Արդյունքում` Դավիթ Սահակյանի չորս անչափահաս որդիների անշարժ գույք ունենալու խնդրի լուծումն անորոշ վիճակում է: ՙԵս պատրաստվում եմ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Տավուշի մարզկենտրոն այցելած յուրաքանչյուր կուսակցության առաջնորդի ու նախարարի, պատգամավորության թեկնածուներին` բոլորին դիմել այս հարցով: Իմ օրինակով, ես խիստ կարևորում եմ սահմանամերձ տարածքներն ամուր պահելու խնդիրը՚,- եզրակացրեց Դավիթ Սահակյանը:
Մնում է, որ հայրենի կառավարությունը կամ համապատասխան գործունյա ու կարող մարդիկ համապատասխան քայլ անեն այս ընտանիքը հայրենի եզերքում ամրապնդելու համար:

Tuesday, November 29, 2011

ՀՀԿ-ականները` հանուն ԲՀԿ-ի

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Սահակյանին հարցրեցինք, թե ինչո?վ էր պայմանավորված Սպիտակում ՀՀԿ-անների հեռացումը իշխող կուսակցության շարքերից: Պարզվում է. ՙԿանոնադրական և կարգապահական խնդիրների պատճառով՚: Հավելեցինք, թե որքանո?վ են հավաստի տեղեկությունները, որ նրանք իրականում աշխատել են, գործել` ի նպաստ կոալիցիոն մյուս կուսակցության, ,,Բարգավաճ Հայաստան,,-ի, Հովհաննես Սահականը նշեց, թե ,,Կարևոր չէ, թե որ կուսակցության օգտին են աշխատել, այլ հարցն այն է, որ իրենք կանոնադրական կարգապահությունն են խախտել: Ամեն ինչ նորմալ է, իր բնականոն հունով առաջ է գնում, քաղաքական պրոցեսներ են ...,,:

Ըստ ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի որոշման` նախկին ՀՀԿ-ականներ Սիմոն Պապոյանի և Վարուժան Ապրեսյանի հետ զրուցեցինք: Երկուսն էլ միաբերան հավաստեցին, թե իրենք տեղյակ չեն եղել ո’չ նիստից, ո’չ նման որոշումից, երկուսն էլ` միաբերան պնդում էին, որ իրենք եղել, մնում և շարունակելու են լինել ՀՀԿ-ական:
Ավելին` Սիմոն Պապոյանի հավաստմամբ. ՙԵս ավելի շատ բան եմ արել ու ավելի լավ Հանրապետական եմ, քան մերօրյա նորելուկները: Հանրապետականի համար ինչը որ ի սրտե արել եմ, չեմ փոշմանում և շարունակելու եմ այդպես: Ոչ թե նորելուկների պես, որ կայացած մարդկանց հասցեին ցեխ են շպրտում և անվանարկում: Ով ինչ ուզում ա ասի, ես եղել ու մնալու եմ Հանրապետական: Իրենք իրենց մեջ որոշում են կայացրել` հեռացրել են: Դա ոչինչ չի նշանակում: Ես ՀՀԿ-ական եղել, ՀՀԿ-ական էլ մնալու եմ ...՚:
Վարուժան Ապրեսյանի կարծիքով, իրենք որոշ նիստերի չեն մասնակցել, դրա համար էլ հեռացվել են կուսակցությունից: Նա զարմանքով ժխտեց խոսակցությունները, թե նաև ինքն իրականում ԲՀԿ-ի համար է աշխատել: ՙՆման բան չկա, ես շարունակում եմ մնալ ՀՀԿ-ական: Ժամանակին գտել եմ, որ դա լավ կուսակցություն ա ու մտել եմ դրա շարքերը՚: Իսկ երբ հարցրեցինք, թե գոնե գիտեն, ո±վ է Գարեգին Նժդեհը, պատասխանը հետաքրքիր էր. ՙՄեր պայքարին մասնակցած, մեր ..., դե Նժդեհն ա, էլի, ո±վ չգիտի: Վերջերս նրա քանի ամյակն էր, չեմ հիշում ուղղակի՚:
Առաջիկա համապետական ընտրություններում նրանք, պարզվում է, շարունակելու են աշխատել ՀՀԿ-ի համար: ՙԻնձ չեն հարցրել, ես համաձայնություն չեմ տվել, որ հեռացրել են: Կապ չունի հեռացրել են, թե չէ, ես մնում եմ ՀՀԿ-ական՚,- բարկանում է Վարուժանը: Պարզվում է, նա 2005 թ.-ից է ՀՀԿ-ական, իսկ Սիմոն Պապոյանն` իր խոսքերով, առաջիններից մեկն, անձամբ Անդրանիկ Մարգարյանից է ստացել անդամատոմսը: ՙՆա է եկել մեր մոտ ժողով արել, վարչապետ ժամանակ, կուստոմսերն ա բաժանել՚,- մանրամասնեց Վ. Ապրեսյանը: Նա հարգում ու սիրում է բոլորին անխտիր:
Մի խոսքով, մեր լրագրողական հետաքրքրություն - հետաքննությունը, եթե կարելի է այդպիսին համարել, թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀԿ-ի շարքերում շփոթվածություն կա կամ` ժամանակի կուսակցության հերոսը համարվելու սին հույսերի համար զուր պայքար: Կարող է պատահել նաև, որ Հովհաննես Սահակյանն իր կուսակցական տարածքային կառույցի ղեկավարի գործունեությունն ընդգծելու համար է, որ նվիրյալ ՀՀԿ-ականներին հեռացրել է կուսակցության շարքերից, քանզի գոնե յոթից երկուսն իրենց անձնուրաց ՀՀԿ-ականներ են համարում ու անդրդվելի են իշխող կուսակցության օգտին աշխատել - ծառայելու հարցում: Այս պայմաններում առաջիկա համապետական ընտրություններում իրականում ի±նչ արդյունքներ կարձանագրի Հանրապետական կուսակցությունն` առավել պարզ կերևա առաջիկայում:
Մի բան է թերևս հստակ, որ Հայաստանում կարծես նախախնամվում է մի սովորույթ, որ յուրաքանչյուր իշխող կուսակցության տասը տարվա իշխանությունը համարվում է առավելագույնը: Վերադարձի դեպքում կարծես պաշտպանություն կա, ինչպես` Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում:
Գուցե ՀՀԿ-ն փորձի քաղաքական այդ ուղի±ն, այնժամ` մի բան կստացվի ....
Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ցեղասպանության պես մի բան ...

Մարդու պտղաբերության կենտրոնը Երևանում գործում է Գենետիկայի հանրապետական կենտրոնի տարածքում: Կենտրոնի տնօրեն, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի բնորոշմամբ, այսպես աշխատանքներն ավելի համապարփակ են կազմակերպվում: Կենտրոնն առանձին իրավաբանական անձ է, իսկ Գենետիկայի կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի` ինֆեկցիաների, հորմոնալ, գենետիկ բուժհետազոտությունները: Հիվանդների համար էլ շատ հարմար է: Էդուարդ Համբարձումյանի հետ զրուցում ենք վերարտադրողական բժշկության, ոլորտի խնդիրների ու անելիքների մասին:
- Պարոն Համբարձումյան, մեր հանրապետությունում շա?տ են պտղաբերության խնդիր ունեցողները, որ կա նման կենտրոնի գործունեության անհրաժեշտություն:
- Պատկերացրեք` այո’: Աշխարհում է դա լուրջ խնդիր` բնակչության 10 - 14 տոկոսն ունի նման խնդիր, հիմնականում 16 - 44 տարեկանները` վերարտադրողական հասակում և առաջին հերթին կանայք: Ամբողջ աշխարհում, եթե նման խնդիր ունի յուրաքանչյուր տասներորդ ընտանիքն, ապա Հայաստանում այդ ցուցանիշն ավելի բարձր է` մեզ մոտ տարբեր խմբերում այն 16 -18 տոկոս է կազմում, այսինքն` գրեթե յուրաքանչյուր վեցերորդ զույգը երիտասարդ տարիքում անպտղության խնդիր ունի: Որն ի?նչ աստիճանի` դա այլ խնդիր է: Պահանջարկը շատ է և այդ պատճառով է, որ ստեղծել ենք Վերարտադրողական բժշկության ասոցիացիան: Ես և’ Եվրոպայում, և’ Միացյալ Նահանգներում եմ աշխատել` աշխարհի ամենահայտնի բժիշկների հետ: Երբ վերադարձա` նկատեցի, որ Վերարտադրողականը` որպես բժշկության առանձին ճյուղ, Հայաստանում չի գործում: Մեկ - երկու` ցաքուցրիվ բաժանմունքներ կային: Մինչդեռ` սա նախևառաջ սոցիալական հիմնահարց է, դեմոգրաֆիկ, վիճակագրական, պետականության անվտանգությանն առնչվող խնդիր, որովհետև եթե այս վիճակը շարունակվի, ապա միայն անպտղության խնդրի պատճառով 45 տարի հետո Հայաստանը 1,5 մլն բնակիչ կունենա: Ցեղասպանության պես մի վտանգ է սա, որ սպառնում է մեզ:
- Դրա առաջացման համար ի?նչն է պատճառ հանդիսանում:
- Մի շարք սոցիալական և բժշկական խնդիրներ: Մենք` իհարկե, զուտ բժշկական միջամտությամբ ենք զբաղվում: Պատճառները շատ են` 22-ը կանանց մոտ, 18-ը` տղամարդկանց: Դրանք` հորմոնալ, ինֆեկցիոն խանգարումներն են, որոնք տղամարդկանց մոտ 30, իսկ կանանց մոտ` 40 տոկոս են կազմում: Ընդամենը 10 - 15 տոկոսի դեպքում չգիտենք պատճառները, գիտությունը դեռ չի կարողանում պարզել: Հասարակության դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար է, որ որոշեցինք ասոցիացիա ստեղծել: Պետական դռներն, իհարկե, թակում ենք, բայց առայժմ կարծես լավ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Մեր` հասարակական ուժերով ու արտասահմանյան գործընկերների խորհրդատվությամբ առաջ ենք շարժվում: Ուզում ենք` Հայաստանում վերարտադրողական բժշկությունը բարձրացնել պատշաճ մակարդակի: Նաև` շատ հայազգի բժիշկներ կան այս ոլորտում, ովքեր հաջողությամբ գործում են Մոսկվայում, Լոս Անջելոսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Ժնևում և այլուր, նրանք են օգնում:
- Պատճառների թվում որքա?ն տոկոս են կազմում էկոլոգիական խնդիրները:
- Հետաքրքիր հարց է, մեկ ամիս առաջ մեր տարեկան կոնֆերանսին հրավիրել էինք արտասահմանյան մասնագետի, ով այդ թեմայով զեկուցում կարդաց: Սարասփելի թվերի ու փաստըերի մասին լսեցինք, թե ինչպես կարող է էկոլոգիայի խնդիրն անդրադառնալ վերարտադրողական բժշկության, մասնավորապես` անպտղության խնդրի առաջացման վրա: Մի խոսքով` մենք շրջապատված ենք հազարավոր նյութերով, որոնք ազդում են մարդու վերարտադրողական բջիջների վրա:
- Անպտղության խնդրում բուժման մերթոդը ո?րն է` փոխպատվաստո?ւմը, գուցե` փոխանակ մայրերի ներգրավո?ւմը ...
- Ամեն ինչը, որ անհրաժեշտ է հիվանդին` սկսած հասարակ խորհուրդներից, վերջացրած` թեթևակի բուժումներն` ինֆեկցիաների ուղղությամբ, մի քիչ ավելի խորացված բժշկություն` հորմոնալ խանգարումների դեպքում: Պատահում է արհեստական էսեմինացիա կամ արտամարմնային բեղմնավորում: Հետազոտում ենք խորությամբ և ըստ այդմ` բուժում: Փոխնակ մայրերով շատ չենք զբաղվում, նոր օրենքներ են ընդունվում, առայժմ հետևում ենք դրանց քննարկման ընթացքին:
- Այնուամենայնիվ` Ձեր բուժմիջամտությունը դեղորայքայի?ն, թե` գործիքային է:
- Մեծամասնությունը հիմնականում դեղորայքային է, իսկ էսիմինացիայի դեպքում փոքրիկ, ինվազիվ միջամտություն է կատարվում` մշակում հատուկ տեխնոլոգիաներով և միջոցներով, որպիսիք կան, օգտագործվում են արտերկրում: Կամ` կատարում ենք ներարգանդային էսիմինացիա:
- Ի?նչ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում:
- Ունենք երեք բժիշկներ և քույրեր: Իսկ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաև Հանրապետական ծննդատան` Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկալոգիայի կենտրոնի բուժսարքավորումներից: Ասոցիացիայի միջոցով` տարբեր բուժկենտրոններում ենք կենտրոնացնում վերարտադրողական բժշկությունը: Շուտով նաև Ղարաբաղում ենք ցանկանում նման կենտրոն բացել` ընդլայնել շրջանակները:
- Ձեր տվյալներով` որքա?ն եք գնահատում անպտղության դեմ ՙպայքարի՚ արդյունավետության գործակիցը:
- Անհամեստ չհնչի, բայց Հայաստանում ոչ մեկը չի օգտագործում այն նյութերն ու մեթոդները, որոնք կիրառվում են արտերկրի հայտնի կլինիկաներում և` մեզ մոտ: Դրա հաշվին է, որ ծառայությունները փոքր-ինչ թանկ են, բայց խիստ որակյալ` ինչպես Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Կարող եմ մինչև 75 տոկոս արդյունավետության գործակից նշել, բայց դա միջին ցուցանիշը չի լինի: Բուժման ընդհանուր կուրսում պատահում է, որ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ հետազոտություն կատարել:
- Անպտղության խնդիրներով դիմում են ամուսնական զույգերո?վ` թե յուրաքանչյուրն առանձին և ինչպե?ս են գտնում այս կենտրոնը:
- Որպես օրենք` դիմում են զույգերով: Եթե միայնակ կին է` առանձին: Ի վերջո, երեխա չունենալը զույգի խնդիրն է: Մենք երկուսին միասին ենք բուժում: Հիմնականում` հիվանդն է հիվանդ բերում: Հեռուստատեսային եթերով կամ պարզապես ԶԼՄ-ներով են իմանում մեր գործունեության մասին: Շատերն էլ` ուղղակի չգիտեն, որ վերարտադրողական բժշկությունը վաղուց առանձին ճյուղ է ու այլևս ո’չ ուրոլոգի, ո’չ գինեկոլոգի, ո’չ այլոց խելքի բանը չէ:
- Հետաքրքիր է, եթե ամուսնու կամ կնոջ մոտ բացահայտվում է ինֆեկցիոն հիվանդություն, դա ավելի շատ հանգեցնում է երեխայի ծնունդի?, թե` ամուսնալուծության:
- Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Մեզ դիմողների թվում շատ - շատ են այս կամ այն ինֆեկցիա ունեցողները, պատկերացնո?ւմ եք, որ բոլորն այստեղից հեռանան ամուսնալուծության տրամադրվածությամբ: Ընդհակառակը` այնպես ենք անում, որ ընտանիքն ավելի ամրանա: Կասկածանքներով գալիս են մեզ մոտ` և’ բուժում ենք, և’ հաշտեցնում, և’ ամեն ինչ անում, որ ընտանիքում նոր երեխայի ծնունդ գրանցվի: Մի քիչ` կարող է ճշմարտությունն ուղիղ չասենք, բայց այնպես է մատուցվում, որ ընտանիքը չքայքայվի: Շատ խնդիրներ ուղղակի կապ չունեն սեռավարակների հետ: Չամուսնացած աղջիկների մոտ էլ կարող են լինել նման խնդիրներ:
- Իսկ հետաքրքրվո?ւմ եք Ձեզ դիմողների հետագա ճակատագրով: Գուցե` ցանկալի ծնունդներն անվանակոչվում են նաև բժիշկներիդ անուններով:
- Մենք որ չհետաքրքրվենք, իրենք մեզ գտնում են: Երեխայի հետ գալիս, շնորհակալություն են հայտնում, նկարներն են ուղարկում, ոգևորիչ - հուզիչ տեսարաններ են ստեղծում, բժիշկներին աստվածացնում: Այո’, կան նաև դեպքեր, որ երկար սպասված երեխային անվանակոչել են բժիշկների անուններով, հատկապես` աղջիկներին:
- Ունե?ք կարգախոս որով առաջնորդվում եք:
- Այո’, ՙԱպագան այնտեղ է, ուր ուղղված են մեր հայացքներն այսօր՚: Մենք աշխատում են ճիշտ ուղղությամբ` ոչ միայն մեր հայացքներով, այլև` ուղղորդում ու ճիշտ օգնությունը ժամանակին ենք մատուցում:

Անհատ քաղաքացիներն ակտիվանում են

Տեղի ունեցավ ,,Անհատ քաղաքացիների միության,, ԱՔՄ անդրանիկ հավաքը, որի պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է, գործելաոճով միմյանցից չտարբերվող իշխանությունները: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ միության աշխատանքները համակարգող սոցիալիստ Իշխան Թովմասյանի, անհատ քաղաքացիներին անհրաժեշտ է միավորվել, համախմբվել: Դիմադիր և ընդդիմադիր ուժերից իրենք տարբերվելու են բարձրացված հարցերով և մարտավարությամբ: 




Նրա կարծիքով, կոսմետիկ փոփոխությամբ Ընտրական օրենսգիրքը չի կարող երաշխավորել ազատ և արդար ընտրություններ: Պահանջել են, պահանջում են և պահանջելու են, որ խորհրդարանական ընտրություններում չլինի մեծամասնական ընտրակարգը: Հանրապետության իշխանությունների վերին էշելոններում տեղի ունեցող վերջին ՙկադրային մայմունությունները՚ ժողովրդին ոչինչ չեն տա. ՙԹող իմանան. կադրային կոսմետիկ փոփոխությունները չեն փրկելու ոչ մեկին՚: Պետք է վերանայվի ընտրագրավը, որովհետև դրա հետևանքներից է ընտրակաշառքը, որ արտահայտվում է հենց մեծամասնական ընտրակարգով օլիգարխիկների մասնակցությամբ: Արդյունքում` ԱՔՄ-ը, համաձայն կանոնակարգի` հետևողական է լինելու այս հարցերում ու նաև բարձրաձայնելու է լեռնահանքահումքային ոլորտում թալանը կանխելու խնդիրը: Սոցիալիստական համակարգի կողմնակից ու համախոհ առավելագույնը 9 անդամներ կգլխավորեն Անհատ քաղաքացիների միությունը: Համագործակցելու են ՀԿԿ-ի և ՙՀայ ազգային փրկության՚ կոմիտեի հետ:
ԱՔՄ քարտուղար Ժաննա Իսրայելյանի կարծիքով, իրենց գաղափարական հիմքը սոցիալիստական գաղափարախոսությունն է և սոցիալիստական համակարգի հաստատումը: Եկել է ելքի ժամանակը, ուստի` ակտիվ քարոզչություն են ծավալելու յուրաքանչյուր անհատի միավորման համար:
Հավաքին մասնակցում էին նաև անհատներ տարբեր քաղաքական ուժերից և պարզապես քաղաքագետներ: Նրանցից իրավաբան - փորձագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով էլ` իշխանությունները կարծում են, որ 1 մլն-ից ավելի մարդ ակտիվ չեն, որովհետև զբաղված են ակտիվ տնտեսվարությամբ, և դրանից է հետևում, որ գործազրկության ցուցանիշը պաշտոնական վիճակագրությամբ կազմում է ընդամենը 6 տոկոս, մինչդեռ` Հայաստանում իրենց աշխատանքով ապրող մարդիկ ստեղծում են ներքին արտադրանքի ծավալի միայն 30 տոկոսը: Իսկ օլիգարխներն անցած 18 տարիների ընթացքում ստացել են շուրջ 80 մլրդ դրամի շահույթ և այս ֆոնին պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի 4 մլրդ սեփականության առկայությունն` ըստ մամուլի: Ըստ նրա, Սամվել Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող ՙԱլեքս Գրիգ՚ ՍՊԸ-ն խոշոր հարկային վճարող է, ոչ թե ամենամեծ հարկատուն: Ստվերի դեմ պայքարը պետք է տարվի ընդամենը յուրաքանչյուր ապրանքի գնի վրա ավելացված 20 տոկոս ԱԱՀ-ի գումարը պատշաճ փոխանցելու միջոցով: Մինչդեռ` Հայաստանի քաղաքացին չունի որևէ լծակ պետական կառավարման համակարգը վերահսկելու համար: Անհրաժեշտ է, որ աշխատանքով ապահովված լինի բնակչության մեծամասնությունը, ինչն ամրագրված չէ երկրի գլխավոր օրենքով` ՀՀ Սահմանադրությամբ:
Վերջում` ցավո’ք, Իշխան Թովմասյանը նույնականացրեց սոցիալիստական գաղափարախոսությունն ու` ըստ նրա, դրա ՙսեփականատեր՚ Կոմունիստական կուսակցությունն` ի դեմս Ռուբեն Թովմասյանի:
ԱՔՄ-ի անդրանիկ հավաքին մասնակցում էր նաև ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն, ում համոզմամբ, կապիտալիզմը Հայաստանում չի կարող լուծել տարրական սոցիալական խնդիրը, կապիտալիզմը չունի ապագա և ճգնաժամային իրավիճակում է. ՙՄիևնույն ժամանակ սա պետականության ճգնաժամ է, երբ քաղաքացիները պետությանը չեն վստահում: Յուրաքանչյուր ընտանիք իր վրա զգում է կապիտալիզմի փտած համակարգի վտանգները՚: Համաձայնե’ք, բառերն ու բառակապակցությունները նույն են, ինչպես խորհրդային լճացման տարիներին:
Ռուբեն Թովմասյանը խնդրում և ընկերոջ պես խորհուրդ է տալիս չմոռանալ հայ - ռուսական բարեկամությունը. ՙԵթե Գյումրիից իջեցվի Ռուսաստանի դրոշը, դա կլինի Հայաստանի վերջը՚: Մինչդեռ` Հայաստանին տեր զգացող քաղաքացիներիս կարծիքով, եթե մի դրոշից է կախված մեր երկրի լինել - չլինելը, թերևս` ավելի լավ կլինի իջեցվի այն:

Քաղաքացիական գիտակցությունը շեղվել է

,,Սոցիալիստական կոնֆերանս,, կլոր սեղան - քննարկումները երկու տասնյակից ավելի անգամ բարձրաձայնում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերություններին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Կոնֆերանսի համակարգողն Արամ Մարտիրոսյանն է: Հերթականի հյուրն իրավաբան - փորձագետ Անդրիաս Ղուկասյանն էր, ով ներկայացրեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը` հանրապետությունում սահմանադրական կարգի վերահաստատման ու հանրությանը գործոն դարձնելու հարցերում:
Ըստ նրա, Հայաստանի Սահմանադրությունը երեք գլխավոր խնդիր չի լուծում` քաղաքացու աշխատանքի, դրանից բխող կյանքի ապահովման և պետական համակարգում ընդգրկվածության: Հայաստան պետությունը զրո պարտավորություն ունի իր քաղաքացիների հանդեպ ու մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: ՙՀասարակական կարծիք պետք է փոխվի՚,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը, որ ՙհամակարգը ծառայի անհատին, ոչ թե` հակառակը՚: Աշխատանքով բարեկեցություն ապահովելու մարդու իրավունքը դեռևս 13-րդ դարում է ձևավորվել և դրա մասին պետական ակտեր են ընդունվել: Այն ժամանակ գիտեին, որ բոլորը պետք է ունենան ազնիվ աշխատանքով ապրելու իրավունք: Մինչդեռ 21-րդ դարի Հայաստանում պետությունն այդպիսի էֆեկտիվ պարտավորություններ չի ստանձնում, իսկ քաղաքացիներն, իհարկե բողոքում, անիծում, արտագաղթում են, սակայն ֆունդամենտալ խնդիրը, որ մարդու արժանապատվության հետ է կապված` չի լուծվում, ըստ Անդրիաս Ղուկասյանի, մի պարզ պատճառով, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում չկան այն ուժերը, որոնք այս խնդիրն առաջնային կհամարեն և քաղաքացիներին կօգնեն իրենց իրավունքներն իրացնելու հարցում: Իսկ հասարակությունն ինքնագիտակցությամբ ապրում է հետ անցյալում:
Քաղաքացիական գիտակցությունն, ըստ Անդրիաս Ղուկասյանի, շեղվել է իր բնականոն վիճակից և իշխանությունների կողմից որպես գործիք են օգտագործվում Ղարաբաղի հիմնախնդիրը, Ցեղասպանությունը և այլ նման բաներ: Այս խնդիրներն են իշխանություները մշտապես ներկայացնում հանրությանը որպես պետության հիմնական հարցեր: Մինչդեռ այն խնդիրները, որոնք վերաբերում են մարդկանց կյանքի որակներին, իշխանությունները միշտ առաջարկում են` համբերել, եղածով բավարարվել, մինչև գան ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ էության, Հայաստանի Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն պիտի հայթայթի իր ապրելու համար անհրաժեշտ միջոցներ: Իշխանությունները համոզում են հասարակությանը, որ քանզի երկիրը գտնվում է ոչ բարենպաստ վիճակում, հասարակությունը պետք է հանդուրժի ՙէժան աշխատուժի՚ կարգավիճակը: Մինչդեռ` եթե երկիրը անբարենպաստ պայմաններում է գտնվում, ապա ինչպե±ս է, որ հասարակության մի մասն ապրում է ճոխության մեջ, իսկ մյուսն` աղքատ վիճակում կամ` դրա եզրին: Դա, ըստ Անդրիաս Ղուկասյանի, փորձ է արվում ներկայացնել որպես բևեռացում: Իրականում` ամեն ինչ արվում է, որ որոշ անձանց անվերջ հարստանալու իրավունքը հասարակությունը պարտավորվի լեգիտիմ ճանաչել, անկախ այն բանից, թե հասարակությունն ինչպես է ապրում. պատերազմի, թե` արտաքին մարտահրավերների մեջ է և այլն: Այս մթնոլորտն իր բացասական հետևանքներն է թողնում քաղաքացիների վարքագծի վրա ...
Արդյունքում` հասարակությունը կորցրել է վստահությունը պետական ինստիտուտի նկատմամբ: Սա պետականությանն ուղղված մարտահրավեր է և այստեղից է բխում անհրաժեշտությունը, որ քաղաքական այնպիսի գործընթաց նախաձեռնվի, որը հանրապետությունը ետ կվերադարձնի քաղաքացիներին: Խնդիրը լավ կամ վատ իշխանությունները չեն, այլ` հանրապետությունից քաղաքացու օգտված լինելը: Հայաստանում պետություն հիմնադրելու բոլոր փորձերը եղել են քաղաքական ուժերի մենաշնորհը: Իսկ քաղաքացիների համար օրինական երկիրը պատկերանում է կատարած յուրաքանչյուր ՙխախտումի՚ համար օրենքը ձեռքին տուգանող տեսուչի տեսքով: Սա ավելի է խորացնում պետություն - քաղաքացի անջրպետը: Պետական ինստիտուտը կառավարվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր տարրական գրագիտություն չունեն: Այդ առումով քաղաքացիները պիտի ներգրավվեն պետականաստեղծ գործընթացի մեջ: Հայաստանի քաղաքացիները կարող են համախմբվել և որոշել հիմնադրել նոր հանրապետություն և դրա համար պետության սանկցիա անհրաժեշտ չէ: Կարող են ստեղծել պետականաստեղծ քաղաքական պրոցես, որն ուղղված կլինի` և’ իշխանությունների, և’ անօրինական կարգը փոխելուն` լեգիտիմ, օրինական դաշտում: