Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, December 25, 2011

Ինչպիսի? Ռուսաստան է պետք Հայաստանին

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող հետընտրական գործընթացները բավական հետաքրքիր են, և բավական մեծ ուշադրություն են գրավել Հայաստանում: Շատերը նույնիսկ ոգևորվել են, ինչպես արաբական իրադարձությունների պարագայում, և փորձում են գուշակել կամ կանխագուշակել, թե ինչ կլինի Ռուսաստանում: 
Այդ տեսանկյունից, թերևս արժե մտածել այն մասին, թե ստեղծված իրավիճակում ի?նչ է պետք Հայաստանին: Հայաստանին իհարկե պետք է, որ Ռուսաստանում իրավիճակը լինի կանխատեսելի` նկատի ունենալով թե այդ երկրում մեծաթիվ հայկական համայնքի, այդ թվում նաև Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների հանգամանքը, ինչպես նաև` Հայաստանի տնտեսա - քաղաքական կյանքում և անվտանգության ոլորտում Ռուսաստանի ունեցած նշանակալի ազդեցությունը: Այդ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հարցից բացի, կարևոր է նաև, թե Հայաստանն ընդհանրապես ինչպիսի± Ռուսաստանի հետ է ուզում գործ ունենալ: Կայունը, կանխատեսելին հասկանալի է, բայց ի?նչ արժեհամակարգով, քաղաքակրթական ի?նչ առանցքով Ռուսաստանն է, որ ցանկալի կամ անհրաժեշտ է Հայաստանի համար որպես ռազմավարական գործընկեր և առավել ևս դաշնակից:
Այդ տեսանկյունից, եթե Հայաստանը հայտարարում է եվրոպական կողմնորոշման մասին` ազատություն, օրինականություն, ժողովրդավարություն, Հայաստանին բնականաբար ձեռնտու է նաև հենց այդպիսի Ռուսաստանը: Այլապես` Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցությունը մշտապես լինելու է այն որակին, ինչ այժմ` Հայաստանի միակողմանի ենթակայություն Մոսկվային, և չենթարկվելու դեպքում բազմաթիվ տնտեսաքաղաքական վտանգներ և սպառնալիքներ:
Մյուս կողմից, այդ ամենը գալիս է ոչ միայն արժեքային խնդիրներից, երբ Ռուսաստանը խանդում է Հայաստանի եվրոպական կողմնորոշմանը, այլ նաև պարզապես ռազմավարական շահերի տարբերությունից: Ռուսաստանը դեմ չի լինի, որ Հայաստանում հաստատվի արևմտաեվրոպական արժեհամակարգ, բայց Մոսկվան հասկանում է, որ դա ոչ թե զուտ արժեհամակարգ է լինելու, այլ լինելու է արդեն բոլորովին նոր Հայաստանի ձևավորման սկիզբ, ինչը արդեն շահերի և պատկերացումների բոլորովին նոր համակարգ է ձևավորելու, որտեղ Ռուսաստանն արդեն կդադարի Հայաստանի և հայության համար ընկալվել որպես միակը և անփոխարինելին: Սակայն, Ռուսաստանում էլ հենց այդ ընկալումը փոխելու համար է թերևս անհրաժեշտ, որ այդ երկրում էլ լինի արժեքների փոփոխություն, մտածողության և պատկերացումների փոփոխություն: Այդ դեպքում, Մոսկվայում խանդով չեն վերաբերի Հայաստանի արժեհամակարգային ընտրությանը և դրա մեջ չեն դիտարկի հակառուսականություն: Բանն այն է, որ Կովկասը կամ Հայաստանը մահակով պահելու ռուսական պատկերացումները, միևնույն է, անարդյունավետ են: Դրանք միևնույն է սպառում են իրենց ուժն, ու Ռուսաստանն աստիճանաբար կորցնելու է թե’ Կովկասը, թե’ Հայաստանը, որովհետև ժամանակի մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնց դեմ անզոր է անգամ ամենազոր թվացող ռուսական կայսերապաշտությունը:
Ի վերջո, դրա ուժը ոչ այնքան ներքին կարողություններն են, որքան դիմացինի հոգեբանական ընկալումները: Ինչպես ասում են` սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է: Ռուսաստանն այդքան անփոխարինելի չէ Հայաստանի համար, որքան թվում է, և Ռուսաստանն այդքան ամենակարող չէ Հայաստանի համար, որքան թվում է հենց հայերին: Պարզապես Հայաստանն ու հայությունը պետք է այդ հոգեբանական ընկալումը հաղթահարեն, ու ժամանակի ընթացքում դա հաղթահարվում է նոր սերնդի ձևավորման հետ մեկտեղ: Այլ կերպ ասած, դա մի անխուսափելի գործընթաց է, որը դանդաղ, բայց փոխելու է իրավիճակը: Հետևաբար` Ռուսաստանի համար առավել նախընտրելի է փոխվել այդ իրավիճակին համարժեք, քան դիմել անհամարժեք դիմադրության:
Այդ փոփոխությունն էլ ավելի է սերտացնելու հայ - ռուսական կապը, բայց արդեն բոլորովին այլ որակներով, բոլորովին այլ, և առավել հուսալի ընկալումներով, քան այն հավերժական բարեկամության երդումները, որոնց տակ բացարձակապես չկա ո’չ միտք, ո’չ սիրտ, ո’չ հոգի, այլ ընդամենը` բարդույթ: Մեծ հաշվով, Հայաստանն իհարկե պետք է անշեղ հետևի իր զարգացման առաջնահերթությունների թելադրանքին, իր պետական և հասարակական շահին ու պահանջներին, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի Ռուսաստանը: Հայաստանի համար Ռուսաստանի այս կամ այն կերպ լինելը չի կարող լինել արդարացում որևէ հարցում այդ թվում մեր երկրի գլոբալ հասարակական - քաղաքական վերափոխումների, բարեփոխումների:
Եվ այդ տեսանկյունից Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն ամենևին չպետք է դիտվեն որպես Հայաստանի համար ճակատագրական: Նույնիսկ եթե դրանք ճակատագրական են` ելնելով ներկայիս իրողություններից, միևնույն է պետք է դադարեն այդպիսին ընկալվելուց, որովհետև Հայաստանի համար ճակատագրական պետք է լինի միմիայն այն, ինչ կատարվում է Հայաստանում: Բայց, պարզապես հարկ է հանրային և քաղաքական մոտեցումները ճշգրտել ցանկացած հարցի, այդ թվում նաև գործընկեր պետություններում առկա իրավիճակների վերաբերյալ, որպեսզի մենք հստակ դիրքորոշումներ և մոտեցումներ ունենանք այդ երկրներում բոլոր իրավիճակների համար, ու այդ իրավիճակները մեզ երբեք չկարողանան կանգնեցնել փաստի առաջ:

No comments:

Post a Comment