Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, December 18, 2011

ՙՊետք չէ ճապոնացի լինել կարատեի մրցաշարերում հաղթելու համար ...՚


Հայաստանի սպորտում ընդհանրապես ու արևելյան մարտարվեստի ձևերի ֆեդերացիաներում մասնավորապես ի±նչ իրավիճակ է տիրում, ի±նչ է կատարվում: Վերջերս` հայաստանյան հեռուստալրատվությամբ հեռարձակված մի լուրն էլ պատճառ հանդիսացավ սպորտի այս տեսակով հետաքրքրվելու համար: Ըստ մոսկվայաբնակ մեր հայ ընթերցողների, ինչ որ կարատեի ֆեդերացիա` մրցումներից հաղթանակած վերադառնալով, հայտարարել է, թե քանի որ կարատեն օլիմպիական մարզաձևերի մեջ չի մտնում, իրենք զրկված են պետության կողմից տարրական ուշադրությունից: Որքան փնտրեցինք, այդպես էլ` չգտանք հայտարարատուներին: Փնտրտուքի ճանապարհին զրույցներ ունեցանք կարատեի տարաբնույթ ձևերի ֆեդերացիաների նախագահների հետ: Այս անգամ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Հայաստանի ավանդական Կարատե Դո ֆեդերացիայի նախագահ, 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանի հետ:




- Պարոն Մաթևոսյան, ինչպե±ս կբնորոշեիք Հայաստանի կարատեի ձևերի ու համապատասխան ֆեդերացիաների ու դրանց նախագահների գործունեությունը: Մրցակցություն կա± և որքանո±վ է քաղաքակիրթ:

- Հայաստանում կան կարատեի բազմաթիվ դպրոցներ` ավանդական և սպորտային կարատեների ձևերում: Մենք ավանդական կարատեի ներկայացուցիչն ենք Հայաստանում: Կարատե դո-ի ոլորտում  մեզնով են ճանաչում Հայաստանը: Մերը միակ ֆեդերացիան է, որը լիցենզավորված է ավանդական կարատեի միջազգային կենտրոնի կողմից: Բնական է, որ Հայաստանում մրցակցություն պետք է լինի, որպեսզի լավագույնն ընդգծվի: Ֆեդերացիաները բազմաթիվ են, սակայն միջանձնային և բոլոր տեսակի հարբերությունները նորմալ են, միմյանց հետ խնդիրներ չունենք: Բոլորս էլ ձգտում ենք, որ ամբողջ աշխարհում ավելի շատ բարձրացվի Հայաստանի դրոշն ու հնչեցվի հիմնը:

- Ի±նչ մրցումների եք մասնակցել և ի±նչ արդյունքներ ունեք:

- Վերջերս մենք մասնակցեցինք Եվրոպայի մրցաշարին, որը տեղի էր ունենում Իսրայելի Երուսաղեմ քաղաքում, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի մեր մարզիկները: Ի դեպ, այնտեղի ֆեդերացիան երևանյան մեր կենտրոնի մասնաճյուղն է: Արցախից մասնակցում էին 3 մարզիկ, մեկ մարզիչ, իսկ Հայաստանից` 5 մարզիկ, մեկ մարզիչ: Մերոնցից մեկը` 16 - 18 տարեկանների խմբում` Նարեկ Մովսիսյանը գրավեց առաջին պատվավոր մրցանակային տեղը: Նա երկրորդ դան ունեցող մարզիկ է, բավակ լուրջ և ցանկալի արդյունքներ է գրանցում: Մասնավորեմ, որ ավանդական կարատեում չկա քաշային կարգ, մրցում են զուտ տարիքային խմբերը` 16 - 18 և դրանից բարձր: Ավանդական կարատեում կա 6 մրցաձև. անհատական կատա, թիմային կատա, անհատական կոմիտե, թիմային կոմիտե, էնդու և ֆուգու: Նարեկ Մովսիսյանը անհատական կոմիտե մրցաձևից Հայաստանի չեմպիոնն է:

- Ֆեդերացիան ինչպե±ս է լուծում մրցումներին մասնակցության և ընդհանրապես, ֆինանսական խնդիրները:

- Ֆեդերացիայի անդամները վճարում են տարեկան անդամավճարներ: Ունենք հազարից ավելի անդամներ, սակայն մուծումները չնչին են և հիմնական բյուջեն ձևավորվում է այդ միջոցներով: Իսկ մրցումների մասնակցության համար հովանավորներից գումարները հայթայթում են կա’մ մարզիկը, կա’մ մարզիչը: Եթե ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա կարող ենք ամենատարբեր մրցաշարերում ներկայացնել շատ մարզիկների և ավելի շատ դրական արդյունքներ ունենալ: Մենք միջազգային ֆեդերացիայի անդամ ենք, բազում հրավերներ ենք ստանում. յուրաքանչյուր տարի անցկացվում են` կա’մ աշխարհի, կա’մ Եվրոպայի առաջնություններ, ինչպես նաև` փոքրերի համար կան շատ մրցաշարեր: Այս տարի, օրինակ, Լեհաստանում առաջին անգամ անցակցվել է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի մանկապատանեկան առաջնությունը: Մեր հաջողություններն են. մեկ առաջին և երկուական երկրորդ և երրորդ տեղեր: Հայաստանն` ի թիվս աշխարհի հզոր ու մեծ երկրների, այդքան սպորտային հաջողություններ է արձանագրում միայն կարատեի` արևելյան մարտարվեստում: Այնպես որ` պարտադիր չէ ճապոնացի լինել կարատեի մրցաշարերում հաղթելու համար ...

- Ինչպե±ս եք կատարում Կարատե Դո-ի դպրոցում ընդունելությունը, ի±նչ կարգով:

- Ընդունում ենք 5 տարեկանը, 5 ամսեկանն ու հինգ օրականը լրացած բոլոր ցանկացողներին: Կարատե Դո-ում կարգն է այդպիսին, ըստ ճապոնական մեթոդիկայի: Տարբեր տարիքի մարզիկներ ունենք, կան այնպիսիք, ովքեր պարզապես մարզվում են` իրենց ֆիզիկական առողջության համար, կան մարզիկներ, ովքեր ձգտում են խորանալ այս մասնագիտության մեջ և հաջողություններ գրանցել այս ասպարեզում: Կան շատերը, որ մարզվում են ողնաշարի հետ կապված խնդիրներ չունենալու կամ` դրանց առկայության դեպքում. շտկելու համար: Մեր մարզիչները տարին մեկ անգամ վերապատրաստվում են աշխարհում հայտնի սենսեյների, վարպետների մոտ, յուրացնում են շնչառական և մարզական բոլոր հմտություններն ու փոխանցում մարզիկներին: Մեզ մոտ առողջության պահպանման համար հատուկ պարապմունքներ ենք անցկացնում, որը պարտադիր է բոլորի համար: Մարզիկներն` իհարկե, բոլորը չեն կարող դառնալ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոններ, բայց նրանք ամուր առողջություն և ինքնապաշտպանական հնարավորություն են ձեռք բերում: Լավ ունակություններ ունեցողներին, իհարկե, աջակցում ենք միջազգային ասպարեզ դուրս գալու և հետագա հաջողությունների ճանապարհին:
Ինքս 25 տարի է պարապում եմ այս մարտարվեստով, ունեցել եմ բազմաթիվ մարզիկներ, ովքեր հասել են մինչև չորրորդ դանի, որը շնորհում է Եվրոպայի ավանդական կարատեի ֆեդերացիայի փոխնախագահն, ով նաև Լեհաստանի ֆեդերացիայի նախագահն է` Վլադիմիր Գյուչենսկին: Նա տարին մեկ անգամ մեզ մոտ կազմակերպում է սեմինար պարապմունքներ, իսկ ցանկացողներից քննություն է ընդունում և շնորհում համապատասխան դանի աստիճան: Դրա արդյունքում` կարողանում ենք մեր սաներին ճիշտ փոխանցել ավանդական մարտարվեստի բոլոր գաղտնիքները:

- Վերջում ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

- Թերթի ընթերցողներին կցանկանայի դիմել, ովքեր կցանկանան աջակցել մեզ, մեր լավագույն մարզիկներին ու մարզիչներին` Գևորգ Սարգսյանին, Ալբերտ Մինասյանին, Արամ Գևորգյանին, ովքեր գերազանց մարզիչներ են և շատ լավ սաներ ունեն:

No comments:

Post a Comment