Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, December 5, 2011

Վաճառելով արժանապատվությունը ...

Այսպես կոչված բարերար Սերոբ Տեր-Պողոսյանի հայտնի պատմության մեջ հանրային տարբեր շրջանակներին ոչ միայն Տեր-Պողոսյանի արարքն էր ցնցել ու զայրացրել, այլ նաև նրա դատական գործընթացի ընթացքում հանցագործին արդարացնելու փորձերը, որ կատարել էին նրա ՙզոհը՚ դարձած երեխաների ծնողները: Եվ հանրության մի մասն արդարացիորեն բարձրացնում է նաև այդ ծնողներին պատասխանատվության ենթարկելու, նրանց բարոյական նկարագրի հարցը դնելու խնդիրը, դա համարելով այդ ամբողջ պատմության մեջ ամենաողբերգական դրվագը:


Իսկապես, Սերոբ Տեր-Պողոսյանի արարքը, նրա պղծած անչափահասների ծնողների կեցվածքի համեմատ, կարծես թե ընդամենը մի խուլիգանություն է թվում: Գուցե այդ համեմատությունը շատերի համար հնչի, բայց երբ ծնողն արդարացնում է իր զավակին պղծողին, ապա այդ ծնողի ֆոնին պղծողը պատկերանում է որպես խուլիգան: Ու թերևս հենց այդպես էլ վարվել է դատարանը, Սերոբ Տեր-Պողոսյանին ոչ թե որպես մանկապիղծ ցմահ բանտարկելով, այլ ընդամենը 15 տարի ազատազրկման դատապարտելով, որովհետև ՙսերիական՚ մանկապիղծին 15 տարի դատելը նշանակում է նրան դատել որպես խուլիգանի:
Մյուս կողմից, իր անչափահաս զավակին պղծող ծնողներին գուցե պետք է ոչ թե դատել, այլ խղճալ, նրանց համար հոգեկան կամ հոգեբանական բուժում նշանակել, որովհետև նրանց արարքը խելագարության պես մի բան է, մի բան, որ նորմալ մարդը իրեն երբեք թույլ չէր տա: Ծնողների կեցվածքը իսկապես ամենամեծ ողբերգությունն է, բայց գուցե ընդամենը այդ լոկալ դեպքի համատեքստում, որովհետև երբ հարցը մի փոքր ավելի լայն համատեքստում դիտարկենք, ապա ծնողների կեցվածքը ամենամեծ ողբերգության հետևանքն է միայն` այն ողբերգության, որ կյանքի տեսքով տեղի է ունենում Հայաստանի հեռավոր մարզերում: Եվ ինչքան մարզը հեռու է Երևանից, այդքան կարծես թե մեծ է ողբերգությունը:
Ողբերգությունն այն իրականությունն է, որ ծնողներին հասցրել է այդ աննորմալության, հոգեբանական խեղման այն աստիճանի, որ նրանք կարող են մանկապիղծին բարերար դիտարկել: Իսկ գուցե ծնողների արձագանքը միանգամայն ադեկվա?տ է այն իրավիճակին, որ առկա է նրանց բնակավայրերում, նրանց շուրջը: Միգուցե ծնողն առավել լայն ու խո?րն է պատկերացնում իրավիճակը, զո’ւտ հոգեբանական, զո’ւտ ենթագիտակցական առումով, ու հասկանում, որ իր զավակին պղծում է իրականությունը, ոչ թե` ասենք, Սերոբ Տեր-Պողոսյանը:
Երևի մենք ենք բարեկեցիկ և բարգավաճ Երևանից կամ Արարատյան դաշտավայրից սթափ գիտակցությամբ նայում այդ ամենին և դատապարտում: Իսկ ի±նչ կա այդ ամենի մեջ, ինչքան սերոբտերպողոսյաններ ու նրանց արդարացնող ծնողներ կան մեր մյուս հեռավոր մարզերում, գյուղերում, քաղաքներում, որոնք վերածվել են իրականում աշխարհից կտրված գետտոների, ուր իշխանությունն իր անելիքը համարում է այն, որ ամեն մի այդպիսի գետտոյի համար մի մեծահարուստ հովանավոր գտնի, որ հովանավորն այդ գետտոն լավ պահի, իսկ գետտոյի բնակչությունն էլ զբաղվի հովանավորին օրհնելով, ու իշխանությանը պահանջներ ու բողոքներ չներկայացնի:
Սարսափելի է իհարկե, երբ մարդիկ կարող են հասնել այդ աստիճանի, սոցիալական կարիքների բավարարման դիմաց վաճառելով իրենց արժանապատվությունը, իրենց զավակների արժանապատվությունը: Բայց, մինչ այդ մարդկանց դատապարտելը կա’մ դատապարտում պահանջելը, կա’մ դրան զուգահեռ, դրան հավասար, պետք է բարձրացնել նաև հարցը, թե ինչի± կամ ո±ւմ անգործության հետևանքով են հանրապետության մարզերը վերածվել սոցիալ - հոգեբանական անպատվության գետտոների, որտեղ բարոյականությունն ամենաազատ փոխարկելի տարադրամն է:
Չէ որ դա է գլխավոր հարցը, որովհետև այդ մարդիկ իրենց միջավայրի զոհերն են, իրենց անզորության զոհերը, որովհետև Երևանից նրանցից միայն պահանջում են` պահանջում են ձայն ընտրության ժամանակ, պահանջում են լռություն ընտրությունից հետո, պահանջում են նստել տեղում հանրահավաքների ժամանակ, պահանջում են կռանալ բարերարների և բարեգործների ժամանելուն պես: Ու որքան էլ նրանք մեղավոր են հանձնվելու համար, միևնույն է, պետք է դնել նաև ՙհանձնողների՚ պատասխանատվության հարցը` իրավասուների բուրգի պատասխանատվության հարցը, որ սկսվում է Երևանից և բրգաձև ընթացքով հասնում մինչև մարզային և տարածքային չինովնիկներ` խորհրդանշելով ՙարդարացի՚ մանկապղծության հայաստանյան ՙֆենոմենը՚: Չէ որ այդ մարդկանց այդպես են դրել ՙմահ կամ մանկապղծություն՚ դիլեմայի առաջ: Եվ որքան էլ ցինիկ չհնչի այդ ողբերգական ֆոնին, այդուհանդերձ ստացվում է, որ նրանց մեղքը ոչ այնքան մանկապիղծին արդարացնելն է, որքան` չմահանալը:

No comments:

Post a Comment