Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, December 25, 2011

Ինչպիսի? Ռուսաստան է պետք Հայաստանին

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող հետընտրական գործընթացները բավական հետաքրքիր են, և բավական մեծ ուշադրություն են գրավել Հայաստանում: Շատերը նույնիսկ ոգևորվել են, ինչպես արաբական իրադարձությունների պարագայում, և փորձում են գուշակել կամ կանխագուշակել, թե ինչ կլինի Ռուսաստանում: 
Այդ տեսանկյունից, թերևս արժե մտածել այն մասին, թե ստեղծված իրավիճակում ի?նչ է պետք Հայաստանին: Հայաստանին իհարկե պետք է, որ Ռուսաստանում իրավիճակը լինի կանխատեսելի` նկատի ունենալով թե այդ երկրում մեծաթիվ հայկական համայնքի, այդ թվում նաև Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների հանգամանքը, ինչպես նաև` Հայաստանի տնտեսա - քաղաքական կյանքում և անվտանգության ոլորտում Ռուսաստանի ունեցած նշանակալի ազդեցությունը: Այդ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հարցից բացի, կարևոր է նաև, թե Հայաստանն ընդհանրապես ինչպիսի± Ռուսաստանի հետ է ուզում գործ ունենալ: Կայունը, կանխատեսելին հասկանալի է, բայց ի?նչ արժեհամակարգով, քաղաքակրթական ի?նչ առանցքով Ռուսաստանն է, որ ցանկալի կամ անհրաժեշտ է Հայաստանի համար որպես ռազմավարական գործընկեր և առավել ևս դաշնակից:
Այդ տեսանկյունից, եթե Հայաստանը հայտարարում է եվրոպական կողմնորոշման մասին` ազատություն, օրինականություն, ժողովրդավարություն, Հայաստանին բնականաբար ձեռնտու է նաև հենց այդպիսի Ռուսաստանը: Այլապես` Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցությունը մշտապես լինելու է այն որակին, ինչ այժմ` Հայաստանի միակողմանի ենթակայություն Մոսկվային, և չենթարկվելու դեպքում բազմաթիվ տնտեսաքաղաքական վտանգներ և սպառնալիքներ:
Մյուս կողմից, այդ ամենը գալիս է ոչ միայն արժեքային խնդիրներից, երբ Ռուսաստանը խանդում է Հայաստանի եվրոպական կողմնորոշմանը, այլ նաև պարզապես ռազմավարական շահերի տարբերությունից: Ռուսաստանը դեմ չի լինի, որ Հայաստանում հաստատվի արևմտաեվրոպական արժեհամակարգ, բայց Մոսկվան հասկանում է, որ դա ոչ թե զուտ արժեհամակարգ է լինելու, այլ լինելու է արդեն բոլորովին նոր Հայաստանի ձևավորման սկիզբ, ինչը արդեն շահերի և պատկերացումների բոլորովին նոր համակարգ է ձևավորելու, որտեղ Ռուսաստանն արդեն կդադարի Հայաստանի և հայության համար ընկալվել որպես միակը և անփոխարինելին: Սակայն, Ռուսաստանում էլ հենց այդ ընկալումը փոխելու համար է թերևս անհրաժեշտ, որ այդ երկրում էլ լինի արժեքների փոփոխություն, մտածողության և պատկերացումների փոփոխություն: Այդ դեպքում, Մոսկվայում խանդով չեն վերաբերի Հայաստանի արժեհամակարգային ընտրությանը և դրա մեջ չեն դիտարկի հակառուսականություն: Բանն այն է, որ Կովկասը կամ Հայաստանը մահակով պահելու ռուսական պատկերացումները, միևնույն է, անարդյունավետ են: Դրանք միևնույն է սպառում են իրենց ուժն, ու Ռուսաստանն աստիճանաբար կորցնելու է թե’ Կովկասը, թե’ Հայաստանը, որովհետև ժամանակի մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնց դեմ անզոր է անգամ ամենազոր թվացող ռուսական կայսերապաշտությունը:
Ի վերջո, դրա ուժը ոչ այնքան ներքին կարողություններն են, որքան դիմացինի հոգեբանական ընկալումները: Ինչպես ասում են` սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է: Ռուսաստանն այդքան անփոխարինելի չէ Հայաստանի համար, որքան թվում է, և Ռուսաստանն այդքան ամենակարող չէ Հայաստանի համար, որքան թվում է հենց հայերին: Պարզապես Հայաստանն ու հայությունը պետք է այդ հոգեբանական ընկալումը հաղթահարեն, ու ժամանակի ընթացքում դա հաղթահարվում է նոր սերնդի ձևավորման հետ մեկտեղ: Այլ կերպ ասած, դա մի անխուսափելի գործընթաց է, որը դանդաղ, բայց փոխելու է իրավիճակը: Հետևաբար` Ռուսաստանի համար առավել նախընտրելի է փոխվել այդ իրավիճակին համարժեք, քան դիմել անհամարժեք դիմադրության:
Այդ փոփոխությունն էլ ավելի է սերտացնելու հայ - ռուսական կապը, բայց արդեն բոլորովին այլ որակներով, բոլորովին այլ, և առավել հուսալի ընկալումներով, քան այն հավերժական բարեկամության երդումները, որոնց տակ բացարձակապես չկա ո’չ միտք, ո’չ սիրտ, ո’չ հոգի, այլ ընդամենը` բարդույթ: Մեծ հաշվով, Հայաստանն իհարկե պետք է անշեղ հետևի իր զարգացման առաջնահերթությունների թելադրանքին, իր պետական և հասարակական շահին ու պահանջներին, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի Ռուսաստանը: Հայաստանի համար Ռուսաստանի այս կամ այն կերպ լինելը չի կարող լինել արդարացում որևէ հարցում այդ թվում մեր երկրի գլոբալ հասարակական - քաղաքական վերափոխումների, բարեփոխումների:
Եվ այդ տեսանկյունից Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն ամենևին չպետք է դիտվեն որպես Հայաստանի համար ճակատագրական: Նույնիսկ եթե դրանք ճակատագրական են` ելնելով ներկայիս իրողություններից, միևնույն է պետք է դադարեն այդպիսին ընկալվելուց, որովհետև Հայաստանի համար ճակատագրական պետք է լինի միմիայն այն, ինչ կատարվում է Հայաստանում: Բայց, պարզապես հարկ է հանրային և քաղաքական մոտեցումները ճշգրտել ցանկացած հարցի, այդ թվում նաև գործընկեր պետություններում առկա իրավիճակների վերաբերյալ, որպեսզի մենք հստակ դիրքորոշումներ և մոտեցումներ ունենանք այդ երկրներում բոլոր իրավիճակների համար, ու այդ իրավիճակները մեզ երբեք չկարողանան կանգնեցնել փաստի առաջ:

Wednesday, December 21, 2011

ՄտավոՌականի երեկն ու այսօրը

Մի հին լուսանկար կա, որում երևի կռվի տարիներին Հրանտ Մաթևոսյանը հանդիպում է կռիվ գնացող զինվորների հետ: Ինձ թվում է` մտավորականների հանդիպում է, քանի որ էնտեղ Հրանտից բացի էլի մտավորականներ կան և, եթե չեմ սխալվում, նրանցից մեկը Մերուժան Տեր-Գուլանյանն է: Շատ լավ փաստ է, հայ մտավորականները ոգևորում են կռիվ գնացող զինվորներին:


Մի քանի օր առաջ Քաջարանում էինք: Իմացանք, որ Սյունիքի «հերոս» մարզպետը գալիս է գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ: Երբ եկավ մարզպետի սև մեքենաների շքախումբը, մեզ համար մի փոքր անակնկալ էր, որ մարզպետի մեքենաներից առաջինը իջած «շլյապայով» և շարֆով տղամարդը ներկայացավ որպես գրող, հպարապակախոս, մտավորական Մերուժան Տեր-Գուլանյան:
Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու էր Սյունիքի մարզպետը` իր շքախմբով և իրեն մտավորական անվանող Մերուժան Տեր-Գուլանյանը ոտքից մինչև մազերի ծայրը սև շորեր հագած եկել հանդիպման: Սկզբում մտածեցինք` գուցե համաշխարհային նորաձևություն թելադրողները Ձմեռ 2011-12-ը հայտարարել են սև գույների ՁՄԵՌ, որպեսզի մարդը լավ երևա համատարած սպիտակ ձյան ֆոնի վրա: Գուցե, չգիտեմ: Բայց շատ շուտով մենք համոզվեցինք, որ դա ուներ բոլորովին այլ բացատրություն, որը ընդհանրապես կապ չունի համաշխարհային նորաձևության հետ:

Մարզպետը իր աշխատակազմով եկել էր Քաջարան` գյուղի թաղմանը և իր հետ բերել էր հայտնի մտավորականին, որպեսզի վերջինս մի ճոխ մահախոսական կարդար «հանգուցյալ» գյուղի համար: Բայց ... բայց ի զարմանս իրենց, նրանք հանդիպեցին դեռևս ապրող, շնչող և ավելին` հողի համար կռիվ տվող գյուղին ու գյուղացուն: Ցավոք սրտի, մեր մտավորականը չկարողացավ կարդալ նախօրոք պատրաստած մահախոսականը, ընդհակառակը` նրա գալու նախորդ օրը գյուղում հարսանիք էր եղել:
Էնպես, որ «սիրելի´» Մերուժան, կներեք, որ առանց Ձեր կարծիքը հաշվի առնելու և Ձեզ տեղյակ պահելու շարունակում են ապրել, հարսանիքներ անել, երեխաներ ունենալ և հողը պահել թե´ թուրքերից և թե´ «հայերից»: Հա´, չմոռանամ, մի կարևոր բան էլ, չնայած Դուք շատ ջանք էիք գործադրել Ձեր արտաքին տեսքը մտավորականին նմանեցնելու համար, բայց ցավում եմ` մի տեսակ չէր ստացվել: Ախր ոնց ասեմ, մտավորականը «շլյապայով» ու վզին շարֆ փաթաթելով չի էլի: Մի ուրիշ, շա՜տ փոքրիկ, բայց կարևոր բան էր պակասում, չգիտեմ` ինչ, բայց հաստատ պակասում էր, ու էդ պակասը արտաքինի հետ ոչ մի կապ չունի:
Պարո´ն մտավորական, երկու ժամից ավել ջուր ծեծելու փոխարեն, բարի լինեիք մտնել գյուղացիներից մեկի տուն ու սեփական աչքով տեսնեիք, թե ինչպես է ապրում գյուղացին, հետաքրքրվեիք նրա առողջությամբ, գոնե իմացա՞ք չորս հերթափոխով աշխատող գյուղացու աշխատավարձի իրական չափը, նեղություն տայիք Ձեր ոտքերին և մտնեիք Քաջարանի հիվանդանոց և մտածեիք, թե Դուք քանի վայրկյան կպարկեիք այդ հիվանդանոցում: Դե իհարկե, Դուք իրավունք չունեք Ձեր «պայծառ» և «ստեղծագործ» ուղեղը ծանրաբեռնել նման մանրուքներով, ու՞մ է հետաքրքիր գյուղացու ապրուստը կամ առողջությունը:
Ձեր գրիչը պետք է գովերգի միայն մեր «հերոս» մարզպետներին և «բարերար» օլիգարխներին (հետաքրքիր է` ինչ արժե մարզպետ կամ օլիգարխ գովերգելու մեկ տառը):
Պարոն Տեր-Գուլանյան, Ձեր խոսքերի մեջ անընդհատ շեշտում էիք, թե կառավարությունը որոշել է, որ հողերը հանքին տալը հանրային գերակա շահ է:

Ա´յ պարոն մտավորական, Ձեր գալուց առաջ մի քարտեզ վերցնեիք ու քարտեզի վրա գտնեիք Քաջարան գյուղը և եթե դպրոցում Ձեզ բացատրել են, թե ինչ բան է մասշտաբը, հաշվեիք, թե Քաջարան գյուղը ինքան է հեռու Նախիջևանի սահմանից: Մի փոքր մտածեիք էլի, սահման պահող գյուղացուն տնից զրկելը, ո՞նց կարող է լինել գերակա շահ, սահման պահող զինվորի թիկունքին կանգնած գյուղը վերացնելը ո՞նց կարող է լինել գերակա շահ: Եվ այն էլ այն դեպքում, որ այդ գերակա շահ կոչվածը բարձում են վագոններ և նավերը ու տանում Գերմանիա:

«Հեռատես» և «ազգասեր» է մեր մտավորականը, խոսք չունեմ:
«Տո´ խելոք,- կասեր Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը,- որ գյուղացին զինվորի մեջքին չլինի, որ գյուղը զինվորի թիկունքում կանգնած չլինի, էդ զինվորը ի՞նչը պիտի պահի»:
Մի քիչ մտածեք, ա´յ մտավորական, գրող, հրապարակախոս:

Չէ´, պարոն Մերուժան, դուք մեր մտավորականը չեք, հաստա´տ:
Մեր սերունդը չի ուզում Ձեզ նման «վա՜յ մտավորական»:
Մեր պատկերացրած մտավորականը պետք է գար Քաջարան գյուղ, և եթե նույնիսկ Քաջարանը սահմանամերձ չլիներ և այնտեղ բնակվեր թեկուզ և մի ծերունի, մեր մտավորականը պետք է կանգներ այդ ծերունու կողքին և չթողներ, որ որևէ օլիգարխ կամ կառավարություն վերացնի այդ ծերունու տունն ու գյուղը:
Էլ ի՞նչ ասենք սահմանամերձ ու բնակեցված գյուղի մասին, թեկուզ և 60-70 հոգանոց (ինչպես Դուք եք ասում, որը ճիշտ չէ):
Մեր պատկերացրած մտավորականը կառավարությունից և հանքատերերից պետք է պահանջի, որ հայ գյուղացին ոչ մի խնդիր չունենա, որ հանքում աշխատող բանվորը վճարվի իր աշխատանքին համապատասխան, որ ստանա իսկական բուժօգնություն, որ ապրի մարդուն վայել, որ չորս հերթափոխով չաշխատի, որ մթերային խանութներից պարտք չանի ու էսպիսի շատ ու շա՜տ խնդիրների մասին պետք է բարձրաձայնի մեր մտավորականը:
Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է ճշմարտությունը ջրի երես հանել, պարտավոր է ճշմարտությունը ասել ամենքին ու ամենուրեք` լինի երկրի նախագահը, կառավարությունը կամ օլիգարխը:
Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է պաշտպանել գյուղը, բնությունը, ամեն մի ծառը, ծաղիկն ու քարը:
Չէ´, պարոն Մերուժան Տեր-Գուլանյան, դուք մեր սերնդի մտավորականը չեք, մենք ուրիշ սերունդ եք: Դուք մնացել եք անցած դարի 60-70-ական թվականներում ու դեռ շարունակում եք գովերգել բնության ու գյուղացու հաշվին հանքարդյունաբերություն զարգացնելը, մեր սերնդի մտավորականը պահանջատեր է և ոչ թե խնդրող:
Մեր սերունդը հոգնել է խնդրելուց, լացելուց, աղաչելուց, ողբալուց ու վախենալուց:
Էլ չկան նման բաներ, ժամանակները փոխվել են, Ձեր հոգնած ոտքերը այլևս չեն հասցնում ժամանակի հետևից (չնայած չեմ կարծում, որ երիտասարդ տարիներին քայլել եք ժամանակին համընթաց):
Թեկուզ և ման գաք մարզպետների ու օլիգարխների թանկարժեք ու սև մեքենաներով, մեկ է, չեք հասնելու ժամանակի ետևից, մի պարզ պատճառով, Դուք գնում եք հակառակ ուղղությամբ:
Իսկ հիմա այն հին լուսանկարի ու Հրանտ Մաթևոսյանի մասին:
Ամաչե´ք այդ լուսանկարի համար:
Հրանտ Մաթևոսյանի ամեն մի տողը, ամեն մի բառը գյուղացու, ծառի ու կենդանու գովերգությունն է:
Հրանտը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է գյուղացուն ու գյուղին, իսկ ստեղծագործություններում պատկերել է գյուղացու և բնության հանճարեղ ներդաշնակությունը:
Ամեն ինչ արել է , որ քաղաքաբնակներին և առավել ևս աթոռներից կառչած պաշտոնյաներին հասկացնի, որ գյուղացուն չի կարելի պոկել իր հողից ու արմատներից, որ էս երկրի իրական տերը գյուղացին է:
Իսկ դուք ի՞նչ եք անում...ասում եք` գյուղը կիսավեր է , 60-70 հոգի է բնակվում, թքած նրանց վրա, վերջնականապես ավիրեք, ոչնչացրեք, ջնջեք երկրի երեսից:
Գյուղացուն պոկեք իր արմատներից ու տարեք բանտարկեք բետոնի, պանելի մեջ:
Է՜հ, ինչ իմանար Հրանտ Մաթևոսյանը, թե իրականում ով է քայլում իր կողքով: ԱՄՈ´Թ: Եվ մի ապտակ Ձեզ Հրանտի կողմից, որը չի ջնջվելու Ձեր երեսից հազարամյակների ընթացքում:
 
Եվ վերջում մի շատ կարևոր բան էլ.
վերևում` երկնքում, մեր ՄԵԾԵՐԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԸ , ՉԱՐԵՆՑԸ, ՀՐԱՆՏԸ, ՍԱՀՅԱՆԸ, ԿՈՄԻՏԱՍԸ, ՆԱՐԵԿԱՑԻՆ, մի խոսքով մեր ազգի մեծերը` մեր Աստվածները, նստած են մի մեծ, ընդհանուր սեղանի շուրջ աշխարհի ՄԵԾԵՐԻ հետ ու վերևից արթուն աչքով հսկում են, թե ինչ է կատարվում երկրի երեսին: Ու ամեն անգամ, երբ դուք Ձեզ մտավորական եք անվանում, մեր Աստվածները ամոթից գլուխները կախում ու կարմրում են:
Եվ որպեսզի մեր Աստվածներն էլ երբեք նման ամոթալի վիճակի մեջ չհայտնվեն, մենք` երիտասարդներս, Ձեզ մտավորական կոչվելու իրավունքից հետայսու զրկում ենք:
Դուք արդեն ոչինչ եք, դուք չկաք, սև «շլյապայով» ու շարֆով մահացած ստվեր եք մեզ համար: 
Հարություն Կարապետյան
Քաջարան այցելած բնապահպաններ

Արքեպիսկոպոսական բիզնես առօրյա

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շուրջ նոր գործընթացներ են սկսվում. վերջինիս անունը վերստին հոլովվում է մի աղմկահարույց պատմության շրջանակներում: Բանն այն է, որ վերջինիս սանիկը` Հայաստանի քաղաքացի, ոմն Մհեր Ավետիսյանը, 12 միլիոն ԱՄՆ դոլար է ,,քցել,, մի քաղաքացուց, ով բավական լուրջ անձնավորություն է Ռուսաստանում:
Հարուցված քրեական գործը քննել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն Նավասարդ Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերևներից, որ գործը պարզապես ՙջրել՚ են` ապավինելով այն մտքին, որ ՙքցված՚ ներդրողը չի բողոքի, և այս պատմությունը հրապարակային չի դառնա: Ի դեպ, Մհեր Ավետիսյանի ախորժակը ուտելուց է բացվել: Մինչ 12 միլիոն ԱՄՆ դոլարին հասնելը, անհասկանալի գործարքի արդյունքում, կորել է ևս մեկ քաղաքացու 8 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ Մհեր Ավետիսյանը Կճոյանի այն սանիկն է, ով իր քավորին ՙԲենթլի՚ մակնիշի ավտոմեքենա էր նվիրել: Հավելենք, որ ավտոմեքենայի գինը` կախված մոդելից, տատանվում է 100-ից մինչև 500 հազար եվրոյի սահմաններում: Բացի այդ` Մհեր Ավետիսյանին է հաջողվել մայրաքաղաքի Խանջյան փողոցի երկայնքով ձգվող այգին ոչնչացնել և այնտեղ մեծ ռեստորանային համալիր կառուցել` ՙJose՚ անունով, որտեղ հաճախ կարելի է հանդիպել բազմաթիվ տժժացող ,,հոգևորականների,,` հոգևորականի սև սքեմներով և քաղաքացիական հագուստով: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մհեր Ավետիսյանը գործունեություն է ծավալել և ծավալում Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ վերջինիս էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Այս պայմաններում է մեր եկեղեցին, դրա համար էլ` էս օրին ենք ...

Sunday, December 18, 2011

ՙՊետք չէ ճապոնացի լինել կարատեի մրցաշարերում հաղթելու համար ...՚


Հայաստանի սպորտում ընդհանրապես ու արևելյան մարտարվեստի ձևերի ֆեդերացիաներում մասնավորապես ի±նչ իրավիճակ է տիրում, ի±նչ է կատարվում: Վերջերս` հայաստանյան հեռուստալրատվությամբ հեռարձակված մի լուրն էլ պատճառ հանդիսացավ սպորտի այս տեսակով հետաքրքրվելու համար: Ըստ մոսկվայաբնակ մեր հայ ընթերցողների, ինչ որ կարատեի ֆեդերացիա` մրցումներից հաղթանակած վերադառնալով, հայտարարել է, թե քանի որ կարատեն օլիմպիական մարզաձևերի մեջ չի մտնում, իրենք զրկված են պետության կողմից տարրական ուշադրությունից: Որքան փնտրեցինք, այդպես էլ` չգտանք հայտարարատուներին: Փնտրտուքի ճանապարհին զրույցներ ունեցանք կարատեի տարաբնույթ ձևերի ֆեդերացիաների նախագահների հետ: Այս անգամ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Հայաստանի ավանդական Կարատե Դո ֆեդերացիայի նախագահ, 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանի հետ:




- Պարոն Մաթևոսյան, ինչպե±ս կբնորոշեիք Հայաստանի կարատեի ձևերի ու համապատասխան ֆեդերացիաների ու դրանց նախագահների գործունեությունը: Մրցակցություն կա± և որքանո±վ է քաղաքակիրթ:

- Հայաստանում կան կարատեի բազմաթիվ դպրոցներ` ավանդական և սպորտային կարատեների ձևերում: Մենք ավանդական կարատեի ներկայացուցիչն ենք Հայաստանում: Կարատե դո-ի ոլորտում  մեզնով են ճանաչում Հայաստանը: Մերը միակ ֆեդերացիան է, որը լիցենզավորված է ավանդական կարատեի միջազգային կենտրոնի կողմից: Բնական է, որ Հայաստանում մրցակցություն պետք է լինի, որպեսզի լավագույնն ընդգծվի: Ֆեդերացիաները բազմաթիվ են, սակայն միջանձնային և բոլոր տեսակի հարբերությունները նորմալ են, միմյանց հետ խնդիրներ չունենք: Բոլորս էլ ձգտում ենք, որ ամբողջ աշխարհում ավելի շատ բարձրացվի Հայաստանի դրոշն ու հնչեցվի հիմնը:

- Ի±նչ մրցումների եք մասնակցել և ի±նչ արդյունքներ ունեք:

- Վերջերս մենք մասնակցեցինք Եվրոպայի մրցաշարին, որը տեղի էր ունենում Իսրայելի Երուսաղեմ քաղաքում, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի մեր մարզիկները: Ի դեպ, այնտեղի ֆեդերացիան երևանյան մեր կենտրոնի մասնաճյուղն է: Արցախից մասնակցում էին 3 մարզիկ, մեկ մարզիչ, իսկ Հայաստանից` 5 մարզիկ, մեկ մարզիչ: Մերոնցից մեկը` 16 - 18 տարեկանների խմբում` Նարեկ Մովսիսյանը գրավեց առաջին պատվավոր մրցանակային տեղը: Նա երկրորդ դան ունեցող մարզիկ է, բավակ լուրջ և ցանկալի արդյունքներ է գրանցում: Մասնավորեմ, որ ավանդական կարատեում չկա քաշային կարգ, մրցում են զուտ տարիքային խմբերը` 16 - 18 և դրանից բարձր: Ավանդական կարատեում կա 6 մրցաձև. անհատական կատա, թիմային կատա, անհատական կոմիտե, թիմային կոմիտե, էնդու և ֆուգու: Նարեկ Մովսիսյանը անհատական կոմիտե մրցաձևից Հայաստանի չեմպիոնն է:

- Ֆեդերացիան ինչպե±ս է լուծում մրցումներին մասնակցության և ընդհանրապես, ֆինանսական խնդիրները:

- Ֆեդերացիայի անդամները վճարում են տարեկան անդամավճարներ: Ունենք հազարից ավելի անդամներ, սակայն մուծումները չնչին են և հիմնական բյուջեն ձևավորվում է այդ միջոցներով: Իսկ մրցումների մասնակցության համար հովանավորներից գումարները հայթայթում են կա’մ մարզիկը, կա’մ մարզիչը: Եթե ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա կարող ենք ամենատարբեր մրցաշարերում ներկայացնել շատ մարզիկների և ավելի շատ դրական արդյունքներ ունենալ: Մենք միջազգային ֆեդերացիայի անդամ ենք, բազում հրավերներ ենք ստանում. յուրաքանչյուր տարի անցկացվում են` կա’մ աշխարհի, կա’մ Եվրոպայի առաջնություններ, ինչպես նաև` փոքրերի համար կան շատ մրցաշարեր: Այս տարի, օրինակ, Լեհաստանում առաջին անգամ անցակցվել է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի մանկապատանեկան առաջնությունը: Մեր հաջողություններն են. մեկ առաջին և երկուական երկրորդ և երրորդ տեղեր: Հայաստանն` ի թիվս աշխարհի հզոր ու մեծ երկրների, այդքան սպորտային հաջողություններ է արձանագրում միայն կարատեի` արևելյան մարտարվեստում: Այնպես որ` պարտադիր չէ ճապոնացի լինել կարատեի մրցաշարերում հաղթելու համար ...

- Ինչպե±ս եք կատարում Կարատե Դո-ի դպրոցում ընդունելությունը, ի±նչ կարգով:

- Ընդունում ենք 5 տարեկանը, 5 ամսեկանն ու հինգ օրականը լրացած բոլոր ցանկացողներին: Կարատե Դո-ում կարգն է այդպիսին, ըստ ճապոնական մեթոդիկայի: Տարբեր տարիքի մարզիկներ ունենք, կան այնպիսիք, ովքեր պարզապես մարզվում են` իրենց ֆիզիկական առողջության համար, կան մարզիկներ, ովքեր ձգտում են խորանալ այս մասնագիտության մեջ և հաջողություններ գրանցել այս ասպարեզում: Կան շատերը, որ մարզվում են ողնաշարի հետ կապված խնդիրներ չունենալու կամ` դրանց առկայության դեպքում. շտկելու համար: Մեր մարզիչները տարին մեկ անգամ վերապատրաստվում են աշխարհում հայտնի սենսեյների, վարպետների մոտ, յուրացնում են շնչառական և մարզական բոլոր հմտություններն ու փոխանցում մարզիկներին: Մեզ մոտ առողջության պահպանման համար հատուկ պարապմունքներ ենք անցկացնում, որը պարտադիր է բոլորի համար: Մարզիկներն` իհարկե, բոլորը չեն կարող դառնալ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոններ, բայց նրանք ամուր առողջություն և ինքնապաշտպանական հնարավորություն են ձեռք բերում: Լավ ունակություններ ունեցողներին, իհարկե, աջակցում ենք միջազգային ասպարեզ դուրս գալու և հետագա հաջողությունների ճանապարհին:
Ինքս 25 տարի է պարապում եմ այս մարտարվեստով, ունեցել եմ բազմաթիվ մարզիկներ, ովքեր հասել են մինչև չորրորդ դանի, որը շնորհում է Եվրոպայի ավանդական կարատեի ֆեդերացիայի փոխնախագահն, ով նաև Լեհաստանի ֆեդերացիայի նախագահն է` Վլադիմիր Գյուչենսկին: Նա տարին մեկ անգամ մեզ մոտ կազմակերպում է սեմինար պարապմունքներ, իսկ ցանկացողներից քննություն է ընդունում և շնորհում համապատասխան դանի աստիճան: Դրա արդյունքում` կարողանում ենք մեր սաներին ճիշտ փոխանցել ավանդական մարտարվեստի բոլոր գաղտնիքները:

- Վերջում ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

- Թերթի ընթերցողներին կցանկանայի դիմել, ովքեր կցանկանան աջակցել մեզ, մեր լավագույն մարզիկներին ու մարզիչներին` Գևորգ Սարգսյանին, Ալբերտ Մինասյանին, Արամ Գևորգյանին, ովքեր գերազանց մարզիչներ են և շատ լավ սաներ ունեն:

Wednesday, December 14, 2011

Մխչյանցին աշխատող է

 Տեղական ինքնակառավարման մարմինների 15 ամյակի առիթով Տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից Արարատի մարզի Մխչյան համայնքը ճանաչվել է Հանրապետության 2011 թ. լավագույն գյուղական համայնք: Իսկ քաղաքային համայնքն` Ալավերդին է: Այս ինֆորմացիան հետաքրքրել էր Մոսկվայի մեր հայաշատ ընթերցողներին և նրանց խնդրանքով էլ` հանդիպեցինք ու զրուցեցինք 1983 թ.-ից Մխչյան համայնքի ղեկավար Աշոտ Իսաջանյանի հետ: Զրույցի ընթացքում պարզվեց, որ բացի այդ, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առիթով` ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է նաև ,,Անանիա Շիրակացի,, մեդալով:
 - Բնականաբար, սկզբում` խորհրդային կարգերի օրոք, եղել եմ գյուղխորհրդի նախագահ, այնուհետև` գյուղապետ: Գյուղն ունի 5 հազար 200 բնակիչ, համարվում է հանրապետության խոշոր գյուղերից: Համայնքի վարչական տարածքը 1000 հեկտար է:
- Պարոն Իսաջանյան, ինչպե?ս եղավ, որ հենց Մխչյանը ճանաչվեց լավագույն գյուղական համայնք:
- Նախ` տեղական եկամուտների մասով` մենք բյուջեն կատարել ենք 9 ամսում: Այսօր մեր բյուջեն արդեն 110 տոկոս է: Հավաքագրել ենք բոլոր` հողահարկերն ու գույքահարկերը: Գյուղապետարանի ենթակայությամբ են Մշակույթի տունը, գրադարանը, երաժշտական դպրոցն ու մանկապարտեզը: Մխչյանն առաջիններից է, որ այդ հաստատություններում լոկալ ջեռուցում է ստեղծել, որն էլ հնարավորություն է տալիս, որ ազատորեն աշխատեն ամբողջ տարին: Բոլորը վերանորոգել ենք, Մշակույթի տունը կահավորման փուլում է: /Ի դեպ, հրաշալի կահավորված էր նաև ամբողջ գյուղապետարանն ու գյուղապետի առանձնահարկը` մասնավորապես, որպիսին չկա շատ քաղաքապետարաններում անգամ/: Կարողանում ենք մեր բնակիչների հետ այնպես մարդավարի վերաբերվել, որ մեզնից դժգոհ չմնան և այդպես էլ կա:
- Բայց սովորաբար, երբ ասում ենք Մխչյան` ասոցացվում է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Հովիկ Աբրահամյանի հետ, և` հակառակը: Հաջողությունների թվում որքա?ն է պարոն Աբրահամյանի մասնակցությունը:
- Պարզապես` բարոյական օգնություն է: Թվային տվյալները, որոնց էլ հետևել են մեր հաջողությունները, մեր աշխատանքի արդյունքն են: Իսկ ընդհանրապես, Հովիկ Աբրահամյանը շատ կապված է գյուղի հասարակության հետ, շատ մարդկային է և շատ դժվար է Հովիկ Աբրահամյանի գյուղում գյուղապետ աշխատել: Յուրաքանչյուր փոքրիկ թերություն նրա աչքից չի վրիպում, զգում ենք, գիտակցում ենք, որ եթե որևէ մեկին չկարողանանք օգնել, ապա պիտի դիմի իրեն: Մխչյանցիները բոլորն ունեն հողամասեր, էն գլխից աշխատող ժողովուրդ են: Եթե շատ գյուղերում մարդիկ արևի հետ պատերի տակ ,,արևկողին են տալի,,, ապա մխչյանցին գլուխը կախ աշխատում է իր ջերմոցային տնտեսությունում: Այսօր էլ աշխատում է` ամառ, թե` ձմեռ: Աշխատում - ապրում են: Թամբալներ էլ, իհարկե, կան, ովքեր չեն ուզում աշխատել: Գյուղում երկու գինու գործարաններ կան, ձկնաբուծարաններ, արտադրական ձեռնարկություններ:
- Իսկ Մխչյանում կա? քաղաքական կյանք:
- Քաղաքական կյանք կա, սակայն բացի Հանրապետական կուսակցությունից, այլ կուսակցություններ չկան: Մխչյանցին իր ջերմոցը չի թողնի, գնա միտինգի կամ քաղաքական այլևայլ հանդիպումների մասնակցի: Նա գիտակցում է, որ ով էլ լինի վերևում նստած` ինքն իր ջերմոցում պիտի աշխատի: Բնականաբար, Մխչյանցին ուրախ է, որ Հովիկ Աբրահամյանն է Հանրապետության ղեկավարներից մեկը: Երբ նա դարձավ ԱԺ նախագահ, երբեք Երևանում չապրեց, ամեն օր եկել, գնացել ու բնակչության հետ շփվել է:
- Որքան գիտենք. ,,Հազարամյակի մարտահրավերների,, միջոցով ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջնորդությամբ Մխչյանում ջրհան կայան է կառուցվել: Գործո?ւմ է, ինչպե?ս է ...
- Պարզապես ջրհան կայանի անունն է ,,Մխչյան,,: Այն անգամ գյուղի վարչական տարածքում չի գտնվում: Դրանից, իհարկե, օգտվում են նաև մեր մխչյանցիները, սակայն բնակչությունը գոհ չէ` ջրի գնից, որակից: Ոռոգման ջուրը շատ թանկ է բնակչության համար, որի պատճառով էլ գյուղացիները սեփականաշնորհված հողամասերը քիչ են մշակում, ավելի շատ աշխատում են տնամերձ հողամասերում:
- Մխչյանում հողագործությամբ բնակչությունը լուծում է զուտ սոցիալ - կենցաղայի?ն, թե` նաև բարեկեցության խնդիրները:
- Ե’վ սոցիալական, և’ բարեկեցության: Մխչյանում այսօր երեք սուպերմարկետներ ունենք: Եթե տարիներ առաջ Մխչյանում տներ չէին վերանորոգվում, ապա հիմա շատերը եվրոլուսամուտներ են տեղադրել, երկու տասնյակն էլ նոր տներ են կառուցում: Այսօր շատ բան է փոխվել: Մխչյանցին աշխատող է:
- Այնուամենայնիվ` չկա համայնք, որ չունենա խնդիրներ: Մխչյանում որո?նք են դրանք ...
- Խնդիրներ էլ շատ ունենք: Ամենակարևորը ճանապարհների հարցն է: Ամեն տարի ճանապարհները և’ խճապատում ենք, և’ հարթեցնում, բայց դրանով խնդիրը հիմնավորապես լուծված չի կարելի համարել: Համայնքն իր բյուջեով չի կարող ասֆալտապատման աշխատանք կատարել: Այսօր մեկ քառ.մետր գորգն ավելի էժան է, քան` մեկ քառ.մետր ասֆալտը: Մեր բյուջեն բավարարում է գյուղապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների պահպանման, վերանորոգման, աշխատակազմերի աշխատավարձերի և հարկերի վճարման ու մի մասն էլ բարեկարգման համար: Բոլոր վերանորոգման աշխատանքներն ավարտել ենք, մնացել է ասֆալտապատումը: Եկող փետրվարին, հավանաբար` մենք էլ որոշակի գումար կներդնենք և փողոցների մի մասը կասֆալտապատենք:
- Դա հավանաբար նաև Ձեր նախընտրական խոստումներից է ու դժվար լուծելին:
- Ես 29 տարվա գյուղապետ եմ և չէի կարող նախընտրական խոստում տալ, թե փողոցները կասֆալտապատեմ: Ամեն ինչ խոստացել եմ, բացի ասֆալտապատումից: Չի կարելի խաբել ժողովրդին: Միայն այս տարի մենք 10,5 կմ խմելու ջրի խողովակաշար ենք փոխել: Այս տարին Մխչյանի համար շատ արգասաբեր էր: Իմ երազանքն էր, որ Մխչյանը Հանրապետությունում ճանաչվի լավագույն համայնք, հատկապես` ՏԻՄ-երի 15 ամյակի տարում և ստացվեց ...
- Վերջում` Ձեր խոսքը մխչյանցիներին ...
- Առաջին հերթին շնորհավորում եմ մխչյանցիներին, որովհետև ո’չ իմ կառավարական մեդալը`,,Անանիա Շիրակացի,,, ո’չ Հանրապետությունում լավագույն գյուղական համայնքի ճանաչումը  միայն գյուղապետով չէր կարող լինել: Դա բնակչության, իմ աշխատակազմի ու ավագանու աշխատանքի արդյունքն է: Շնորհավորում եմ` բոլորին, ցանկանում եմ, որ եկող տարի գյուղատնտեսական մթերքների գները մի քիչ բարձրանան, որ ժողովուրդը կարողանա լավ ապրել:

Tuesday, December 6, 2011

Ռուս - թուրքական նոր գործարք

Հետաքրքիր իրավիճակ է Հայկական ատոմակայանի շուրջ: Ռուսական ՙԿոմերսանտ՚-ը գրում է, որ պետական ՙԻնտեր ՌԱՕ՚ ընկերությունը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել ՀԱԷԿ-ի կառավարման վերաբերյալ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2013 թ.-ը: Քանի որ Հայաստանում չկա ատոմային էներգետիկայի ազգային օպերատոր, ՙԻնտեր ՌԱՕ՚-ի այլընտրանք կարող է դառնալ ՙՌոսատոմ՚-ը, սակայն փորձագետները նշում են, որ Հայաստանը լիովին կարող է դիմել ոչ ռուսական օպերատորների օգնությանը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցի ժամանակ նշվել է, որ Ֆրանսիան կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում ատոմային էներգիայի զարգացմանը: Այդ ժամանակ խոսք էր գնում Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու մասին, որում Ռուսաստանը խոստացել էր անհրաժեշտ 5 մլրդ դոլարից տրամադրել 1 մլրդ-ը: Հատկանշական է, որ այժմ Եվրոպայում քննարկվում է ատոմակայանների անվտանգության հարցը, իսկ ՀԱԷԿ ստրես - տեստը կայանալու է 2012 թ.-ին: Թուրքիան հայտարարել է, որ ՀԱԷԿ-ը ոչ անվտանգ սեյսմիկ գոտում է, և Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերություններից է ՀԱԷԿ-ի փակումը: Հնարավոր է, ռուսական ընկերությունը որոշել է օգնել Թուրքիային` դրա դիմաց այդ երկրում ԱԷԿ կառուցելու համար:
Հայաստանն այս իրավիճակում պետք է նոր ազգային օպերատոր նշանակի` ԱԷԿ-ը կառավարելու համար, առավել ևս, որ շուտով Հայաստանում կարող է հայտնվել նաև 2-րդ կայանը:
Հազիվ թե բավարար քանակի մասնագետներ չգտնվեն: Ի դեպ, մասնագետներ կարելի է բերել նաև դրսից, Ֆրանսիան էլ պատրաստ է աջակցել: Հնարավոր է, նրանք նույնիսկ մասնագետներ կլինեն, որոնց Սարկոզին խոստացել է աշխատանքային կարգով գործուղել Հայաստան:

Monday, December 5, 2011

Վաճառելով արժանապատվությունը ...

Այսպես կոչված բարերար Սերոբ Տեր-Պողոսյանի հայտնի պատմության մեջ հանրային տարբեր շրջանակներին ոչ միայն Տեր-Պողոսյանի արարքն էր ցնցել ու զայրացրել, այլ նաև նրա դատական գործընթացի ընթացքում հանցագործին արդարացնելու փորձերը, որ կատարել էին նրա ՙզոհը՚ դարձած երեխաների ծնողները: Եվ հանրության մի մասն արդարացիորեն բարձրացնում է նաև այդ ծնողներին պատասխանատվության ենթարկելու, նրանց բարոյական նկարագրի հարցը դնելու խնդիրը, դա համարելով այդ ամբողջ պատմության մեջ ամենաողբերգական դրվագը:


Իսկապես, Սերոբ Տեր-Պողոսյանի արարքը, նրա պղծած անչափահասների ծնողների կեցվածքի համեմատ, կարծես թե ընդամենը մի խուլիգանություն է թվում: Գուցե այդ համեմատությունը շատերի համար հնչի, բայց երբ ծնողն արդարացնում է իր զավակին պղծողին, ապա այդ ծնողի ֆոնին պղծողը պատկերանում է որպես խուլիգան: Ու թերևս հենց այդպես էլ վարվել է դատարանը, Սերոբ Տեր-Պողոսյանին ոչ թե որպես մանկապիղծ ցմահ բանտարկելով, այլ ընդամենը 15 տարի ազատազրկման դատապարտելով, որովհետև ՙսերիական՚ մանկապիղծին 15 տարի դատելը նշանակում է նրան դատել որպես խուլիգանի:
Մյուս կողմից, իր անչափահաս զավակին պղծող ծնողներին գուցե պետք է ոչ թե դատել, այլ խղճալ, նրանց համար հոգեկան կամ հոգեբանական բուժում նշանակել, որովհետև նրանց արարքը խելագարության պես մի բան է, մի բան, որ նորմալ մարդը իրեն երբեք թույլ չէր տա: Ծնողների կեցվածքը իսկապես ամենամեծ ողբերգությունն է, բայց գուցե ընդամենը այդ լոկալ դեպքի համատեքստում, որովհետև երբ հարցը մի փոքր ավելի լայն համատեքստում դիտարկենք, ապա ծնողների կեցվածքը ամենամեծ ողբերգության հետևանքն է միայն` այն ողբերգության, որ կյանքի տեսքով տեղի է ունենում Հայաստանի հեռավոր մարզերում: Եվ ինչքան մարզը հեռու է Երևանից, այդքան կարծես թե մեծ է ողբերգությունը:
Ողբերգությունն այն իրականությունն է, որ ծնողներին հասցրել է այդ աննորմալության, հոգեբանական խեղման այն աստիճանի, որ նրանք կարող են մանկապիղծին բարերար դիտարկել: Իսկ գուցե ծնողների արձագանքը միանգամայն ադեկվա?տ է այն իրավիճակին, որ առկա է նրանց բնակավայրերում, նրանց շուրջը: Միգուցե ծնողն առավել լայն ու խո?րն է պատկերացնում իրավիճակը, զո’ւտ հոգեբանական, զո’ւտ ենթագիտակցական առումով, ու հասկանում, որ իր զավակին պղծում է իրականությունը, ոչ թե` ասենք, Սերոբ Տեր-Պողոսյանը:
Երևի մենք ենք բարեկեցիկ և բարգավաճ Երևանից կամ Արարատյան դաշտավայրից սթափ գիտակցությամբ նայում այդ ամենին և դատապարտում: Իսկ ի±նչ կա այդ ամենի մեջ, ինչքան սերոբտերպողոսյաններ ու նրանց արդարացնող ծնողներ կան մեր մյուս հեռավոր մարզերում, գյուղերում, քաղաքներում, որոնք վերածվել են իրականում աշխարհից կտրված գետտոների, ուր իշխանությունն իր անելիքը համարում է այն, որ ամեն մի այդպիսի գետտոյի համար մի մեծահարուստ հովանավոր գտնի, որ հովանավորն այդ գետտոն լավ պահի, իսկ գետտոյի բնակչությունն էլ զբաղվի հովանավորին օրհնելով, ու իշխանությանը պահանջներ ու բողոքներ չներկայացնի:
Սարսափելի է իհարկե, երբ մարդիկ կարող են հասնել այդ աստիճանի, սոցիալական կարիքների բավարարման դիմաց վաճառելով իրենց արժանապատվությունը, իրենց զավակների արժանապատվությունը: Բայց, մինչ այդ մարդկանց դատապարտելը կա’մ դատապարտում պահանջելը, կա’մ դրան զուգահեռ, դրան հավասար, պետք է բարձրացնել նաև հարցը, թե ինչի± կամ ո±ւմ անգործության հետևանքով են հանրապետության մարզերը վերածվել սոցիալ - հոգեբանական անպատվության գետտոների, որտեղ բարոյականությունն ամենաազատ փոխարկելի տարադրամն է:
Չէ որ դա է գլխավոր հարցը, որովհետև այդ մարդիկ իրենց միջավայրի զոհերն են, իրենց անզորության զոհերը, որովհետև Երևանից նրանցից միայն պահանջում են` պահանջում են ձայն ընտրության ժամանակ, պահանջում են լռություն ընտրությունից հետո, պահանջում են նստել տեղում հանրահավաքների ժամանակ, պահանջում են կռանալ բարերարների և բարեգործների ժամանելուն պես: Ու որքան էլ նրանք մեղավոր են հանձնվելու համար, միևնույն է, պետք է դնել նաև ՙհանձնողների՚ պատասխանատվության հարցը` իրավասուների բուրգի պատասխանատվության հարցը, որ սկսվում է Երևանից և բրգաձև ընթացքով հասնում մինչև մարզային և տարածքային չինովնիկներ` խորհրդանշելով ՙարդարացի՚ մանկապղծության հայաստանյան ՙֆենոմենը՚: Չէ որ այդ մարդկանց այդպես են դրել ՙմահ կամ մանկապղծություն՚ դիլեմայի առաջ: Եվ որքան էլ ցինիկ չհնչի այդ ողբերգական ֆոնին, այդուհանդերձ ստացվում է, որ նրանց մեղքը ոչ այնքան մանկապիղծին արդարացնելն է, որքան` չմահանալը: