Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, September 26, 2011

ՙԱշխատողը լացելու ժամանակ չի ունենա ... ՚

 Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչ Նվեր Պողոսյանի հետ զրուցում ենք բնակչության ապրելակերպի, խնդիրների, մարզում տիրող հասարակական - քաղաքական իրավիճակի ու ներդրումային ոլորտների մասին:



- Պարոն Պողոսյան, ինչպե±ս է ապրում Գեղարքունիքի մարզը, բնակչությունը, ՀՀ կառավարության դոտացիաները որքանո±վ ժամանակին են տեղ հասնում և Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների ո±ր մասն է կատարվել անցնող տարիների ընթացքում:

- Ազգաբնակչությունն աշխատում, ապրում է: Ճիշտ է, երբեմն տրտնջալով` ծանր է սոցիալական իրավիճակը, խնդիրներ շատ կան, բայց մեր ժողովուրդն աշխատող է: Այդ առումով մի քիչ ավելի լավ, քան` մյուս մարզերում: Թեև սոցիալական առումով մի քիչ ետ ընկած է Գեղարքունիքը: Մարզում աչքի ընկնող արդյունաբերություն չկա, չունենք լուրջ գործարաններ, ժողովրդին ավելի լավ ապրուստ ընձեռող հնարավորություններ: Դրա համար էլ` Գեղարքունիքն ապրում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, որոշակի հատվածն էլ` արտագնա աշխատանքի շնորհիվ:
Իսկ դոտացիաները ՀՀ կառավարության կողմից ժամանակին են տրվում համայնքներին, ոչ մի օր ուշացում չի լինում: Այնպես որ, այդ առումով ոչ մի խնդիր չունենք:
ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից շատ չնչին մասն է մնացել` աշխատանքներն ընթացքի մեջ են, խնդիրները լուծվում են: Չկա այդպիսի խոստում, որ իրականություն չդառնա:

- Սերժ Սարգսյանի միջնորդությամբ հանրապետության մարզերին` հրատապ խնդիրների լուծման համար, 10 մլրդ դրամ է հատկացվել: Գեղարքունիքի մարզին որքա±ն է բաժին հասել և ի±նչ հրատապ խնդիրներ եք լուծել: 

- Այո’, մեզ տրվել է 1 մլրդ 135 մլն դրամ: Շատ արդյունավետ է ծախսվել: Կատարվել է 34 ծրագիր, հիմնականում` շինարարական աշխատանքներ, որոնցում ընդգրկվում է աշխատուժ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, ուստի` աշխատատեղերի խնդիր էլ է լուծվում: Սա ևս մեկ խթան է ժողովրդի նորմալ ապրելակերպի համար:

- ՀՀ գյուղնախարարի կարծես ուշադրությունը գյուղատնտեսության հանդեպ գործնականում ի±նչ է արձանագրել Գեղարքունիքի մարզում:

- Գործնականում մեզ տրվել է սերմացու` 412 տոննա, հացահատիկ ցորենի` աշնանացանի, և այդքան էլ գարի` գարնանացանի համար: Շատ լավ սերմացու էր և արդեն ստացել ենք բերքը` 60 - 65 ցենտներ: Հիմա էլ ստացել ենք առաջին վերարտադրության սերմացուն և բնակչությունն իրավունք ունի գնել և ցանքս կատարել: Այնպես որ, շատ արդյունավետ է: Անցած տարվա տվյալներով ունեցել ենք 108 հազար տոննա հացահատիկ, այս տարի` կհասցնենք մինչև 125 տոննայի: Գնահատականը սա է` հանդեպ ՀՀ կառավարության և գյուղնախարարության այս ոլորտի աշխատանքի:

- Համենայն դեպս, գարնանը գյուղացիության կողմից դժգոհություններ կային տրվող սերմացուի քիչ լինելու հետ կապված ...

- Սերմացուն տրվել է սերմարտադրությունը զարգացնելու համար: Գեղարքունիքում` ցորենի համար ունենք շուրջ 1300 հեկտար հողատարածք, իսկ տրված սերմացուն բավարարեց միայն 42 - 43 հազար հեկտար հողատարածքին: Բնականաբար` տրվածը շատ քիչ է, որովհետև յուրաքանչյուրն էլ ուզում է նոր սերմից գնել և ցանք կատարել: Բայց պետք է հասկանալ, որ հնարավոր չէ միանգամից ամբողջն ապահովել: Ստացված բերքից առանձնացվող սերմացուով արդեն մենք տեղում կարող ենք վերարտադրություն կազմակերպել:

- Պարոն Պողոսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ, կարծես իբրև վարկանիշային ցուցիչ է համարվում հավաքագրվող գույքահարկի ու հողահարկի գումարների չափերը: Այսօրվա սոցիալական բարդ պայմաններում` ինչպե±ս եք վերաբերվում դրան և ինչպիսի±ն են արդյունքները Գեղարքունիքի մարզում:

- Շատ լավ, արդյունքներն էլ` շատ լավ են: Քաղաքականությունն էլ` ճիշտ է: Երբ նոր էի նշանակվել մարզպետ, մեր համայնքներում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման տվյալներն եղել են 35 - 40 տոկոս: Մինչդեռ համայնքները պիտի շահագրգռված լինեն, որ բյուջեն կատարեն, սեփական եկամուտները հավաքեն, որ ծախսեն: Լուրջ խնդիրներ էր առաջանում: Արդեն 2010 թ. փակել ենք 100 տոկոսով: Համայնքներն էլ սկսել են շնչել, բավական աշխուժացել են, աշխատանքներ են կատարում: Այսօր, եթե մի հարցով մենք ենք կարողանում օգտակար լինել, մի քանի հարցերով էլ իրենք են տեղում օգտակար լինում բնակիչներին: Եթե համայնքի ղեկավարը բյուջեն չհավաքեց, էլ ինչո±վ պիտի ցույց տա, որ ինքը ղեկավար է: Կամ` տվյալ համայնքը գոյություն ունի, թե` չունի, եթե գումար չունի: Այնպես որ, դա շատ կարևոր աշխատանք եմ համարում: Առանց բյուջեի համայնք հասկացողություն գոյություն չունի: Առաջ համայնքները հույսները դրել էին միայն պետական դոտացիաների վրա, այդպես մինչև ե±րբ ... Ա’յ, եթե համայնքների բյուջեն կատարելու ցուցանիշները համապատասխանեցվի տրվող դոտացիաներին` շատ ավելի լավ ու ճիշտ կլիներ:

- Մի հարց հատուկ Մոսկվայի մեր ընթերցողների համար. Գեղարքունիքի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, գուցե` այս մարզի երբեմնի բնակիչներին:

- Հիմնականում շեշտը դրվում է հանքարդյունաբերության վրա, սակայն Գեղարքունիքում այդպիսիք չկան: Կաթի վերամշակման փոքր արտադրություններ ունենք: Իսկ բուն ներդրումների համար. կարտոֆիլի մեծ քանակություն ունենք` թող գան, չիփսի արտադրություն դնեն: Շատ չիչխան ունենք` թող գան, արտադրություն կազմակերպեն, հյութեր ու յուղեր ստանան: Օրինակ. չիչխանի գինու և օղու արտադրամաս կա Վարդենիսում: Չիչխանի յուղ ստանալու համար համապատասխան տեխնիկա է պետք, որ չունենք: Ազատ է տարածքը, ով ցանկանում է, թող գա` կընդառաջենք: Դա միայն փոխշահավոտ համագործակցություն կլինի ու ի նպաստ կլինի մեր մարզին:

- Մեկ - երկու հարց հասարակական խնդիրների մասին. Հանրային լողափի կառուցման և շահագործման շուրջ տարաբնույթ են կարծիքները` դրանց կազմակերպման, քաղաքացիների հանգստի ձևերի, կենցաղային խնդիրները հարակից տարածքներում լուծել - չլուծելու, վերաբերմունքի հետ կապված: Ինչպե±ս կմեկնաբանեիք ...

- Հանրային լողափում օրերս ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարությամբ, շուրջ 100 - 110 հազար քաղաքացի է հանգստացել: Եթե այդքանը գնային վճարովի լողափեր` կողմ կլինեի±ն: Թերևս, հիմնականում դժգոհում են վճարովի լողափերի տերերն, ովքեր ֆինանսապես տուժել են: Այլապես` Հանրային լողափում շատ լավ պայմաններ են, մաքրությունն ապահովվում է: Չեմ կարծում, թե այնտեղ հանգստացողը կդժգոհի: Ինքս հաճախ եմ այցելում, տեսնում ինչ վիճակ է, բուժսպասարկումը` տեղին, ամեն ինչ կարգին է: Մարդիկ գնացքով գալիս են, հանգստանում: Չեմ կարծում, թե հանգստանալը պարտադիր խորոված ուտելով է և, որ տարածքում չի թույլատրվում, դա խնդիր է: Պարզապես` տարածքը կեղտոտել չի կարելի: Հանրային լողափ գալիս է նա, ով դրա կարիքն ունի: Խորոված ուտել կարողացողը կգնա վճարովի լողափ:

- Իսկ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը կարծես նոր խնդիրներ է ստեղծում` ճանապարհների, տարածքը մաքրելու ...

- Այո’, եթե Սևանն այս արագությամբ բարձրանա, մենք նոր խնդիրներ կունենանք: Ճահճացած տարածքները չենք հասցնում մաքրել: Այնպես որ, ՀՀ նախագահի արտահայտությունը շատ ճիշտ է, որ մակարդակի բարձրացմանը զուգահեռ նաև մաքուր Սևան պետք է ունենալ: Պիտի կարողանանք մաքրել, նոր միայն` ջուրը բարձրացնել: Դա է ճիշտ մոտեցումը:

- Մի փոքր էլ` քաղաքականացնենք զրույցը. Գեղարքունիքի մարզում կա± քաղաքական կյանք և որքանո±վ է ակտիվ:

- Չէի ասի, թե այդքան ակտիվ է: Բնակչությունը քաղաքականացվում է միայն ընտրությունից ընտրություն: Այնպես որ, այս պահին քաղաքական խնդիրներ չունենք:

- Դուք ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչ - մարզպետն եք: Երևանում նկատվող լարվածությունը, գուցե ներքին հակամարտություն - մրցակցությունը ՀՀԿ-ի հետ որևէ կերպ արտահայտվո±ւմ է այս մարզում ...

- Ես հակամարտություն չեմ տեսնում, մրցակցություն ասելն էլ` կարծում եմ, ճիշտ չի լինի: Յուրաքանչյուր կուսակցական, բնականաբար, պայքարում է իր քաղաքական ուժի վերելքի համար: Ես, այո’, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ եմ և ինչպես նախագահ Գագիկ Ծառուկյանն, այնպես էլ` ես քաղաքական ծրագրերը կատարում ենք և չենք խանգարում որևէ կուսակցության: 

- Առաջիկա համապետական` խորհրդարանական և նախագահական ընտրություններում, ի±նչ եք կարծում, խնդիրներ չեք ունենա± Հանրապետական իշխանությունների հետ` մի կողմից իբրև մարզպետ պարտավորությունները կատարելու, մյուս կողմից` կուսակցական առաջադրանքներին ընթացք տալու առումով:

- Չեմ կարծում: Իսկ մնացածն` ընտրություններում կողմնորոշվելու և մնացած հարցերը, կուսակցության ղեկավարի խնդիրն է:

- Պարոն Պողոսյան, իսկ Գավառ մարզկենտրոնի քաղաքապետի և Հովհաննես Թամամյանի ձերբակալության հետ կապված որոշակի լարվածություն էր նկատվում, հատկապես քաղաքապետ Մարտիրոսյանի հետ կապված: Այժմ ինչպիսի± բարոյահոգեբանական իրավիճակ է քաղաքում:

- Քաղաքապետն իր ազգականների հետ անգամ թշնամի է եղել, վերջին ժամանակներս, երևի` վերջին 10 - 11 օրերին է, որ շփվում են: Նրանք անգամ իրար դեմ թեկնածություն էին դնում: Սա իրականություն է, ամբողջ քաղաքը գիտի: Հիմա` չեմ կարծում, թե մտահոգիչ ինչ-որ բան կա մարզկենտրոնում: Նորմալ իրավիճակ է, մարդիկ աշխատում - ապրում են:

- Թերևս` ամեն ինչը կարծես ներկայացնում եք միայն շատ դրական, լավատեսական դիրքերից: Գեղարքունիքի մարզն ի±նչ է` խնդիրներ չունի±, որևէ ակնկալիք չունե±ք իշխանություններից` ՀՀ կառավարությունից, թեկուզ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ երկրորդ փուլով տրվող միլիարդներից:

- Ինչո±ւ չունի: Խնդիրներ շատ ունենք: Այո’, երկրորդ փուլով կանխատեսվում է, որ ևս այդքան գումար կհատկացվի մարզերին: Դրա համար արդեն 49 նոր ծրագիր ենք ներկայացրել ՀՀ կառավարություն` ուզում ենք լավ բան անել` մշակույթի տներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, բազմաբնույթ` առաջին անհրաժեշտության խնդիրներ լուծել: Իսկ ես, այո’, միշտ լավատես եմ, լացելու սովոր չեմ: Ես սիրում եմ աշխատել: Յուրաքանչյուր մարդ լացելու փոխարեն պետք է աշխատի, եթե աշխատեց, ապա հաստատ լացելու ժամանակ չի ունենա:

No comments:

Post a Comment