Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, July 15, 2011

Բուժսանմասն` ինչպես Ղարաբաղն Ադրբեջանի կազմում

Երևանի ավագանու խորհրդի նախորդ նիստում ավագանիները շտապ կարգով պետք է մի որոշում ընդունեին, որը վերաբերում էր բժշկության երկու առաջնային օղակներին. թիվ 4 բուժսանմասը պետք է միավորվեր թիվ 13 պոլիկլինիկային: Հարցը քննարկվեց, որից անգամ քաղաքապետ Կարեն Կարապետյանը զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և առաջարկեց առանձին հավաքվել և պարզել, թե ինչն ինչոց է: Միակ մարդը, որ պոլիկլինիկաները միավորելու գործում չափից ավելի շահագրգիռ էր, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանն էր: Իսկ վարչության պետի նման շահագրգռվածության, ամենատարբեր փաստարկների շնորհիվ որոշումն առաջ տանելու բացատրության հիմքերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Մինչդեռ` իրականությունը շատ ավելի հետաքրքիր է:  



Բանն այն է, որ թիվ 4 բուժսանմասը ՙՆաիրիտ՚-ի նախկին պոլիկլինիկան է, որը պահպանվել է նախկին գլխավոր բժիշկ Էմիլ Նաջարյանի կազմակերպչական հատկությունների և հեղինակության շնորհիվ: Նա ժամանակին հասել է այն բանին, որ քաղաքապետարանի որոշմամբ Շենգավիթի մյուս երկու պոլիկլինիկաներից տեղամասեր են վերցվել և հանձնվել այս առաջնային օղակին: Այդպես, թիվ 4 բուժսանմասն ապահովվել է շուրջ 4 հազար բնակիչներով, որի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն` ի սկզբանե եղել և հետագայում էլ` շարունակել է գործել որպես հիմնարկների աշխատողներին բուժական ծառայություններ մատուցող հաստատություն: Այստեղ էին բժշկական քննություն անցնում գործարանների, տարբեր հիմնարկների աշխատողները, ովքեր պարտավոր էին տարվա մեջ մեկ անգամ դա անել: Շնորհիվ գլխավոր բժշկի, այս բուժսանմասը պայմանագրեր է ունեցել. ՀԷՑ-երի, ՙՄաքուր երկաթ՚, ՙԳրանդ Հոլդինգ՚, ՙՀայկենցաղքիմիա՚, ՙՍթար՚ ձեռնարկությունների ու Շենգավիթի մանկապարտեզների հետ: Շնորհիվ դրա, եթե պետությունից այն ստանում էր 12 մլն դրամ, ապա վճարովի ծառայությունների շնորհիվ` եկամուտն ավելանում էր ևս 14 մլն դրամով: Էմիլ Վարդգեսովիչին հաջողվել էր հասնել նաև տարածքի ապահովման խնդրի լուծմանը. ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ ՙՆաիրիտ՚ ՓԲԸ-ն այս տարածքը պետք է հանձներ քաղաքապետարանին: Թե ինչո±ւ մինչև հիմա չի իրականացվել` ... հայտնի չէ:
Թերևս` ստացվում է, որ բուժսանմասը միավորելու օգտին տրված բոլոր փաստարկները ֆիկցիա են: Հետաքրքիր է, թե ինչպե±ս և ո±ւմ կողմից կարող էր հղացվել հիշյալ բուժհիմնարկը միավորելու և կոլեկտիվի հիմնական մասին` մեկ այլ պոլիկլինիկայի տարածք տեղափոխելու որոշումը:
Մեր հետաքննությունն ավելի քան հետաքրքիր մանրամասներ բացահայտեց այս գործով: Երևանի ավագանու նիստում Առողջապահության վարչության պետը` կրծքով, բոլոր ուժերով փորձել է պաշտպանել, որին, փաստորեն, սովորության շնորհիվ կողմ քվեարկելու դեպքում մեղսակից կդառնային նաև Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետը: Մինչդեռ` Կարեն Կարապետյանն աշխատանքային դրայվի արդյունքում` հարցի քվեարկությունը հետաձգեց:
Ի դեպ, դժբախտ պատահականությամբ 2009 թ.-ին թիվ 4 բուժսանմասի տնօրեն Էմիլ Նաջարյանը, իսկ 2011 թ. թիվ 13 պոլիկլինիկայի երջանկահիշատակ տնօրեն Արամ Գալստյանը հանկարծամահ են եղել: Թիվ 4 բուժսանմասի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը երկու - երեք ամիս առաջ նշանակվել է թիվ 13-ի տնօրեն:
Ռուզաննա Դուրգարյանն ավարտել է բուհն ու աշխատել հենց արտադրական պոլիկլինիկայում, պաշտպանել թեկնածուականը, այժմ` դասավանդում է ՙՀայբուսակ՚ համալսարանում: Ռուզաննա Դուրգարյանը ՙկրիշա՚ չունի, հայրը` ԵՊՀ պրոֆեսոր է, հարազատները` համեստ մարդիկ ...
Հանդիպեցինք Ռուզաննա Դուրգարյանի հետ և փորձեցինք պարզաբանել խնդիրը: Ըստ նրա, հարցը թիվ 4 բուժսանմասում է, շենքն իրենցը չի. ՙՆաիրիտ՚-ինն է, բուժհիմնարկի շենքը մնացել է նրանց ՙբալանսում՚: Ժամանակին ամեն ինչը պետական էր, Խորհրդային միության փլուզումից հետո սեփականատիրական հարցեր են առաջացել, թե շենքն ո±ւմն է: Առքուվաճառքի ձևակերպման փուլում գործընթացը դադարեցվել է: Որոշումն` ի կատար չի ածվել:
Եթե պոլիկլինիկան չմիավորվի` պիտի լուծարվի±` հարցրեցինք: Ռուզաննա Դուրգարյանը վստահ է, որ թիվ 4-ի բոլոր բժիշկներին քաղաքապետարանը կապահովի մասնագիտական աշխատանքով: Պարզվում է, խնդիրը բարձրացվել է դեռևս մի քանի տարի առաջ և Արամ Գալստյանն էլ գիտակցել է, որ միավորումը զուտ խնդիր է` ֆինանսական որևէ օգուտ չկա, որովհետև թիվ 4-ում պետպատվերը շատ քիչ է: Մինչդեռ` թիվ 4-ի նախկին և թիվ 13-ի ներկա տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը կողմ է միավորմանը, որովհետև նախկին գործընկերներին դուրս են հանում տարածքից:
Նա թիվ 4 բուժսանմաս - ՙՆաիրիտ՚ գործարան հարաբերություները համեմատեց ղարաբաղաադրբեջանականի հետ. ՙՈնց որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Զինվորներին բերում, կանգնացնում էին, մուտքը փակում և չէին թողնում, որ բժիշկներս մտնեինք շենք՚:
Ըստ նրա, թիվ 4-ում նեղ մասնագիտական բուժաշխատողներն աշխատում են համատեղության կարգով, միավորման դեպքում` կհեռանան, մյուսներին` ՙիհարկե, աշխատանքի տեղավորելու ենք: Քաղաքապետարանի առողջապահական վարչության պետ Արմեն Ուլիխանյանի, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի և քաղաքապետ Կարեն Կարապետյանի համար առաջին մտահոգությունը եղել է դա, որ վերակազմավորման ժամանակ ոչ մի աշխատող դուրս չմնա՚: Այս մասին գիտի թիվ 13-ի տնօրեն Ռ. Դուրգարյանը: Նա անգամ գնացել ու երեք - չորս անգամ ժողով է արել թիվ 4 բուժսանմասում, բոլորին խոստացել է տեղավորել աշխատանքի: Համատեղությամբ աշխատողների աշխատավարձերն էլ, պարզվում է, այն չէ, որ խնդիրներ առաջացնեն:
Գուցե թիվ 4 բուժսանմասում որևէ մեկը հավակնություններ ունի դառնալ տնօրե±ն` հարցրեցինք տիկին Դուրգարյանին. ՙԱյնտեղ նշանակում արվել է, թեկնածուին առաջարկել եմ ինքս, բուժգծով տեղակալին էլ առաջարկել եմ ինքս, դարձրել եմ` ինքս՚: Մեր զարմացական արձագանքին` նա հիշատակեց քաղաքապետարանի համաձայնության մասին, որին էլ ինքը միջնորդել է` և’ տնօրենի, և’ բուժգծով տեղակալի հարցում. ՙԽնդրանքս չեն մերժել, նշանակումը կատարվել է՚:
Այստեղ նաև բնակչության խնդիր կա: Երկրի արդյունաբերական ձեռնարկությունների կանգից հետո, թիվ 4 բուժսանմասին բնակիչներ են տրվել թիվ 18 և թիվ 13 պոլիկլինիկաներից: Այնժամ պահպանվել է բուժսանմասը, հիմա` ոչ: Այժմ` նրանք, ովքեր տեղափոխվել են թիվ 18-ից, թերապևտներից Անահիտ Կարապետյանի կարծիքով, չեն գնա թիվ 13 բուժսպասարկվելու: Փորձում են ընտրել ՙօպտիմալ տարբերակը՚:
Բուժսանմասի բուժանձնակազմն ինչո±ւ չի ուզում միավորվել թիվ 13 պոլիկլինիկային` հարցրեցինք: Ըստ Ռուզաննա Դուրգարյանի, եթե մեկ - երկուսը չեն ուզում, դա դեռ չի նշանակում, որ կոլեկտիվը չի ուզում: Մինչդեռ` երբ մեկնեցինք թիվ 4 և կցկտուր զրույց ունեցանք պատի տակ շարված բժշկուհիների հետ, պարզվեց` նրանցից շատերն են գոնե տարակուսում այդ հարցում: Նրանք ընդամենը ցանկանում են պահպանել շենքը, սակայն երբ վերադասները քաղաքապետից մինչև նախկին տնօրեն այլ բան են ուզում ու ծրագրել, իրենք ի±նչ անեն. բժշկուհիները ո’չ քաղաքապետարանի աշխատանքից, ո’չ ավագանիների գոյությունից տեղյակ չեն, չգիտեն էլ, թե ովքե±ր կարող են պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը: Փոխարենը` Ռուզաննա Դուրգարյանը կարծում է, որ ՙԼավ բժիշկը բնակչին ցանկացած տեղ կտանի, առավել ևս` երկու կանգառ հեռու՚: Պա±րզ է ...
Ի վերջո, ինչո±ւ Երևանի ավագանին որոշում չկայացրեց: Ռ. Դուրգարյանի կարծիքով, որոշումը կայացվել է, թիվ 4 բուժսանմասի տնօրեն Հարությունյանն ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչն ինչոց է: Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրենը հաստատ գիտի, որ Արմեն Ուլիխանյանը առաջնային օղակների միավորման հարցում ոչ մի հետաքրքրություն չունի, իսկ երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանը չի կարող թիվ 4-ի շենքային խնդիրը լուծել, ապա միջնորդություններում հաջողակ Ռուզաննա Դուրգարյանն էլ նման առաջարկ չի անում: Ի դեպ, ձեռնարկությունների հետ պայմանագրերն էլ թարմացրել է նա, այնպես որ, եթե նման հարց ծագի. ՙԴա իմ համար խնդիր չի՚:
Երկարշարադրյալ այս խնդրի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում քաղաքացին չգիտի, թե նման դեպքում ո±ւմ դիմել, ինչպե±ս դիմել, ինչո±ւ դիմել, ով ում ենթական է, ով ում է պարտավոր պատասխանել և ինչու:
Վերջնարդյունքում` մի բան հստակ չէ ՀՀ կառավարությունն` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՙՆաիրիտ՚ ՓԲԸ-ն` ի դեմս վարչապետի եղբոր, ինչո±ւ չեն կարող լուծել բուժսանմասի շենքային խնդիրը, ո±ւմ շահերից է այն բխում և կոռուպցիոն ռիսկերը որտե±ղ են: Բժիշկները հայտարարում են, թե ՙոչ մեկը մեր կարծիքը չի հարցրել, իրենք իրենց վերևներում որոշումներ են կայացնում ...՚:

No comments:

Post a Comment