Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, June 3, 2011

Սկզբում մանկատուն, հետո ծերանոց

18 տարի մանկատանն է անցկացրել, հիմա ծերանոցում է` Նորքի: Վարազդատ Մելքոնյանը: 7 երեխա ունի` 2 աղջիկ, 5 տղա: Տղաները Կրասնոդարում են ապրում, աշխատում, հավանաբար կուշտ ու ճոխ սեղանների շուրջ պատվով խմում ծնողների կենացն ու բաժակները փառահեղ իրար զարկում, դուստրերը` Երևանում, Նորագավիթում իրենց մանուկների հետ կուշտ ու բախտավոր: 

 
Մանկությունը մանկատանն` առանց ծնողների անցկացրած Վարազդատն ի±նչ իմանար, որ ծերությունն էլ անհարազատ ծերանոցում է անցկացնելու: Երիտասարդության տարիներին ճիշտ է ցեխավիկ չի եղել, ղեկավար չի եղել, չի գռփել-չռփել, եղել է համեստ, ընդամենը բեռնակիր, սակայն այսօր կոպեկ-կոպեկ փող է հավաքում, որ բջջային հեռախոս գնի, թոռը Կրասնոդարից եկել ծառայում է ազգային բանակում` հետը խոսի, հարազատի ձայն լսի:
ՙՏարբեր մանկատներում եմ մեծացել, դրանից հետո` 1955 թվին ուղարկել են բանակ` Սևաստոպոլ, չեմ ծառայել, ոտքերս երակների լայնացում ունի, ասեցին ՙբա Հայաստանում ի±նչ էին մտածում, չէին տեսնո±ւմ, էս քեզ ո±ւմ փոխարեն են ուղարկել բանակ՚. էս ա իմ կենսագրությունը: Նրանից հետո Մալաթիայում եմ ապրել, տարբեր գործեր եմ արել, ամուսնացել եմ, բա ո±նց, երեխաներ եմ ունեցել, վերջում` Լեդի` Հակոբ Հակոբյանի մոտ էի աշխատում, լավ էր, բայց ծերացա, մի երկու ամիս աղջիկներիս մոտ ապրեցի, բայց դե իրանց մոտ էլ նեղվածք էր, հետո` փեսայի հետ մի տեղում ո±նց ապրես, մի քանի ամիս էլ դրսերում ապրեցի, մինչև ցուրտը վրա տվեց, էլ չէի կարա, մի օր էլ վեր կացա էկա էս ծերանոց, ասի` էլ գնալու տեղ չունեմ, հարցրին` բա Հակոբն ինչի± քեզ 4-րդ` Հաղթանակ գյուղի ծերանոցում չի տեղավորել, ասեցի` ես չեմ ուզել, էն սարի գլխին հողը փորել բոստան-բան էի դրել, քոլիկ էի սարքել, իմ համար ապրում էի, ոչ մեկի չէի խանգարում, հետո էլ` ասում են էդ գյուղի ծերանոցում ալկաշ բիձեքը շատ են, ես էլ, դե, խմելու հետ սեր չունեմ, խելոք մարդ եմ, չէի կարա, շուտ-շուտ էի գալիս շրջանային, գիտեի, որ էստեղ մոտիկ ա, հիմի էկել եմ ստեղ, չեմ դժգոհում: Լավ ա` սնունդը լավ ա, տեղս լավ ա, ամեն կիրակի մատաղ ենք ուտում, մի հատ ջիփ ա գալի, կառոպկեքով ապրանք են իջացնում, աշխատողները, դե գիտես, մի օրի չենք, մի հալի ենք, դես-դեն են տանում, վատ չի, մեզ էլ ա բաժին հասնում: Ոտս, ձեռս տեղն ա, գլուխս աշխատում ա, կարամ ճանապարհն անցնեմ, դրա համար թողում են տարածքից դուրս գամ, հիմա էլ խանութ եմ գնում, սիրտս քաղցր բան ա ուզում, տեսնեմ ի±նչ կա, առնեմ ուտեմ: Հա, թոռս Կրասնոդարից էկավ, որ բանակ գնա, էկավ ինձ տեսավ, հուզվեց, ասեց` վա~խ, պապի ջան, ասի բան չկա տղես` գնա ծառայի, տղամարդ դառի, ասեց մի հատ սոտովի առ, գոնե զանգենք խոսանք: Գնաց` Ղարաբաղում ա ծառայում: Հեսա արդեն մի տարի կլինի: Ես էլ դե, թոշակից ա, բանից ա փող եմ հավաքել, տենամ որտեղից կարամ մի հատ սոտովի առնեմ թոռիս հետ խոսամ: Աղջիկներիս հետ, չէ, է~, բաժան ենք, չեն գալի, իրանք գիտեն: Դե հետո, կյանքը դժվար ա, մի կերպ յոլա են գնում, ՙՆորագավիթում են ապրում՚,- արդարացնում է Վարազդատը:
Ծերանոց հյուրեր գալիս են, ամեն տոն օրերին առաջին տիկնայք: ՙԲելա Քոչարյանի հետ գիտե±ս ինչքան եմ պարե~լ: Դե մանկատանը ամեն ինչ սովորացնում են` արտասանել, երգել, պարել: Ղեկավարությունից ասում են Վարազդա±տ, դե քեզ տեսնենք, ես էլ շնորհքս ցույց եմ տալիս, ասում են, բա ըսենց լավ շարժումներ ես անում, ինչի± կյանքդ չի դասավորվել, ասում եմ` է~, անցնում-գնում են: Ամեն մարդ իր դարդին: Ի±նչ ասեմ` Մելքոնյան, հա Մելքոնյան ա ազգանունս: Ով կհիշի` մեռնեմ իրան՚:
Վարազդատ պապին ոչ մի վատ բան չի ասում` ո’չ որդիներին, ո’չ դստրերին, ո’չ թոռանը, որ Ռուսաստանից եկել ծերանոցում ապրող պապին է ասում. ՙմի հատ սոտովի առ, խոսանք՚: Նա էլ հավանաբար ծառայությունը կվերջացնի, ծնողներին շատ կարոտած կլինի, դեռ ջահել է, ծնողներին բրախելու ժամանակը չէ, թե սիրտը քաշեց, կգա մի անգամ էլ պապին կտեսնի, երևի վերջին անգամ հրաժեշտ կտա, էլի սոտովի առնելու կոչ կանի ու կգնա, գուցե` անվերադարձ: Նորագավիթում ապրող աղջիկները ծնունդ, կնունք կանեն, կուրախանան, գուցե իրենք էլ ծերության հասակում ապրելու տեղ ու հնարավորություն չեն ունենա, կգնան այդ ծերանոցը, որի մասին լսել են կամ որի կողքով գուցե մեկ անգամ անցել են: Գուցե կգան այն սենյակը, որտեղ ժամանակին ապրել է ծեր հայրն ու նույն ճակատագրին կարժանանան: Որպեսզի ՙԿիկոսի մահը՚ չստացվի, եզրահանգենք, որ սա հավանաբար այն դեպքերից է, երբ ինչպես ասում են. ՙպտուղը ծառից հեռու չի ընկնում՚, կամ ՙինչ ցանես` այն էլ կհնձես՚, կամ` ՙդիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես որ կցանկանայիր, նա վարվեր քեզ հետ՚: Մի խոսքով. ՙՍիրիր մերձավորիդ՚:
Վարազդատ պապը հաջողություն մաղթեց, բադինկաների ցեպերը բաց մի կերպ քայլելով ձգվեց մոտիկ խանութը: Սիրտը քաղցր բան էր ուզում, ինքը թարմ զրուցակցի կարոտ, ճակատագրով դատապարտված:

No comments:

Post a Comment