Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, June 3, 2011

Երշիկն ու մեր առողջությունը

ՏՄՊՊՀ-ն տուգանել է երշիկեղեն արտադրող տասը ընկերությունների` ապրանքատեսակների չմակնշման համար: Դրանք են ՙԱ. Բիլյան՚, ՙԳեղարդ՚, ՙՄարիլա՚-ն` իրենց ՙՍերվելատ՚-ով, ՙԱթենքն՚` իր ՙԲրաունշվեյգսկայա՚-ով, ՙԵրեմիան՚` իր ՙԶերնիստայա՚-ով, ՙԲարի Սամարացին՚` իր ՙՄոսկովսկայա՚-ով, ՙՋրվեժ՚, ՙՄուշ՚, ՙԳամջալյան եղբայրներ՚-ն ու ՙԷրեբունի Աստղ՚-ը` յուրաքանչյուրն իրենց ՙԿոնյաչնի՚ տեսականիներով:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեցինք, թե ի±նչ նպատակ էր հետապնդում նրանցից յուրաքանչյուրին 500 հազարական դրամով տուգանելը և հետևե±լ եք դրանից հետո արդյունքներին:

 
ՙՄեր տեղեկատվության համարձայն, վճարել են և վճարում են, դրա մասին հավաստող փաստաթղթերը ներկայացնում են Սննդի անվտանգության տեսչություն: Բողոքներ այս պահին չունենք՚,- մասնավորեց նա: Իսկ պատժվել են երշիկեղեն արտադրող զգալի չափով ընկերություններ: ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ է անցկացրել և խախտումներ հայտնաբերել դրանցից տասում: Բոլորովին վերջերս էլ շատ ՀԿ-ներ հայտարարեցին, թե հայկական երշիկեղենում շատ են, այսպես կոչված, սննդային հավելումները, Արտակ Շաբոյանը տեղյա±կ է այդ մասին և ի±նչ է ձեռնարկում այդ ուղղությամբ: ՙՈ’չ, նման բողոք չունենք և եթե նման խնդիր կա, ապա ՀԿ-ներն այն պետք է ներկայացնեն հանձնաժողովին: Սպառողների միությունները մեր հասարակական խորհրդի անդամներն են և երբևէ նման հարց չեն բարձրացրել: Առաջին անգամ եմ լսում՚: Իսկ տուգանքներից հետո հետևե±լ են արդյունքներին, սխալների ուղղում կատարվե±լ է. ՙԱյս պահին նոր մոնիտորինգ չենք անցկացրել, բայց մոտ ժամանակներս պատրաստվում ենք և հատուկ ուշադրություն կդարձնենք այն մսամթերք արտադրողներին, որոնց հանդեպ պատասխանատվության միջոց ենք կիրառել, չարաշահումներ ենք հայտնաբերել՚:
Փորձեցինք ինքներս հետաքրքրվել, հանդիպել, զրուցել դրանց տնօրենների հետ: ՙԷրեբունի Աստղ՚-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը, պարզվում է, քաղաքում չէ մի ամբողջ երկու շաբաթ: Անղեկավար ՙցեխում՚ պատկերացնո±ւմ եք` ինչպիսի չարաշահումներ կարձանագրվեն:
ՙԱթենք՚, ՙԳեղարդ՚, ՙՋրվեժ՚ մսամթերքի թերևս արտադրություններում քնահարամ աղջիկներ են պատասխանում, խոստանում զրուցելու մասին առաջարկը փոխանցել իրենց տնօրեններին, սակայն ապարդյուն: Կա’մ տնօրեններն էլ են քնած, կա’մ այդպիսիք չկան այս ՙերշիկացեխերում՚:
ՙԳամջալյան եղբայրներ՚-ի,  Երեմկա-ի և ՙՄարիլա՚-ի տեղերն ու գործունեության ոլորտների մասին չգիտեն ոչ ոք, և ոչ մի տեղեկատու: Առաջիկա շաբաթվա ընթացքում կփորձենք պարզել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից և եթե հայտնաբերվեն այդպիսիք, ապա կփորձենք հանդիպել, զրուցել, ներկայացնել ընթերցողների դատին, եթե` ո’չ, ապա կներկայացնենք նոր զավեշտալի պատկերը:
ՙԱ. Բիլյան՚-ի տնօրեն Դավիթ Բիլյանը խոստացել է պարզաբանումներ տալ հաջորդ շաբաթ: Հուսանք և սպասենք:
ՙՄուշ՚-ի փոխտնօրեն Նորայր Ավետիսյանը հայտնեց, որ իրենք, ճիշտ է, վճարել են ամբողջ տուգանքը, սակայն ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկում են դատարանում, առաջիկա օրերին կավարտեն հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու գործընթացն ու ամենայն մանրամասնությամբ կպատասխանեն մեր հարցերին: Նրանք հույս ունեն արդար դատավարության արդյունքում չեղյալ համարել ՏՄՊՊՀ որոշումն ու ետ ստանալ մուծած 500 հազար դրամ տուգանքը:
ՙԲարի Սամարացի՚ մսամթերքի արտադրության տնօրեն Հովհաննես Հովակիմյանի հետ հանդիպեցինք արտադրությունում ու զրուցեցինք ոչ միայն ՏՄՊՊՀ-ի որոշման, այլև այս արտադրության վիճակի ու նորությունների մասին:


- Պարոն Հովակիմյան, ինչպե±ս են գործերը ՙԲարի Սամարացի՚-ընկերությունում:
 
- Մենք մեկ նպատակ ունենք` լավագույնն արտադրել հայ սպառողի համար` էկոլոգիապես մաքուր, առողջարար մսամթերք: Ամեն ինչ ստուգվում է Հայաստանի բոլոր գերատեսչությունների կողմից: Մենք մեր անվանը վայել արտադրանք ենք տալիս և ողջունում ենք բոլոր արտադրողներին ու սպառողներին: Եթե երշիկ, ապա` ՙԲարի Սամարացի՚:

- Շուկայում ի±նչ տեղ է զբաղեցնում ՙԲարի Սամարացի՚-ն և հասարակության ո±ր խավն է այս արտադրատեսականու սպառողը:

- Մենք չենք արտադրում հարուստների ու աղքատների համար` առանձին: Մեր երշիկեղենը հասանելի է բոլորի համար: Բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են: Իսկ շուկայում ՙԲարի Սամարացի՚-ն առաջինն է և պատվավոր տեղ է զբաղեցնում: Մենք բազում մրցանակներ ենք ստացել և սպառողներն էլ հավատարիմ են մեզ, որովհետև` ճիշտ ենք աշխատում: Ուզում ենք ամենաառաջինը լինել` չնայած գնաճին և բազում խնդիրներին:

- ՏՄՊՊՀ-ի կողմից գործադրված լծակներն ու խնդիրներն ի±նչ խութեր առաջացրեցին ՙԲարի Սամարացու՚ համար:

- Երբեք խոչընդոտ չի եղել: Դա ընդդեմ ազգաբնակչության է: Ես խնդրում եմ, որ հարգեն արտադրողին, հարաբերությունները բարիդրացիական լինեն, օգնեն մեզ և ոչ թե քար նետեն: Չէ± որ հայկական արտադրությունն ավելի լավն է, քան ներկրվածը: Ինչո±ւ են խոչընդոտում: Տեր Հիսուս Քրիստոսն է Մարիամ Մագդաղենացուն կանգնեցնելով` ետևից ընկած քարկոծողներին ասել` ո±վ է արդար, թող քար նետի: Թող ասեն ո±ր պիտակն են ուզում փակցնենք, այդպես էլ կանենք: Ամբողջ աշխարհում այդպիսի կարգեր կան:

- Չմակնշված արտադրանքը բիզնես տեսակետից ավելի ձեռնտո±ւ է մակնշվածից: Այդ դեպքում ի±նչ գործ ունի այդտեղ ՏՄՊՊՀ-ն:

- Ո’չ, դա հիմար կարծիք է և մեր սերիական արտադրանքը չի տարբերվում մեկը մյուսից, մակնշվածը` չմակնշվածից: Մենք մեր տեխնոլոգիաները չենք խախտում: Մեր բոլոր տեսականիները շատ լավն են և որակյալ: Մենք կրում ենք Աստծո` ՙԲարի Սամարացու՚ անունը և երբեք թույլ չենք տա, որ կեղծիքներ լինեն: Ես մեղավոր չեմ, որ մեր մակնշումն ամբողջ աշխարհում երևում է, իսկ մերոնց համար` չի երևում: Թող օրենքով սահմանեն ո±ր տարբերակն են ուզում, անպայման կկիրառենք, ի±նչ է եղել:
Մենք հետադարձ ապրանք չենք ընդունում և յուրաքանչյուր խանութի տալիս ենք այնքան, որքան կարողանում են սպառել: Տարբեր ՀԿ-ներ, սպառողների միություններ, գերատեսչական ծառայություններ կան, որոնք մշտապես ստուգումներ են անցկացնում և նման դեպք չի եղել, որ մեզ մոտ խախտում կամ թերություն արձանագրվի: Իսկ արտադրողին թերագնահատելը մեծ մեղք է: Մենք շահ չենք հետապնդում և ղեկավարության ետևից չենք խոսում: Մենք գող ու թալանող չենք, ծառայում ենք Աստծուն ու ժողովրդին և ամեն ինչ անում ենք, որ մեր արտադրանքը մատչելի ու որակյալ լինի:

- Իսկ ինքներդ ուտո±ւմ եք Ձեր արտադրանքից:

- Այո, իհարկե, ես նախ արտադրում եմ իմ երեխաների համար: Սուտ է այն կարծիքը, թե առանձին արտադրվում է մեր ընտանիքների համար: Ամեն ինչը նույնն է: Համեցեք մեր տուն և կտեսնեք, որ այդպես է: Իմ քույրերին ու եղբայրներին իմ ընտանիքի անդամներից չեմ բաժանում: Բոլորս էլ նույնն ենք ուտում:
Թող ղեկավարներին Աստված խելք, շնորհք ու իմաստնություն տա, որ կանգնեն տեղական արտադրողներիս կողքին և չթողնեն, որ երկիրը դատարկվի: Մարդիկ գնալով Ռուսաստան դառնալու են անառակ, ես չեմ ուզի, որ մեր հայերը գնան ռուսների հետ ապրեն ու դառնան անբարոյական: Բոլորը գնում են, բայց ինչո±ւ: Հայաստանից լավ տեղ չկա ...

No comments:

Post a Comment