Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, April 15, 2011

Հայաստանը` ռուսական սալի ու թուրքական մուրճի միջև …

Պողոս Սիմոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, զբաղվել է ինչպես մանկավարժական, այնպես էլ` գիտական աշխատանքով: 70-ականներից աշխատել է Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվում, արևմտահայության կոտորածների մասին ձեռք բերել հարյուրավոր նյութեր, որոնք էլ օգտագործել է թեկնածուական, ապա դոկտորական ատենախոսություններում: Անդրադարձել է աբդուլհամիդյան կոտորածներին, արևմտահայության գաղթին դեպի Ռուսաստան, ռուսական մամուլում հայկական կոտորածների արձագանքներին և Հայկական Հարցի հանդեպ ռուս հասարակական մտքին: ՙՀայկական Հարցը և ռուս հասարակական միտքը 19-րդ դարի 90-ական թվականներին՚ թեմայի շուրջ նրա հետ զրուցում ենք ռուսական տրամադրությունների մեկ դար առաջվա և այսօրվա աղերսների, չբեկվածության դժգույն վիճակների ու խնդիրների մասին:


- Պարոն Սիմոնյան, 19-րդ դարի 90-ականների և 21-րդ դարասկզբի ռուս հասարակական միտքն. այնժամ` աբդուլհամիդյան ջարդերի, այժմ` ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, տարբերվո±ւմ են իրարից:
 
- Այն ժամանակ ռուս հասարակական միտքը երկփեղկված էր: Խորհրդային տարիներին բոլոր ազգերի պատմաբաններն առանձնացրել են ցարիզմն ու ժողովուրդը` դեմոկրատական Ռուսաստանն ու բռնակալ ցարիզմը: Ռուսաստանը սուլթանական կառավարության վրա իշխելու և եվրոպական մեծ տերություններին Թուրքիայից և Մերձավոր Արևելքից դուրս մղելու, հայկական բարձրավանդակի վրա իշխելու համար սուլթանին մեղրածոր խոսքերով էր դիմավորում և մեղրաբլիթներ էր տալիս, իսկ Հայկական Հարցում ընդունել էր բոլորովին հակառակ կողմնորոշում, քան էր 19-րդ դարի 70-ական թվականներին: Հակառակ ցարական կառավարության, ռուսական դեմոկրատական հասարակությունը, առաջադեմ մտավորականությունը և բազում լրագրեր հանդես են եկել հայ ժողովրդի պաշտպանությամբ` քննադատելով ինչպես ցարիզմի անձեռներեցությունը հայկական կոտորածների խնդրում, այնպես էլ` թուրքական կառավարության վայրագությունները և մեծ տերությունների անխիղճ վերաբերմունքը Հայկական Հարցում:
Ինչ խոսք, այժմ էլ` երբ երևույթները դատում ենք գրեթե մեկդարյա հեռվից, արցախյան հարցում Ռուսաստանը շարունակում է կողմնորոշվել ոչ թե փոքր ժողովուրդներին սատար կանգնելու, նրանց գոյակցությունն ապահովելու խնդրով, այլ` իր ազգային, պետական շահով, նայած թե` այդ պետական շահն Արցախում այս ընթացքում ինչպե±ս է դրսևորվում` հօգո±ւտ Ռուսաստանի, թե` ընդդեմ … Առաջին դեպքում` ռուսական կառավարությունը հայամետ է, երկրորդում` դառնում է հակահայ: Այժմ էլ` նախորդ դարի նման Արցախն է հայկական հարցի տեսքով ռուսական սալի և թուրքական մուրճի միջև: Հյուսիսը մշտապես կողմնորոշվում է իր ազգային շահով, իսկ այժմ այդ շահը նավթն է` դրա երակը որտեղո±վ կանցնի` դա կխանգարի± ռուս – ադրբեջանական հարաբերություններին, Ռուսաստանը Հայաստանի կողմն է, կխանգարի± հայ – ռուսական հարաբերություններին` Ռուսաստանն Ադրբեջանի կողմն է:

- Իսկ 19-րդ դարավերջի ռուսական մտքի դիրքորոշումների փոփոխությունները պայմանավորվա±ծ էին հայ քաղաքական մտքի ձևափոխմամբ` ի դեմս ՌԱԿ -ի ու ՀՅԴ-ի ստեղծման:

- Այո’: Ցարիզմի Հայկական Հարցով մինչև 1912 թ. կողմնորոշումը պայմանավորված էր քաղաքական խնդրով: Նա չէր ցանկանում սատար կանգնել Հայկական Հարցին, որովհետև Թուրքիան կհակադրվեր Ռուսաստանին: Իսկ հայկական քաղաքական կուսակցությունների ստեղծումից հետո, երբ հայ իրականության մեջ ազատական միտքը դարձավ գերակայող և արևելահայությունը փաստորեն Ռուսաստանի համար դարձավ հեղափոխության վառարան` ցարիզմը վախեցավ, որ այն կտարածվի ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև` Ռուսական կայսրությունում: Այստեղից էլ ցարիզմի խստագույն հակադրությունը հայկական առաջադիմական և հեղափոխական մտքի հանդեպ, ինչը գրեթե նույնությամբ արտացոլվում է նաև այսօր:

- Պարոն Սիմոնյան, ասում եք` Ռուսաստանը չի մտածում փոքր ազգերի գոյության, պահպանման մասին, բայց գերտերությունն ինչո±ւ պիտի մտածի խեղճի, իրեն անընդմեջ քծնողի, չորստակ գլուխ խոնարհողի և իր ռազմավարական նշանակության օբյեկտները թեկուզ ՙԳույք` պարտքի դիմաց՚ իրեն նվիրողի մասին:

- Կովկասը Ռուսաստանի համար ռազմավարական երկրամաս է, որտեղ նա փորձում է հիմնավորվել դեռևս 17-րդ դարից սկսած, երբ կազմավորվեց Ռուսական կայսրությունը: Միշտ ռուսական շովինիզմը կուլ է տվել փոքր ազգերին, սակայն քաղաքական նկատառումներով նաև պաշտպան է կանգնել փոքր ազգերին` օգտագործելով իր հակառակորդների դեմ: 2008 թ. օգոստոսի կովկասյան պատերազմը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կողմից Վրաստանի դեմ դրան բնորոշ դրսևորումներից մեկն է: Փաստորեն` Ռուսաստանը դարձավ փոքր երկու ժողովուրդների սատարն ու պաշտպանը: Սա ոչ թե Ռուսաստանի անկեղծ ձգտումն է, այլ` ազգային շահը: Նա նույն կերպ է վարվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում, ոչ մի տարբերություն, բացարձակապես` ոչ մի:

- Ռուսական շահի նկրտումներից չէ±ր 20-րդ դարասկզբին ռուս – թուրքական պատերազմում հայ աշխարհազորայիններին իբրև զենք փոխադրողներ օգտագործելուց հետո` Արևմտյան Հայաստանն Օսմանյան Թուրքիային հանձնելը, ինչը մենք շատ հաճախ անվանում ենք ֆիդայական ազնիվ շարժում կամ` ամբողջ 1896 թ.-ից 1923 թ. կոտորածներն ամբողջացնում ենք 1915 թ. ապրիլ 24-ի մեջ:

- Ռուսական սահմանապահ զորաբանակներն սկսած 19-րդ դարի 80 – 90-ական թվականներից, երբ Արևմտյան Հայաստանում սկսվեց ֆիդայական շարժումը, արևելահայ երիտասարդությունը ոտքի ելավ և դարձավ Երկիր գնացող այն խմբերը, որոնք զենք էին փոխադրում ֆիդայիններին զինելու և ազատագրական շարժում սկսելու համար: Սկզբնական շրջանում ցարիզմն աչք էր փակում այդպիսի խմբերի դեմ, որովհետև դա դիտվում էր որպես ռուսական ազդեցությունն Արևմտյան Հայաստանում տարածելու միջոց: Սակայն հետո, 1905 թ.-ին, երբ սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը` ցարիզմն արևելահայ երիտասարդների մեջ թշնամի տեսավ, որովհետև նրանք կարող էին այդ նույն զենքն ուղղել իր դեմ: Ուստի, սահմանապահ կազակների ձեռքով ձերբակալում էր դեպի Արևմտյան Հայաստան տարբեր ճանապարհներով սահմանը հատողներին և հանձնում թուրքական իշխանություններին, բազում խմբավորումների անդամների էլ աքսորում էին Սիբիր: Իսկ 1912 թ. բալկանյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը հայ հասարակության և եկեղեցու խնդրանքով բարձրացրեց Հայկական Հարցը, ցարիզմն ապագա պատերազմում Թուրքիայի դեմ նախապատրաստվելու համար անգամ հնարավորություն ստեղծեց հայ կամավորական գնդերի ձևավորման համար, որոնք մասսայական բնույթ կրեցին ռուս – թուրքական պատերազմի ժամանակ: Ընդհուպ մինչև հայ կամավորները ռուսական առաջապահ գնդերի հետ միասին գրավեցին Արևմտյան Հայաստանի տարածքները, սակայն արդեն 1916 թ.-ին ցարիզմը կամավորական գնդերը ցրեց և միացրեց ռուսական բանակին` դրանց մեջ ևս իր դեմ ապագայում վտանգ տեսնելով: Մեծ տերությունների հիմնական քաղաքականությունն է` օգտվել փոքր ազգերի և’ ֆիզիկական ուժից, և’ մտավոր կարողություններից, իր ազգային շահն իրագործելու համար: Այժմ էլ` Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը պահպանել հետսովետական բոլոր տարածքներում` ուժի թելադրանքով կամ, իբր, բարեկամական պայմանագրերի կնքումով, այդ տարածքներում ռազմավարական բազաներ ունենալու միջոցով նաև: Այս իմաստով` Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է ֆորտ – պոստ Մերձավոր Արևելքում և ՆԱՏՕ-ի անդամ ու հարևան Թուրքիայի սահմանագծում: Ուստի, Ռուսաստանն աշխատում է ամեն գնով հնարավորություն չտալ, որպեսզի ինչպես իր երկրում, այնպես էլ` Հայաստանում չհաստատվեն ժողովրդավարական կարգեր: Ժողովրդավարության դռները բացելու դեպքում անկախություն ձեռք բերած ժողովուրդը նախկինում բռնություն իրագործող երկրի նկատմամբ ընդդիմություն կդառնա: Դրա համար էլ` Ռուսաստանն ամեն կերպ սատարում է Հայաստանի մերօրյա ոչ լեգիտիմ իշխանությանը, իսկ երկրում բարձրացող ընդդիմադիր շարժումները` չստանալով Ռուսաստանի աջակցությունը, դեռևս թույլ են:

- ՌԴ Միգրացիոն ծառայությունը` հատուկ քաղաքականության արդյունքում, այսօր հայաթափում է Հայաստանը, փոխարենը` ծրագրավորված է երեք կազակական ստանցիաներ կառուցել: Կարծես կրկնվո±ւմ է 20-րդ դարասկզբի ձեռագիրը` կազակներն այստեղ անհրաժեշտ են ըմբոստության հնարավոր ալիքները մարելու և ըմբոստներին Սիբիր աքսորելու, հայ ազատագրական միտքը ջլատելու համար:

- Ռուսական ցարիզմը ռուս – թուրքականպատերազմը սկսելով` նպատակ ուներ Արևմտյան Հայաստանի Թուրքիայից զավթած տարածքները վերաբնակեցնել Դոնի կազակներով, ստեղծել առաջանցիկ հատվածային ջոկատներ: Այդ քաղաքականությունն արձագանքվում է նաև մեր օրերում: 2008 թ. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունված օրենքը` ՙՀայրենակիցներ՚ ծրագրով արտոնությունների մասին, այդ նույն նպատակն ունի, որպեսզի այդ տարածքները` ինչպես գրում է մամուլը, բնակեցնի կազակներով, ստեղծի ստանցիաներ, փոխարենը` հայ երիտասարդությանը Ռուսաստանում վերաբնակեցնելու պայմանով: Դա պետական հատուկ քաղաքականություն է և Ռուսաստանը երբեք չի կարող հրաժարվել դրանից: Իսկ Հայաստանի իշխանությունները` լինելով ոչ լեգիտիմ, վայելում են իշխանության քաղցր պտուղները: Դա բնորոշ է այն իշխանություններին, ովքեր իշխանության են հասնում թալանի, ոչ լեգիտիմ ընտրությունների և ապօրինությունների միջոցով: Այսպիսի իշխանություններին ձեռնտու է օտարի մշտապես գերակա թաթը Հայաստանի վրա, որպեսզի հնարավորինս երակարաձգվի իր իշխանությունը:

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment