Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, December 24, 2010

Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշչյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպած հավաք-քննարկում նվիրված ջավախքաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը մատնանշելով Ջավախքում Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունը, կարծիք հայտնեց, որ Ջավախքին և Հայաստանի Հանրապետությանը նետված է լրջագույն մարտահրավեր: Մոտ ապագայում Ջավախքը կամ  կարժանանա Նախիջևանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը: Ընտրությունը կատարելու է համայն հայությունը և ոչ թե մի խումբ հայախոսներ, որոնք ծառայում են Վրաստանի իշխանություններին:
«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրեց Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության հետ կապված փաստերը:
Մանրամասնելով, նա նշեց, որ Վահագն Չախալյանի ձերբակալությունը,  «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների, մասնավորապես Գուրգեն Շիրինյանի նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալության փորձերը նախորդեցին վրաց-օսական պատերազմին: Խնդիրը պարզ էր. պատերազմից առաջ  Վրաստանի իշխանությունների համար անցանկալի բոլոր տարրերը պետք է մեկուսացվեին: Բոլոր այդ կամայականությունները ուղղված էին առաջին հերթին ջավախաբնակ հայության իրավունքների պաշտպանությունը իրականացնող անձանց, մասնավորապես «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների նկատմամբ: Վրաստանի օկուպացիոն ռեժիմի գործողությունների հետևանքով Վահագն Չախալյանը ձերբակալվեց և դատապարտվեց հանիրավի տաս տարվա ազատազրկման, իսկ Գուրգեն Շիրինյանը ստիպված դիմեց փախուստի:
Հայության համար    Ջավախքի նշանակության մասին մտքեր հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանը, մասնավորապես նշելով, որ Ջավախքը պատմականորեն և աշխարհագրորեն Հայկական Բարձրավանդանի մի մասն է կազմել, որտեղ հայերը կազմել են բնակչության գերակշիռ մասը: Ջավախքը Հայաստանի ազգային անվտանգության համար ունի անգնահատելի նշանակություն, հանդիսանալով Հայաստանի հյուսիսային դրապասը, որը թուրքերի կողմից շրջափակված չէ և արտաքին աշխարհ և դեպի ծով միակ հուսալի ճանապարհն է: Ցավոք, այսօր Ջավախքը հայկական գերիշխանության ներքո չի գտնվում: Ուստի այսօր խնդիրը կայանում է նրանում, որ Ջավախքում պետք է պահպանվի հայկականությունը, ապահովելով գործընթացների շարունակականություն և զարգացում: Սակայն իրականությունն այն է, որ Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով գործնականում փորձում են հայաթափել Ջավախքը, վրացացնելով Ջավախքը և այդտեղից դուրս մղել հայկական տարրը: Այդ ամենը ուղեկցվում է Հայաստանի իշխանությունների հաճախ անտարբեր, երբեմն էլ հանցագործ կեցվածքով: Այս ամենի հետևանքով Ջավախքը կլինի ոչ թե վրացական, այլ թուրքական, քանզի բոլոր գործընթացները տարածաշրջանում իրականացվում են այդ սցենարով:
«Հայաստանի Հանրապետության զարգացման համար Ջավախքի դերը անհնար է գերագնահատել»: Այսպես որակեց հավաքին հրավիրված, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, մատնանշելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Ջավախքի հիմնախնդիրների լուծմանը և ջավախահայության իրավունքների պաշտպանությանը, ուստի թիվ մեկ խնդիրը ջավախահայության հայապահպանման ապահովումն է: Համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվեն Ջավախքը հայաթափելու կեղտոտ քաղաքականությունից: Վրաստանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը դրսևորվում է բացառապես բոլոր ոլորտներում: Վրաստանի իշխող ռեժիմը այդ քայլերը իրականացնում է, ոտնահարելով ՄԱԿ-ում ընդունված և բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների կոնվենցիաների դրույթները: Եվ այս ամենը կյանքում գործադրում է իբր ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող և մարդու իրավունքների պաշտպան հռչակած Վրաստանի իշխող վարչախումբը: Մեջբերելով «WikiLeaks»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարի հնչեցրած մտքերը Վրաստանի կողմից Ջավախքում իրականացվող քաղաքականության առթիվ, Շիրակ Թորոսյանը նշեց, որ այսուհետ պետք է կոշտացվի այդ դիրքորոշումը, բարձրաձայնելով ջավախահայության իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներըը, որոնք պետք է բարձրաձայնվեն միջազգային պատկան ատյաններում:
            Վահագն Չախալյանի մորեղբայր, Մանվել Սմբատյանը իրազեկեց, որ նոյեմբերի 29-ին ստացել է տեսակցության թույլտվություն և բանտում տեսել է Վահագն Չախալյանին: Վահագնը շատ ամուր է, գոտեպնդում էր մեզ, և ջերմ բարևներ փոխանցում:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ներկայացնում է Վահագն Չախալյանի շահերը եվրադատարանում, փաստեց Չախալյանի նկատմամբ իրականացրած այն ապօրինությունները, և դրանց իրավական գնահատականը, որոնք ներկայացված են միջազգային դատարան, ինչպես նաև տրվեց անհրաժեշտ այն  հիմնավորումները, որով Վահագն Չախալյանը կճանաչվի որպես քաղաքական բանտարկյալ:
«Վահագն Չախալյանի նկատմամբ Վրաստանի իշխանությունների բռնությունները հաջորդեցին այն դեպքերին, երբ Վահագնի նկատմամբ, իհարկե ոչ պատահական, բռնություն կիրառվեց Հայաստանում և արդյունքում Վահագնին դատեցին և արտաքսեցին Հայաստանից, դրանով իսկ Վրաստանի իշխանություններին հանիրավի իրավունք վերապահվեց բռնություններ կիրառել և Չախալյանի և իր համախոհ ընկերների նկատմամբ»,- այսպես գնահատեց Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացրած բռնությունները և ձերբակալությունը ջավախաբնակ մտավորական, բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր Հակոբ Ավետիսյանը: Ջավախաբնակ հայը միշտ ամուր է և կլինի: Ջավախքը ավելի շուտ կարող էր ազատագրվել, սակայն մենք լավ էինք գիտակցում, որ Ջավախքը Հայասատանի հյուսիսային դարպասն է և սպասում ենք այն ազդակին, որից հետո, անհրաժեշտ պահին Ջավախքը կմիանա Մայր հայրենիքին:
«Այսօր այս ամբիոնից մի քանի անգամ հնչեց այն միտքը, որ մեր Ջավախքը դատապարտված է ունենալ երկու ճակատագիր՝ կամ Նախիջևանի, կամ Արցախի ճակատագիրը։ Մենք համոզված ենք, որ եթե վրացական իշխանությունները շարունակեն Ջավախքի հայաթափման այս ծրագիրը, նրանք կունենան ազատագրված Արցախի տարբերակը հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ Ջավախքում տարեցտարի ավելի է վատթարանում իրավիճակը։ «Այսօր այդ նույն հայաթափման քաղաքականությունը, որը կիրառվում է Թիֆլիսի իշխանությունների կողմից, դժբախտաբար, իրականցնում են այնտեղ բնակվող հայերը։ Այն հայերը, որոնք այսօր գործակցում են Թիֆլիսի իշխանությունների հետ, ենթարկվում են թիֆլիսյան հակահայկական բոլոր հրահանգներին, ես նրանց ուզում եմ հիշեցնել, որ եթե նրանք կարծում են, որ անպատիժ են մնալու, ապա չարաչար սխալվել են»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, շեշտելով, որ Ջավախքում տիրող այսօրվա մթնոլորտը նույնությամբ առկա էր 1988թ. շարժման նախօրեին Արցախում, երբ այնտեղի չինովնիկները նույնպես կարծում էին, որ շարունակելով կատարել Բաքվի հրամանները, չեն պատժվելու։ Մինչդեռ, Սեֆիլյանի խոսքով, չնայած նման մտածող չինովնիկների մի մասը փախավ, իսկ մյուս մասն էլ առ այսօր չի ստացել իր արժանի պատիժը, այնուամենայնիվ վերոհիշյալ չինովնիկների մի մասը պատժվեց։ «Այն հայ անհատներին, որոնք այսօր գործակցում են, ենթարկվում են Թիֆլիսի իշխանություններին, հորդորում եմ, որ հետ կանգնեն իրենց դավաճանական ընթացքից այն իմաստով, որ այսօր մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, և եթե 88թ. շարժումից հետո որոշ չինովնիկներ կարողացան խուսափել հայկական արդար դատից, ապա դուք չեք ազատվելու»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա ասաց, որ Արցախյան ազատամարտը հաջողություն ունեցավ այն պատճառով, որ առկա էր Հայաստանի աջակցությունը։ Սակայն այսօր, Սեֆիլյանի դիտարկմամբ, իրավիճակն այլ է։ «Այսօր Վահագն Չախալյանի ընկեր Գուրգեն Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ ոչ միայն վրացական, այլև մեր իշխանություններից։ Այսօր մեր երիտասարդներին պատսպարվելու տեղ չի մնացել, և մեր օրակարգը մեկն է՝ ՀՀ–ում իրականացնել համակարգային փոփոխություններ և միայն դրանից հետո է հնարավոր լրջորեն զբաղվել Ջավախքով»,– ասաց նա։
Հավաքի ավարտին ստեղծվեց մտավորականներից կազմված Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, որը մոտ ապագայում հանրությանը կներկայացնի հստակ գործողությունների ծրագիր:

Սամվել Ալեքսանյանը թիկնապահներ չունի, իսկ Նոր տարին նշելու է Հայաստանում, «ընտանիքի շրջանում»

Որոշ տեղեկություններով՝ վերջին երկու օրերին Երեւանում ավտոտեսուչները կանգնեցնում են թիկնապահական շքախմբերով անցնող ավտոմեքենաները եւ խուզարկում դրանք, նույնիսկ եթե դրանք ուղեկցում են պաշտոնատար անձանց։ Ենթադրվում է, որ այս ամենը կապ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հետ, որում նա նշել էր, թե իր համար անհասկանալի են թիկնապահների շքահանդեսները եւ որ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում: Հայտնի է, որ թիկնապահական շքախմբով շրջելու սովորություն ունեն ԱԺ պատգամավորներից շատերը, ովքեր անգամ սրճարան են այցելում 8-10 հոգուց բաղկացած թիկնապահական «մինի ջոկատով»: Այդ պատգամավորներից մեկն էլ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ով ժամանակ առ ժամանակ այցելում է «Առագաստ» սրճարան եւ նրա անվտանգությունը պոտենցիալ եւ ենթադրյալ ահաբեկիչներից պահպանում են ահազդու, լեղաճաք անող արտաքինով, «բոյեւիկ» կինոնկարների հերոսներին հիշեցնող երիտասարդներ: NEWS.am-ը փորձել է պարոն Ալեքսանյանից ճշտել՝ իրեն ուղեկցող թիկնապահական ջոկատներ տեղափոխող մեքենաները վերջին օրերին նույնպես խուզարկո՞ւմ են: Պարոն Ալեքսանյանը սկզբում չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, բայց հետո պատասխանեց եւ...ինչպես միշտ, ուշագրավ զրույց ստացվեց նրա հետ:

Ես թիկնապահ չունեմ, ցավդ տանեմ, որ ստուգեն:

Բայց մի քանի անգամ անձամբ տեսել ենք ձեզ ուղեկցող թիկնապահների մեքենաները:

Դրանք իմ օֆիսի աշխատողներն են եղել, մաշնի մեջ են եղել:

Մի խոսքով, Ձեզ ուղեկցող մեքենաները չեն ստուգվում, քանի որ Դուք թիկնապահներ չունեք:

Չէ, չունեմ, ես թիկնապահներ չունեմ:

Իսկ ինչ է պատճառը, որ չունեք:

(Ալարկոտ ձայնով-խմբ.) Դե չունեմ, էլի...

Լավ, պարոն Ալեքսանյան, ուզում էինք ճշտել, Ամանորը որտե՞ղ եք նշելու:

Քունս տանում ա, քնած եմ, թող քնեմ, էլի...

Եւ այնուամենայնիվ, Նոր տարին Հայաստանո՞ւմ եք նշելու:

Բա որտե՞ղ նշեմ, ցավդ տանեմ, իհարկե Հայաստանում եմ նշելու:

Արտասահման չե՞ք մեկնելու:

Չէ...չէ:

Իսկ Ձեր ընտանիքի անդամները նույնպես Ամանորի տոները Հայաստանո՞ւմ են նշելու:  

100 տոկոսով որոշված ա՝ Հայաստանում ենք նշելու:

Արդեն որոշե՞լ եք, թե որտեղ եք նշելու, ինչ պայմաններում: Դուք սովորություն ունեք առանձնահատուկ ձեւով նշել տոները:

Մեր տանն եք նշելու, ընտանիքի շրջանում:

Իսկ Ամանորի գնումներն արդեն կատարե՞լ եք: 

Ես գնումներով չեմ զբաղվում:

Ուրիշնե՞ր են զբաղվում...

Ուրիշները չեն զբաղվում, տնեցիք են զբաղվում:

Իսկ տոնածառ արդեն դրե՞լ եք:

Հա, ազիզ ջան, տոնածառը դրել ենք, հիմա էլ էրեխեքը ուրախ-զվարթ պարում են տոնածառի կողքը: Ուզում եք՝ արեք նկարեք:

Եթե հնարավորություն տաք այցելել Ձեզ, Ձեր բնակարան, սիրով:

Արեք նկարեք, ինչ ա եղել, երբ ուզում եք, եկեք, էրեխեքի հետ նկարվեք: Բայց լավ բան ես գրելո՞ւ, թե՞ վատ բան:

Իհարկե լավ բան, ինչպես կարելի է Նոր տարվա շեմին վատ բան գրել որեւէ մեկի մասին:

Դե երբ ուզում եք, զանգեք եկեք, էրեխեքը ուրախ կլնեն, որ նկարեք իրանց:

Լավ, այցելելուց առաջ անպայման կկապվենք Ձեզ հետ:

Հ.Գ. Սա առաջին դեպքն էր, երբ պարոն Ալեքսանյանը հեռախոսին պատասխանելով, ասաց, որ ինքն է: Նա սովորություն ունի իրեն դնել իր վարորդի տեղը եւ ասել. «Ալեքսանյանը չի, վարորդն ա, ով ա՞, ի՞նչ փոխանցեմ, մի քանի օրից զանգեք»: Հավանաբար այս անգամ պատճառն այն էր, որ հայտնի օլիգարխը քնաթաթախ էր եւ չհասցրեց դերի մեջ մտնել:Զրույցը՝ Հ. Մանուկյանի

Լուրջ խախտումներ է հայտնաբերել գիտության եւ կրթության ասպարեզում

Հայաստանի նախագահի վերահսկողության ծառայությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել գիտության եւ կրթության ասպարեզում: Հիմնականում, խախտումները եղել են Գիտությունների պետական կոմիտեում: Ինչպես մամուլի ասուլիսի ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին նշեց նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, գիտական աշխատանքների համար կոմիտեին տրված 85-90 տոկոս միջոցներն ուղղվել են աշխատավարձերի վճարմանը: Միեւնույն ծրագրերի իրականացման համար Կոմիտեն ստացել է երկու անգամ ավելի` տարբեր աղբյուրներից: 76 մլն դրամով, որ հատկացվել է վերջինիս գիտական աշխատանքների համար, ձեռք է բերվել կահույք եւ կենցաղային տեխնիկա: Համաձայն կոմիտեի հաշվետվության` 36 մլն դրամ ծախսվել է տարբեր գիտական նախագծերի իրականացման համար, սակայն այդ ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր չկան: Համաձայն կոմիտեի` գիտնականների ուղեւորությունների ծախսերի համար պահանջվել է 26 մլն դրամ, սակայն` կրկին այդ մասին վկայող փաստաթղթերի բացակայությամբ:

Տո դու ե՞ս պետությունը

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե իշխանությունը հնարավորինս հանդուրժող է լինելու բոլորի նկատմամբ, բացի պետության դեմ գործողներից: Զարմանալին այն է, որ Սամվել Նիկոյանը հրաժարվել «պետության դեմ գործողների» անունները տալ՝ պատխառաբանելով, թե առանց այն էլ ամեն ինչ պարզ է: Բայց խնդիրն այն է, որ պետության դեմ գործելը որքան հասկանում ենք լրջագույն հանցանք է եւ պետք է ոչ թե թաքուն պահել նրանց անունները, այլ հակառակը՝ բացահայտել, համապատասխան գործեր հարուցել եւ պատասխանատվության ենթարկել: Իսկ ընդհանրապես, Սամվել Նիկոյանը ճիշտ է ասում: Միայն թե նրա հայտարարության մեջ «պետություն» բառի փոխարեն պետք է գրել «Սերժ Սարգսյան», եւ ամեն ինչ միանգամից տեղը կընկնի: Իշխանություններն, ի դեպ, հենց այդպես էլ վարվում են. հանդուրժում են բոլորին՝ բացի նրանցից, ովքեր գործում են Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, երեւի Նիկոյանը տեղյակ չէ, բայց պետությունն ու Սերժ Սարգսյանը նույն բանը չեն: Պետությունը որոշակի տարածքի վրա տվյալ ժողովրդի ինքնակազմակերպման համակարգերի ամբողջությունն է, իսկ Սերժ Սարգսյանը հնդեվրոպական ռասային պատկանող 56-ամյա առանձնյակ է, որն իրադարձությունների բերումով ժամանակավորապես ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը: Տարբերությունը, կարծում ենք, ակնհայտ է:

Հարություն Քուշկյանը չի խմում «Բժիշկներից եւ ոստիկաններից հեռու» կենացը


Պարզվում է՝ խոզի ազդրը, որը շարքային քաղաքացիների շրջանում մեծ համբավ է վայելում, եւ որ առանց այդ ավանդական 10-15 կիլոգրամանոց «բդի» շատերը Նոր տարվա սեղանը չեն պատկերացնում, այնքան էլ մեծ տեղ չունի նախարարական սեղաններին:Կառավարության մի շարք ներկայացուցիչներ վստահեցնում են, որ իրեն ոչ նախորդ, ոչ էլ այս տարի խոզի ազդր իրենց տոնական սեղանին չեն դրել եւ չեն դնելու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այս Նոր տարին ոչնչով չի տարբերվելու մյուսներից. «Նշելու ենք, ինչպես միշտ: Իսկ խոզի ազդր երբեւէ չենք դրել սեղանին, այդ տարին եւս բացառություն չի լինելու»: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը չի ցանկացել պատասխանել հարցին, թե տոնական օրերին խմո՞ւմ է Նոր տարվա հայտնի կենացներից մեկը՝ «Բժիշկներից եւ ոստիկաններից հեռու»: Հավանաբար նախարարի կենացների ցանկում կանտեսվի այն, թեկուզ «Էրեբունի» կամ «Նաիրի» հիվանդանոցների գործերը չվատացնելու համար: Նախարարը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են ուտել մարդիկ տոնական օրերին՝ բժիշկների ձեռքը չընկնելու համար: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թերթի հետ զրույցում նշել է, որ դեռ չգիտի՝ այս տարի սեղանին նապաստակի միս դնելո՞ւ է, թե՞ ոչ. «Մենք տարվա կենդանու մասին երբեք չենք մտածել: Մեր ընտանիքը առավելապես ձգտել է պահպանել ազգային ավանդույթներն ու Ամանորի սեղանը զարդարել հայկական ավանդական ճաշատեսակներով»: Լինելով ծնունդով Գավառից, պարզ է, որ տիկին Հակոբյանը հայկական ավանդական ճաշատեսակ ասելով՝ նախեւառաջ նկատի ունի, այսպես ասած՝ «Քյավառա քյուֆթան». «Ինչքան ես հիշում եմ, Քյավառի ավանդական քյուֆթան եւ փախլավան անպակաս են եղել մեր սեղանից, ես ինքս առանձնահատուկ սիրով եմ պատրաստում մեր ճաշատեսակները, եթե, իհարկե, ժամանակ եմ ունենում: Մեր սեղանին միշտ չէ, որ խոզի ազդր է լինում, եւ, իմ կարծիքով, այնքան էլ էական չէ՝ այդ ճաշատեսակը կա՞ սեղանին, թե՝ ոչ: Կարեւորը, անշուշտ, բարձր, տոնական տրամադրությունն է, անցած տարվա արդյունքների արժեւորումը թե՜ հարազատներիս եւ թե՜ իմ առումով, եւ, իհարկե, Նոր տարվա սեղանի շուրջ մեր նոր անելիքների ու ցանկություններ իմասին խոսելը»:

Ռուսաստանի ապագան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեք կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ընդունել է, որ ընդդիմադիրներ Գարրի Կասպարովը, Բորիս Նեմցովը, Միխայիլ Կասյանովը և Էդուարդ Լիմոնովն ունեն իրենց ընտրողներին: Նախագահի խոսքով` նրանք «տաղանդավող մարդկանց ռեսուրս են», և նրանց մեջ կան ապագա նախագահներ, վարչապետներ, պատգամավորներ: Ընդդիմադիր գործիչների անունները Մեդվեդևը թվարկել է` պատասխանելով հարցին` կան արդյոք Ռուսաստանում հրապարակային քաղաքական գործիչներ, բացի Մեդվեդևից և Պուտինից: Բացի ընդդիմադիրներից, նախագահը հիշատակել է նաև խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներին: 

Thursday, December 23, 2010

ՄԵՆԱՏԵՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով անցնող տնտեսական տարին, հայտարարել է, որ Հայաստանում արձանագրված բարձր գնաճի պատճառը երկրում առկա մենաշնորհներն են: Բագրատ Ասատրյանն ասել է, որ երկրում կան մենաշնորհների դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմիններ, որոնք սակայն արդյունավետ չեն աշխատում, եւ հարցերը մնում են չլուծված: Բագրատ Ասատրյանը կանխատեսել է, որ 2010 թվականին գնաճը տարեկան ցուցանիշով կկազմի 10 տոկոս, ինչը 1997 թվականի ցուցանիշից հետո երկրորդ ամենավատ տվյալն է վերջին 16 տարիների ընթացքում: «Եթե տարվա ընթացքում դրամը արժեւորվել է, իսկ գներն էլ աճել են, ապա պարզ է դառնում, որ Հայաստանում մոնոպոլ դիրքեր ունեցող ներկրողներն ուղղակի գումար են աշխատել», հայտարարել է Բագրատ Ասատրյանը: