Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 15, 2011

Շնորհակալություն բժիշկներին

Մեր թերթի անունից խորին շնորհակալություն ՙՍկէնառ՚ առողջության վերականգնման կենտրոնի բուժանձնակազմին` ի դեմս բժշկուհի Քրիստինա Իսպիրյանին, բուժքույրեր` Էմմա Հակոբյանին և Աննա Սուքիասյանին, և իհարկե, բժշկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Հարությունյանին նրանց բարյացկամ ու բարեհամբույր, մասնագիտական ու մարդկային գործոնները համադրելու արդյունքում որակյալ բժշկություն ապահովելու ու առողջական, մեր դեպքում` ֆիզիոլոգիական խնդիրները հաղթահարելու, բուժելու համար: Նրանք պարզապես հրաշքներ են գործում:
ՙՍկէնառ՚ առողջության վերականգնման կենտրոնը գործում է ՙԳր. Լուսավորիչ՚ բուժկենտրոնի առաջին հարկում.
Հեռ. (+374 10) 64 45 39
Fax: (+374 10) 64 99 42

Շնորհակալական բաց նամակ

ՙԽորին շնորհակալությամբ և խորին հարգանքով` Բադալյանների ընտանիքը բաց նամակ է հղում ՀՀ առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանին և Երևանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին, ուր մասնավորապես ասված է.

Մեծարգո պարոնայք. Սևան - Երևան մայրուղում մեկ ամիս առաջ տեղի ունեցած ավտովթարը ցնցել էր մեր համաքաղաքացիներին` 4 մահ մեկ ընտանիքից, իսկ 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ, հատկապես ծանր էր 3 երեխաների վիճակը, նրանցից մեկը տեղափոխվել էր ՙԱրաբկիր՚, իսկ մյուս երկուսը` ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոններ: Առավելագույն ծանր վիճակ էր երեքամյա Բադալյան Արգիշտիի մոտ, առկա էր գանգուղեղի ծանր սալջարդ` բարդացած կոմայով զուգակցված, բարակ աղու պատռվածքով, տարածված տրավմոպերիտոնիտով, նախաբազկի կոտրվածքով: Հիվանդանոց տեղափոխվելու հենց առաջին վայրկյաններից ՙՍուրբ Աստվածամայր՚ ԲԿ-ի ողջ անձնակազմը` տնօրենը, բժիշկները, միջին և կրտսեր բուժանձնակազմը մեկ մարդու նման, պայքարեցին փոքրիկ Արգիշտիի կյանքի համար` անելով հնարավորն ու անհնարինն: Երկար ու ձիգ 30 օրերի ընթացքում ներ են դրվում բոլոր ջանքերն ու միջոցները երեխային այդ վիճակից հնարավորինս շուտ դուրս բերելու համար: Հավատացեք` բառերով հնարավոր չէ նկարագրել այն բարձր պրոֆեսիոնալիզմն ու հոգատարությունը, որին ականատես եղանք այդ բժշկական կենտրոնում, և որի շնորհիվ այսօր փոքրիկը հաղթահարել է ծանր վիճակը` կամաց - կամաց անցնելով ռեաբիլիտացիայի փուլին: Ուրախալի է նաև այն, որ մեր քաղաքում կա նման հագեցված մանկական ինվենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ժամանակակից բուժսարքավորումներից բացի, բանիմաց մասնագետների կողմից կիրառվում են կոմաների բուժման նորագույն մոտեցումներ, ինչի շնորհիվ փրկվում են բազում մանուկների կյանքեր: Ծանր էր նաև Արգիշտիի եղբոր` Ռազմիկի վիճակը, ով տեղափոխվել էր ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոն: Երեխայի վիճակը ծանր էր ներքին արյունահոսության` փայծաղի, երիկամի վնասվածքի պատճառով, զարգացել էր ծանր հեմոռագիկ շոկ, և կարիք կար արյան փոխներարկման: Վիրաբույժները ոչ միայն բարդ վիրահատությամբ փրկել են երեխայի կյանքը, այլև նույնիսկ արյուն են տվել փոխներարկման համար:
Մեր ողջ ազգականների, հարազատների ու ընկերների անունից ուզում եմ խոնարհվել ու խորին շնորհակալություն հայտնել ՙՍուրբ Աստվածամայր՚ ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ա. Չոբանյանին և ողջ բժշկական անձնակազմին առանց բացառության, նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Մ. Մարտիրոսյանին, նեյրովիրաբույժ Ժ. Մալխասյանին, մանկական դիմածնոտային բաժանմունքի ողջ անձնակազմին, ինչպես նաև ԿԿԶՀ-ի նեյրովիրաբուժության բաժնի պետ Ա. Հակոբյանին:
Խորին շնորհակալություն ենք հայտնում ՙԱրաբկիր՚ ԲԿ-ի խորհրդի նախագահ Արա Բաբլոյանին և տնօրեն Կարեն Բաբլոյանին, վիրաբույժներ Ս. Առաքելյանին, Ս. Բաբլոյանին, Շ. Մադոսյանին, ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչին ու ողջ անձնակազմին:
Հայտնում ենք նաև շնորհակալություն ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին, ՙԱրմենիա՚ ՀԲԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին և ողջ բժշկական անձնակազմին տուժածներին օգնություն ցույց տալու համար՚:
Հարգանքներով` Բադալյանների ընտանիք

Բնակչությանը ճիշտ կողմնորոշում են

Պարազիտար հիվանդությունների մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցին մեր ընթերցողները թերևս կհիշեն, երբ նա ՀՀ առողջապահության փոխնախարարն ու հանրապետության գլխավոր համաճարակաբանն էր: Այժմ` նրա անունով էլ կոչվում է այս մասնավոր լաբորատոր կենտրոնը, որ գտնվում է մայրաքաղաքի Մամիկոնյանց 21/37 հասցեում, որտեղ էլ հանդիպեցինք պարոն Դավիդյանցի հետ և զրուցեցինք համեմատաբար նոր բուժկենտրոնի մասին:

 
Կենտրոնը հիմնադրվել է 2008 թ.-ին: Նման կլինիկա ունենալու ցանկությունը վաղուց էր` հաշվի առնելով այն, որ երկրում բավարար չէ մակաբուծային հիվանդությունների ախտորոշման վիճակը և պահանջարկ կար բնակչության մոտ, ուստի և ստեղծվել է Պարազիտար հիվանդությունների մասնագիտացված կենտրոնը և որպես այդպիսին ստացել թիվ 1 լիցենզիան: Երկրորդ այսպիսին չկա հանրապետությունում: Որդեգրված առաջին ուղղությունը գիտամեթոդականն է: Այստեղ իրականացնում են բոլոր տեսակի պարազիտային և մակաբուծային հիվանդությունների խորացված ու համակողմանի ախտորոշում /մալարիա, լամբլիա, ամեոբիա, կրիպտոսպորիդիազ, հելիկոբակտերիա և այլն/: Արյան մեջ բացահայտում են հակամարմինները. Էխինոկոկ, տրիխինելիա, տոկսոկարոզ, ցիտիցերկոզ և տոկսոպլազմիա: Մանրադիտակային հետազոտության են ենթարկում: Աշխատում են նաև բժիշկների հետ` խորհրդատվություն անցկացնում, թե մեր ժամանակներում ինչպիսի խնդիրներ կան այս ոլորտում: Ախտորոշելուց առաջ մանրամասն զրուցում են հիվանդի հետ, պարզում, թե նա ինչ խնդիրներ ունի, կենտրոն գալու համար բժիշկը որքանո±վ է ճիշտ ուղղորդել և ի±նչ պետք է արվի: Մի խոսքով` բնակչությանը ճիշտ են կողմնորոշում: 

- Պարոն Դավիդյանց, ի±նչ նյութատեխնիկական բազայով ու բուժանձնակազմով եք բուժսպասարկում:

- Օգտագործում ենք ամենաժամանակակից մեթոդներն ու սարքավորումները, որոնք կան և գործածվում են Եվրոպայում: Գերմանիայից միշտ ստանում ենք ամենալավագույն նյութերը: Հաշվի առնելով, թե ինչ հիվանդություն է, համապատասխան մեթոդն ենք օգտագործում և ստանում ցանկալի և ճշգրիտ արդյունքը: Իմունոքիմիական մեթոդով ոչ միայն միկրոսկոպով տեսնում ենք հարուցիչները, այլև հնարավորություն ունենք բացահայտել ամենաաննշան մասնիկները: Այլ կլինիկաներում կամ պոլիկլինիկաներում, երբ ամիսը մեկ - երկու նման դեպքեր կարող են լինել, տնտեսապես ձեռնտու չէ նման թանկ նյութերով ու մեթոդներով ախտորոշում կատարել: Չնայած այս ամենին` մեզ մոտ վճարումները թանկ չեն: Խորհրդատվությունը` հիմնականում անվճար է, եթե իհարկե երկար ու մանրամասն բացատրություններ պետք չեն: Մարդիկ շատ հաճախ զարմանում են, որ խորհրդակցության արդյունքում` չնայած մասնավոր կլինիկա է, սակայն նրան ասում ենք, թե ախտորոշվել պետք չէ, խնդիր չկա, այ, երբ ծովափերից կվերադառնաք, սեպտեմբերին եկեք: Բոլոր այցելուների տվյալները հավաքվում են համակարգչում, որոնցից էլ ծնվում են գիտական աշխատությունները:

- Հիմա, երբ պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է քաղաքացիներն ավելի հետևողակա±ն են դարձել իրենց առողջության հանդեպ:

- Առաջին օղակի անվճար դառնալն իհարկե շատ դրական ու ռեֆորմային քայլ է առողջապահության համակագում և քաղաքացիների դիմելիությունն իհարկե ավելացել է: /Ավելի մանրամասն ու տվյալներով պայմանավորվեցինք զրուցել ԱԱԻ համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնում, որի վարիչն է նա - Ժ.Մ./: Բնակչությունը պետք է հասկանա ու գնահատի ամենակարևորն` իր առողջությունը: Վերջին շրջանում ավելացել են դիմողներն, ովքեր տարբեր պարազիտար հիվանդություններ ունեն: Ամռան շրջան է, բնական է: Դրա համար առաջիկայում կգործի մեր կայքը, որտեղից նաև քաղաքացիները համակողմանի ինֆորմացիա կստանան: Մենք խորհրդատվություն ենք անցկացնում նաև այն քաղաքացիների համար, ովքեր մեկնում են արևադարձային երկրներ, որոնցից յուրաքանչյուրում նման հիվանդությունների տարածում կա, ուղղորդում ենք, թե մալարիայի կամ այլ դեպքերում ինչպես պահել իրենց, իսկ հայերն ուր ասես որ չեն մեկնում: Ես այս ոլորտում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետն եմ և տարբեր խորհրդատվության - սեմինարների եմ մեկնում նման երկրներ, օրերս` Տաջիկստան:

- Մոսկվայի համանման կենտրոն - լաբորատորիաների հետ համագործակցության եզրեր ունե±ք:
 
- Այո’, իհարկե: Մոսկվայում գործում է Ե. Ի. Մարցինովսկու անվան մակաբուծության և արևադարձային հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ, որը ղեկավարում է իմ պրոֆեսոր ընկերներից Վլադիմիր Սերգիևը, ում հետ շարունակում ենք աշխատել մինչև հիմա և կարողանում ենք ամենայն ճշգրտությամբ որոշել բոլոր մակաբուծական 11 հիվանդությունները: Մենք` բոլորս ռուսական բժշկական դպրոցի հետևորդներ ենք և հնարավոր էլ չէ պատկերացնել, որ միմյանցից սովորելու ու նորագույն մեթոդներին փոխծանոթացնելու հնարավորությունից զրկվենք: Ռուսատանը մեզ համար կարևոր երկիր է ...

<Ո?նց են հանգիստ քնում ...>

Հոկտեմբերյան քաղաքում, էլ Արմավիր չենք գրում, որովհետև բնակիչներն իրենք իրենց չեն ուզում նույնացնել քաղաքի հարևան գյուղի գյուղացիների կամ` Ռոստովի Արմավիր քաղաքում ապրողների հետ, մարդկանց կյանքն առավել ուրախ ու զվարթ չէ, քան նախալեռնային կամ լեռնային բնակավայրերում, թեկուզ` մարզկենտրոններում: Չարքաշ կյանքով մի երկու կոպեկ են աշխատում, տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում ու երեխաների դաստիարակությունն ու տան կենցաղը, նիստուկացը մնում է կանանց փխրուն ուսերին:


Ի±նչ փխրունի մասին ա խոսքը, էսօրվա կանայք տղամարդկանցից էլ պինդ են: Իրենք հա’մ կին են, հա’մ տղամարդ: Սա~ղ տան հոգսն իրենց վզին ա, էլի’: Ըհը’ ես` տղեքս, փեսես Ռուսաստան` խոպան են գնացել, հարսս, թոռներս մնացել են` չգիտեն ինձ թողան գնա±ն, թե` ի±նչ անեն: Նույն ձևի էլ աղջկաս տունն են մնացել, ինքն ու սկեսուրը՚,- զրույցն այսպես սկսցեց վարպետ Օնիկը: Միևնույն հարկի տակ էին հավաքվել մեր ընթերցողներից տարբեր տարիքի տղամարդիկ` 40 - 65 տարեկան: Հրավիրել էին Արմավիր, մենք էլ առիթն օգտագործեցինք նաև մարզպետի հետ զրուցելու համար /Տես` նախորդ համարում - Ժ.Մ./: Նրանք դժգոհ էին ՙքաղաքի անտեր վիճակից, երկրի անկարգուկանոն պայմաններից, անհույս ու անմխիթարական, անկիրթ հարաբերություններից, սոցիալական անհավասարությունից՚. ՙՀենա`, մեկը Նահոն` /Նահապետ Գևորգյան` ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր - Ժ. Մ./ ապակյա տարաների գործարանը սեփականաշնորհեց, քանդեց, տեղը գազալցակայան ա սարքել, մեջն ի±նչ, ո±վ ա տերը: Ինքը հանցագործ, իրանից վերև սա~ղ իշխանությունը հանցագործ, մեկին կարա±ս մի բան ասես: Կամ նույն ձևի Կանսերվի գործարանը` բա ափսոս չէ±ր: Հսկա գործարանները գետնին են հավասարացրել ու հիմա դեռ ասում են` մտածում ենք աշխատատեղերի ստեղծման մասին՚,- ասաց Վարո` Վարազդատ Ավետիսյանը: Նրանք բազմաթիվ օրինակներ բերեցին նաև ՙՄապ՚-ի Ալիկ Պետրոսյանի /ևս ԱԺ պատգամավոր` ՀՀԿ-ական - Ժ. Մ./ անօրինականություններից: Արդեն կարծես ծեծված պատմությունը պատմեցին, թե ինչպիսի ջանասիրությամբ նա Բամբակաշատ գյուղը ցանկանում էր վերանվանել իր հոր անունով` Մակարավան ու ՙվերջին պահին Կառավարությունում հասկացան, որ էդ շառլատանին, որ Սևակի ու Մարտիրոս Սարյանի անունն ու պատիվն ա կեղծում, ըտենց բան չի կարելի թույլ տալ, իրա համար շատ կըլնի: Թե ասա քո հերն ի±նչ ա, որ իրա անունով էլ գյուղ ըլնի՚: Վերջին համարձակ մտքերը տիկին Նվարդինն են: Նա ազգանունը չէր ուզում ասել, սակայն հետագա զրույցներից պարզ դարձավ, որ ժամանակին սովխոզի դիրեկտոր, թե տեղակալ է ու ղեկավարման ոլորտում բազմավաստակ ընկեր /առաջ բոլորն ընկերն էին, էշին էին պարոն ասում - Ժ. Մ./ Ղուկասյանն է: Թեև` ինքներս չէինք ճանաչում, որակավորեցին. ՙԵրիտասարդ եք, դրանից ա ...՚:
Տանտիկնոջ առանց այն էլ հոգսաշատ, ծանրաբեռնված ու այդքան մարդ նեղլիկ բնակարանում տեղավորած օրը չփչացնելու, մանավանդ, որ ինքն առանձնապես հետաքրքրված չէր` ո’չ քաղաքականությամբ, ո’չ հասարակական գործերով ու նիստուկացով, լրացուցիչ բեռ չդառնալու համար, սուրճ խմեցինք, պատրաստվում էինք հրաժեշտ տալ գլխից - տակից խոսող, թեմայից թեմա շուտասելուկի պես անցնող մթնոլորտից, սակայն նկատելի էր տան ավագի` վարպետ Օնիկի ասելիքի ինքնապահանջը. ՙԼսե’ք, է~, մեր ժամանակ, որ մարդը մեռնում էր, կամ հեռը տնից մի դժբախտ դեպք էր պատահում, երեխաներին կինն էր մեծացնում, ասում էին` սրանք ժիր, բայց հոգեպես մի քիչ թույլ են: Էդ անհեր մնացած երեխաներն, էլի~: Հիմա, որ տաղամարդիկ, էդ թվում իմ տղերքն ու փեսես սաղ - սաղ մի քանի ամիս են իրանց բալեքին տեսնում, ասում եմ` սրանք ի±նչ տաղամարդ պիտի դառնան, վաղն ի±նչ զինվոր պիտի լինեն: Իրանց արևը կծեմ, գժի պես սիրում եմ, բայց դե ո±վ կուզեր, բալա ջան, որ ըսենց բան լիներ: Ամեն մեկը մի սար` Անդրանիկս, Սարգիսս, Մհերս, Անժելաս ու Անիս, բա էս էրեխեքը մեղք չե±ն: Բա էս երկրի իշխանություններն ու օլիգարխ են ասում, ինչ զարհմար են ասում, ո±նց են գլուխները հանգիստ բարձին դնում - քնում, երբ էսքան մարդ կարոտով ա ապրում, երեխաներն առանց հայր են մեծանում՚,- հրաժեշտից առաջ միևնույն է իրենն ասեց հյուրընկալ Օնիկը:

Արմավիրյան առօրյա

Ոստիկաններն էին առավել ակտիվ Արմավիրի միակ զբոսայգում, որ գրավեցին մեր ուշադրությունը: Խեթ - խեթ մեր կողմն էին նայում, ուստի` չցանկացանք մոտենալ, պարզել, թե խնդիրն ինչո±ւմն է, ՙկխրտնեին՚, ընդհանրապես չէինք հասկանա նրանց ակտիվության պատճառը: 

 
Մեզ համար պարզեցինք, որ օրեր առաջ մի տարեց մարդ է կորել: Պաղպաղակի վաճառողուհուց ու անչափահաս երեխաներից էին փորձում ճշտել, նկարը ցույց տալ ու հասկանալ, թե տեսե±լ են արդյոք: Վաճառողուհին տեսել էր, նկարագրում էր. ՙմի կերպ, դանդաղ քայլերով, ձեռնափայտով, մի ձեռքին էլ` ափը կիսելով ցույց էր տալիս, էսքան հացը` ստեղ 10 րոպե քայլում էր՚: Եզրակացրեցին. ՙՄի տեղ ընկել մեռել ա երևի բիձեն, մեզ էլ գցել կրակի մեջ՚: Այս քաղաքի կենտրոնում կարող է մարդ ընկնել, մեռնել ու մնալ անհա±յտ ... Կինը հրաժարվեց ոստիկանություն գնալ, բացատրություն տալ, երեխեքին տարան արձանի հետևում համոզեցին - տարան: Առանձնակի շոգ էր, տապ ու ստվերոտ նստելատեղեր էլ չկային: Երկու բիսետկաներում տարեց մարդիկ վիճելով նարդիով ու թղթախաղով էին զբաղված: Արմավիրի ՙՍադի՚ միապաղաղ, ծերունազարդների մի քիչ աղմկոտ խաղը կարծես միջնորմվեց երկու խիստ կարճ հագած սիրունատեսիկների քայլքով, որ ընդամենը մի փոքրիկի խաղահրապարակ էին տանում: Տարեցներից մեկը թուքն այնպես կուլ տվեց, կարծես խոշոր ու անեփ մեծ պատառ բերանը դրել ու հոգնել էր ծամելուց: ՙՀը±,- նույնը նկատեց մերձավոր տարեկիցը,- մի զադ էլ ա չի մնացել մեջդ` հըլա շնությո±ւն ես անում: - Այ մա’րդ, հըլա մի սպասի, է~, սեռական օրգաններից մենակ աչքերս են մնացել, էն էլ` չես թողնո±ւմ աշխատեն՚,- կոլորիտով պատասխան տվեց տարեցը, որ մի քիչ ցրեց արմավիրյան միապաղաղությունը:

Երկիրը երկիր չի, մարզը մարզ չի, մարզկենտրոնը` քաղաք

Արմավիրում, ինչպես հանրապետության մյուս մարզկենտրոններում կամ քաղաքներում չինովնիկների հետ հարցազրույցի մեկնելիս, գնում ենք երկու - երեք լրագրողներով: Գլխավոր խմբագիրն` առաջին ծանոթության դեպքում, ինքն է զրուցում քաղաքապետի կամ մարզպետի հետ, մյուսներս զրուցում ենք շարքային քաղաքացիների հետ, հյուրընկալվում մեր ակտիվ ու մշտական ընթերցողներին` փորձում հասկանալ տվյալ քաղաքի կոլորիտային առանձնահատկությունն ու խնդիրները, քաղաքական անցուդարձն ու կուսակցությունների ազդեցության ոլորտները, եթե իհարկե, այդպիսիք կան: Արմավիրի մարզի Արմավիր մարզկենտրոն ենք գնացել անցած շաբաթ` հինգշաբթի: Մենք տեսանք արևելյան մի քաղաք, որ բացօդյա շուկայի է նման ...


Այստեղ կենտրոնական պողոտան դեռևս Լենինի են կոչում, թեև` վերանվանված է Հանրապետության: Երկրի պետականության պես այն որևէ կերպ չի ամրացել արմավիրցիների հոգում ու սրտում, էության մեջ: Դա են վկայում նաև թաղամասերի անունները` ՙԲաշնյա՚, ՙՉերեմուշկա՚, զբոսայգին` ՙՍադ՚ կամ` պարզապես ռուսերենն այստեղ շա~տ են սիրում: Բակերում նստած տղամարդիկ քիչ կային, շատ շրջեցինք, անցորդ աղջիկներն ու կանայք թերթի անունը լսելիս շփոթվում ու խույս էին տալիս: Ծանոթ չէին, պարզապես տպավորություն էր, թե խուսափում են իրենց մտքերի հրապարակայնությունից: Ի վերջո, խրուշչովկաներից մեկի բակում միջին տարիքի երկու տղամարդկանց հանդիպեցինք, որ շոգին նարդի էին խաղում ու հետաքրքիր զրույցի բռնվեցինք: Հրաչն ու Տիգրանը` ազգանունները վախեցան ասել, այդ մասին փոքր - ինչ ավելի ուշ: Ու բացվեց Արմավիրի խնդիրների կծիկը:
Հրաչն էր առավել մանրամասն ու օրինակներով խոսում, ով փաստեց, որ Արմավիրում էլ` ՙարտագաղթն ահավոր վիճակի ա հասել՚: Սակայն ամենակարևորն առանձնացրեց կարկտահարությունից տուժածությունը: Մի պահ անհասկանալի էր, թե քաղաքաբնակնե±րն էլ սեփականաշնորհված հողատարծքներ ունեն, որ կարկտահարությունից տուժել են: Հրաչի կինը հարևան Արմավիր գյուղից է, որտեղ հող ունեն, ցանել են ու տուժել. ՙժամանակին կարկուտի ամպերի դեմ թնդանոթների կայան կար, ամպերը ցրում էին, մի բան լինում էր, էսօր էդ ֆինտուֆլուշկեքը` մանր - մունր բաներ են դրել, ոչ մի օգուտ չի տալիս: Աներձագներիս խաղողի այգիներն էլ լրիվ կտրվել են: Վարկեր էին իբր տալու, բայց էդ էլ սուտ դուրս եկավ: Գյուղացին էսօր վարկերի տակ ճռռում ա՚: Տիգրանը միջամտեց, թե ինչի± մենակ գյուղացին. ՙքաղաքացիներս էլ` նույն վիճակում ենք, էլի: Մի երկու կոպեկ փող ենք վերցնում, որ գործի մեջ դնենք: Սուտ բաներ են էդ գյուղատնտեսական վարկերը, իբր 10 տոկոս մուծելու դեպքում 4 տոկոս էլ պետությունն էր սուբսիդավորելու: Որ բանկ գնացի` հրաժարվեցին: Մի տեղ աշխատողն ասում ա` ուզում ես ինձ գործից հանե±ն, մի տեղ ասում են` դեռ թղթերը չեն եկել, չգիտենք ինչ ճանապարհով պիտի տանք: Պատճառներ են բռնում, մահանա՚: ՙԳյուղնախարարը, որ գյուղերով ֆռում էր, մեջն ի±նչ, մասնագետը պիտի գնա գյուղեր, որ գործից հասկանա: Նախարարություններում շատ մասնագետներ շատ հեռու են իրենց վստահված ոլորտից: Նախարարն ի±նչ ա հասկանում գյուղից կամ` մասնագիտությամբ բժիշկը` Կրթության նախարարությունից: Դրանից էլ` երկիրն ավերվում ա՚,- իշխանությունների իր իսկ խոսքերով անառողջ մթնոլորտը կարճ նկարագրել շարունակեց Հրաչը:
Կինը եկավ, բանալիները վերցրեց, որ տուն բարձրանա, ինչը մեր զրույցի մի նոր թեմայի առիթ դարձավ. ՙՀոկտեմբերյանում խմելու ջուր չունենք, առնովի ա: Ծնվել ենք, էս պուլպուլակը ջուր էղել ա /հարևանությամբ ցայտաղբյուրն է ցույց տալիս Հրաչը - Ժ. Մ./, հիմա` չկա: 5 լիտր ջրին 50 դրամ ենք տալիս - առնում: Ամբողջ Հոկտեմբերյանը տենց ա: Ամբողջ օրը ջուր ունենք, աման - բան լվանում են, լողանում ենք, բայց խմելու ենթակա չի, շան հոտ ա գալիս: Էդ մասին շատ ձենձնեցին, բայց ո±վ ա տերը: Նախկինում Ապարանի ջուր էինք ստանում: Կտրեցին տրուբեքը` ստեղից մինչև Աշտարակ ինչքան կլինի, մեջ - մեջ արեցին, ջուրն էլ` թեքեցին Երևանի կողմը: Կարծես իրենք էին էդ տրուբեքը բերել: Անձամբ մեր հարևանն ա կամանդիրովկա գնացել, բերել` է~, կոմունիստների ժամանակ Վանիկ Նիկիտիչ կար` ինքը: Դրանք ծախեցին, կերան: Այստեղ էլ մարդ չկա, էլի, հոկտեմբերյանցիք երրորդ, չորրորդ սորտի մարդ են ...՚: Չեն բողոքո±ւմ, պահանջում` հարցրեցինք. ՙՈ±վ ա տերը, էդքան որ բողոքեցին` ի±նչ էղավ: Ջուրը տանում են անալիզի, թե` լավն ա: Մենք լցնում ենք վաննեն, տակը հող, ավազ, ժանգ, ինչ ասես կա՚,- պատասխանատվությունն ուրիշների վրա գցեց Հրաչն ու հիշեց վերջերս պատահած դեպքը. ՙԿնոջս մի բարեկամուհու հետ տարա Երևան, Մարգարյան հիվանդանոց: Մոտները ինչ - որ բան էին գտել, ասին` Հոկտեմբերյանից ով գալիս ա, էդ կանացի հիվանդությունն ունի ու կապեցին ջրի հետ: Ասում են` ուրիշ տեղերից ըտենց բան չկա: Երևի լողանալու էլ ենթակա չի: Պետությանը տեր չկա, ինչ ուզենան կգրեն լաբորատորիայում: Էդ էլ մեր լաբորատորիան ա: Հըլը, մի վախտ արգելեցին, չէին ուզում ցիստեռները գան ստեղ, ջուր ծախեն: Ո±նց թե, մեր չինովնիկներից մի քանիսը ցեխեր են դրել, չէ±, բանկեքով` 5 լիտրը 450 դրամ են փակում, պիտի ծախեն, չէ±, իրանց ձեռ չի տալիս որ մենք 50 դրամով ենք առնում: Ալան - թալան ա էս երկրում, չգիտե±ք ...՚:
Շա±տ են արտագնա աշխատանքի մեկնողները, ընդհանրապես դռները փակող հեռացողները` հարցրեցինք. ՙՇատ - շատ: Էս շենքում 5 մուտք կա, 48 բնակարան, երևի սուտ չասեմ, մոտ 30 տոկոս տղամարդիկ խոպան են գնացել, կան որ ընտանիքով են գնացել, տները վարձով են տվել՚,- առաջինը նկարագրեց Հրաչը: Հետաքրքրվեցինք նաև, թե Ռուսաստանի ՙՀայրենակիցներ՚ ծրագրով էլ հեռացողներ կա±ն: ՙՄեր շենքից չէ, բայց Հոկտեմբերյանից շատերն են գնացել, ես չգիտեմ ...՚,- եղավ փաստարկված պատասխանը: ՙԱմենակարևորը` գործարանները չեն աշխատում: Կանսերվի գործարանում ժամանակին` սեզոնին 25 հազար աշխատող կար, ուսանողներ էին գալիս, լավ աշխատում էր: Վերցրեցին, նվիրեցին ինչ որ մեկին, չնչին կոպեկներով առավ, քանդեց: Հիմա ինքն էլ չկա, մահացել ա Ղադիլյանը: Ասածս էն ա, որ պիտի ընենց մարդու տային, որ գործից հասկանար: Նույն ձևով Ռելեի գործարանը, Մեխգործը զոռով յոլա ա գնում: Մենակ կոնյակինն ա աշխատում, բարձր աշխատավարձ են տալիս, բայց քիչ աշխատողներ ունի՚,- բավական մանրամասնեց քչախոս Տիգրանը:
Մի խնդիր էլ. ՙՄանկավարժները դառել են առևտրական: Առաջ դրանց չարչի կամ սպեկուլյանտ էին ասում, իմ կենսաբանության դասատուն հիմա շուկայում առևտուր ա անում: Չի կարելի, մարդն ուղեղ ունի, մասնագիտություն ունի, բայց շուկայում ա, չի կարում ընտանիք պահի, ստիպված ա: Չարչիություն են անում, սրան - նրան խաբում են յոլա են գնում: Կոշիկը փոքր ա, ասում են զոռով մտցրու, ոտովդ ա: Սառոչկեն լեն ա, շպիլկեքը հետևը խփում` ասում ա, հագի, տոչնի վրովդ ա: Չի կարելի: Սաղին չարչի դարձրեցին: Թող աշխատատեղ բացեն, մարդիկ աշխատեն` հա’մ ժողովուրդը լավ կապրի, հա’մ իրանք իրանց լավ կզգան: Չեն ուզում, պիտի ինչքան կարան ստորացնեն, որ ընտրությունների վախտ մի քանի կոպեկով ձեներն առնեն: Բա որ մի քիչ ապահովված ըլնեն` շատ կուզեն, չէ±: Իրենք էլ 10 - 15 ախրանա հետևներից քցում, ման են գալի: Քաղաքակիրթ երկրներում ախրանա չունեն, որովհետև վախ չունեն, մեկին չեն խաբել, մեկին չեն թալանել: Ումի±ց են վախենում, թող մարդկանց չնեղեն` չվախենան: Էսի պետություն չի, ես էդքան բան գիտեմ` թյուրիմացություն ա՚,- սեփական երկրի մասին ասում են ու միմյանց փոխլրացնում Հրաչն ու Տիգրանը:
Լա’վ, վերջն ի±նչ ա լինելու` հարցնում ենք. ՙԼավ բան չի սպասվում: Իշխանափոխություն որ լինի, մի բան կփոխվի` չգիտեմ՚,- իր քաղաքական հայացքներն է սկսում շարադրել Հրաչը: Արմավիրում քաղաքական կյանք կա±` հարցրեցինք. ՙԿա, բայց թաքնված: Հենց մեկն էրևում ա, բարեկամը գործի ա, իրա կամ ախպոր էրեխեն բանակում ա, նեղում են, աշխատանքից հանում են. վախեցնում են, սպառնում: Շատ ակտիվիստներ տականց են գործում, ոնց որ սովետի օրոք՚,- էլի իրար փոխանցելով կարծես զրույցն ավարտին հասցրեցին Տիգրանն ու Հրաչը:
Նրանց հրաժեշտ տվեցինք, թերթի օրինակներից նվիրեցինք ու շրջեցինք ոչ փոքր այս քաղաքում: Շուկա կոչվածը մայթեզրի նստածներն են, բուն տարածքը զբաղեցրել են Հրաչի ասած չարչի տոնավաճառականները՚: Առանձնապես հետաքրքիր բան չգտնելով քայլերս ուղղեցինք դեպի քաղաքային մեծ զբոսայգի: Այնտեղ այս անիմաստ ու գեղագիտորեն անհաս, Արարատից այն կողմ քրիստոնեական աշխարհ, այս կողմ կարծես արծվաբույն հայրենիք տեսնող խաչքարը նկատեցինք, մի քիչ զով վայր` հանգստանալու, խմբագրին սպասելու համար:
Հ.Գ. 1. Արմավիրցիներն իրենց քաղաքին միևնույն է Հոկտեմբերյան են ասում: Սա նկատելի է հենց Երևանից: Մարզ մեկնող երթուղայինների վրա էլ գրված է. ՙԵրևան - Հոկտեմբերյան՚: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրեցինք, թե հոգեբանական խնդի±ր կա, որ Հոկտեմբերյանն այդպես էլ չի դառնում Արմավիր, թե ինչպես քաղաքացիների հետ մեր զրույցներում նկատեցինք, մարզկենտրոնի բնակիչները չեն ուզում նույնանալ քաղաքի հարևանությամբ Արմավիր գյուղի բնակիչների հետ, որը նրանց հավաստմամբ ի բնե է: Պարոն Ղահրամանյանը խնդիրը նույնականացրեց նաև Էջմիածին - Վաղարշապատի հետ:
Հ.Գ. 2. Ինչ վերաբերում է Արմավիր քաղաքում խմելու ջրի աղտոտվածության և խնդիրների հետ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ համաձայնեց, բայց` մասամբ: Նա հավատում է սանէպիդկայանի ստուգումներին և դրանց արդյունքներին: Ավելին` նա համոզված է, որ չնայած ջրի չորությանն ու կոշտությանն` այն անվտանգ է: Ասել է, թե հերքո±ւմ է հանրապետության գլխավոր մանկաբարձ - գինեկոլոգների եզրակացությունները: ՙԻհարկե` սկզբում քաղաքը ջուր չի ունեցել, հետո` բերվել է Արագածի ջուրը: Հիմա, երբ արտեզյան հորերի ջուրն է, մարդիկ չեն հարմարվում: Աղերի քանակը ջրի մեջ բարձր է: Այդ մասին մտահոգությունն ու բողոքները շատ շատ են: Բայց այսօր մեր պետությունն այն պետությունը չէ, որ ֆիլտրեր դնի ...՚:
Հ.Գ. 3. Ինչպես երկուստեք փաստվում է` երկիրը երկիր չի, մարզը մարզ, մարզկենտրոնը` քաղաք: Հայրենի երկիրն ու քաղաքը ո’չ քաղաքացիներինն է, ո’չ չինովնիկներինը: Ո±ւմ հայրենիքն ու պետությունն է Հայաստանը ...

ՙԵղբայրս էլ, Արգինա գյուղում ապրողն էլ` իմ քաղաքացին են՚

Արմավիրի մարզպետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Ղահրամանյանի հետ զրուցում ենք մարզի խնդիրների, աշխատանքների, գյուղատնտեսության ծանր վիճակի, քաղաքական անցուդարձի, ինչպես նաև` ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև երկխոսության մասին:


- Պարոն Ղահրամանյան, ինչպե±ս է ապրում Արմավիրը, արմավիրցին: ՀՀ կառավարության դոտացիաները որքանո±վ ժամանակին են տեղ հասնում և Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները կատարվե±լ են Արմավիրի մարզում:

- ՀՀ կառավարության կողմից հատկացվող դոտացիաները ժամանակին տրվում են, որևէ ուշացում չի լինում: Բյուջեով հաստատվել է Արմավիրի մարզին հատկացվելիք գումարի չափը, բացի այդ ՀՀ նախագահի կարգադրությամբ Կառավարությունը շուրջ 10 մլրդ դրամ է հատկացրել մարզերին` կապիտալ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար, որից 1 մլրդ 330 մլն դրամն` Արմավիրի մարզին: Այդ գումարի առյուծի բաժինը ներդրել ենք դպրոցաշինության մեջ` 18 կրթօջախներ կվերանորոգվեն: Մինչև նոր ուստրվա սկիզբն ամբողջությամբ ավարտած կլինենք ծրագրավորված աշխատանքները: Ես գիտեմ, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լինելու են նաև երկրորդ փուլով հատկացումներ` ևս այդ չափի գումար, եթե առաջին փուլով տրվածին համապատասխան, հավուր պատշաճի աշխատանքներ կատարվեն:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավում տրված խոստումներին, ապա դրանց 80 տոկոսը կատարվել են: Բաց են մնացել առայժմ Երվանդաշատ, Բագարան համայնքների և Արմավիր քաղաքի 108 և 107 թաղամասերի գազաֆիկացման խնդիրները, որոնք կիրականացվեն կա’մ ՙՀայռուսգազարդ՚-ի, կամ IFAD-ի ծրագրերի միջոցով, եթե ո’չ, ապա` երկրորդ փուլով տրամադրվելիք գումարների շրջանակներում:
Գաղտնիք չէ, որ Արմավիրի մարզում կարևորագույն խնդիրը հունիսի 5-ին տեղացած կարկուտի հետևանքով մեծ վնասն է` հասցված 13 համայնքների բնակչությանը: Գրեթե ամբողջությամբ վնասվել են ցանքատարածքներն ու այգիները, մարդիկ զրկվել են բերքից, հարյուրավոր խաղողի այգիներ կտրվել են: Այդպիսի արհավիրք` համենայն դեպս, ես չեմ հիշում Արմավիրի մարզում: Առաջին իսկ պահից ամեն ինչ զեկուցվել է ՀՀ նախագահին:

- Հավանաբար այդ շրջանակներում էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Սարդարապատում տեղի ունեցած տեղային հանդիպման ժամանակ արմավիրցիներին վստահեցրել եք, որ գյուղացիները կազատվեն հողի հարկից, իսկ մեկ ամսով նաև ոռոգման ջրի վարձավճարից: Բայց մինչ այդ, Կենտրոնական բանկն ինչ որ ուսումնասիրություն պիտի կատարեր: Արվե±լ է և ի±նչ է պարզվել` զիջվելո±ւ է ...

- Բանկը համապատասխան առաջարկություններ է արել առևտրային բանկերին: Քանի որ վարկերի հիմնական մասը կոլեկտիվ պատասխանատվությամբ է, բանկերը համաձայնվել են, որ տրվածը մարդիկ փակեն, որից հետո կտրամադրվեն ավելի մեծ գումարով, ավելի երկար ժամանակով և ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր: Դա էլ` լուրջ օգնություն է: Կարողացանք համախմբել ներքին ռեսուրսները և շուրջ 2228 հեկտարի համար տարբեր մշակաբույսերի սերմեր ու սածիլներ անվճար տվեցինք գյուղացիներին` իհարկե, Գյուղնախարարի աջակցությամբ: Այդ տարածքների համար նաև համապատասխանաբար տրվելու է պարարտանյութ: Որոշ չափով բաժանվել է նաև դիզվառելիք: Կարևորը` ոռոգման ջրի խնդրի լուծումն է և հողի հարկի մարումը: 320 մլն դրամ ոռոգման ջուրն է, 101 մլն դրամ էլ` հողի հարկերի վճարի չափը: ՀՀ կառավարության կողմից երկրորդ փուլով հատկացվելիք գումարներով ամբողջությամբ կփակենք դրանք էլ:

- Ամեն դեպքում` մարզում ամենալուրջ խնդիրներից է մնում 17 հազար հեկտար հողերի չմշակումը, այն պայմաններում, երբ Արմավիրը համարվում է հանրապետության ամենաբարենպաստ մարզերից մեկը: Այս առիթով կարծեմ` հասցրել եք նաև ամոթանք տալ համայնքապետերին:

- Ի նկատի պետք է ունենանք, որ այդ 17 հազարից 5 - 6 հազար հեկտարից ավելին աղակալած, չմշակվող հողատարածքներ են: Այս տարի` նախորդ տարվա համեմատությամբ 2 - 3 հազար հեկտար ավելի շատ է մշակվել: Հիմա` ցորենի դաշտերի հնձումից հետո, երկրորդ ցանքսն է կատարվելու և` ես համոզված եմ, որ ևս 2 - 3 հազար հեկտար հողատարածք կրկնակի կմշակվի: Բազմաթիվ հողատարածքներ էլ կան, որ չեն մշակվում ոռոգման ջուր չլինելու պատճառով: Օրինակ, հենց Արաքս գյուղում, որ սահմանային գոտի է, շուրջ 500 հեկտար գտնվում է սահմանի ներսում, սակայն մշակվում է դրա ընդամենը 30 հեկտարը: Արաքսում մի խորքային հոր պիտի հորատենք, չնայած` դա էլ քիչ է, ևս չորսի հորատումից հետո ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կարելի կլինի լուծված համարել:

- Իսկ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի իբր ուշադրությունը գյուղատնտեսությանը գործնականում ի±նչ տվեց Արմավիր գյուղատնտեսական մարզին:

- Գյուղատնտեսության նկատմամբ փոխվել է վերաբերմունքը: Դա ՀՀ նախագահի առաջին հանձնարարականներից մեկն է, որ սկսել է իրականություն դարձնել Գյուղնախարարը: Մեր հիմնական նպատակը աշխատող մարդու կողքին կանգնելը, նրա հոգսերով զբաղվելն է: Օգնությունների ցանկը հենց երեսով դեպի գյուղը շուռ գալու փաստերից մեկն է: Այնպես որ, սա մեկ ամսվա կամ` մեկ տարվա խնդիր չէ: Իրոք, մեր գյուղատնտեսությանը պետք է ամենօրյա լուրջ ուշադրություն դարձնենք:

- Պարոն Ղահրամանյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ իբրև վարկանիշային ցուցիչ է կիրառվում գույքահարկի և հողահարկի հավաքագրման ցուցանիշները: Ինչպե±ս եք վերաբերվում դրան և ինչպիսի±ն են տվյալներն Արմավիրի մարզում:

- Շատ նորմալ եմ վերաբերվում: Այդ մոտեցումը բոլորիս ստիպում է, որ նույնպես աշխատենք` և’ հողահարկի, և’ գույքահարկի բազաները հավաքագրենք: Երբ ես մարզն ընդունել եմ` 389 մլն դրամի աշխատավարձի պարտք կար, իսկ այսօր Արմավիրի մարզում 21 մլն դրամի պարտք կա: Ես համոզված եմ, որ մինչև տարեվերջ դա էլ կփակենք: Արմավիրի մարզը վերջին տարիներին 100 տոկոսով կատարել է հարկահավաքման գործընթացը: Մեր արդյունքները` դրական են:

- Անդրադառնանք ՌԴ տարբեր մարզերի հետ Ձեր համագործակցության եզրերին: Վերջերս եղել եք Յարոսլավլի մարզում, համաձայնագիր կնքել փոխադարձ առևտրային տներ բացելու, գյուղմթերքի արտահանման, կարկտահարությունից տուժածներին օժանդակության մասին: Ի±նչ արդյունք եք արձանագրել ...

- Այո’, միջպետական համաձայնագրի շրջանակներում վերջերս հյուրընկալվեցի Յարոսլավլի մարզում, որի մարզպետի կարգադրությամբ մինչև հոկտեմբեր այնտեղ կբացվի ՙԱրմավիրի տուն՚: Նա հանձնարարեց տեղի ամենահզոր մեծածախ առևտրային ընկերությանը, որ զբաղվեն Արմավիրում արտադրվող գյուղմթերքի արտահանման գործով: Երկկողմանի աշխատանքային խմբեր են ստեղծվել: Իրենց մոտ Թառափ ձկան պահանջարկ կա և պատրաստվում են մեզանից գնել: Մտածում ենք այնտեղից ինչ ներկրելու մասին: Դա, այո’, հնարավոր է նաև ավիափոխադրումների միջոցով: Նրանք պարտավորվել են նաև կարկտահարությունից տուժած ընտանիքների համար ալյուր գնել, իբրև` օժանդակություն, իսկ Արմավիրի մարզի Մեծամոր և Յարոսլավլի Տուտաև համայնքները քույր քաղաքներ են դարձել: Նաև մտածում ենք Յարոսլավլում գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող լուրջ ձեռնարկություն հիմնելու մասին:

- Իսկ Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական կապերի նախարարի հետ հանդիպումն ի±նչ տվեց: Կարծեմ` պիտի օգնեն մարզի ռուսական դպրոցներին: Դրանք Արմավիրում այդքան շա±տ են ...

- Ո’չ, ընդամենը երկուսը` ռուսական թեքումով: Նրանք խոստացել են համապատասխան գրականություն և համակարգիչներ տրամադրել: 11 նոութբուք են տվել, իսկ էլեկտրոնային գրատախտակն ու գրքերը` ճանապարհին են: 

- Պարոն Ղահրամանյան, Դուք կարծես մեծ ուշադրություն եք դարձնում դպրոցներին, սակայն այն ոչ միանշանակ, եթե ոչ սվիններով է ընդունվում: Նախ` դպրոցականների համազգեստի, ապա հացաբուլկեղենը միայն մեկ արտադրամասից գնելու հարցում պարտադրում եք: Ինչո±ւմն է խնդիրը, ի±նչ բաժնեմաս ունենալու մասին է խոսք գնում:

- Դպրոցների մանկավարժական խորհուրդներն են դիմել մեր կրթության վարչությանն այդ հարցերով: Ընդհանուր հայտարարի ենք եկել և ամենացածր գներով դպրոցական հագուստ ենք առաջարկել: Դա հասկանալի պատճառներով որոշ մարդկանց ձեռնտու չէր, իրենց բիզնեսին էր դիպչում և աղմուկ էին բարձրացնում: Իսկ սննդի հարցում կարևոր է, որ դպրոցները դրանք գնեն այնպիսի կազմակերպությունից, որը պատասխան է տալիս սննդի անվտանգության հարցում: Պահանջը` սա է եղել, որպեսզի որևէ թունավորման կամ դժբախտ դեպք չունենանք:

- Վերահսկիչ պալատում եզրակացնում են, թե Արմավիրի մարզպետը չի կատարում իր լիազորությունները, որի արդյունքում Տալվորիկ, Փարաքար, Մարգարա գյուղերում և այլուր` շինարարության, ձկնաբուծության, հողերի վերավաճառքի, ավազի հանքերի գործարքներում չարաշահումներ են եղել: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի խոսքում նշվում է, թե Ձեր լիազորությունները ձևական բնույթի են` չնայած որոշումներին խախտումները չեն վերացվել: Կարծեմ` պետբյուջեի չարաշահումների 9 գործ է ուղարկվել դատախազություն: Ինչո±ւմն է խնդիրը ...

- Այդ հողատարածքները տրվել են ըստ համապատասխան օրենքների և նորմերի: Թող այդ Վերահսկիչ պալատը որևէ տող ցույց տա, որտեղ օրենքի խախտում է եղել: Այդպիսի բան չկա: Իրենց ներկայացրած դեպքերը ձևական են: Մարդիկ վարկ վերցնելու համար իրենց բարեկամին մեծ գներով հողերի վերավաճառք են ձևակերպել, որպեսզի կարողանան բանկից վարկ ստանալ:

- Արմավիրի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներին, գուցե` արմավիրցիներին:

- Ես նպատակ եմ դրել գտնել մարզում ծնված և արտերկրում ապրող բոլոր հայրենակիցներին: Հսկա ցանկ ունենք և յուրաքանչյուր Ամանորին` անկախ այն բանից, նրանց ճանաչում եմ, թե` ոչ, բոլորին շնորհավորական բացիկներ կամ հեռագրեր եմ ուղարկում: Արմավիրցիների հավաք եմ կազմակերպում: Իսկ Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում 8 հեկտար տարածք ենք հատկացրել հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված զբոսայգի ստեղծելու համար, որը կբացենք 2015 թ.-ին: Ովքեր Արմավիրի մարզում 1 մլն դրամ և ավելի ներդրում կկատարեն, նրանց արձանները կտեղադրվեն այդ այգում, որպես Արմավիրի բարեկամներ: Իսկ գործարար ներդրումների համար` գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ կարող են ստեղծել, ընկույզի մուրաբա արտադրել և ես խոստանում եմ դրա իրացման հարցում օժանդակել: Անսահմանափակ պահանջարկ կա:

- Պարոն Ղահրամանյան, Դուք Արմավիրի ՀՀԿ տարածքային կազմակեպության նախագահն եք: ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանից լիազորությունների փոխանցումը Ձեզ գործնականում ի±նչ է արձանագրել: Բացի այն, որ ըստ լուրերի, բոլոր դպրոցների տնօրեններին ու մանկավարժներին պարտադրում եք անդամակցել ՀՀԿ-ին:

- Եթե որևէ մեկը կասի, թե ՀՀԿ տարածքայինի նախագահն իրեն ստիպել է ընդունվել կուսակցության շարքերը, ես ներողություն կխնդրեմ: Այդպիսի բան չկա: Եթե ստիպողական անդամակցեն, ի±նչ օգուտ են տալու: Ընտրություններում կգնան և կընտրեն իրենց սրտի և հոգու խորքում հարգվածին: Հարկադրված անդամակցածը համոզված չի ընտրի: Համենայն դեպս, ես նման բան թույլ չեմ տվել և թույլ չեմ տա: Բայց որ բավական փոփոխություն է եղել` թե’ աշխատանքի, թե’ կուսակցականների պատասխանատվության հարցում, դա այդպես է: Մենք այլևս ավելի խիստ ենք մոտենում այն պաշտոնյաներին, ովքեր մեր կուսակցության անդամ են և անօրինականություններ են թույլ տալիս: Եթե մի բան հարգանքով կամ սիրով չի արվում, դրա կյանքը շատ կարճ է ...

- Արմավիրի մարզում է նաև Էջմիածին քաղաքը, որտեղ կարծես տեր ու տիրակալ է գեներալ Մանվել Գրիգորյանն, ով անգամ պետավտոտեսուչի դերն է ստանձնում հոգևոր համարվող այդ քաղաքում: Ձեր ՙձեռքերը՚ որքանո±վ են հասնում Վաղարշապատ ...

- Ինձ համար բոլոր քաղաքներն էլ հավասար են: Մարզում 97 համայնք կա` 3 քաղաք և 94 գյուղական համայնք: Գեներալ Մանվելը որևէ խոչընդոտ չի ստեղծում իմ աշխատանքում և ես` դա թույլ էլ չեմ տա: Որևէ խնդիր ես չունեմ այդ հարցում: Թող ամեն մեկը հետևողական լինի իր շրջապատի հանդեպ և ամեն ինչ կարգին կլինի: Ինձ համար` եղբայրս էլ, Արգինա գյուղում ապրողն էլ` իմ քաղաքացին են:

- Մարզում կա± քաղաքական կյանք, կուսակցությունների ակտիվություն, Ռոբերտ Քոչարյանի ակտիվության, ՙԲարգավաճ Հայաստան՚ - Հանրապետականի միջև կարծես հակամարտություն - մրցապայքարում վիճակն ինչպիսի±ն է: Եվ ինչպե±ս եք վերաբերվում ՀՀԿ - ՀԱԿ երկխոսությանը, այն մարզում որևէ աղերսներ ունի± ...

- Ես ողջունում եմ ՀԱԿ-ի հետ տարվող երկխոսությունը: Համոզված եմ, որ դա Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականության արդյունքներից է: Երկիրը պիտի ամուր լինի, որ դիմակայի դրսի և շրջապատի թշնամի պետություններին: Մեր աշխատանքների վրա շատ բարերար ազդեցություն է ունեցել երկխոսությունը: Այն լարվածությունը չկա, ինչը երկու - երեք տարի առաջ էր: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի աշխատելու, մարդկանց հավաքագրելու: Ես երբեք որևէ մեկին չեմ նախանձում: Ով կարող է, թող իր ետևից մարդկանց տանի: Արմավիրի մարզում շատ կուսակցություններ ունեն տարածքային գրասենյակներ և առողջ մրցակցում են: ՙԲարգավաճ Հայաստան՚-ի հետ որևէ հակամարտություն չունենք, նրանք էլ իշխանական կոալիցիայի անդամ են, իմ տեղակալներից մեկն էլ` այդ կուսակցությունից է և յուրաքանչյուրն իր գործն է անում:

- Եվ վերջում. Ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

- Կարևոր է հայ - ռուսական հարաբերությունների ամրացումը: Այնպես անենք, որ Ռուսաստանում, Մոսկվայում ավելի շատ վստահեն, սիրեն, հավատով համագործակցեն հայերիս հետ: