Երևանը մաքուր պահելով և կանաչ տարածքների վերականգմամբ կարելի է ետ բերել մայրաքաղաքի երբեմնի երգեցիկ թռչուններին: Մինչ այդ Երևանում ծլվլում են ճնճղուկներն ու կռում են ագրավները: Մայրաքաղաքում ճնճղուկից ու տարբեր ագռավազգիներից բացի այսօր դեռ բնակվում են կարմրակատարը, ամուրիկը, սովորական սերինոսը, կաչաղակը և այլն: Վերջին շրջանում Երևանում շատացել են հատկապես ագռավները: Ըստ բնապահպանի` պատճառը քաղաքի չափից շատ աղտոտվածությունն է, իսկ ագռավները միշտ հաստատվում են այնտեղ, որտեղ աղբը շատ է: «Նրանք բնության սանիտարներ են և պետք չի ինչ-որ կերպ պայքարել նրանց դեմ. պարզապես պետք է քաղաքը մաքուր պահել»,- այս համոզմանն է բնապահպան Ծովինար Հովհաննիսյանն, ով այսօր տեղեկացրել է, որ մեծ երաշտահավը ճանաչվել է 2010 թվականի Հայաստանի թռչուն: Այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի թռչունների պահպանման միությունը` ամփոփելով հարցման արդյունքները, որին մասնակցել են տարբեր մարզերից 1717 հոգի, որոցից 436-ը իրենց ձայնը տվել են հենց մեծ երաշտահավին:
Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ
Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:
Monday, January 17, 2011
ԴԱՀԿ ՊԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ
“ԴԱՀԿ պետը կշարունակի աշխատել: Նա իր արարքի համար կարգապահական տույժի է ենթարկվել: Իսկ իրավական պետությունում անձին մի բանի համար երկու անգամ չեն պատժում: Իսկ եթե խնդրիներ լինեն աշխատանքը շարունակելու ընթացքում, ապա նախորդ նկատողությունները հաշվի կառնվեն”, ասել է Արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը
H1N1 վիրուսի դեպքերը բավական լուրջ մտահոգության առիթ են տալիս
Եվրոպայում եւ Ռուսաստանում արձանագրված H1N1 վիրուսի դեպքերը բավական լուրջ մտահոգության առիթ են տալիս, քանի որ հատկապես վերջինից մեծ թվով հայեր են ժամանում Հայաստան, ինչով էլ պայմանավորված՝ վիրուսի տարածման վտանգը Հայաստանում մեծանում է։ Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյան. «Մտագոհվելու առիթ, իսկապես ունենք, Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան»,- ասաց նա։ Նշենք, որ Ռուսաստանում՝ հատկապես Չուվաշիայում, Տյումենում եւ Տոմսկի մարզում խոզի գրիպի դեպքեր են արձանագրվել։ H1N1 գրիպի բարդացումների հետեւանքով Մեծ Բրիտանիայում օրեր առաջ վախճանվել էր բրիտանացի երգչուհի եւ Broadcast ռոք-խմբի անդամ Թրիշ Քինենը։
«Հացի հեղափոխություն» Թունիսում
Ի վերջո, Թունիսի ժողովրդի բողոքի մեկամսյա ցուցերը արդյունքի հասան. երկրի բռնապետ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալին փախուստի դիմեց՝ ապաստան գտնելով Սաուդական Արաբիայում:Նախ հարկ է նշել, որ Թունիսում կատարված իրադարձությունները աննախադեպ էին արաբական աշխարհում, և հակառակ մինչ այժմ եղած դեպքերի, Բեն Ալին գահընկեց արվեց ո՛չ հեղաշրջումով և ո՛չ էլ ներքին քաղաքական առևտրով. այս անգամ արաբական երկրում փոփոխությունն իրականացավ ժողովրդի ընդվզումով՝ հեղափոխության միջոցով: Թունիսը 1956-ին անկախացավ Ֆրանսիայից, և չնայած համակարգը հանրապետություն անվանվեց, բայց երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուրղիբեն բանակի օգնությամբ 31 տարի Թունիսը ղեկավարեց որպես բռնակալ: 1987-ին Բեն Ալիին հաջողվեց ժողովրդական կարճաժամկետ բողոքների արդյունքում երկրի ղեկավարությունը խլել Բուրղիբեից: Բայց Բեն Ալին, ինչպես և Բուրղիբեն, երկիրը 23 տարվա ընթացքում ղեկավարեց բանակի, ոստիկանության ու անվտանգության ուժերի խիստ ճնշան օգնությամբ: Մի խոսքով, Թունիսը իր անկախության 54 տարիների ընթացքում ունեցել է միայն երկու նախագահ, և, բացի 1987-ի բողոքի կարճաժամկետ ցույցերից, երկրում առհասարակ բողոքի ոչ մի ակցիա տեղի չէր ունեցել: Թունիսում, հակառակ Եգիպտոսի կամ Հորդանանի, գոյություն չունեն քաղաքական կուսակցություններ, որոնք մեծ ընդունելություն ունենան ժողովրդի կողմից: Ուրեմն հարց է առաջանում թե նմանօրինակ երկրում ինչպե՞ս է, որ ժողովրդական ընդվզումներ են տեղի ունենում, և դրանց արդյունքում նախագահի՝ փախուստի դիմելով փլուզվում է նրա կառուցած, 23-ամյա ավտորիտար համակարգը: Վերոհիշյալ հարցի պատասխանը կարելի է գտնել Թունիսի ներքին քաղաքական իրավիճակի ու տնտեսական անհամահունչ զարգացման մեջ: Նախ անդրադառնանք ներքին քաղաքական իրավիճակին: Ճիշտ է, որ Բեն Ալին երկիրը ղեկավարեց 23 տարով, բայց իրականում Թունիսի ներքաղաքական իրավիճակը չափազանց փխրուն և անկայուն էր դարձել հենց նախագահի արարքների հետևանքով: Այդ իրավիճակում համակարգն այլևս գոյատևելու հնարավորություն չուներ: Բեն Ալին իր պաշտոնավարության տարիներին հասարակության համար փակել էր արտահայտման բոլոր միջոցները, ժողովուրդը զրկվել էր հասարակական ու քաղաքացիական ոլորտում ներկայություն ունենալու և համագործակցելու իրավունքից: Հասարակական ընդվզումը սկսվեց Մուհամադ Բուազիզիի ինքնահրկիզումից, երբ նա պատվաբեր աշխատանք չունենալու պատճառով դիմեց ինքնահրկիզմանը: Բուազիզիի ինքնահրկիզումից առաջացած ժողովրդական ընդվզումը շատ արագ տնտեսական ոլորտից փոխադրվեց քաղաքական ոլորտ, և բանակն ու ոստիկանությունն էլ չկարողացան պատնեշել ժողովրդի ընդվզումը: Սակայն պետք է ասել, որ Թունիսը տնտեսական ոլորտում բավականին հաջող է հանդես եկել: Թունիսի տնտեսությունը, անկախ նավթային գումարներից, զարգացավ ազատ շուկայի կայացման միջոցով: Բայց, ինչպես բնորոշ է ավտորիտար երկրներում ազատ շուկայական մոդելներին, Թունիսի հասարակության մեջ առաջացան լուրջ դասակարգային ճեղքեր: Թունիսի տնտեսության անհամահունչ զարգացման հետևանքով երկրում առաջ եկավ համատարած գործազրկություն, և ժողովրդի մեծամասնությունը զրկվեց երկրի տնտեսական ոլորտում առաջացած զարգացումների արդյունքներից: Տնտեսական անհամահունչ զարգացումն ու քաղաքական փակ համակարգը Թունիսի ժողովրդի ընդվզման բնական պատճառներն են. ժողովրդի տնտեսական ընդվզումը, վերածվելով քաղաքականի, գահընկեց արեց Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին: Ի վերջո, նման իրավիճակը միայն Թունիսի մենաշնորհը չէ։ Այսօր արաբական այլ երկրներ ևս, ինչպիսիք են Եգիպտոսը, Ալժիրը, Քուվեյթը, Հորդանանը և անգամ Սաուդյան Արաբիան, նման իրավիճակներում են հայտնվել: Այս պահին Թունիսի նման իրավիճակ է Ալժիրում, Հորդանանում և Եգիպտոսում, և շատ հավանական է, որ Թունիսի ժողովրդի հաջողությունից հետո այդ երկրներում ավելի թեժանան ժողովրդական շարժումներն ու ակցիաները: Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը:
Երեւանի քաղաքապետարանում նոր փոփոխություններ են լինելու
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ են լինելու: Այսօր՝ հունվարի 17-ին քաղաքապետարանում խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, թե փոփոխությունների նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Երեւանի ավագանու քննարկմանը: Մեր տեղեկություններով, քաղաքապետը ներկայացրել է մի քանի թեկնածություններ, որոնք առաջիկայում առանցքային պաշտոններ են զբաղեցնելու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում: Քաղաքապետարանի գործելաոճում գերակա է դառնալու թարմ, պրոֆեսիոնալ կադրերի նշանակումը՝ բարձրացնելու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը: Մասնավորապես, բացի գործող երեք փոխքաղաքապետերից՝ Տարոն Մարգարյանից, Կամո Արեյանից, Վանո Վարդանյանից, եւս մեկ փոխքաղաքապետ կլինի, ով համակարգելու է ֆինանսական խնդիրները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում է Վահե Ստեփանյանի անունը: Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը: Քաղաքապետը մտադիր է նոր պաշտոն ստեղծել՝ Երեւանի գլխավոր դիզայներ:
Հրկիզել են լրագրողի մեքենան
Հունվարի 16-ի գիշերը հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան: Այն կայանված է եղել շենքի բակում գտնվող ավտոտնակում: Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը: Հունվարի 17-ին Ն.Ավետիսյանն աշխատանքի գնալիս բացել է ավտոտնակի դարբասները և մեքենան գտել հրկիզված վիճակում: Մեքենայի վրա հայտնաբերվել է այրված լաթի կտոր, որը գցվել է ավտոտնակի վերևի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաև հեղուկ վառելանյութ: ՆԳ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ն.Ավետիսյանի խոսքերով՝ անձնական որևէ բնույթի խնդիր բացառվում է, իսկ մասնագիտական գործունեության հետ կապող վարկածի մասին՝ հայտնի չէ: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 3-րդ նմանօրինակ դեպքն է, որ այս կամ այլ կերպ վնաս են հասցնում Ն.Ավետիսյանին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործողությունը համարում է որպես հերթական ոտնձգություն լրագրողի նկատմամբ. «Ցավոք, նախորդ բոլոր ոտնձգությունների հեղինակները չեն բացահայտվել իրավապահ մարմինների կողմից, որը նպաստել է և՛ լրագրողի նկատմամբ հերթական ոտնձգությանը, և՛ անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով սույն գործողությունները, պահանջում է իրավապահ մարմիններից՝ բացահայտելու պատվիրատուին և կատարողին»:
Վանաձորի «Նավ» ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում այսօր՝ հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ երկու եւ ավելի անձանց նկատմամբ)։ Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 15-ին արձանագրված միջադեպի փաստով։ Ըստ այդմ, հունվարի 15-ին ժամը 23։ 00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում Վանաձորի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ սուր ծակող-կտրող գործիքով պատճառված վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երեք երիտասարդներ։ Հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Սամվել Ավետիսյանի, Լոռու մարզային քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորները Երեւանի բնակիչներ են։ Նրանք են՝Վերին Չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ 24-ամյա Տիգրան Սարգիսի Եղիազարյանը (նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի կտրած-ծակած վերքով), Շիրակի 17 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ 23-ամյա Արթուր Արմենի Բաղդասարյանը։ Վերջինս վնասվածքներ է ստացել լյարդի, եւ աջ ոտքի ստորին մասում՝ կտրած-ծակած վերքով։ Երրորդ երիտասարդը Շիրակի 37 տան բնակիչ 24-ամյա Արամ Սամսոնի Ավագյանն է։ Նա վնասվածքներ է ստացել ձախ ոտքի ազդրի վերին հատվածում։ Երիտասարդներից երկուսը՝ Տիգրանն ու Արթուրը այս պահին Վանաձորի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են։ Երեքն էլ գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ։ Դեպք տեղի է ունեցել Լոռվա խճուղի 1Ա հասցեում գործող «Նավ» ռեստորանում։ Ռեստորանի հարեւանությամբ ապրող վանաձորցիները պատմել են, թե վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ։ Երեւանցի երիտասարդները եկել են ռեստորան եւ հաց ուտելու ընթացքում սկսել են հայհոյանքներով խոսել։ Նրանց զգուշացրել են՝ հայհոյանքներ չտալ, քանի որ ռեստորանում կանայք կան, սակայն երիտասարդները եղել են գինովցած եւ շարունակել են հայհոյանքներ տալ, ինչից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է երեւանցի երիտասարդների դանակահարությամբ։ Ոստիկանությանն արդեն հայտնի է երիտասարդներին վնասվածք պատճառած անձանց ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով նրանց անունները չենք հրապարակում։ Ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական օպերատիվ աշխատանքներ՝ հայտնաբերելու նշված անձանց։ Ի դեպ, երիտասարդների հարազատները բողոքել են, թե ինչու է ոստիկանությունը թույլ տալիս, որպեսզի ընդդիմադիր մամուլը լուսաբանի տեղի ունեցածը։ Հարազատներից մեկն էլ հայտնել է, թե նախկինում աշխատել է արդարադատության նախարարության դատական դեպարտամենտում որպես դատական կարգադրիչ:
Subscribe to:
Posts (Atom)


