Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, December 16, 2010

Կառավարության հաջո՞րդ նիստին, թե՞ հաջորդ կառավարության նիստին

Հայաստանի Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում պետեկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը ձայն խնդրեց՝ օրակարգում լրացուցիչ հարց մտցնելու համար, սակայն հետո փոշմանեց, ասելով, թե դա կարելի է անել նաեւ հաջորդ նիստի ընթացքում։ «Կառավարության հաջո՞րդ նիստին, թե՞ հաջորդ կառավարության նիստին»,- կատակով փորձեց ճշտել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՌԱՖԻԿՆ ԱՍԵԼ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒ՞Ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է քրեական հետապնդում Գագիկ Բեգլարյանի հանդեպ: Գալուստ Սահակյանն այդ հարցին տվել է ուշագրավ պատասխան: Նա ասել է, թե Գագիկ Բեգլարյանը կայացրել է “լուրջ քաղաքական որոշում” եւ հրաժարական է տվել, եւ քրեական հետապնդման մասին խոսքն ավելորդ է: Ըստ Գալուստ Սահակյանի, երբեմն լինում են իրավիճակներ, որ “քաղաքական որոշումն ավելի կարեւոր է, քան քրեական գործընթացները”: Լրագրողները Գալուստ Սահակյանին հիշեցրել են, որ մեկ այլ ՀՀԿ-ական` Ռաֆիկ Պետրոսյանը, հայտարարել էր քրեական հետապնդման հնարավորության մասին: Գալուստ Սահակյանը դրան էլ ի պատասխան ասել է, որ “մեծ կուսակցություն են, եւ կլինեն նաեւ անհեթեթություններ ասողներ”: Ի դեպ, Գալուստ Սահակյանը ասել է նաեւ, որ եթե նախագահի նստավայրում եղել են քննարկումներ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հետ կապված, դա չի նշանակում, որ այդ քննարկումները միայն ճնշման մեխանիզմներ են պարունակում:

Տուն-տունիկ են խաղում` մեկին հանում, մյուսին դնում են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն էկոնոմիկայի նախարար է նշանակվել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնում էլ նշանակվելու է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։ Առաջիկայում սպասվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությունը։ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հաստատեց կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունները՝ չնշելով, սակայն, կոնկրետ անուններ:

Wednesday, December 15, 2010

WikiLeaks. ՓԱՇԱԵՎՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ադրբեջանի ամենաազդեցիկ և հարուստ ընտանիքներից մեկն է Փաշաեւների ընտանիքը. Երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևա Փաշաևան և նրա հորեղբայրը` ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան և ներկայում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հաֆիզ Փաշաևը: Մեհրիբանը նախագահի կինը լինելուց բացի, նաև Խորհրդարանի անդամ է և Հեյդար Ալիև հիմնադրամի ղեկավարը, որը համարվում է ոչ թափանցիկ կազմակերպություն, որն իրեն որպես բարեգործական կազմակերպություն է ներկայացնում:
Առաջին տիկինը դպրոցների և մշակութային կենտրոնների բացման ժապավեններ կտրելով դա օգտագործում է իրեն գովազդելու նպատակներով: Այս հիմնադրամը նաև գրքեր, բուկլետներ է հրատարակում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և, իրենց խոսքով, “Խոջալույում հայերի կատարած ցեղասպանության” վերաբերյալ: Մեհրիբանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է: Մեհրիբանի քույրը` Նարգիզ Փաշաևան, Մոսկվայի պետական համալսարանի Ադրբեջանի մասնաճյուղի ղեկավարն է: Մեհրիբանի հայրը` Արիֆ Փաշաևը ղեկավարում է Ավիացիայի ազգային ակադեմիան: Առաջին տիկնոջ ազդեցության տակ են գտնվում նաև Կրթության, Առողջապահության, Մշակույթի նախարարությունները:
Փաշաևի ընտանիքի այլ անդամներ ևս ազդեցիկ դիրք են գրավում կառավարությունում: Այդ ընտանիքի հետ է կապված Բաքվում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները, ինչպես նաև ներկայացված են ֆինանսական և հեռահախորդակցության սեկտորներում:
Ադրբեջանը համեմատվում է միջնադրայան եվրոպական ֆեոդալական կարգերի հետ` միմյանց հետ սերտ կապված ընտանիքները վերահսկում են որոշակի շրջաններ: Նրանք իրենց ձեռքում են կենտրոնացրել նաև մաքսային կետերը և հարկային պաշտոնյաներին, ինչպես նաև օգտագործում են պետական լծակները դրսի մրցակիցներին դուրս մղելու համար: Գազից և նավթից ստացվող եկամուտները ևս կենտրոնանում են մի քանի ընտանիքների ձեռքում:
Փաշաևի ընտանիքին է պատկանում Փաշա հոլդինգը, որի մեջ են մտնում Փաշա բանկը, Փաշա Ինշուրանսը, Փաշա Քոնսթրաքշն, Փաշա Թրեվլ: Ընտանիքն ունի նաև մասնավոր հեռուստաընկերություն` Լիդեր անունով: Երկրի թոփ 10 բանկերից մի քանիսը ևս նրանց ձեռքին է, այդ թվում` Ստանդարտ Բանկ, ԿապիտալԲանկ: Նրանք նաև Բենթլի ընկերության ներկայացուցիչն են Ադրբեջանում: Ազերֆոն բջջային օպերատորը նույնպես Փաշաևներին է պատկանում:

Saturday, December 4, 2010

ԲԱ «ՀԱՄԲԱԼՆԵՐԸ» ՄԵՂՔ ՉԵ՞Ն

Տաշիր առեւտրի կենտրոնի աշխատակիցներից շատերին այս առավոտ դիմավորել են իրենց տաղավարների պլոմբած /տապարակնքված/ դռները: Բանն այն է, որ նախ ՀԴՄ, հիմա էլ GPRS-ն են պարտադրում աշխատակիցներին ձեռք բերել, թեեւ ինչպես աշխատակիցներն են պնդում, դա էլ չաշխատող մեխանիզմ է, ինչպես ՀԴՄ, քանի որ շատերն են այն տեղադրել, սակայն չեն կիրառում:
Սարքն արժե 35 հազար դրամ: Աշխատակիցները բողոքում են, որ առանց այն էլ չափից դուրս վարձավճար են տալիս բուտիկների համար, հիմա էլ ինչ-որ GPRS պետք է տեղադրեն: Ըստ նրանց` սա ինչ-որ մեկի բիզնեսն է, ներմուծել են, հիմա էլ իրենց են պարտադրում գնել: Եվ ով չի գնել GPRS, առավոտյան պլոմբած դռներն են դիմավորել: Տաշիր առեւտրի կենտրոնի տնօրեն Սուրեն Պողոսյանը բողոքողներին ասել է, որ բոլորը ոչ միայն պարտադիր գնելու են սարքը, այլեւ գալու են խնդրեն իրեն, որ թույլ տա նորից վարձակալեն բուտիկները: Նշենք, որ Տաշիր առեւտրի կենտրոնը պատկանում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 12-ին, երբ Նաիրիտ գործարանի բանվորները բողոքի ցույց էին արել նախագահականի դիմաց, նրանց հետ զրուցելիս Կարեն Կարապետյանն ասել էր` «Ես փող չեմ ուտում։ Բերում եմ քո նման համբալներին եմ կերակրում»:

Զոքանչը Սերժը չի, չի հրահանգել

Ամանորի նախօրեին ձուն չի թանկանա, խոստացել է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը։ Ըստ նրա, առկա է ձվերի համապատասխան խմբաքանակ, ինչն էլ թույլ կտա խուսափել գների բարձրացումից։ Անդրադառնալով հրապարակումներին, ըստ որոնց ձվի գինը բարձրացնելը վերևներից է հրահանգվել, Եփրեմյանն ասել է. «Իմ վերևները իմ զոքանչն է։ Եթե հրահանգեց ձվերի գները բարձրացնել, անվերապահորեն կկատարեմ հրահանգը։ Իրականում ոչ մի թելադրանք չի եղել»։

Արդյո՞ք խաղաղ կապրենք

«Այն, որ պատերազմի սպառնալիքը բավականին մեծ էր, դա միջազգային հանրությունը զգում էր ու մտահոգ էր։ Եվ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց վճռորոշ մոտեցումները Աստանայում ցուցաբերեցին»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հարցի շուրջ զարգացումներին։ Հիշեցնենք, որ Աստանայում, մինչև ԼՂ կարգավորման մասին հայտարարություն ընդունելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն իրենց առանձին հայտարարությունների մեջ շեշտեցին խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ «Արդյո՞ք Աստանայից հետո մենք ապրելու ենք ավելի խաղաղ պայմաններում։ Կարծում եմ, որ Ադրբեջանի առաջիկա գործողությունները ցույց կտան, թե այդ երկիրն արդյո՞ք ճիշտ հասկացավ միջազգային հանրության դիրքորոշումը և արդյո՞ք վարվելու է այն փաստաթղթի համաձայն, ինչի տակ ստորագրել է։ Այսինքն՝ ԼՂ հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է միջազգային սկզբունքների շրջանակում»,– ավելացրել է նա։