Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 30, 2010

Աբդուլլահ Գյուլը կռահել էր Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի բովանդակության մասին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս հանդես է եկել Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ առաջին մեկնաբանությամբ: Թուրքիայի նախագահը նշել է, թե Wikileaks-ի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերի բովանդակությունն իրենք արդեն կռահել էին։ «Անհրաժեշտ է տեսնել, թե հետեւից ինչեր են գալու»,-շեշտել է Գյուլը: Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, թե իրենք կսպասեն մինչեւ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից հետո կուսումնասիրեն եւ կմեկնաբանեն։ «Wikileaks-ի փաստաթղթերը վտանգավոր են եւ կասկածելի»,-ընդգծել էր Էրդողանը: Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերում ծանր մեղադրանքներ կան ներկայացված թուրքական իշխանությունների դեմ։ Փաստաթղթերից մեկում  Էրդողանը եւ նրա նախարարների մեղադրվում են կաշառակերության եւ անօրինականությունների մեջ։  Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նկարագրվել է որպես ծայրահեղ վտանգավոր եւ խելագար։

ՔԼԻՆԹՈՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ` WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանը վերաբերող 250 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ: WikiLeaks կայքի կողմից գաղտնի տեղեկատվության այս արտահոսքը Քլինթոնն անվանել է «հարձակում միջազգային հանրության վրա» եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները «խորին ափսոսանք է հայտնում այդ փաստաթղթերի արտահոսքի առթիվ, որ ավելի բարդացնում է միջազգային անվտանգության եւ արտասահմանյան գործընկերների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու խնդիրը»:

Գագիկ Խաչատրյանի 55 ամյակը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նոյեմբերի 24-ին մեկնել է Ֆրանսիա, որպեսզի այնտեղ նշի իր ծննդյան 55-ամյակը:Խաչատրյանից հետո`  իրար հետեւից Ֆրանսիա են մեկնել նաեւ ՊԵԿ համակարգի բազմաթիվ աշխատակիցներ, որպեսզի այնտեղ Խաչատրյանին մատուցեն իրենց նվերներն ու միասին նշեն նրա ծննդյան տարեդարձը: Ուշագրավ է, որ Ֆրանսիա մեկնածների թվում է նաեւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ, Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի փեսա Սամվել Սանամյանը:

1300 կալանավորների վրա

ՀՀ կառավարությունն արդեն ԱԺ է ուղարկել «Քրեական օրենսգրքում նախատեսած փոփոխությունների ու լրացումների մասին» օրինագիծը։ Կառավարությունն իր այդ նախագիծը սեպտեմբերին հետ էր տարել փոփոխությունների ենթարկելու համար։ Արդեն լրամշակված օրինագծի համաձայն ՔՕ բազմաթիվ հոդվածներում պետք է փոփոխություններ կատարվեն. հիմնականում մեղմացվելու են գործող պատժաչափերը։ Այդ փոփոխություններն ազդելու են մոտ 1300 կալանավորների վրա, որոնց մի մասն ազատ կարձակվի, մի մասի դեպքում էլ սահմանված պատժաչափերը կկրճատվեն։

Նա կազատվի զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխելու խնդիրը դարձել է ՀՀ ղեկավարության օրակարգի առաջնահերթ հարցերից, ինչը պայմանավորված է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակով։ Մոտ երկու ամիս առաջ բուժզննման նպատակով արտերկիր մեկնած Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նա հրատապ բուժման կուրս էր անցել։ ԱԱԾ տնօրենի փոփոխության նույնիսկ մոտավոր ժամկետն Է նշվում՝ հունվարի սկիզբ։ Իսկ ձգձգումը պայմանավորված Է նրանով, որ ԱԱԾ-ի օրվան՝ դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել։ Թոշակի տարիքի 65-ամյակի լրանալու հիմքով, նա կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Նորահայտ քաղաքական պրոյեկտը ապագա խորհրդարանում 5-7 տոկոս ստանալու երաշխիք է ստացել

Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Մհեր Սեդրակյանը նոր կուսակցություն է հիմնել: Նորահայտ քաղաքական ուժի նախնական անվանումն է «Երեւանցիների կուսակցություն»: Դրանում ներգրավված են լինելու հանրությանը հայտնի դեմքեր՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, մի խոսքով նրանք, ովքեր Երեւանում եղանակ են ստեղծում: Նորընծա կուսակցության մեջ ներգրավվելու են նաեւ ընտրակեղծարարության գծով պրոֆեսիոնալները, որոնց վրա էլ դրվելու է կուսակցությանը անհրաժեշտ ձայներ ապահովելու պատասխանատու գործը: Այս օրերին Մհեր Սեդրակյանը ակտիվ, բայց կոնսպիրատիվ  հանդիպումներ է կազմակերպում Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ, ըստ մեր աղբյուրների, վարչական շրջանների ղեկավարներին քարոզում է մարդիկ ապահովել իր կուսակցությանն անդամակցելու համար: Նկատենք, սակայն, որ ըստ պայմանավորվածության, նորահայտ քաղաքական պրոյեկտը ապագա խորհրդարանում 5-7 տոկոս ստանալու երաշխիք է ստացել, եւ ունենալու է մոտավորապես նույն կարգավիճակը, որում այսօր ՕԵԿ-ն է:  Նշենք, որ Մհեր Սեդրակյանը 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ խոստովանել էր, որ մասնակցել է 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծիքներին եւ հայտարարել էր, որ «1996 թվականին ընտրախախտումներ կատարել են շատ-շատ մարդիկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ու հանձնարարությամբ:

Հայկ Հարությունյանը

Իշխանական շրջանակներում մտադիր են Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակել: Հայկ Հարությունյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունու Լիճք գյուղից է: