Հարկերի գանձումը գյուղական համայնքների համար լուրջ փորձություն է դարձել։ Սոցիալապես անապահով գյուղացիներն ի վիճակի չեն ժամանակին վճարել հարկերն ու տուրքերը, ինչն էլ լուրջ խոչընդոտներ է առաջացնում գյուղապետերի համար, առավել ևս, որ բյուջեն քամուն տվող կառավարությունը ստիպում է ամեն գնով գանձել հարկերը։ Եվ այսպես՝ կառավարության կամ, այլ կերպ ասած, օրենքի ամբողջ ծանրության տակ է նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղի գյուղապետ, նախկին ԲՀԿ-ական, ներկայիս ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանը։ Նախօրեին մենք տեղեկություններ ստացանք, որ հարկերը պահանջելու համար նրան գյուղացիները ծեծի էին ենթարկել։ Սովորականի նման, կիրակի օրը գյուղապետ Սարկիսյանը ոտքով շրջել է տներով ու գյուղացիներին աղաչել-պաղատել հարկերը վճարել, սակայն ոչ միայն դատարկաձեռն է վերադարձել, այլև ծեծված-ջարդված։ Գյուղացիներից մեկը հրաժարվել է մուծել՝ պատճառաբանելով, թե վարձով է ապրում և հողն իրեն չի պատկանում՝ վարձակալված է։ Բալաբեկ Սարկիսյանն առաջարկել է իրեն տրամադրել տանտիրոջ կոնտակտները, խոստանալով, որ անձամբ կզանգի ու կբացատրի, թե բանն ինչումն է։ Ի պատասխան, սա գազազել է, հարձակվել ու ծեծի ենթարկել գյուղի ղեկավարին։ Գյուղացիները մեզ պատմեցին, որ Սարկիսյանը ոչ միայն վրեժ չի լուծել համագյուղացուց, այլև անգամ ոստիկանություն չի դիմել՝ ստեղծված իրավիճակը չբարդացնելու համար։ Իսկ գյուղում խոսում են, թե սա նախկին գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանի ձեռքի գործն է, որից հաջողվեց ազատվել այս տարվա ընտրությունների ժամանակ։ 20 տարի գյուղը ղեկավարած Գուրգեն Մարտիրոսյանը բավական դժկամությամբ, գրեթե թշնամաբար է հանձնել «դիրքերը»։ Նա Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի հովանավորյալն է եղել և խնդիր չի ունեցել, ոչ էլ նրան պարտադրել են հարկեր գանձել։
No comments:
Post a Comment