Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 12, 2010

Մենք կմտնենք Ազատության հրապարակ

«Մոտենում է այն օրը, երբ մենք կհայտարարենք Ազատության հրապակ մտնելու մասին», - այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` տեղեկացնելով, որ հոկտեմբերի 15-ին և հոկտեմբերի 19-ին ՀԱԿ-ն անցկացնելու է հանրահավաքներ, որոնց կհաջորդեն երթեր: ՀԱԿ համակարգողը նշեց, որ «Ազատության հրապարակը վերանվաճելու» իրենց հայտարարության համատեքստում իրենք շարունակելու են Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտերով դիմել Երևանի քաղաքապետարանին, ապա նրանց բոլոր մերժումներից կազմելու են թղթապանակ, որը մի օր կխաղա իր դերը: «Երբ այդ օրը գա և մեր համբերության բաժակը լցվի, և այդ օրը պարզ դառնա, որ իշխանությունները, կոպտորեն խախտելով օրենքը, ամեն ինչ անում են, որ Ազատության հրապարակում չկայանա մեր հանրահավաքը, այդ օրը մենք ուղղակի կնշանակենք հանրահավաք և անկախ պետական մարմինների որոշումներից, որովհետև այդ որոշումը մենք համարելու ենք ապօրինի, մենք ամբողջ ժողովրդով կհանդիպենք Ազատության հրապարակում»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Ընդդիմադիր դաշինքի համակարգողն ասաց, որ հոկտեմբերի 15-ի հանրահավաքին հաջորդող երթը քաղաքապետարանն արտոնել է: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքին, Զուրաբյանը տեղեկացրեց, որ այդ հանրահավաքը հրավիրվում է հոկտեմբերի 19-21-ը Երևանում Եվրոպայի խորհրդի կողմից անցկացվող «Հանուն ժողովրդավարության» ֆորումի կապակցությամբ: ՀԱԿ համակարգողի խոսքով՝ ֆորումի օրերին Երևանում են լինելու Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը լավ առիթ է իրենց պահանջները եվրոպական ատյաններում լսելի դարձնելու համար: Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք չեն ակնկալում, որ եվրոպացի պաշտոնյաները կմիանան իրենց հանրահավաքին, ինչպես դա եղավ Մարդու իրավունքների միջազգային համաժողովի շրջանակում միջազգային իրավապաշտպանների հայաստանյան այցի ժամանակ, երբ մի քանի իրավապաշտպաններ միացան Մատենադարանի հարթակում անցկացվող ՀԱԿ հանրահավաքին: Ի դեպ, Զուրաբյանը նաև նշեց, որ ինքը երեկ արդեն հանդիպել է ԵԽ մի պաշտոնյայի հետ, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել: Հարցին, թե որոշ գնահատականներով ընդդիմության հանրահավաքներն այլևս անիմաստ են, քանի որ առջևում հերթական ընտրություններն են, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Փետրվարի ընտրություններից առաջ բոլոր սոցիոլոգները երկու տոկոսից ավելի չէին տալիս Լևոն Տեր Պետրոսյանին»: Ըստ Զուրաբյանի, բոլոր այդպիսի խոսակցությունների լավագույն հերքումն այն է, որ ժողովուրդը համառորեն գալիս է իրենց հանրահավաքներին: Ավելին, ըստ Զուրաբյանի, «հիմա գնալով մենք քաղաքական ակտիվության առումով այս անապատային մասն անցնում ենք և գնալով բոլոր գործոններն աշխատելու են քաղաքական ակտիվության օգտին, ժողովրդի քաղաքական ակտիվացման օգտին: Էս անապատն անցնելն էր դժվար»:

No comments:

Post a Comment