Եվրոպայում վաղուց է արդեն, ինչ ֆուտբոլը կայացել է որպես բիզնես, իսկ Հայաստանում այդ գործընթացը կաղում է: ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ակնարկում է, որ մեզ մոտ ֆուտբոլի՝ որպես բիզնես կայացմանը խոչընդոտում են նաև սպորտ-լոտոների, սպորտային խաղադրույքների բիզնեսները: «[Հայաստանում] լոբբինգ կա որոշ բիզնեսների կողմից, որոնք, ըստ իս, չեն ցանկանա, որ տվյալ բիզնեսում շահույթի նոր վերաբաշխումներ տեղի ունենան։ Երբ ուսումնասիրում ես զարգացած սպորտ ունեցող եվրոպական երկրների փորձը, տեսնում ես, որ սպորտ-լոտոների, սպորտային խաղադրույքների բիզնեսի մասնակցությունը նպաստել է զարգացմանը։ Որոշ երկրներում բիզնեսի այս տեսակը պետական մենաշնորհ է, իսկ ազատականացված երկրներում օրենքով կարգավորվում է այսպիսի բիզնեսների մասնակցությունը սպորտի զարգացման գործում։ Մեզ մոտ օրենսդրական փոփոխությունները վերաբերում էին նաև դրան։ Փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սպորտին ուղղվող միջոցների մեծ մասը եկամուտներն են բիզնեսի հենց այս տեսակից։ Օրինակ, երբ Թուրքիայում մշակվեց ֆուտբոլի և սպորտի զարգացման երկարաժամկետ ծրագիր և քննարկվեց պետության կողմից $5 մլրդ-ի մասնակցության ծրագիրը, որոշվեց, որ սպորտ լոտոների, խաղադրույքներ ընդունող ընկերությունների շահույթի 18%-ը պետք է ուղղվի ֆուտբոլին։ Ֆրանսիայում սպորտին ուղղվող մոտ €13 մլրդ գումարը գալիս է հենց այս ընկերությունների գործունեությունից։ Տարբեր երկրներում բիզնեսի այս տեսակից ուղղվող գումարի չափերը տարբեր են, բայց մոտեցումը մեկն է։ Եթե ընկերությունները եկամուտներ են ստեղծում սպորտի արդյունքի հիման վրա, պարտավոր են մասնակցել սպորտի զարգացմանը»։
No comments:
Post a Comment